Ա. Լոպուխին
«Այնպիսի մի ժողովրդի, որը Ինձ միշտ վիրավորում է Իմ դիմաց, որ զոհեր է մատուցում պարտեզներում և խունկ ծխում աղյուսների վրա»։ [3] (Սինոդական թարգ․)
«Այնպիսի մի ժողովրդի, որը Ինձ միշտ վիրավորում է Իմ դիմաց, որ զոհեր է մատուցում պարտեզներում և խունկ ծխում աղյուսների վրա, որը գերեզմաններում է բնակվում և գիշերում է քարանձավներում, խոզի միս է ուտում, ու նրա ամանների մեջ անմաքուր կերակուր է» - 3-4-րդ համարները փաստացի ապացույցներ են հաղորդում ա՛յն հարցի առնչությամբ, որ Իսրայելն ընթանում էր «չար ճանապարհով», այսինքն՝ կռապաշտության ու բարոյական ապականության ուղիով:
«Այնպիսի մի ժողովրդի, որը Ինձ միշտ վիրավորում է Իմ դիմաց», այսինքն՝ դա մի ժողովուրդ էր, որը հանդուգն և բացահայտ կերպով անտեսում էր Տիրոջ օրենքներն ու, այդպիսով իսկ, խորապես վիրավորում էր Նրան (Ես. 58:9, Երեմ. 7:19, 32:30 և այլ տեղիներ): Հետագայում մարգարեն ավելի մանրամասնորեն է թվարկում հեթանոսական պաշտամունքի այն տարբեր դրսևորումները, որոնք հաճախակիորեն կիրառում էին մարգարեին ժամանակակից հրեաները:
«Զոհեր է մատուցում պարտեզներում…» - Սա սուրբ ծառերի կամ կաղնիների պաշտամունքն է, որը կապված է նաև Աստարոթի աստվածուհուն ուղղված անբարո պաշտամունքի հետ. այն հրեաների կողմից լայն կիրառություն էր գտել հատկապես նախագերության ժամանակաշրջանում, ինչի պատճառով էլ այն արժանացել է բազմաթիվ մարգարեների կտրուկ հանդիմանությանը (Ես. 1:29, 57:5, 66:17, Օս. 4:13 և այլ տեղիներ):
«Խունկ է ծխում աղյուսների վրա…» - Սանկտ-Պետերբուրգյան Ակադեմիայի մեկնաբանները կարծում են, որ «աղյուսներ» ասելով «այստեղ նկատի են առնվում խորհրդավոր նշաններ ունեցող աղյուսները կամ քարերը (Ես. 57:6), որոնց պաշտամունքը լայն տարածում ուներ քանանացի ժողովուրդների շրջանակներում (Ղևտ. 26:1, Թվ. 33:52) և որոնց մնացորդները մինչև վերջին ժամանակներս հայտնաբերվում էին Պաղեստինի անդրհորդանանյան տարածաշրջաններում և քարաշատ Արաբիայում: Գիտության մեջ դրանք հայտնի են որպես «մենգիրյան, դոլմենական, կրոմլեական և մովաբական աղյուսներ» անուններով» (էջ 916): Սակայն անգլիական «Հենքային մեկնությունը», հղում կատարելով այլ մարգարեների շարադրանքում առկա ավելի պարզ ցուցումներին, համարում է, որ այստեղ խոսքը աստղային մի հատուկ տեսակի ծիսակատարության մասին է, որը կատարվում էր տների աղյուսե տանիքների վրա (Երեմ. 32:29 և Սոփ. 1:5, Rawlinson, էջ 470):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Այս ժողովուրդը բարկացնում էր ինձ. իմ առաջ միշտ զոհեր էին մատուցում իրենց պարտէզներում եւ իրենց աղիւսների վրայ խունկ ծխում դեւերին, որոնք նրանց համար յիշատակ դառնալ չէին կարող:
(Արարատ թարգ․) այնպիսի ժողովրդի վրա, որ ինձ միշտ զայրացնում է իմ դիմաց, որ զոհեր է մատուցում պարտեզներում և խունկ ծխում աղյուսների վրա.
(Գրաբար) Ժողովուրդս այս որ բարկացուցանէր զիս. առաջի իմ զաւր հանապազ զոհէին ի պարտէզս իւրեանց, եւ արկանէին խունկս յաղիւսեայս իւրեանց

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: