Նավումի մարգարեության մեկնություն 2:13

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

(եբր․ 14)․ «Ահա Ես քո դեմ եմ,- ասում է Զորությունների Տերը, - և ծխի մեջ պիտի այրեմ քո մարտակառքերը, և սուրը պիտի խժռի քո կորյուններին, և երկրից պիտի բնաջնջեմ քո ավարը, և այլևս չի լսվի քո պատգամաբերների ձայնը»։ (Սինոդական թարգ․)[13]
   
    Այն տարակուսանքը, որն ակամա առաջանում է ընթերցողի մոտ՝ տեսնելով խորամանկ Նինվեի անպարտելի ուժի և երկրի երեսից նրա անհետ կորչելու միջև եղած հակասությունը (11–12-րդ համար), մարգարեն փարատում է՝ մատնանշելով Ամենակարող Աստծո դատաստանը (հմմտ. 3:5)։ Միևնույն ժամանակ «քանի որ մարգարեն վերևում փոխաբերական իմաստով է հիշատակում առյուծների և կորյունների, որսի և արոտավայրի մասին, ապա սրան համահունչ՝ ասորեստանցիների կործանումն էլ է այլաբանորեն կանխատեսում։ Եվ ինչպես գազանների ինչ−որ քարանձավներում թաքնվելու և այնտեղից դուրս գալ չցանկանալու դեպքում որսորդներն այդ քարանձավների մուտքերի մոտ ծուխ են արձակում, նրանց դուրս գալ են ստիպում և դուրս եկողին էլ նիզակներով են դիմավորում, այդպես էլ այս պարագայի նմանողությամբ Աստված ասում է, որ ամբողջ բազմությանը կմատնի ծխին, իսկ առյուծներին՝ սրին: Նրանով նկատի ունի քաղաքի հրկիզումը և թագավորների սպանությունը, որից հետո էլ որսն ավարտվում է» (Երանելի Թեոդորոս. «Տասներկու մարգարեների մեկնությունը», Մ․, 1857, գիրք 3, էջ 15)։ Մինչ այս հնչած մարգարեի այլաբանական խոսքը, համարի եզրափակիչ արտահայտության մեջ մարգարեի խոսքն արդեն վերածվում է ասորեստանյան տիրապետության անդառնալի կործանման մասին ուղղակի խոսքի․ «և այլևս չի լսվի քո պատգամաբերների ձայնը»: Երանելի Հերոնիմոսն այս միտքը հետևյալ կերպ է վերաշարադրում․ «Դու այլևս երկրներ չես ամայացնի և հարկեր չես պահանջի, և քո պատգամաբերներն այլևս չեն լսվի երկրներում» (Երանելի Հերոնիմոս. «Մեկ գիրք՝ Նավում մարգարեի մեկնության», Կիև, 1896, մաս 13, էջ 289)։ Խոսքը Ասորեստանի թագավորի դեսպանների մասին է, որոնք նրա հրամանները հասցնում էին հպատակ ժողովուրդներին և պահանջում էին վերջիններիս աներկբա հնազանդությունը իրենց տիրոջ կամքին և հրամաններին։ Այդպիսին էր հայտնի Ռաբսակը (Դ Թագ․ 18։17−37, Ես․ 36։13−20)։

    Այսպիսին է Նինվեի հանդեպ ամենակարող Աստծու՝ Զորությունների Տիրոջ (եբր.՝ «Иегова−Цебаот») դատաստանը։ Հայտնի է Աստծու այս անվան եռակի նշանակությունը՝ Իսրայելի բանակի (Ելք. 6։26, 7։4), երկնային լուսատուների (Ես․ 40։26, Սոփ․ 1։5 և այլն) և, հատկապես, հրեշտակների զորքերի առնչությամբ (Գ Թագ․ 22։19, Ես․ 24։21, տե՛ս նաև պրոֆ․ Ա․ Ա․ Գլագոլևի գրքում. «Հինկտակարանյան աստվածաշնչյան ուսուցում հրեշտակների մասին», Կիև, 1900, էջ 238−256)։ Հաշվի առնելով ասորեստանցիների մոտ գոյություն ունեցող երկնային մարմինների պաշտամունքը՝ Իսրայելի Աստծուն «Զորությունների Տեր» անվանելն ինքնին ասորեստանցիներին պետք է ցույց տար, որ ոչինչ այլևս չի կարող նրանց փրկել այդ Աստծու ձեռքից, Ով նույնիսկ իրենց աստվածների միակ Տերն է (Բ Օր․ 10։17)։

--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) «Ահա ես քո դէմ եմ, - ասում է Ամենակալ Տէրը, - ծխով կ՚այրեմ քո զօրքերը, սուրը կ՚ուտի քո առիւծներին, երկրից կը վերացնեմ քո որսը, եւ այլեւս չեն լսուի քո գործերը»:
(Արարատ թարգ․) «Ահա ես քո դեմ եմ,- ասում է Զորքերի Տերը,- և պիտի ծխով այրեմ նրա մարտակառքերը. սուրը պիտի ուտի քո կորյուններին, և երկրից պիտի բնաջնջեմ քո որսին, և քո պատգամաբերների ձայնն այլևս չպիտի լսվի»։
(Գրաբար) Ահաւասիկ ես ի վերայ քո, ասէ Տէր ամենակալ, եւ այրեցից ծխով զբազմութիւն քո՝ եւ կերիցէ սուր զառեւծս քո, եւ բարձից յերկրէ զորս քո, եւ ոչ եւս լուիցին գործք քո։