Ա․ Լոպուխին
4-7. Սա պոռնիկի բազմաթիվ պոռնկությունների համար է, ով հաճելի արտաքին ունի, հմուտ է կախարդության մեջ, ով իր պոռնկություններով ազգեր է վաճառում և իր կախարդություններով՝ ցեղեր։ [4] Ահա Ես քեզ վրա եմ, ասում է Զորությունների Տերը։ Եւ քո հագուստի քղանցքը կբարձրացնեմ քո երեսին և ժողովուրդներին ցույց կտամ քո մերկությունը, և թագավորություններին՝ քո անարգանքը։ Եւ քեզ վրա պղծություններ կնետեմ, քեզ ատելի կդարձնեմ և քեզ ամոթի կհանեմ։ Եւ կլինի այն, որ յուրաքանչյուրը՝ տեսնելով քեզ, կփախչի քեզանից և կասի․ «ավերված է Նինվեն։ Ո՞վ կզղջա նրա համար, որտեղի՞ց ես քեզ համար մխիթարիչներ գտնեմ»։ (Սինոդական թարգ․)
Տարբեր տեսակի սպանությունների և արյունահեղության մեջ Նինվեի ունեցած մեղքի պատկերումից և այդ հանցագործությունների համար նրա պատժի նկարագրությունից մարգարեն անցում է կատարում Նինվեի մեկ այլ հանցագործության՝ «պոռնկության» (եբրայերեն՝ «զենունիմ», Յոթանասնից՝ «πορνεια», Վուլգաթա՝ «fornicationes») պատկերմանը։ Այս արտահայտությունը, ինչպես նաև այն ամբողջ պատկերը, որի ներքո 4−րդ համարում ներկայացվում է Նինվեն, կարող է երկակի հասկացվել։ Ավելի նեղ ու հատուկ իմաստով․ համաձայն մարգարաեական աշխարհայացքի՝ Տեր Աստծու և իր ժողովուրդ Իսրայելի հարաբերությունները նման են ամուսնական հարաբերությունների (Եզ․ 16։8, Ովս․ 1−3 գլուխներ), իսկ ճշմարիտ Աստծուց իսրայելացիների հեռացումը՝ կռապաշտության (Եզ․ 16։30, 31, Ովս․ 1−3)։ Վերոհիշյալն ավելի լայն իմաստով էլ կարող է հասկացվել։ Դիտարկվող արտահայտությունն առաջին իմաստով է հասկանում նաև երանելի Թեոդորոս Կյուրոսացին, երբ Նինվեի կործանման պատճառը համարում է «կուռքերի փայլը և մեծ սանձարձակությունը» («Տասներկու մարգարեների մեկնությունը», Մ․ 1857, Գիրք 3, էջ 16)։ Նմանապես, ըստ երանելի Հերոնիմոսի, «Նինվեն այն բանի համար կպատժվի, քանի որ պոռնկացավ բազմաթիվ ժողովուրդների հետ և պաշտեց ամբողջ աշխարհում գոյություն ունեցող կուռքերին, որոնց էլ նա հպատակեցրեց իրեն» (Մեկ գիրք՝ Նավում մարգարեի մեկնության, Կիև, 1896, մաս 13, էջ 291)։ Սակայն Նինվեի վերաբերյալ դիտարկվող եզրույթի այդպիսի առանձնահատուկ ընկալումը, կոպիտ ասած, չի կարող օգտագործվել, քանի որ Տեր Աստծու և հեթանոսական ժողովուրդների միջև նմանատիպ ուխտ (Իսրայելի հետ ուխտի նմանությամբ) գոյություն չի ունեցել։ Ավելին, մասնավորապես Նինվեի կռապաշտության մասին դիտարկվող հատվածում (տե՛ս 4−7−րդ համարներ) խոսք անգամ չկա։ Ակնհայտորեն դիտարկվող արտահայտությունը պետք է առավել լայն իմաստ ունենա, որում, սակայն, կռապաշտության տարրը չի կարող բացակայել, քանի որ, որպես հեթանոսության ձև, Հայտնության մեջ «մեծ պոռնիկ» անունով (Հայտն․ 17։1 հաջորդ․) կոչվում է Բաբելոնը։ Այսպիսով՝ «պոռնկություն» անվանումը դիտարկվող հատվածում ընդհանուր առմամբ կարող է նշանակել «ասորեստանցիների անաստված կյանքը, որ իրենց սրտում չունեին Աստծուն, և, տարվելով սեփական կրքերով, ըստ էության, միմիայն իրենց էին սիրում, և ուրիշների հետ հարաբերություններում առաջնորդվում էին իրենց եսասիրությամբ, որը միշտ թաքնվում է սիրո դիմակի տակ, և դրա քողի ներքո սեփական ցանկությունների բավարարումն է փնտրում։ Այսպիսով՝ պոռնիկը միայն կեղծավորաբար է իր գուրգուրանքներն ուրիշներին շռայլում, և այդ քնքշանքների ներքո միմիայն սեփական շահերի մասին հոգածությունն է թաքցնում։ Այդպիսին էր Նինվեն, որը ամեն տեսակ խորամանկություններով և նենգ պայմանագրերով ժողովուրդներին դեպի իրեն էր գրավում և իր իշխանությանն էր ենթարկում» (Սիմաշկևիչ, Նինվեի մասին Նավումի մարգարեությունը, Սանկտ․ Պ․, 1875, էջ 250, 251)։ Այս տեսանկյունից Նինվեի գայթակղիչ մարտավարությունը չափազանց ծանոթ էր Իսրայելին, որը դառը փորձով բազմիցս զգացել էր նրա կողմից շռայլվող գուրգուրանքների և տրվող բարեհաճ խոստումների ողջ խաբեությունը (այդպիսին էր Թիգլաթպալասարի (Բ Մնաց․ 28։20, 21, Դ Թագ․ 16։7, 8, Ես․ 7։18−20), Սալմանասարի (Դ Թագ․ 18։13−17) և Սենեքերիմի (Ես․ 36, Դ Թագ․ 18) գործունեությունը)։ Նպատակին հասնելու համար պոռնիկ Նինվեի ունեցած միջոցները հետևյալներն էին՝ հիանալի արտաքին, անպարտելի զորություն և, բացի այդ, մոգական բնույթ ունեցող կանխամտածված միջոցներ։ Եվ այդ ամենի արդյունքը նրա կողմից բոլոր հարևան ժողովուրդների և ցեղերի ստրկացումն էր (տե՛ս համար 4)։ Նինվեի մեղքի այս ընդհանուր մեկնաբանությանը զուգահեռ կարելի տալ նաև ավելի առանձնահատուկ բացատրություն, որը առաջարկում է երանելի Թեոդորոս Կյուրոսացին․ «Ապրելով անիրավության և անօրինության մեջ, դու Նինվե՛, փառավոր և հայտնի էիր թվում նրանց համար, ովքեր իրավունք չունեին դատելու իրերի էությունը։ Թողնելով Արարչին և Փրկչին, Որն ապաշխարության շնորհիվ (երանելի Թեոդորոսը, ակնհայտորեն, նկատի ունի Հովնան մարգարեի քարոզչությունից հետո ապաշխարության արդյունքում Նինվեի ստացած ներումը) քեզ մեծ մարդասիրության արժանացրեց, տրվեցիր մոգությունների և ամեն ինչ կախարդության միջոցով արեցիր․․․ Չբավարարվելով սեփական անիրավությամբ՝ հպատակներիդ ևս ստիպեցիր, որ քեզ պես մտածեն» (Նույն տեղում, էջ 16)։
Այսպիսին է Նինվեի հանցանքը․ հաջորդիվ՝ 5−7−րդ համարներում, մատնանշվում է նրան տրվող Աստծո պատիժը, որը, ըստ էության, համապատասխանում է հանցանքին։ Վերջինս ճիշտ Նինվեի առաջին հանցանքի (այսինքն՝ արյունահեղության) նման իրեն համապատասխան վրեժխնդրություն է պահանջում (տե՛ս 1−3−րդ համարներ)։ Պոռնիկ−Նինվեի մերկացումն ու ծայրահեղ նշավակումը մարգարեի մոտ կտրուկ, սակայն ուրիշ մարգարեների համար (Ես․ 47։2, Եր․ 13։22, 26, Եզ․ 16։36−40, Ովս․ 2։3) ոչ անսովոր և, ընդհանուր առմամբ, Արևելքին բնորոշ ուրվագծերով է արտահայտված։ «Քանի որ,− 5, 6−րդ համարների միտքը վերաշարադրում է երանելի Հերոնիմոսը,− դու՝ Նինվե՛, պոռնկություններիդ միջոցով ժողովուրդների, իսկ դյութանքներիդ միջոցով ընտանիքների էիր վաճառում և հասարակության մեջ անպարկեշտ կնոջ նմանությամբ բոլորի համար ոտքերդ էիր բացում, ուստի Ես Ինքս կգամ քեզ կործանելու․ Ես հրեշտակ չեմ ուղարկի և ուրիշներին չեմ վստահի քեզ դատելը։ Ես քո առաջ կբացեմ ամոթալի հատվածներդ, որպեսզի աչքերիդ առաջ լինի այն, ինչը դու նախկինում չես տեսել։ Ես ժողովուրդներին ցույց կտամ մերկությունդ, իսկ թագավորություններին՝ անպատվությունդ, որպեսզի քեզ հետ պոռնկացողները ատեն, ծաղրեն ու խայտառակեն քեզ, և դու օրինակ ծառայես քեզ տեսողների համար։ Այս ամենը ներկայացվում է շնացող կնոջ պատկերի ներքո (sub metaphora), որը, մերկացվելով, ժողովրդի առաջ է բերվում և բոլորի աչքի առաջ անպատվվում» (նույն տեղում, էջ 295)։ Ըստ երանելի Թեոդորոսի՝ 5, 6−րդ համարների խոսքը «փոխաբերական իմաստով է ասված և վերցված է մեծ նախատինքի ու անարգանքի ենթարկված ստրուկներից» (նույն տեղում, էջ 16)։ 7−րդ համարում մատնանշվում է Նինվեի անարգանքի հետևանքը և դրա հանդեպ այլ ժողովուրդների վերաբերմունքը։ «Ով տեսնի, որ Նինվեն ավերված և բոլորի համար օրինակի է վերածված, նա կվախենա, կզարմանա և կասի․ «Ո՞վ կսգա քեզ համար, ո՞վ կարող է լինել քո մխիթարիչը։ Քանի դեռ դու հզոր էիր, որպես դաժան տիրուհի չէիր խնայում ծերին, ուշադրություն չէիր դարձնում մանուկին և ոչ ոքի քո վշտի ժամանակի համար ընկեր չէիր պատրաստում, որովհետև թագավորությանդ մեջ ոչ ոքի չէիր ցանկանում մասնակից ունենալ» (Հերոնիմոս եր․, նույն տեղում, էջ 297)։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Գեղապանծ պոռնիկ, կախարդների գլխաւոր, որ վաճառում էր ազգը իր պոռնկութեամբ եւ տոհմերը՝ իր կախարդանքներով:
(Արարատ թարգ․) Կախարդությունների բազմաշնորհ տիկին՝ պոռնիկի պոռնկությունների շատության պատճառով, որն ազգեր է ծախում իր պոռնկությամբ և ազգատոհմեր՝ իր կախարդություններով։
(Գրաբար) Պոռնիկ գեղապանձ՝ գլուխ կախարդաց, որ վաճառէր զազգս ի պոռնկութեան իւրում, եւ զտոհմս՝ կախարդանաւք իւրովք։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: