Սրբ. Եփրեմ Ասորի (†373)
Գիշերային տեսիլքում տեսնում էի, որ, ահա, երկնքի ամպերի միջից գալիս էր մէկը մարդու Որդու նման եւ հասնում Ծերունուն. նա բերուեց նրա առջեւ:
Սա հույներին և շրջապատի բոլոր թագավորներին հաղթած հրեաների ճակատագրի մասին մարգարեությունն է: Սակայն մարգարեությունն ամբողջությամբ պսակվեց (ենթադրաբար՝ կատարվեց) մեր Տիրոջ միջոցով: Քանզի նրան իշխանություն տրվեց բոլոր ազգերի, ցեղերի և լեզուների վրա, ինչպես Ինքն էլ ասաց. «Իմ Հորից Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա» (Մատթ. 28։18):
Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
Գիշերային տեսիլքում տեսնում էի, որ, ահա, երկնքի ամպերի միջից գալիս էր մէկը մարդու Որդու նման եւ հասնում Ծերունուն. նա բերուեց նրա առջեւ:
«Գիշերային տեսիլքում տեսնում էի, որ, ահա՛, երկնքի ամպերի միջից գալիս էր մեկը մարդու Որդու նման։ Ո՞վ չգիտի սա: Ո՞վ չի կարող սա տեսնել: Մի՞թե նույնը չէ, օh՜, հրեանե՛ր»,– ասում է Պետրոսը կամ Պողոսը:
«Հասնում է Ծերունուն. նա բերվեց նրա առջև»։ Այստեղից երևում է, որ նրանք հավասար պատիվ ունեն: «Բերվեց Նրա առջև»: Որպեսզի դու, երբ տեսնես, որ Նրան է տրվում արքայությունը, այդ խոսքերը մարդկային կերպով տրվելու մասին ասված չհասկանաս, ուստի մարգարեն ասում է. «Երկնքի ամպերի հետ»: Սուրբ Գրքում ամպերը սովորաբար մատնանշում են երկինքը:
Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի (†444)
13-14. Գիշերային տեսիլքում տեսնում էի, որ, ահա, երկնքի ամպերի միջից գալիս էր մէկը մարդու Որդու նման եւ հասնում Ծերունուն. նա բերուեց նրա առջեւ: Նրան իշխանութիւն, պատիւ եւ արքայութիւն տրուեց. բոլոր ազգերը, ժողովուրդներն ու լեզուները պիտի ծառայեն նրան. նրա իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է, որ չի անցնի, եւ նրա թագաւորութիւնը չի կործանուի:
Արդյո՞ք այստեղ տեղի մասին չի խոսվում: Բայց այդպես մտածելը տգիտություն կլինի, քանի որ Աստվածայինը տեղով չի սահմանափակվում, բայց լցնում է ամեն ինչ: Ուրեմն ի՞նչ է նշանակում. «Եվ հասնում է մինչև Հինավուրցը»: Ակնհայտ է, որ Որդին հասավ Հոր փառքին: Եվ որպեսզի դա տեսանելի լինի, Նա կրկին հետևյալն է ասում. «Նրան իշխանություն, պատիվ և արքայություն տրվեց»: Քանզի նա լսեց, թե ինչպես է Հայրն ասում. «Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև քո թշնամիներին քո ոտքերի պատվանդան դնեմ» (Սաղմ․ 109։1):
Ա. Պ. Լոպուխին (†1904)
13-14. «Գիշերային տեսիլքներում ես տեսա, որ ահա երկնքի ամպերով քայլում էր ասես մարդու Որդին, Որը հասավ դեպի Հինավուրցը և տարվեց Նրա մոտ»։ [13] «Եվ Նրան իշխանություն, փառք ու թագավորություն տրվեցին, որպեսզի բոլոր ժողովուրդները, ցեղերը և լեզուները Նրան ծառայեն. Նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, որը չի անցնելու, և Նրա թագավորությունը չի կործանվելու»։ (Սինոդական թարգ․)
Մարգարեի տեսած չորրորդ գազանի դատավճիռն ավարտվեց Ամենաբարձրյալի սրբերի համընդհանուր, հավիտենական, փառահեղ և Մարդու Որդու կողմից ղեկավարվող Թագավորության սկզբնավորմամբ (Դան. 7։27): Տեսիլքում Նա (այսինքն՝ Մարդու Որդին) գործում է որպես Բարձրագույն սրբերի հասարակությունից առանձին անձ: Վերջինս բացահայտվել էր դեռևս Նրա հայտնվելուց առաջ: Տասնմեկերորդ եղջյուրը պատերազմ է մղում սրբերի դեմ, հաղթում է նրանց մինչև Հինավուրցի գալուստը և դատաստան անելը, որից հետո էլ ամպերի մեջ հայտնվում է Մարդու Որդին (Դան. 7։21, 22): Երկրորդը՝ նա բարձրագույն անձնավորություն է, որովհետև այսպիսին է «երկնքի ամպերի մեջ քայլել» արտահայտության իմաստը (Դան. 7։13, Սաղմ. 103։3, Ես. 19։1, Նավում. 1։3, Մատթ. 24։30, Հայտ. 1։7): Դանիելի տեսիլքում Տասնմեկերորդ եղջյուրի հակաաստվածային գործունեության, դրա տևողության և ճակատագրի ուրվագիծը ոչ միայն նման է, այլև ամբողջությամբ նույնական է քրիստոնեական եկեղեցու վերջին և ամենամեծ թշնամու՝ հակաքրիստոսի գործողությունների հետ: Նաև այս վերջինին է հպարտությամբ և հայհոյությամբ խոսող բերան, ինչպես նաև սրբերի հետ պատերազմելու իրավունք տրվում: «Եվ նա բացեց իր բերանը,– ասում է «Հայտնությունը»,– Աստծուն հայհոյելու համար ... և նրան սրբերի հետ պատերազմելու և նրանց հաղթահարելու իրավունք տրվեց» (Հայտ․ 13։6–7), բայց եղջյուրի նման նա էլ է նետվում «ծծմբով այրվող կրակե լիճը» (Հայտ․ 19։20): Տասնմեկերորդ եղջյուրի մահվանը հաջորդում է սրբերի համընդհանուր Թագավորության սկիզբը: Սա հիմք է դառնում չորրորդ գազանի տասնմեկերորդ եղջյուրի ներքո նեռին հասկանալու համար: Նրա մահվանը հաջորդելու է փառքի արքայության սկիզբը և ազգերի, ցեղերի ու լեզուների Մարդու Որդուն ենթարկվելը (Դան. 7։14): Նմանապես, Նոր Կտակարանում ասվում է, որ համընդհանուր դատաստանի ժամանակ և Բանի արքայության սկզբի հետ մեկտեղ յուրաքանչյուր ծունկ խոնարհվելու է Քրիստոսի առջև (Հռոմ. 14։11):
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Գիշերային տեսիլքում տեսնում էի, որ, ահա, երկնքի ամպերի միջից գալիս էր մէկը մարդու Որդու նման եւ հասնում Ծերունուն. նա բերուեց նրա առջեւ:
(Արարատ թարգ․ 7։13) Գիշերվա տեսիլքներում ես տեսա, որ ահա երկնքի ամպերով եկը եկավ ՝ մարդու որդու նման, եկավ դեպի Հինավուրցը
(Գրաբար) Տեսանէի’ի տեսլեան գիշերոյ՝ և ահա ընդ ամպս երկնից իբրև Որդի մարդոյ գայր՝ և հասանէր մինչև’ի Հինաւուրցն, և մատուցա՛ւ առաջի նորա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: