Ա. Պ. Լոպուխին. «Բացատրական աստվածաշունչ»
«Տերը երկարամիտ է և մեծ՝ զորությամբ, և անպատիժ չի թողնում. փոթորկի ու մրրիկի մեջ է Տիրոջ ընթացքը, ամպերը Նրա ոտքերի փոշին են»։ (Սինոդական թարգ․)[3]
«Տերը երկայնամիտ է և մեծ՝ զորությամբ»։ «Երկայնամիտ» արտահայտությունը (եբր.՝ «էրէխ−ափփայիմ», բառացի նշանակում է «երկար կամ դանդաղ՝ բարկանալու մեջ», Վուլգաթա՝ «patiens», Յոթանասնից՝ «μακροθυμος») մարգարեի կողմից փոխառված է Հնգամատյանից (Ելք 34։6, Թվ․ 14։18)։ Այն գործածական է նաև Սուրբ գրքի այլ հատվածներում (Նեեմ․ 9։17, Սաղմ․ 85։15, 102։8, 144։8, Հովել. 2։13)։ Տերը հանկարծակի և ակնթարթորեն չի պատժում, այլ ցուցաբերում է մեծ երկայնամտություն։ «Սրա վկաները դուք եք, նինվեացինե՛ր, որ ապաշխարության եք դիմել և ձեզ համար փրկություն եք գտել, սակայն նորից անձնատուր եք եղել ավելի մեծ չարիքների և մինչև այժմ դրանց համար չեք պատժվել։ Սակայն մարդկային անօրենություններն այդքան երկար հանդուրժողը գիտի նաև պատիժներ սահմանել չապաշխարողների համար» (Երանելի Թեոդորետոս. «Տասներկու մարգարեների մեկնությունը», Մոսկվա, 1857, գիրք 3−րդ, էջ 7)։
Աստծու երկայնամտությունն ամենևին էլ Տիրոջ թուլության նշան չէ, այլ, հակառակը, Նրա «մեծ զորության» դրսևորումն է։ Եթե կամենար, Նա կարող էր մեկ ակնթարթում կործանել անօրեններին, քանի որ ունի մեծ զորություն, սակայն պատիժը հետաձգում է գլխավորապես այն պատճառով, որպեսզի ժամանակ տա ապաշխարության համար» (երանելի Հերոնիմոս)։ Սակայն դրանով հանդերձ չապաշխարողների վերաբերյալ Նրա դատաստանը մնում է անխուսափելի (տե՛ս Ելք 34։6-7): «Այդքան երկար մարդկային անօրինությունները հանդուրժողը գիտի նաև պատիժներ սահմանել չապաշխարողների համար։ Քանզի մարգարեն այս միտքն արտահայտեց՝ ասելով. «մաքրելով չի մաքրի», այսինքն՝ ում մեղքերն արժանի են պատժի, նրան չի ազատի դատաստանից» (երանելի Թեոդորետոս)։ Բոլոր մեղավորների հանդեպ Աստծու դատաստանի վերաբերյալ ընդհանուր խոսքից հետո մարգարեն մասնավորապես անցնում է ասորեստանցիների վերաբերյալ դատաստանի նկարագրությանը։ Սակայն դեռևս այդ դատաստանը նկարագրում է բնական երևույթների պատկերներով (3−6−րդ համարներ), ինչպես բնորոշ է նաև մյուս հինկտակարանյան սուրբ հեղինակներին՝ որպես աշխարհում հայտնվող Աստծու պատժիչ գործունեության դրսևորում (Ելք 19, Դատ․ 5, Սաղմ․ 17, 49, 67, 96)։ Ինչպես աստվածաշնչյան աստվածհայտնությունների այլ նկարագրություններում, այստեղ ևս առաջ է քաշվում աստվածային ամենակարողության պատժիչ գործունեությունը. Տեր Աստծու հաղթական ընթացքն ուղեկցվում է կործանարար բնական երևույթներով․ մրրիկն ու փոթորիկը, ամպերն ու որոտը ուղեկից են ահեղ աստվածհայտնությանը (3-րդ համարի երկրորդ հատված): Աստծու երեսի առաջ ցամաքում են ծովն ու գետերը, թոշնում և չորանում է ամենափարթամ բուսականությունը (4), սասանվում են լեռները, բլուրները և ամբողջ երկիրը (5), խորտակվում են ժայռերը, և ոչինչ կանգուն չի մնում Աստծու բարկության կրակի առաջ (6)։ Սա այնպիսի զորության, մեծության և գեղեցկության նկարագրություն է, որպիսին կարելի է հանդիպել միայն ներշնչված աստվածաշնչյան գրողների մոտ։ Իսկ որո՞նք են այս գեղարվեստական պատկերի առանձնահատկությունները։
Ամեն անգամ, երբ Սուրբ Գիրքը պատմում է Աստծու երկիր իջնելու, երկրի վրա Նրա այս կամ այն վայրում հայտնվելու մասին, միաժամանակ հիշատակում է նաև այն հուզմունքի և դողի մասին, որոնց այդ ժամանակ ենթարկվում էր բնությունը։ Աստծու՝ Սինա լեռան վրա իջնելու ժամանակ «որոտներ և կայծակներ էին լինում, և մի թանձր ամպ կար սարի վրա, և սաստիկ փողի ձայն (Ելք 19։16), ամբողջ լեռը ծխում էր․․․ և նրանից ծուխ էր դուրս գալիս, ինչպես հնոցից, և ամբողջ լեռը սաստիկ ցնցվում էր» (Ելք 19:18)։ Աստծու հայտնության մասին մյուս պատմություններից ևս երևում է, որ այս հայտնությունները բնության մեջ ուղեկցվում են որոշակի ցնցումներով» (պրոֆ․ Մ․ Ն․ Սկաբալանովիչ. «Եզեկիել մարգարեի գրքի առաջին գլուխը»։ Բացատրական փորձ։ Մարիուպոլ, 1904, էջ 112)։ Բնության այս երևույթներն ընդգրկված են «փոթորիկ» հասկացության մեջ՝ վերցված բնության բոլոր տարրերում տեղի ունեցող ցնցումների լայն իմաստով (Սաղմ․ 49։4)։ Եվ Նավում մարգարեն դատաստանի համար հայտնվող Տեր Աստծու ընթացքը տեսնում է հենց այսպիսի երևույթների՝ «մրրիկի և փոթորկի մեջ» (եբր.՝ բեսուֆա և վիսարա, Յոթանասնիցը՝ εν συντελεια και εν συσσεισμω, Վուլգաթան՝ in tempestate et turbine)։
«Ամպը Նրա ոտքերի փոշին է» («անան ավակ ռագլավ»)․ բոլոր այս երևույթները, որպես իրենց Իշխանի (Սաղմ․ 9։6-7, Երեմ․ 10։13, 51։16, Հոբ 38։22−25, 34-37), անվերապահորեն ենթարկվում են Աստծու զորավոր խոսքին։ Ամենակարող Տեր Աստծու այս վեհ պատկերը եբրայեցիներին ծանոթ է դեռևս սինայական օրենքի տվչության ժամանակներից (Ելք 19։16, 18, Բ Օր․ 5։22) և միշտ հանդես է գալիս սրբազան հեղինակների մոտ՝ պատկերելու համար Տեր Աստծու հայտնությունը մեղավորներին դատելու համար (Սաղմ․ 17։10-11, 16։3-4, Ես․ 19։1 և հաջ., Դան․ 7։13, Հովել. 2։2, Սոփ․ 1։15 և այլն)։ «Ի դեպ, մարգարեն շատ տեղին ճանապարհին միացրել է նաև փոշին․ դրանով նա ցանկանում է ասել, որ այլևս երկայնամտություն չի ցուցաբերի, այլ կկործանի նրանց՝ բոլոր կողմերից ծածկելով աղետների ամպով» (Երանելի Թեոդորետոս. «Տասներկու մարգարեների մեկնությունը», Մ․, 1857, Գիրք 3, էջ 8)։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․)
Համբերատար է Տէրը, մեծ է նրա զօրութիւնը, Տէրը ամենեւին չի արդարացնում մեղապարտին: Նրա ճանապարհը հողմապտոյտով է եւ կործանումով. քամին նրա ձին է, ամպերը՝ նրա ոտքերի փոշին:
(Արարատ թարգ․) Տերը համբերատար է և մեծազոր և Տերը երբեք չի արդարացնի հանցավորին. Տիրոջ ճանապարհը մրրիկի և փոթորկի մեջ է, և ամպերը նրա ոտքերի փոշին են։
(Գրաբար) Տէր երկայնամիտ՝ եւ մեծ է զաւրութիւն նորա. Եւ արդարացուցանելով ոչ արդարացուցանէ Տէր. վախճանաւ եւ շարժմամբ է ճանապարհ նորա հողմ երիվար նորա, եւ ամպք փոշի ոտից նորա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: