Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Նրա հոսելին Իր ձեռքում է, և Նա կմաքրի Իր կալն ու Իր ցորենը կհավաքի շտեմարանի մեջ, իսկ հարդը կայրի անշեջ հրով»։
Բարեհաճ խոսքեր ասելով և այդպիսով քաջալերելով ու հանգստացնելով իր ունկդրին` այդուհետ, սակայն, Հովհաննես Մկրտիչը դարձյալ սկսում է ճնշել իր մոտ եկածներին, որպեսզի նրանք անփութության մեջ չընկնեն։ Հրեա ժողովուրդն այդպիսին էր. օրհնությունների արժանանալով` հրեաներն իսկույն տկարանում էին և էլ առավել էին հակվում մեղքեր գործելու։ Ահա թե ինչու է Հովհաննեսը կրկին սպառնում հրեա ժողովրդին ՝ ասելով. «Նրա հոսելին Իր ձեռքում է»։
Ավելի վաղ Հովհաննես Մկրտիչը խոսում էր պատժի մասին, իսկ այստեղ արդեն նա մատնացույց է անում Դատավորին և ներկայացնում է պատժի հավիտենականությունը. «Հարդը, - ասում է նա, - կայրի անշեջ հրով»։ Այս խոսքից դու կարող ես եզրակացնել, որ արարածների Տերը միաժամանակ նաև գործող Անձն է, չնայած որ մեկ այլ հատվածում ևս Հոր մասին ասվում է. «Իմ Հայրը մշակն է» (Հովհ. 15։1):
Քանի որ Հովհաննեսը սկզբում խոսում էր կացնի մասին, ուստի, որպեսզի դու չկարծես, թե այդ «ձեռնարկը» մեծ ջանքեր է պահանջում և կարող է դժվարություն առաջանալ` լավը վատից տարբերակելու հարցում, նա դրա պարզությունը բացատրում է մեկ այլ օրինակով՝ ցույց տալով, որ ամբողջ աշխարհն Աստծո իշխանության տակ է, քանի որ Նա չէր պատժի նրանց, ովքեր չեն պատկանում Իրեն։ Այժմ, այո, ամեն բան իրար է խառնված, ու չնայած ցորենը փայլում է, սակայն այն ընկած է որոմների մեջ` ասես կալում հավաքված լինելով, և ոչ թե նմանվելով շտեմարանում հավաքված ցորենի։ Այս դեպքում արդեն լավի ու վատի միջև տարբերությունն ակնհայտ կլինի։ Որտե՞ղ են նրանք, ովքեր չեն հավատում դժոխքին։ Հովհաննեսը Քրիստոսին է վերապահում հետևյալ երկու գործողությունները՝ Սուրբ Հոգով մկրտելը և անհավատներին հրի մատնելը։ Այսպիսով, եթե մենք պարտավոր ենք հավատալ առաջինին, ապա վերջինին նույնպես հարկ է հավատալ։
Ահա թե ինչու է Հովհաննես Մկրտիչն իրար միացնում հիշյալ երկու կանխասացությունները. ա´յն պատճոռով, որ արդեն իսկ կատարված մարգարեությունը հաստատեր այն մյուսի ճշմարտացիությունը, որը դեռևս չէր իրականացել։ Շատ հաճախ այդ նույն կերպ է վարվում նաև Ինքը` Քրիստոս` երբեմն նույնանման երևույթների օգնությամբ, երբեմն էլ՝ իրար հակառակ համեմատություններով «միացնելով» երկու տարբեր կանխասացություններ։ Եվ այդ երկու կանխասացություններից մեկն իրագործում է այստեղ, իսկ մյուսը խոստանում է իրագործել գալիք կյանքում, որպեսզի առավել դժվարիրականանալի մարգարեության իրականացումը հաստատի նաև դեռևս չկատարված մարգարեության ճշմարտացիությունը։
Այսպես, օրինակ, Քրիստոս հարյուրապատիկ պարգևատրում է խոստանում նրա´նց, ովքեր հանուն Իրեն ամեն ինչ թողել են իրենց այս կյանքում: Փրկիչը նրանց ապագայում հավիտենական կյանք շնորհելու խոսոտւմն է տալիս, և ներկայում Իր շնորհած պարգևների միջոցով էլ հավաստիացնում է ապագայում խոստացված վարձատրության անսակարկության։ Այս պարագայում ճիշտ նույն կերպ վարվեց նաև Հովհաննեսը՝ երկու կանխասացություններ անելով, որոնցից առաջինն այն էր, որ Քրիստոս պետք է մկրտեր Սուրբ Հոգով, իսկ երկրորդն էլ` որ անհավատներին Նա պետք է այրեր անշեջ կրակով։
Այսպես, եթե Քրիստոս մշտապես իսկ Սուրբ Հոգով չմկրտեր առաքյալներին և բոլոր ցանկացողներին, ապա դու կարող էի կասկածել նաև մյուս խոսքերին։ Մինչդեռ եթե այն, ինչն առավել վսեմ, առավել դժվարին ու մտքի համար ավելի անհասկանալի էր թվում` իրականացավ և իրականանում է ամեն օր, ապա ուրեմն դու ինչո՞ւ ճշմարիտ չես համարում այն, ինչը դյուրըմբռնելի և հասկանալի է։ Այսպիսով, ասելով` «Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով ու հրով» (Մատթ. 3:11) և այժմ էլ բազմաթիվ օրհնություններ խոստանալով՝ Հովհաննեսն իսկույն ևեթ, որպեսզի դու այդ պատճառով անհոգության չմատնվես` ամեն ինչ նախկին ընթացքով շարունակելով, խոսում է հոսելիի մասին՝ այդպիսով մատնացույց անելով գալիք Դատաստանը։
Մի՛ կարծեք, - ասում է նա, - որ միայն մկրտությունը ձեզ բավարար կլինի` նույնիսկ այն դեպքում, եթե դուք դրանից հետո էլ շարունակեք ամբարշտորեն ապրել։ Բնավ, մեզ դեռ շատ առաքինություն և իմաստություն է անհրաժեշտ։ Այս եղանակով Հովհաննեսն իր ունկնդիրներին կացնից տանում է դեպի շնորհը և մկրտության ջուրը, իսկ այդուհետ էլ նրանց սպառնում է հոսելիով ու անշեջ կրակով։ Հովհաննեսն այստեղ որևէ տարբերություն չի դնում այն մարդկանց միջև, որոնք դեռևս չէին մկրտվել, այլ պարզապես ասում է. «Ամեն ծառ, որը բարի պտուղ չի տալիս, կտրվում է» (Մատթ. 3։10)` այդպիսով ցույց տալով այն պատիժը, որը սպառնում է բոլոր անհավատներին։ Իսկ ահա արդեն մկրտությունից հետո որոշակի տարանջատում է մտցնում, քանի որ հավատացյալներից շատերը նույնպես իրենց հավատքին ոչ վայել կյանքով էին ապրում։
Այսպիսով, ոչ ոք չպետք է մոլախոտ լինի, ոչ ոք չպետք է հեշտությամբ մաղվի կամ էլ այնպես անձնատուր լինի չար հակումներին, որ դրանք հեշտությամբ նրան այս ու այն կողմ տարուբերեն։ Եթե դու ցորենի նման լինես, ապա այդժամ նույնիսկ եթե փորձություն գա քեզ վրա, դու ոչ մի վնաս չես կրի` ճիշտ այնպես, ինչպես կալավելի ատամնանիվները չեն ճզմում կալում հավաքված ցորենը։ Մինչդեռ եթե դու «խառնվես» թույլ ծղոտի հետ, ապա այդժամ, անտանելի դժվարություններ կրելով, ամենքի կողմից ճնշումների կենթարկվես, և այդտեղ քեզ կպատուհասի հավիտենական պատիժը։ Իսկապես, այդպիսի բոլոր մարդիկ էլ նույնիսկ գալիք «այրումից» առաջ դեռևս այստեղ` այս աշխարհում խելագար կրքերի գերին (կերակուրը) են դառնում, ինչպես որ ծղոտն է որպես կերակուր ծառայում անխոս կենդանիների համար: Սա էլ դեռ բավական չէ` այնտեղ (հավիտենության մեջ) ևս այդպիսիք դարձյալ որպես նյութ ու կերակուր են ծառայելու անշեջ կրակի համար։
Եթե Հովհաննեսն ուղղակիորեն ասեր, որ Քրիստոս դատելու է մեր գործերը, ապա Նրա խոսքերն այդքան հեշտությամբ չէին ընդունի։ Սակայն օգտագործելով մի առակ, որում ամեն ինչ արտահայտիչ կերպով տեսանելի էր, Քրիստոս ավելի մեծ վստահություն էր ներշնչում, և Նրա ունկնդիրն առավել մեծ հետաքրքրասիրությամբ էր հետևում այդ խոսքերին։ Այս իսկ պատճառով էլ Քրիստոս Իր ունկնդիրների հետ հիմնականում խոսում էր այսպիսի եղանակով՝ Իր խոսքում կիրառելով կալատեղիի, բերքահավաքի, խաղողի այգու, հնձանի, դաշտի, ձկնորսական ցանցի և ուռկանի ու ամեն տեսակի այլ պատկերներ, որոնք առօրյայում կիրառություն ունեցող սովորական առարկաներ էին։
Քրիստոսի նմանությամբ` Շուրջբոլորը տեսանելի այդ պատկերների օրինակով իր խոսքը կառուցեց նաև Հովհաննես Մկրտիչը: Այստեղ Նա, որպես իր խոսքերի ամենազորավոր ապացույց, վկայաբերեց Սուրբ Հոգու շնորհը։ Հովհաննեսն ասաց հետևյալը. Նա, Ով այնքան զորավոր է, որ կարող է թողություն շնորհել մեղքերին և պարգևել Սուրբ Հոգին, նույն Ինքը կարող է նաև ավելին անել։ Տեսնո՞ւմ ես, թե այստեղ արդեն ինչպես է նախանշվում հարության և դատաստանի խորհուրդը։ Գուցե հարցնողներ լինեն, թե Հովհաննեսն ինչո՞ւ չխոսեց այն նշանների ու հրաշքների մասին, որոնք շուտով պետք է կատարվեին Քրիստոսի միջոցով։ Ա´յն պատճառով, քանի որ Սուրբ Հոգու շնորհը բոլոր հրաշքներից մեծագույնն էր, և մյուս բոլոր հրաշքները նախատեսված էին հենց այս հրաշքի համար։
Ահա թե ինչու Հովհաննես Մկրտիչը, խոսելով հիմնականի մասին, այդպիսով իր խոսքում ընդգրկեց նաև ամբողջի մասին պատկերացումը` ակնարկելով թե´ մահվան ոտնահարումը, թե´ մեղքերի վերացումը, թե´ անեծքի ոչնչացումը, թե´ ազատագրումը երկարուձիգ պայքարից, թե´ մուտքը դեպի դրախտ, թե´ երկինք համբարձվելը, թե´ հրեշտակների հետ հաղորդակցությունը և թե´ մարդկությանը գալիք օրհնություններին բաժնեկից դարձնելը: Սուրբ Հոգու ստացումը որպես երաշխիք էր ծառայում այս բոլորի համար։
Այսպիսով, Սուրբ Հոգու ստացման մասին խոսելով` Հովհաննես Մկրտիչն արդեն իսկ ակնարկում էր նաև թե´ մարմինների հարության, թե´ դրան ուղեկցող նշանների, թե´ Արքայությանը բաժնեկից դառնալու և թե´ այն օրհնությունների մասին, «որոնք ոչ մի աչք չի տեսել, ոչ մի ականջ չի լսել և մարդու սիրտ չի մտել» (հմմտ. Ա Կորնթ. 2։9): Այս բոլորը մեզ պարգևվում է Սուրբ Հոգու շնորհի հետ միասին։
Վերոգրյալից հետևում է, որ նույնիսկ ավելորդ էր խոսել այն նշանների մասին, որոնք շուտով պետք է տեղի ունենային: Ավելորդ էր նաև դատել այն ամենի մասին, ինչը շուտով տեսանելի էր լինելու, այլ անհրաժեշտ էր միայն խոսել ա´յն մասին, ինչի վերաբերյալ մարդիկ կասկածանքներ ունեին, այն է՝ Քրիստոսի` Աստծո Որդի լինելու մասին, ա´յն մասին, որ Քրիստոս անհամեմատելիորեն գերազանցում է Հովհաննեսին, որ Քրիստոս Իր վրա է վերցնում աշխարհի մեղքերը, որ Նա դատաստանի է ենթարկելու մեր գործերը, որ մեր կյանքը չի սահմանափակվում միայն ներկայով, այլ որ գերեզմանից այն կողմ յուրաքանչյուր ոք արդար պատժի է արժանանալու։ Սա էր այն ամենը, ինչը դեռևս տեսանելի չէր, սակայն տեղի էր ունենալու ապագայում։
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
Նրա քամհարը Նրա ձեռքին է. Իր կալը կմաքրի, ցորենն Իր շտեմարանների մեջ կժողովի, իսկ հարդն անշեջ կրակով կայրի:
Սրանից առաջ միայն տանջանքների մասին խոսեց, իսկ այստեղ անձամբ Դատավորին է ցույց տալիս: Եվ ասում է, որ Նրա ձեռքին է Նրա քամհարը, այսինքն՝ ճշմարիտ դատաստանը, որով անաչառ ու անվրեպ ընտրություն է կատարվելու: Տեսնո՞ւմ ես, որ նույն Մեկն է Իր նախախնամական զորությամբ և իրողությունների Տերը, և մշակ: Այստեղ [Հովհաննեսը] Նրան ներկայացնում է իբրև ձեռքին քամհար ունեցող մշակի և չի ասում, թե միայն այն ժամանակ [քամհարը] ձեռքը կառնի: Հապա ի՞նչ [է ասում]. «Նրա քամհարը Նրա ձեռքին է», այսինքն՝ միշտ է կրում Իր հետ: Սրանից հասկանում ենք, որ ամեն ժամ աստվածային դատաստան է կատարվում արարածների վրա, թեև ո՛չ ընդհանուր ու բացահայտ, այլ մասնավոր ու ծածուկ:
Ասվում է նաև, որ քամհարը նշանակում է խաչը, որով հավատացյալներին ու անհավատներին [Տերը] բաժանում է միմյանցից և խաչի երկրպագուներին իբրև ցորեն հավաքում Արքայության շտեմարաններում, իսկ ուրացողներին՝ իբրև հարդ, բարկությամբ լցնում անշեջ բոցի մեջ:
«Իր կալը կմաքրի»,– ասում է [Հովհաննեսը]: Կալի է նմանեցնում այս բովանդակ աշխարհը. կամ որովհետև այս օրինակը պատշաճում էր [ներկայացվող] իրողության խորհրդին, կամ էլ փրկվելու պատճառով երկիրը երկնքի հետ համեմատելով: Իսկ «մաքրելը»՝ աշխարհը մեղավորներից [ազատելն է]՝ ըստ այս խոսքի. «Մեղավորները կպակասեն երկրից» (Սաղմ. 103։35): Իսկ «Իր» ասելն այն է, որ «Տիրոջն է երկիրն իր ամբողջությամբ» (Սաղմ. 23։1): Թեպետ այժմ շատերն ապստամբում են հավատքով ու գործերով՝ իրենց անձնիշխան կամքի պատճառով, սակայն ինչպես որ մշակինն են արտերը՝ սերմանելու պատճառով, բայց մինչև կալսումը բույսերից շատերը ոչնչանում են, և [մշակն] իբրև իր սեփականություն է համարում միայն որոնք քամհարով մաքրում ու շտեմարանների մեջ է հավաքում, այդպես էլ Աստված [է վարվում]: Թեև արարչությամբ Իրենն են բոլորը, բայց քանի որ շատերն անհնազանդ են Նրա ներողամտության պատճառով, երբ ամենքին ժողովի դատաստանի կալի մեջ, հարդանման մարդկանցից կմաքրի բարիներին իբրև ցորեն, և դրա՛նք կկոչվեն իսկապես Իրենը: Եվ ինչպես որ ցորենի հատիկը ոչ մի վնաս չի կրում կամնասայլերից, իսկ հարդը, քամուց քշվելով, հրո ճարակ է դառնում, այդպես էլ արդարները ոչ մի վնաս չեն կրի դատաստանի բարկությունից, այլ [Տիրոջ] քաղցր ձայնով կկանչվեն դեպի հավիտենական կյանք: Իսկ մեղավորները ցողունի պես ասես քամուց կհալածվեն Թագավորի ձայնից, Ով կհրամայի նրանց գնալ դեպի անշեջ կրակը:
Այս օրինակը նաև այս կյանքին է պատշաճում: Ինչպես որ ցորենն ու ցողունը միակերպ են սփռվում կալում, և կամնասայլը նույն կերպ է դրանք կալսում, այդպես էլ բարիներն ու չարերը նույն ձևով մնում են նույն աշխարհում, փորձությունն ու մահն ամենքին հավասարապես են հասնում, բայց արդարներին ոչ մի վնաս չեն հասցնում, ինչպես կամնասայլը՝ ցորենին, քանի որ ավելի են մաքրում, ինչպես ոսկին՝ կրակի մեջ: Եվ ինչպես որ սերմանողը մինչև կալը հանդուրժում է ցողունին, քանի որ [վերջինս] ցորենի սնուցիչն է, [այդպես էլ Աստված] ամբարիշտներին այժմ հանդուրժում է արդարների համար, երբ [վերջիններիս] որևէ առաքինության պատճառ են դառնում: Ոմանց [հանդուրժում է] աշխարհում խաղաղություն հաստատելու համար, ինչպես աշխարհակալների դեպքում, որոնց համար առաքյալը նաև աղոթել է հրամայում1, ոմանց էլ՝ որովհետև չարչարելու միջոցով փորձիչ են դառնում Աստծո ընտրյալների համար, ինչով շատերն են համբերությամբ հաճելի դառնում [Աստծուն]: Նաև հանդուրժում է մինչև վերջ, երբ [գիտի, որ] նրանց փոխվելու հույս կա, որ մոլախոտի փոխարեն ցորեն կդառնան՝ ըստ Տիրոջ հրամանի. «Թողե՛ք մոլախոտն ու մի՛ քաղեք մինչև հունձ» (հմմտ. Մատթ. 13։30):
Այսպիսով՝ [Անապատի] Ձայնը, [Սուրբ] Հոգու միջոցով խոսելով, գեղեցկապես և հստակորեն ներկայացրեց Տիրոջ երկու գալուստների խորհուրդը: Առաջինի մասին [ասաց]. «Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով», իսկ երկրորդի մասին՝ «Ցորենը կժողովի, իսկ հարդն անշեջ կրակով կայրի»: Նրանք, ովքեր կասկածում են գեհենի վերաբերյալ, թող տեսնեն՝ եթե առաջին [խոսքը] տեղի չի ունեցել, ուրեմն երկրորդն էլ է տարակուսելի: Իսկ եթե առաջինը [Տերն] իսկապես իրականացրեց, ինչը հայտնի է նրանից, որ առաքյալները վերնատանը մկրտվեցին [Սուրբ] Հոգուց, իսկ հավատացյալները՝ Ավազանի միջոցով, ապա անտարակույս կիրագործի նաև երկրորդը, քանի որ այստեղ չմկրտված ամբարիշտների դասերը կմկրտվեն գեհենի անսպառ ու տաժանելի կրակով:
Ստեփանոս Սյունեցի (†735)
որի քամհարը իր ձեռքում է, եւ կը մաքրի իր կալը, ցորենը կը հաւաքի իր շտեմարանում եւ յարդը կ՚այրի անշէջ կրակով»:
«Որի քամհարը իր ձեռքում է, և կմաքրի իր կալը»:
«Քամհարը» Քրիստոսի զորությունն է, «ցորենի»՝ արդարների և հարդի՝ մեղավորների, ընտրողն ու զատորոշողը: Կալը երկիրն է, ինչպես և գրված է «Դատավորներ» գրքում, Գեդեոնի բուրդը կալի մեջ դնելու պատումում, որը՝ կալը, նախապես չոր էր, [այսինքն՝ ուներ] աստվածպաշտության [պակաս], բացի գեղմից՝ Իսրայելի ժողովրդից: Իսկ հաջորդ օրը հակառակն է նշանակում. չորությունը՝ բրդի վրա, և խոնա վությունը՝ ամբողջ կալի (Դատ. 6։36-40):
Արդ, քամհարով՝ իր ազդու խոսքով, վարդապետության կամակատարներին՝ հավատացյալներին, [առանձնացնում է] իր կալում, իսկ անհավատ ապստամբներին պիտի այրի անշեջ հրով:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
որի քամհարը իր ձեռքում է, եւ կը մաքրի իր կալը, ցորենը կը հաւաքի իր շտեմարանում եւ յարդը կ՚այրի անշէջ կրակով»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 3:11

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: