Եզեկիելի մարգարեության մեկնություն 29։1

Ա. Լոպուխին

«Տասներորդ տարում, տասներորդ ամսում, ամսվա տասներկուերորդ օրը Տիրոջ խոսքը հասավ ինձ»։[1] (Սինոդական թարգ․)
   

   Մարգարեություն փարավոնի մասին։ 29-32-րդ գլուխները բովանդակում են 7 խոսք՝ Եգիպտոսի մասին, որը նույնպես հարևան էր Իսրայելին, չնայած որ ավելի հեռավոր, այսպես ասած, «իդեալականացված» իմաստով (հմմտ․ 47:19-րդ և 48:28-րդ համարները, որոնցում ապագա սուրբ երկրի հարավային սահմանը կոչվում է «Եգիպտական ​​գետ»)։ Սակայն Եգիպտոսն Իսրայելի համար եղել է ամենանշանակալից, ամենահզոր, ամենավնասակար ու վնասակաբեր հարևանը, այդ իսկ պատճառով էլ այդ երկրի մասին մարգարեությունը շատ ավելի ընդարձակ է, քան մյուսները (նույնիսկ Տյուրոսի մասին մարգարեությունները․ ի դեպ, Տյուրոսը գրավում է Եզեկիելի մարգարեական հայացքը ոչ այնքան Իսրայելի ճակատագրի առնչությամբ իր ունեցած նշանակությամբ, որքան այն ժամանակվա իր փայլի և Աստծո փառքի հայտնության պատճառով (ինչի արդյունքում Տյուրոս անկում է ապրում), և հետևաբար Տյուրոսի պարագայում կարևորվում էր, այսպես ասած, իրադարձությունների՝ այդ պահին ունեցած արժեքավոր նշանակությամբ): Եգիպտոսը վաղուց էր սկսել վնաս հասցրել Իսրայելին (16:26, 20:23) և իր այդ վնասաբեր գործունեությունը չէր դադարել նույնիսկ Եզեկիելի ապրած ժամանակահատվածում (29:6-7, 16). Հուդայի թագավորության անկումն ամենամոտ իմաստով պայմանավորված էր Եգիպտոսից սպասվող օգնության խաբուսիկ հույսով (Սեդեկիայի կնքած դաշինքը Եգիպտոսի հետ). այդ հույսն ամբողջությամբ չվերացավ նույնիսկ Երուսաղեմի կործանումից հետո (Հուդայում մնացած բնակիչների փախուստը Եգիպտոս՝ Գոդողիայի սպանությունից հետո՝ Դ Թագ․ 25:23 և այլ տեղիներ): Որպես դաշնակից՝ Եգիպտոսի անվստահությունը և կնքված դաշինքի առջև նրա անհավատարմությունը, ինչը և պատճառ դարձավ Հուդայի կործանման համար, Եգիպտոսի գլխավոր մեղքն էր, որի համար էլ Եզեկիելը կանխատեսում է նրա կործանումը: Այս մեղքին զուգորդվում է Եգիպտոսի ամբարտավանությունը, համաշխարհային տիրապետության հասնելու կապակցությամբ նրա ունեցած հավակնությունները, մի բան, որն Աստծո կողմից բախատեսված էր Քաղդեայի համար և որի վիճարկումը, բնականաբար, պիտի հանգեցներ Եգիպտոսի կործանմանը: Մարգարեությունները հնչեցվում են Եգիպտոսի համար այնպիսի կրիտիկական մի ժամանակաշրջանում, երբ բաբելոնյան և եգիպտական ​​զորքերը շարժվեցին միմյանց դեմ (ինչի պատճառով որ Նաբուգոդոնոսորը որոշ ժամանակով դադարեցրեց Երուսաղեմի պաշարումը) և երբ եգիպտացիները, ոչ մեծ ձախողումից հետո, նահանջեցին ու սպասեցին նոր հարձակման, որը պիտի տեղի ունենար Քաղդեացիների կողմից Երուսաղեմի գրավումից հետո։ Մարգարեությունների ժամկետներն ընդգրկում են Երուսաղեմի կործանումից 7 ամիս առաջ ընկած ժամանակահատվածից մինչև Երուսաղեմի կործանումից մեկ, մեկուկես տարի հետո ընկած ժամանակահատվածը: Մարգարեությունը բաղկացած է փարավոնի դեմ ուղղված սպառնալիքից (29—րդ գլուխ), Եգիպտոսին հասցեագրված սպառնալիքից (30-րդ գլուխ), Եգիպտոսի և նրա կործանման մասին առակից (31-րդ գլուխ) և նրա վրա արվող ողբից (32-րդ գլուխ․ Տյուրոսի դեմ ուղղված մարգարեության մեջ առակը, որում Տյուրոսը համեմատվում էր նավի հետ, զուգորդված էր ողբին): Եգիպտոսի մասին մարգարեություն կա նաև Եսայու գրքում (18-րդ, 19-րդ և 31-րդ գլուխներ), Երեմիայի (46-րդ գլուխ) և Հովելի մարգարեությունների մեջ (3։19-րդ համար):

   «Տասներորդ տարում, տասներորդ ամսում, ամսվա տասներկուերորդ օրը Տիրոջ խոսքը հասավ ինձ» - 587 թվականի դեկտեմբեր-հունվար ամիսներն էին՝ պետք է որ այն ժամանակահատվածում, երբ եգիպտական ​​բանակը շարժվեց դեպի Երուսաղեմ՝ քաղաքը փրկելու համար քաղդեացիներից, որոնք պաշարել էին այն և որոնք (այսինքն՝ քաղդեացիները) իսկապես որ որոշակի ժամանակով դադարեցրին պաշարումը (Երեմ․ 37:5-րդ համար)։ Դա կարող էր մեծ հույսեր առաջացնել և ամենածանրակշիռ պատճառը դարձավ Երեմիայի մարգարեության 37:6-րդ համարին զուգահեռ և մյուս մարգարեությունների համար։ Հունարենում՝ ոչ թե 10-րդ տարում, այլ 12-րդ տարում (սլավոներենում՝ 10-րդ), հավանաբար, նպատակ ունենալով պահպանել մարգարեությունների ժամանակագրական հաջորդականությունը (տե՛ս 26:1-ին համարը)։ Սակայն Եզեկիելն այստեղ մարգարեությունները հստակորեն տեղաբաշխում է աշխարհագրական հաջորդականությամբ (հմմտ․ 17-րդ և 30։1-ին համարները)։ Հունարենում և սլավոներենում՝ ոչ թե «12-րդ օրը», այլ՝ «1-ին օրը»։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տասներորդ տարում, տասներորդ ամսին, ամսուայ առաջին օրը, Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Տասներորդ տարվա տասներորդ ամսվա տասներկուսին Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Յամին տասներորդի՝ յամսեանն տասներորդի՝ որ օր մի էր ամսոյն, եղև բա՛ն Տեառն առ իս՝ և աս․