Եզեկիելի մարգարեության մեկնություն 33։1

Ա. Լոպուխին

«Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ [1] (Սինոդական թարգ․)
   
   Այն մասին, թե ի՞նչ պարտականություններ ունի մարգարեն այժմ։ 33-րդ գլխից, փաստորեն, սկսվում է գրքի մխիթարական մասը։ Հեթանոսների դեմ ուղղված խոսքերը (25-32-րդ գլուխներ), ինչպես երևում է, ապահովում են անցումը սպառնալից և մեղադրական 1-ին հատվածից։ «Երբ հասավ Երուսաղեմի անկման լուրը (Եզեկ․ 38:21), գերիների մեջ մարգարեի ունեցած դիրքը, ինչպես որ նրա համար կանխագուշակել էր Տերը (Եզեկ․ 24:25-րդ համար և այլ տեղիներ), բոլորովին այլ դարձավ: Նրա ձեռնարկած գործի հաղթանակը վճռված էր։ Իհարկե, նա մշտապես էլ հանդիպել է ընդդիմության (Եզեկ․ 33:30-33-րդ համարներ) և խոսք անգամ լինել չէր կարող ժողովրդի մեջ հանկարծակի տեղի ունեցող մի փոփոխության մասին։ Մարգարեության և ժողովրդականության հակադրությունն այնքան հնուց էր գալիս և այնքան խորն էր, որ այն հնարավոր չէր վերացնել մեկ հարվածի միջոցով: Սակայն, այնուամենայնիվ, ժողովրդական համառության դեմ ուղղված ճակատագրական հարվածը, ի վերջո, հասցվեց, չնայած որ սխալ հասկացված հայրենասիրության հուրը կարող էր դեռ երկար բոցավառվել Երուսաղեմի ավերակների վրա (Եզեկ․ 33:23-29): Այժմ մարգարեն կարող էր վերսկսել իր գործնական-հովվական գործունեությունը, որպեսզի հին Իսրայելի ավերակների միջից ստեղծեր նորը՝ նկատի ունենալով Աստծո այն դատաստանները, որոնք դեռևս սպառնում են աշխարհին» (Սմենդ): Եվ նա իր այդ գործունեությունը զարգացնում է այնպես, ինչպես որ ոչ մի մարգարե այն երբևէ չէր զարգացրել. համենայն դեպս, մարգարեներից և ոչ մեկի գրություններում մենք չենք գտնում այս գործունեության համար նախատեսված այդքա՜ն հստակ և այդքա՜ն խորապես գիտակցված մի ծրագիր (Եզեկ․ 3:27-րդ համարը և շարունակությունը, 18-րդ գլուխը):

   Գրքի ամբողջ վերջին մասը վերաբերում է հենց Իսրայելի ապագա վերականգնման գործընթացին (33-39-րդ գլուխներ) և նրա գալիք հասարակական կառուցվածքի բնույթին (40-48-րդ գլուխներ): Այդօրինակ վերականգնման գործընթացում էական դերակատարություն պետք է ունենա հենց ինքը՝ մարգարեն, քանի որ Յահվեն նրա միջոցով առանձին մարդկանց համար բացում է դարձի և փրկության հնարավորությունը (33-րդ գլուխ)։ Եվ չնայած այն աննշան արդյունքին (առնվազն այն տեսանկյունից, թե ի վերջո գործնականում ինչի էր հասել նա), որին մարգարեն հասավ Իսրայելի վերականգնման գործընթացում իր կատարած մեծ աշխատանքի շնորհիվ՝ «իր ժողովրդի որդիների» հանդեպ հովվական խնամք տածելու միջոցով, այնուամենայնիվ, նրա հայացքն ակամա ուղղվում է դեպի հենց Նա՝ Յահվեն, Ով Ինքը միայն հնարավորություն ունի, վերջիվերջո, կերտել Իսրայելի համար այդքան անհրաժեշտ վերազարթոնքը: Մարգարեն նկարագրում է, թե ինչպես է Տերը, ամենամոտից դեպի ամենահեռավորը, փոքրից դեպի մեծ հրաշքն ընթանալով, Իսրայելի աղավաղված հին թագավորության տեղում հիմնելու նորը գտնելու՝ այն, այսպես ասած, վերից մինչև վար վերափոխելով, անարժան հովիվների, նախկին թագավորների փոխարեն հենց Ինքը դառնալով Իսրայելի հովիվը (34-րդ գլուխ)։ Եվ պատկերացրեք, թե Նա ինչպես է վերականգնելու Իր երկիրը՝ այն մի նոր վայելչության հասցնելով (36-րդ գլուխ), ինչի համար որ Տերն այդ երկիրը նախապես խլելու է հեթանոսապատկան ձեռքերից, այսինքն՝ ամենաուղիղ իմաստով ոչնչացնելով այդ երկրին ապօրինաբար տիրացած եդովմացիներին (35-րդ գլուխ)։ Մարգարեն նկարագրում է նաև, թե, վերջապես, Աստված ինչպես է հարություն տալու մեռելներին և թե ինչպես է միավորելու Իր բաժան-բաժան եղած ժողովրդին։ Ու, վերջիվերջո, Եզեկիել մարգարեն նկարագրում է, թե Աստված ինչպես է Իրեն հայտնելու թե՛ մարգարեին և թե՛ ամբողջ աշխարհին՝ Իր փառքի ամբողջ լիությամբ, ինչը և, համաձայն Եզեկիելի տեսակետի, այս աշխարհում Աստծո բոլոր գործողությունների բուն նպատակն իսկ է (միևնույն ժամանակ՝ պայմանավորելով աշխարհի և մարդկության իրական ու ճշմարիտ կեցությունը), որը պետք է իրականանա ի դեմս Գոգի՝ երկրի վրա հեթանոսության վերջնական ոչնչացման միջոցով (38-39-րդ գլուխներ):

   Քանի որ Աստված նոր Իսրայելը հնի փոխարեն վերստեղծում է, հիմնականում, մարգարեության և մարգարեի միջոցով, ուստի Եզեկիելի գիտակցության մեջ նրան արդեն բացահայտված (3-րդ գլխում) մարգարեական պարտականությունների վերաթարմացումով էլ հենց Տերը սկսում է Իր մխիթարական հայտնություններն Իսրայելի փառավոր ապագայի վերաբերյալ։ Ժողովուրդն Աստծո պատժիչ դատաստանին ենթարկվեց Երուսաղեմի անկման իրողությամբ, բայց դրանով դատաստանը դեռևս ավարտված չէ. ամբարիշտ գերյալներին նույնպես սպառնում է կործանումը: Սակայն Աստված ելք է բացում դրանից խույս տալու համար՝ ճիշտ  ժամանակին տեղի ունեցող դարձի միջոցով հնարավոր դարձնելով վերոնշյալ կործանումից փրկությունը։ Այդ գալիք դատաստանի մասին Աստված հայտնում է մարգարեների միջոցով, և երբ որ այդ դատաստանը գա, ամենքին կգտնի այն վիճակում, որում այդ պահին նրանք գտնվելիս կլինեն։ Ուստի և մարգարեն ստանձնում է այդ բոլոր նախազգուշացումները՝ իրեն վստահված յուրաքանչյուր անձի հոգու համար երկյուղազդու պատասխանատվության խորին զգացումով (1-9-րդ համարներ): Չէ՞ որ որևէ մեկի համար Աստծո դատաստանն անխուսափելի չէ, բայց և ոչ ոք չպետք է հուսահատվի Աստծո ողորմությունն ակնկալելու հարցում՝ անկախ նրանից, թե նրա գիտակցությունը որքանով է ճնշված մեղքերի պատճառով (10-20-րդ համարներ): Նմանօրինսկ նախազգուշացումներ կատարելիս և մարդկանց հոգիների նկատմամբ այսօրինակ հոգածություն ցուցաբերելիս մարգարեն մշտապես հավատում էր ժողովրդի մեջ ունեցած իր կոչմանը (հմմտ․ Եզեկ․ 3։16-21-րդ համարներ), սակայն Եզեկիելը երբեմն ստիպված էր լինում լռելու (հմմտ․ Եզեկ․ 3։22-27-րդ համարներ)։ Այժմ իրադարձությունների ընթացքը (Երուսաղեմի անկման լուրը) մարգարեին իր դիրքի տերն էր դարձրել ու վերադարձրել էր նրան իր խոսքի ազատությունը (21-22-րդ համարներ), ինչպես և Տերը խոստացել էր նրան (Եզեկ․ 24։23-24-րդ համարներ): Մարգարեի նոր «պաշտոնում» նրա այս առաջին հայտնության (որում ուրվագծվում է Իսրայելին վերաբերող նրա՝ տվյալ ժամանակվա գործունեության ծրագիրը) հետ սերտորեն կապված են՝

   1) մարգարեական խոսքն ընդդեմ Քանանում մնացածների, որոնք Երուսաղեմի անկման իրողության «արդյունքում» անգամ դեռևս չեն հանգել ապաշխարության անհրաժեշտությանը (23-29-րդ համարներ);

   2) նկատառումներն ա՛յն գերիների առնչությամբ, որոնք միայն արտաքուստ են ենթարկվում մարգարեական հեղինակությանը (30-33-րդ համարներ, Սմենդ):

   «Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ» - սույն հայտնությունը մարգարեն, ամենայն հավանականությամբ, ստացել է 21-րդ համարում նշված ժամանակահատվածում, իսկ ամսաթիվը միայն այնտեղ է հիշատակվել, որպեսզի այս հայտնությունն ունենա գրքի մի նոր բաժնի ծրագրային ներածության տեսք՝ այնպիսի մի նոր բաժնի, որը նվիրված է մարգարեի նոր և նախորդ ժամանակաշրջանում ծավալած գործունեությունից տարբերվող առաքելությանը:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ ասէ.