Ա. Լոպուխին
25-26․ «Ես կանչեցի նրան հյուսիսից, ու նա կգա, արևելքից կանչելու է Իմ անունն ու ոտնակոխ է անելու է տիրակալներին, ինչպես ցեխը, ու տրորելու է նրանց, ինչպես բրուտն է տրորում կավը»: [25] «Ո՞վ հայտարարեց սկզբից, որպեսզի իմանանք, և կամ էլ դրանից առաջ, որպեսզի մենք կարողանայինք ասել՝ «ճշմարիտ է»: Բայց ոչ ոք չասեց, ոչ ոք չհայտարարեց, ոչ ոք չլսեց ձեր խոսքերը»: (Սինոդական թարգ․)
«Ես կանչեցի նրան հյուսիսից…արևելքից կանչելու է Իմ անունը»: Որպես ապացույց այն բանի, որ ի տարբերություն հեթանոսական աստվածների Իսրայելի Աստվածն ընդունակ է ճշմարիտ մարգարեությունների և մեծագույն գործերի, Նա վերադառնում է դեպի այն «արդարության մարդը», որի մասին խոսվել է ավելի վաղ (Ես․ 41:2): Ինչ վերաբերում է «հյուսիս»-ի ու «արևելք»-ի վերաբերյալ կրկնվող հիշատակումներին, ապա դրանցում կարելի է տեսնել խորհրդանշական իմաստ. հայտնի է, որ սուրբգրային լեզվում «հյուսիս»-ը խավարի, ցրտի ու առհասարակ ամեն տեսակի աղետալի իրավիճակի նշանակությունն ունի (Ես. 9:1-2, Մատթ. 4:16), իսկ «արևելք»-ը լույսի, ջերմության ու ամեն տեսակի բարեբերության հոմանիշն է (Ծննդ. 2:8 , Մատթ. 8:11-13):
«Նա կանչելու է Իմ անունը․․․» կամ, ինչպես Սեպտուագինտայում ու սլավոներեն թարգմանության մեջ է գրված՝ «կոչվելու է Իմ անունով»: Այս խոսքի մեկնության հարցում գոյություն ունեն երկու հիմնական վարկածներ, որոնցից մեկի համաձայն՝ գալիք նվաճողը, այսինքն՝ Կյուրոսը, աստվածային կամքի կույր զենքն ու անգիտակցորեն այդ կամքն իրագործողն է լինելու, որի միջոցով, սակայն, փառավորվելու է Տիրոջ անունը, իսկ անձամբ ինքը՝ Կյուրոսը, ճանաչվելու է որպես աստվածային հատուկ առաքյալ: Իսկ մյուս վարկածի համաձայն էլ՝ Կյուրոսը պարզապես մի կրավորական (պասսիվ) զենք է լինելու Աստծո ձեռքերում, սակայն միևնույն ժամանակ լինելու է նաև Տիրոջ ակտիվ ու գիտակից հավատացյալը: Ուշադրության արժանացնելով այն հանգամանքը, որ Կյուրոսը՝ պարսից թագավորը, պաշտոնապես դավանում էր զրադաշտական կրոնը (որը, ինչպես Դելիչն է ասում, հեթանոսության բոլոր կրոնական համակարգերից հուդայականությանն ամենամոտ կրոնն էր), ա՛յն, որ նա, նորագույն պեղումների տվյալների համաձայն, խորը սինկրետիստ էր («համադաշնության կողմնակից»), և որ, վերջապես, աստվածաշնչյան այլ հեղինակների կարծիքով, Կյուրոսը ծանոթ էր հուդայականությանն ու նույնիսկ համակրանք էր տածում նրա նկատմամբ (Ա Եզր. 1:2-4)՝ մենք առավել հակված ենք ճշմարտամոտ համարելու վերը նշված երկու վարկածներից վերջինը:
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Բայց ես պիտի արթնացնեմ հիւսիսային մարդուն եւ արեւելեանին, նրանք պիտի կանչուեն իմ անունից, պիտի գան իշխանները, եւ բրուտի կաւի նման դուք պիտի տրորուէք այնպէս, ինչպէս բրուտն է տրորում:
(Արարատ թարգ․) Հյուսիսից արթնացրել եմ մեկին, և նա եկել է և արևելքից կկանչի իմ անունը. նա կուսակալներին պիտի կոխոտի ցեխի պես, այն բրուտի նման, որ կոխոտում է կավը։
(Գրաբար) Բայց ես զարթուցից զհիւսւսայինն, եւ զարեւելեայն. կոչեսցին յանուն իմ. եկեսցեն իշխանք, եւ իբրեւ զկաւ բրտի զոր բրուտն կոխէ` այնպէս կոխիցիք:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: