Նավումի մարգարեության մեկնություն 3:4

Ա. Պ. Լոպուխին. «Բացատրական աստվածաշունչ»

4-7. «Սա գրավիչ արտաքինով և կախարդության մեջ հմուտ պոռնիկի բազում պոռնկությունների պատճառով է, որն իր պոռնկություններով վաճառում է ազգերին և իր կախարդություններով՝ ցեղերին»։ [4] «Ահավասիկ Ես քո դեմ եմ, - ասում է Զորությունների Տերը, - և քո փեշերը երեսիդ վրա պիտի բարձրացնեմ և ազգերին ցույց տամ քո մերկությունը, իսկ թագավորություններին՝ քո խայտառակությունը»։ «Եվ քեզ վրա պիտի պղծություններ թափեմ, քեզ պիտի դարձնեմ արհամարհելի և քեզ պիտի նախատինք դարձնեմ բոլորի առաջ»: «Եվ կլինի, որ քեզ տեսնող ամեն ոք պիտի փախչի քեզնից ու ասի․ «Ավերվեց Նինվեն․ո՞վ կխղճա նրան, որտե՞ղ քեզ համար մխիթարիչներ գտնեմ»»: (Սինոդական թարգ․)
   
    Նինվեի մեղքերի՝ տարբեր սպանությունների և արյունահեղության ու դրանց համար պատժի նկարագրությունից հետո մարգարեն անցում է կատարում Նինվեի մեկ այլ տեսակ մեղքի նկարագրությանը՝ «պոռնկությանը» (եբր.՝ «զենունիմ», Յոթանասնից՝ «πορνεια», Վուլգաթա՝ «fornicationes»)։ Այս արտահայտությունը, ինչպես նաև այն ամբողջ պատկերը, որի ներքո 4−րդ համարում ներկայացվում է Նինվեն, կարող է ընկալվել երկու իմաստով։ Նախ՝ նեղ ու մասնավոր իմաստով․ համաձայն մարգարեական աշխարհայացքի՝ Տեր Աստծու և Իր ժողովրդի՝ Իսրայելի հարաբերությունները նման են ամուսնական միության (Եզեկ․ 16։8, Ովս․ 1−3 գլուխներ), իսկ ճշմարիտ Աստծուց իսրայելացիների հեռացումը՝ կռապաշտության (Եզեկ․ 16։30, 31, Ովս․ 1−3), և ապա՝ ավելի լայն իմաստով: Դիտարկվող արտահայտությունն առաջին իմաստով է ընկալում նաև երանելի Թեոդորիտոս Կյուրոսացին, երբ Նինվեի կործանման պատճառը համարում է նրա «կուռքերի փայլը և մեծ անառակությունը» («Տասներկու մարգարեների մեկնությունը», Մ․, 1857, Գիրք 3, էջ 16)։ Նույն կերպ, ըստ երանելի Հերոնիմոսի, «Նինվեն կպատժվի այն բանի համար, որ պոռնկացավ բազմաթիվ ազգերի հետ, որոնց նա տիրեց և պաշտեց ողջ աշխարհում եղած կուռքերին» («Մեկ գիրք՝ Նավում մարգարեի մեկնության», Կիև, 1896, մաս 13, էջ 291)։ Սակայն Նինվեի վերաբերյալ դիտարկվող եզրույթի այդպիսի առանձնահատուկ ընկալումը, կոպիտ ասած, չի կարող կիրառվել, քանի որ Տեր Աստծու և հեթանոս ազգերի միջև նմանատիպ ուխտ (Իսրայելի հետ կնքված ուխտի նմանությամբ) գոյություն չի ունեցել։ Ընդ որում, մասնավորապես Նինվեի կռապաշտության մասին դիտարկվող հատվածում (տե՛ս 4−7−րդ համարներ) խոսք անգամ չկա։

    Ակնհայտորեն դիտարկվող արտահայտությունը պետք է առավել լայն իմաստ ունենա, որում, սակայն, կռապաշտության տարրը չի կարող բացակայել, քանի որ Հայտնության գրքում «մեծ պոռնիկ» անունով կոչվում է Բաբելոնը՝ որպես հեթանոսության տիպական կերպար (Հայտն․ 17։1 և հաջորդ համարներ)։ Այսպիսով, դիտարկվող հատվածում «պոռնկություն» անվանումը ընդհանուր առմամբ կարող է նշանակել «ասորեստանցիների աստվածամերժ կյանքը, ովքեր իրենց սրտում չունեին Աստծուն, և, տարված սեփական կրքերով, ըստ էության սիրում էին միայն իրենց: Ուրիշների հետ հարաբերություններում առաջնորդվում էին եսասիրությամբ, որը միշտ քողարկվում էր սիրո դիմակի տակ և դրա քողի տակ փնտրում էր սեփական ցանկությունների բավարարումը: Այսպիսով, ինչպես պոռնիկն է կեղծավորաբար շռայլում իր գուրգուրանքները՝ դրանց ներքո թաքցնելով միայն հոգածությունը սեփական շահերի մասին, այդպես էլ Նինվեն ամեն տեսակ խորամանկություններով և նենգ պայմանագրերով ազգերին դեպի իրեն էր ձգում և իր իշխանությանն էր հնազանդեցնում» (Սիմաշկևիչ. «Նինվեի մասին Նավումի մարգարեությունը», Սանկտ․ Պ․, 1875, էջ 250, 251)։ Այս տեսանկյունից Նինվեի գայթակղիչ մարտավարությունը քաջ ծանոթ էր Իսրայելին, որը դառը փորձով բազմիցս զգացել էր նրա կողմից շռայլվող գուրգուրանքների և տրվող բարեհաճ խոստումների ողջ խաբեությունը (այդպիսին էր Թիգլաթպալասարի (Բ Մնաց․ 28։20-21, Դ Թագ․ 16։7-8, Ես․ 7։18−20), Սալմանասարի (Դ Թագ․ 17։3-6) և Սենեքերիմի (Ես․ 36:1, Դ Թագ․ 18:13-16) գործունեությունը)։ Նպատակին հասնելու համար պոռնիկ Նինվեի ունեցած միջոցները հետևյալն էին՝ շլացուցիչ արտաքին, անպարտելիության պատրանք և, բացի այդ, մոգական բնույթ ունեցող կանխամտածված հնարքներ։ Եվ այդ ամենի արդյունքը նրա կողմից բոլոր հարևան ազգերի և ցեղերի ստրկացումն էր (տե՛ս 4-րդ համար)։

    Նինվեի մեղքի այս ընդհանուր մեկնությանը զուգահեռ կարելի տալ նաև ավելի մասնավոր բացատրություն, որն առաջարկում է երանելի Թեոդորիտոս Կյուրոսացին․ «Ապրելով անիրավության և անօրինության մեջ, դու, Նինվե՛, փառավոր և հռչակված էիր թվում նրանց, ովքեր չունեին իրերի էությունը դատելու իրավունքը: Թողնելով Արարչին և Փրկչին, Ով ապաշխարության շնորհիվ արժանացրեց քեզ մեծ մարդասիրության, դու տրվեցիր մոգությունների և ամեն ինչ արեցիր կախարդության միջոցով… Չբավարարվելով սեփական անիրավությամբ՝ դու նաև հպատակներիդ էիր ստիպում, որ քեզ պես մտածեն» (Նույն տեղում, էջ 16)։ Այսպիսին էր Նինվեի հանցանքը:

    Հաջորդ՝ 5−7−րդ համարներում, մատնանշվում է նրան տրվող Աստծու պատիժը, որը, ըստ էության, համապատասխանում է հանցանքին։ Վերջինս ճիշտ Նինվեի առաջին հանցանքի (արյունահեղության) նման իրեն համապատասխան վրեժխնդրություն է պահանջում (տե՛ս 1−3−րդ համարներ)։ Պոռնիկ−Նինվեի մերկացումն ու ծայրահեղ նշավակումը մարգարեի մոտ արտահայտված է կտրուկ, սակայն ուրիշ մարգարեների համար (Ես․ 47։2, Երեմ․ 13։22, 26, Եզեկ․ 16։36−40, Ովս․ 2։3) ոչ անսովոր և, ընդհանուր առմամբ, Արևելքին բնորոշ ուրվագծերով։ «Քանի որ, - 5- 6−րդ համարների միտքը վերաշարադրում է երանելի Հերոնիմոսը,− դու, Նինվե՛, քո պոռնկություններով վաճառում էիր ազգերին, իսկ դյութանքներով՝ ընտանիքներին և հասարակաց անառակ կնոջ նման ոտքերդ էիր բացում բոլորի համար, ուստի Ես Ինքս կգամ քեզ կործանելու․ Ես հրեշտակ չեմ ուղարկի և ուրիշներին չեմ հանձնարարի քո դատաստանը։ Ես քո առաջ կբացեմ ամոթույքդ, որպեսզի աչքիդ առաջ լինի այն, ինչ նախկինում դու չէիր տեսել։ Ես ազգերին ցույց կտամ քո մերկությունը, իսկ թագավորություններին՝ քո անպատվությունը, որպեսզի հենց նրանք, ովքեր պոռնկացան քեզ հետ, ատեն, ծաղրեն ու խայտառակեն քեզ, և դու օրինակ ծառայես քեզ տեսողների համար։ Այս ամենը ներկայացվում է շնացող կնոջ պատկերով (sub metaphora), որը հանցանքի մեջ բռնվելով՝ ժողովրդի առաջ է բերվում և խայտառակվում բոլորի աչքի առաջ» (նույն տեղում, էջ 295)։ Ըստ երանելի Թեոդորիտոսի՝ 5- 6−րդ համարների խոսքը «ասված է փոխաբերական իմաստով և վերցված է մեծ նախատինքի ու անարգանքի ենթարկված ծառաների օրինակից» (նույն տեղում, էջ 16)։

    7−րդ համարում մատնանշվում է Նինվեի անարգանքի հետևանքը և դրա հանդեպ այլ ազգերի վերաբերմունքը։ «Ով տեսնի, որ Նինվեն ավերվել է և բոլորի համար օրինակ է դարձել, նա կվախենա, կզարմանա և կասի․ «Ո՞վ կսգա քեզ համար, ո՞վ կարող է լինել քո մխիթարիչը։ Քանի դեռ հզոր էիր, դու՝ որպես դաժան տիրուհի, չէիր խնայում ծերին, ուշադրություն չէիր դարձնում մանկանը և ոչ մի ընկեր չպատրաստեցիր քո տրտմության օրվա համար, որովհետև չէիր ցանկանում որևէ մեկին գործակից ունենալ քո թագավորության մեջ» (Երանելի Հերոնիմոս, նույն տեղում, էջ 297)։

--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Գեղապանծ պոռնիկ, կախարդների գլխաւոր, որ վաճառում էր ազգը իր պոռնկութեամբ եւ տոհմերը՝ իր կախարդանքներով:
(Արարատ թարգ․) Կախարդությունների բազմաշնորհ տիկին՝ պոռնիկի պոռնկությունների շատության պատճառով, որն ազգեր է ծախում իր պոռնկությամբ և ազգատոհմեր՝ իր կախարդություններով։
(Գրաբար) Պոռնիկ գեղապանձ՝ գլուխ կախարդաց, որ վաճառէր զազգս ի պոռնկութեան իւրում, եւ զտոհմս՝ կախարդանաւք իւրովք։