Հովհաննես Ծործորեցի
53-54․ Երբ Յիսուս այս առակները վերջացրեց, այնտեղից մեկնեց: Եւ գալով իր գաւառը՝ նրանց ուսուցանում էր իրենց ժողովարանում, այնպէս որ նրանք զարմանում ու ասում էին. «Սրան որտեղի՞ց են այս իմաստութիւնը եւ զօրութեան գործերը:
Երբ Հիսուսն ավարտեց այս առակները, հեռացավ այդտեղից և գալով Իր գավառ՝ նրանց սովորեցնում էր նրանց ժողովարանում:
Այսինքն՝ երբ ոչ միայն առակավոր խոսքերը, այլև առակների միտքը կատարելապես հայտնեց Իր աշակերտներին, հեռացավ այնտեղից, որովհետև կամենում էր ամենուրեք սերմանել խոսքը: Բայց ավետարանիչն ի՞նչն է կոչում «Իր գավառ»՝ Կափառնաո՞ւմը, թե Բեթղեհեմը, որովհետև չասաց այդ տեղի անունը: Արդ՝ կամ ամբողջ Հրեաստանն է «իր գավառե անվանում, որում [Տերն] անպատվվեց, կամ Նազարեթը, որովհետև այնտեղ բազմաթիվ հրաշքներ չգործեց 767, իսկ Կափառնաումում հրաշքներ գործեց, ինչպես և ասում էին. «Ինչ որ արեցիր Կափառնաումում, արա նաև այստեղ՝ Քո գավառում» (Ղուկ. 4։23):
«Նրանց սովորեցնում էր,- ասում է [ավետարանիչը],-նրանց ժողովարանում»: [Ակնարկում է նրան, որ] տվեցին [Հիսուսին] Եսայի մարգարեի գիրքը, և վեր կացավ ընթերցեց 768: Ճեպում էր ժողովարանները՝ իշխաններից Իրեն հեռու պահելով, որպեսզի [ժողովրդի] նախանձը չշարժեր և դատապարտության արժանացներ նրանց իրենց անհավատության պատճառով: Որովհետև ոչ միայն սովորեցնում էր, այլև մեծամեծ հրաշքներ գործում նրանց առաջ, ինչի վրա զարմանում էին, ինչպես ասում է [ավետարանիչը]:
Ստեփանոս Սյունեցի
53-54․ Երբ Յիսուս այս առակները վերջացրեց, այնտեղից մեկնեց: Եւ գալով իր գաւառը՝ նրանց ուսուցանում էր իրենց ժողովարանում, այնպէս որ նրանք զարմանում ու ասում էին. «Սրան որտեղի՞ց են այս իմաստութիւնը եւ զօրութեան գործերը:
«Եվ երբ Հիսուս այս առակները վերջացրեց, այնտեղից մեկնեց: Եվ գնալով Իր գավառը՝ նրանց ուսուցանում էր իրենց ժողովարանում»:
Հարց է ծագում գավառի անվան վերաբերյալ. թե ո՞րն ասաց, Նազարե՞թը, թե Բեթղեհեմը: Եվ կարծում եմ, որ ավետարանիչը խորհրդապես լռեց, քանի որ ամբողջ Հրեաստանը, ուր անարգվեց, անվանվում է Նրա գավառ:
Մաղաքիա արք. Օրմանյան
53-58. Երբ Յիսուս այս առակները վերջացրեց, այնտեղից մեկնեց: Եւ գալով իր գաւառը՝ նրանց ուսուցանում էր իրենց ժողովարանում, այնպէս որ նրանք զարմանում ու ասում էին. «Սրան որտեղի՞ց են այս իմաստութիւնը եւ զօրութեան գործերը: Սա հիւսնի որդին չէ՞. սրա մայրը չէ՞, որ Մարիամ է կոչւում. եւ սրա եղբայրները՝ Յակոբոս, Յովսէս, Սիմոն եւ Յուդա: Եւ սրա քոյրերը բոլորը մեզ մօտ չե՞ն. եւ արդ, որտեղի՞ց է սրան այս բոլորը»: Եւ նրանով գայթակղւում էին: Իսկ Յիսուս նրանց ասաց. «Չկայ անարգուած մարգարէ, բայց միայն՝ իր գաւառում եւ իր տանը»: Եւ նրանց անհաւատութեան պատճառով այնտեղ զօրաւոր շատ գործեր չարեց:
Հիսուս Իր քարոզության սկզբում մեկ անգամ էր եկել Նազարեթ՝ Հռոմեական 751 կամ 28 և Իր 32 տարվա հունվար կամ փետրվար ամսին (Ղուկ. 4:16-30): Նույն տարում երկրորդ այցելություն էլ տվեց, հավանաբար օգոստոսին կամ սեպտեմբերին: Թեեւ ամենավատ ընդունելության պատճառով էր հեռացել Իր քաղաքից եւ կրկին մեծ ընդունելություն գտնելու ակնկալությունը չուներ, սակայն, քանի որ մտնում էր Գալիլիայի բոլոր քաղաքներն ու գյուղերը, պատշաճ էր, որ Իր հայրենիքը բոլորովին անտեսված չլիներ, որպեսզի չասեին թե՝ չեկավ: Այդ երկրորդ այցելության մասին պատմում են միայն Մատթեոսն ու Մարկոսը, մինչ առաջին այցելության մասին պատմել են միայն Մարկոսն ու Հովհաննեսը, որն էլ առիթ է տվել մեկնիչներից ոմանց այս երկու այցելությունները մեկի վերածել: Սակայն այնքան տարբերություններ կան երկու պատմություններում, որ դրանք միմյանցից հիմնովին զանազանվում են, եւ համեմատելիս ի հայտ են գալիս այցելությունների տարբերությունները: Հիսուսին գահավեժ անելու փորձը հատուկ է առաջին այցելությանը, որը ամենեւին չի հարմարվում երկրորդ այցելությանը: Առաջին անգամ բոլորովին բժշկություն չի արել, իսկ երկրորդի ժամանակ կատարեց սակավաթիվ բժշկություններ: Բացի սրանից երկու այցելությունների ժամանակների հարաբերությունը եւ էլի ուրիշ շատ պարագաներ համոզել են մեկնիչների մեծամասնությաը՝ ընդունել Նազարեթ կատարած երկու տարբեր այցելությունները, թեպետ, ընդհանուր վրցրած, նազարեթցիները միշտ նույն թերահավատ ընթացքն են ունեցել, որովհետեւ, ծանոթ լինելով Հիսուսի ապրած սկզբնական կյանքին, Նրա մասին շատ ցածր գաղափար էին կազմել: Անցնենք պատմության կարգին:
Կափառնայումից դուրս գալով, Գալիլիայի մեջ մի նոր պտույտ անելու առիթով՝ Հիսուս իր առաքյալներով եկավ իր հին ու նոր բնակավայրը՝ Նազարեթ, ուր երեսուն տարի անց էր կացրել առանձնական, քաշված եւ սովորական կյանքով: Շաբաթ օրը ժողովարան եկավ, եւ քարոզելու հրավիրվելով՝ սկսեց բացատրել ավետարանի վարդապետությունը, մեկնել Երկնքի Արքայության հայտնվելու եւ Նոր Ուխտի սկսվելու խորհուրդները այնպիսի խորունկ ու զորավոր կերպով, որ բոլոր լսողները ափիբերան սկսեցին իրար ասել. «Որտե՞ղ է սա ստացել ուսում, կամ ի՞նչ տեսակ իմաստություն է, որ հայտնվում է նրա վրա, ի՞նչ կերպով է նա կարողանում այդքան զորություններ եւ հրաշքներ կատարել, ինչպես ամեն կողմից լսում ենք: Արդյո՞ք նա մեր իմացած հյուսն Հովսեփի ու Մարիամի տղան չէ՞, Հովսեփի հետ աշխատող հյուսն աշակերտը չէ՞, այդ ե՞րբ նա կարողացավ Ս. Գիրքն աշակերտել, եւ այսքան իմաստություն ու հմտություն իր մեջ ամբարել: Մեր քաղաքացի Հակոբի, Հովսեփի, Հուդայի եւ Սիմոնի եղբայրը չէ՞ նա, նրա քույրերը մեր քաղաքում չե՞ն: Քանի որ նրա ազգը գիտենք, ապրած կյանքն էլ գիտենք, մինչեւ վերջին տարիները մեզ մոտ նրա անցկացրած վերջին տարիները գիտենք, գիտենք որ նա Ս. Գրքի եւ դպրության աշակերտ չէ, այդպիսի մեկից այդչափ իմաստություն եւ զորություն չենք սպասում, հարկավ այստեղ խաբեական մի բան կա, որ մենք չենք իմանում»:
Նազարեթցիները բոլոր հիմքերն ունեին՝ զարմանալու Հիսուսի վրա: Մինչեւ երեսուն տարեկան դառնալը իրենց քաղաքում համեստ, սովորական եւ ոչ ուսումնական կյանք անցկացրած Հիսուսի փոխարեն հանկարծ մի տարի հետո անհամեմատ իմաստուն, կատարյալ գիտուն, դպիրներին պապանձեցնող, փարիսեցիներին լռեցնող, ժողովրդին զարմացնող եւ հրաշքներով փառավորվող վարդապետ են տեսնում: Անիրավ էին, քանի որ այդպիսի նորահրաշ երեւույթի մեջ փոխանակ աստվածային նշան եւ երկնային շնորհ տեսնելու, նրանով պարծենալու, ընդհակառակը, կարծում էին, թե դրանք խաբեություն եւ խորամանկություն են: Այսպես են ասում ավետարանիչները. «Գայթակղէին ի նա»:
Հիսուս անշուշտ սպասում էր, որ Գալիլիայում կատարված գործերի համբավը ամոքած լինի նազարեթցիների առաջին թերհավատություն: Բայց տեսնելով, որ դեռ առաջվանն են շարունակում, զարմանում է նրանց համառ եւ անիմաստ թերհավատության վրա: Չկարողանալով այլ մեկնություն տալ՝ նորից ծանոթ առակն է կրկնում «Ոչ է մարգարէ անարգ, բայց եթէ ի գաւառի իւում եւ յազգատոհմի եւ ի տան իւում»: Բոլոր նրանք, ովքեր որեւէ մարգարեի համաքաղացիներ ու մերձավորներ են, տեսել են նրա մանկությունն ու սկզբնական կյանքը, չեն կարող նրան հարգել ու պատվել, երբ նա աստվածային շնորհաց ձեռքով իմաստություն ստանա եւ զորություններ կատարի:
Հիսուս իր հրաշքների զորությունը ցույց տալու համար, իբրեւ անհրաժեշտ պայման եւ արժանապատվության դրսեւորում, հավատք էր պահանջում, հետեւաբար նազարեթցիների անհավատության պատճառով չկարողացավ իր ուղղությունից շեղվել, եւ դրա համար էլ ընդհանուր բժշկություններ չկատարեց, այլ միայն մի քանի բարեմիտ, վստահություն եւ հավատք հայտնող հիվանդությունների վրա ձեռք դրեց ու բժշկեց, որից հետո մեկնեց Նազարեթից:
Եղելության բացատրությունն այստեղ ավարտվում է: Սակայն մնում է բացատրել, թե ինչպե՞ս եւ ինչու՞ Հակոբը, Հովսեսը, Հուդան եւ Սիմոնը կարող էին Հիսուսի եղբայրները կոչվել: Այս չորս Տյառնեղբայրների մասին խոսեցինք տասերկուսի ընտրության առիթով (Մատթ. 10:2-4) եւ Տիրամոր հետ գալը հիշելու ժամանակ (Մատթ. 12:46-50) եւ ներկա հոդվածիս թողնելով նրանց ազգակցության քննությունը: Եղբայր կոչման խիստ իմաստին հետեւելով՝ հներից ոմանք այս չորսին Հիսուսի հարազատներ ընդունեցին, Հովսեփի եւ Մարիամի զավակներ, Հիսուսի ծնունդից հետո եղած, քանի որ Հիսուս կոչվել է անդրանիկ Ղուկ. 2:7: Սակայն սրանով եղծում էին Աստվածածնի հետծննդյան եւ միշտ կույս լինելու պատիվը: Դրա համար ուրիշներն ասացին, թե Հովսեփն առաջին ամուսնությունից ուներ հիշյալ չորս զավակները, եւ Մարիամն նրա երկրորդ կինն էր, որով Հիսուս հանրության աչքին համարվում էր մյուս չորսի եղբայրը եւ կոչվում էր Հովսեփի որդի: Այս վիճակը Հիսուսի ծնունդն Իր եզական եւ գերազանց պատվի մեջ չի պահում: Ուրեմն, մնում է Հիսուսի եւ չորս Տյառնեղբայրների ազգակցություն ոչ հարազատ, այլ պարզ, համարյուն եղբայրության մեջ որոնել, ինչպես սովորաբար, հատկապես Արեւելքում, միմյանց քույր ու եղբայր են կոչում եղբայրների ու քույրերի զավակները (լատ. consobrinus, իտալ. cugino, ֆրանս. cousin, անգյ. cousin, գերմ. vetter) որի համար հայերենն ունի մեկ ընդհանուր բառ՝ եղբայր, իսկ հորեղբորորդի, հորաքեռորդի, մորեղբորորդի, մորաքեռորդի բառերը գործածում ենք ըստ պատշաճի: Այս կետը ոչ թե իբրեւ ենթադրություն ենք մեջբերում, այլ կարող ենք հաստատել Ավետարանից վերցված խոսքերով:
Ավետարանը, Հիսուսի Խաչի ներքեւում գտնվող կանանց հիշատակելիս՝ տալիս է հետեւյալ անունները. Մարիամ Մագդաղենացի եւ Մարիամ Յակովբայ եւ Յովսեայ մայր, եւ մայր որդւոցն Զեբեդեայ Մատթ. 27:40: Մարիամ Մագդաղենացի եւ Մարիամ Յակոբու փոքրական եւ Յովսեայ մայրն, եւ Սողոմէ Մարկ. 15:40: Մայրն նորա եւ քոյր նորա Մարիամ Կղէովպայ եւ Մարիամ Մագդաղենացի Հովհ. 19:25: Բացի Տիրամորից, ում միայն Հովհաննեսն է հիշում, գտնում ենք երեք կանանց անուններ: Առաջինը՝ Մարիամ Մագդաղենացին, արդեն ծանոթ է եւ միշտ միեւնույն անվամբ հիշատակված: Երկրորդ Մարիամը, որ Հակոբի եւ Հովսեսի մայրն է կոչվում, որը պետք է չորս Տյառնեղբայրների մայրը ճանաչվի: Սույն այս Մարիամը մեկ տեղ իր որդիներով է ճանաչվում, մեկ ուրիշ տեղ էլ ամուսնու անվամբ կոչվում է Կղեովպասի կին: Ուստի Կղեովպասը չորս Տյառնեղբայրների հայրն է: Արդ, եթե Տյառնեղբայրների հայրը Կղեովպասն է, իսկ մայրը՝ Տիրամորից բոլորովին տարբեր մի Մարիամ, ուրեմն Տյառնեղբայրները Հիսուսի համամայր եւ համահայր եղբայրներ չեն, այլ պարզապես՝ համարյուն եղբայրներ են: Մնում է պարզել թե արդյոք Տիրամայրն ու Մարիամ Կղեովպան քույրե՞ր են կամ թե եղբայրնե՞ր են արդյոք Հովսեփն ու Կղեովպասը, որովհետեւ բնավ չի ենթադրվել, որ Մարիամ Տիրամայրը Կղեովպասի քույրն կամ Մարիամ Կղեովպասն Հովսեփի քույրը եղած լինի: Շատերը, հետեւելով Հովհաննու բացատրությանը, որ գրել է. «Եւ քոյր մօր նորա Մարիամ Կղէովպայ», կամեցան պնդել, թե Մարիամ Տիրամայրն ու Մարիամ Կղեովպան հարազատ քույրեր են: Սակայն, ըստ ավանդության Տիրամայր Մարիամը Հովակիմի եւ Աննայի միամոր աղջիկն էր եւ քույր չուներ: Մյուս կողմից էլ խիստ բռնազբոսիկ եւ անհավատալի է երկու հարազատ քույրերի Մարիամ կոչվելը: Հետեւաբար, եթե երկու Մարիամները քույրեր չեն, մնում է կարծել, թե եղբայրներ են Հովսեփն ու Կղեովպասը: Համաձայն ընդունված ավանդության, Հիսուս եւ Տյառնեղբայրներ ըստ արտաքնո հորեղբորորդիներ են եւ ժամանակի սովորությամբ եղբայրներ են նկատվում եւ կոչվում:
Որքան էլ առկա հոդվածիս նպատակից դուրս լինի, այնուամենայնիվ, սկսած նյութը ավարտելու համար նշենք, որ Հովհաննու գրած «Եւ քոյր մօր նորա Մարիամ Կղէովպայ» խոսքով Մարիամ Կղեովպան Մարիամ Տիրամոր քույր չի կարող նկատվել, ինչպես տեսանք, քանի որ երկու Մարիամները, համաձայն տրված բացատրության, միմյանց տեգրակին (ներ) են, իսկ ներերը սովորաբար քույրեր չեն կոչվել: Մյուս կողմից եթե «քոյր մօր նորա» խոսքը ուղղակի Մարիամ Կղեովպային պատշաճեցնենք, ապա Հովհաննեսը խաչի տակ, Տիրամորից բացի երկու կանանց է հիշատակում: Մինչդեռ մյուս ավետարանիչները հիշատակում են երեք կանանց: Ուրեմն Հովհաննեսը մոռացել է հիշել իր մորը՝ Սողոմեին, մինչ ինքը եւս նրա հետ խաչի տակ էր գտնվում եւ սա բոլորովին աննդունելի ենթադրություն է: Ըստ մեզ, Հովնաննու ողջ խոսքին պետք է ավելացնել մի ստորակետ եւ կարդալ այսպես. «Մայրն նորա եւ քոյր մօր նորա, Մարիամ Կղէովպայ եւ Մարիամ Մագդաղենացի»: Այս կերպ Տիրամորից բացի երեք կանայք հիշատակված կլինեն Հովհաննու կողմից, հար եւ նման մյուս ավետարանիչների: Իսկ Տիրամոր քույր կոչված կինը կլինի Սողոմեն, որ իրոք էլ Մարիամի մորաքեռորդին (մորաքրոջ աղջիկը), այսինքն՝ համայրուն քույրն էր: Որովհետեւ, ըստ ընդունված եւ ընդհանրացյալ ավանդության, Մատթան քահանան երեք աղջիկներ ունեցավ. Աննան՝ Տիրամայր Մարիամի մայրը, Սովիվեն՝ Եղիսաբեթի մայրը եւ Մարիամը՝ Սողոմեի մայրը, որով Տիրամայրը, Եղիսաբեթն ու Սողոմեն մորաքրոջ աղջիկներ կամ համարյուն քույրեր են համարվում: Ահա այս բացատրությամբ է Հովհաննեսն իր մորը ներկայացրել, որ մեկ այլ տեղ իր Ավետարանում հանվանե բնավ չի հիշատակում, իսկ հիշատակության անհրաժեշտ դեպքում էլ ակնարկում է դարձվածով, ինչպես Ավետարանում վարվել է իր իսկ անվան հետ:
Նազարեթցիների խոսքում հանվանե հիշատակվում են ոչ միայն չորս Տյառնեղբայրները, այլեւ ասվում է, թե «Չիցե՞ն քորք դորա աստ առ մեզ», որով բացի Տյառնեղբայրներից, հաստատվում է նաեւ Տյառնքույրերի գոյությունը: Սրանց մասին չեն ակնարկուն ո՛չ ավանդությունը, ո՛չ էլ՝ Ավետարանը: Անհրաժեշտ է նաեւ նշել, որ չորս Տյառնեղբայրները քույրեր նույնպես ունեին: Նրանք մնացել էին Նազարեթում, անշուշտ ամուսնացած լինելու պատճառով, մինչդեռ Տյառնեղբայրները Տիրամոր հետ գտնվում էին Կափառնայումում, ու թեեւ Տասներկուսից չէին, բայց հետեւում էին Հիսուսին եւ համարվում Նրա աշակերտները: Այսպիսով, Տյառնքույրերի ով եւ որքան լինելը խոր անհայտության մեջ է մնացել:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: