ՈՒԽՏԻ ՏԱՊԱՆԱԿԻ ՇԻՆՈՒԹԻՒՆԸ
(Ելք 25.10-22)
1. Բեսելիէլը տապանակը կառուցեց կարծր փայտից. երկուսուկէս կանգուն էր դրա երկարութիւնը, մէկուկէս կանգուն էր դրա լայնութիւնը, մէկուկէս կանգուն էր դրա բարձրութիւնը: Այն ներսից ու դրսից պատեց ոսկով,
2. դրա վրայ շուրջանակի ոսկէ պսակ շինեց:
3. Չորս ոսկէ օղակներ ձուլեց դրա չորս կողմերի համար. երկու օղակներ՝ մի կողմից, եւ երկու օղակներ՝ միւս կողմից: Դրանք հագցրեց լծակներին:
4. Լծակները շինեց կարծր փայտից եւ դրանք պատեց ոսկով:
5. Լծակները տապանակի կողքերից մտցրին օղակների մէջ, որպէսզի դրանցով բարձրացնեն այն:
6. Տապանակի կափարիչը պատրաստեցին մաքուր ոսկուց. երկուսուկէս կանգուն էր դրա երկարութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա լայնութիւնը:
7. Կափարիչի երկու ծայրերի երկու քերովբէները պատրաստեց ոսկուց. կատարեալ մի գործ շինեց դրանք:
8. Մի քերովբէն դրուած էր կափարիչի մի ծայրին, իսկ միւս քերովբէն՝ կափարիչի միւս ծայրին: Երկու քերովբէները միաձոյլ էին կափարիչի երկու ծայրերի հետ:
9. Քերովբէները դէպի վեր էին տարածել իրենց թեւերը եւ իրենց թեւերով հովանի էին անում կափարիչի վրայ: Կափարիչի վրայ քերովբէների դէմքերը իրար դէմ դիմաց էին:
ԱՍՏԾՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՒԱԾ ՀԱՑԻ ՍԵՂԱՆԻ ՇԻՆՈՒԹԻՒՆԸ
(Ելք 25.23-30)
10. Առաջաւորութեան սեղանը պատրաստեց մաքուր ոսկուց 123: Դրա համար ոսկէ չորս օղակներ ձուլեց. երկուսը՝ մի կողմի, եւ երկուսը՝ միւս կողմի համար: Պատրաստեց նաեւ լծակներ, որպէսզի դրանցով բարձրացնեն սեղանը: Տապանակի ու սեղանի լծակները պատրաստեց կարծր փայտից եւ դրանք պատեց ոսկով: Երկու կանգուն էր սեղանի երկարութիւնը, մէկուկէս 124կանգուն՝ դրա լայնութիւնը, եւ մէկուկէս կանգուն՝ դրա բարձրութիւնը:
11. Այն պատեց մաքուր ոսկով եւ դրա համար շուրջանակի ոսկէ պսակներ պատրաստեց:
12. Դրա վրայ շուրջանակի, մէկ թզաչափ բարձրութեամբ շրջանակ դրեց եւ դրա շրջանակի չորս կողմը ոսկէ պսակներ դրեց:
13. Սեղանի համար ոսկէ չորս օղակներ պատրաստեց եւ օղակներն ամրացրեց չորս անկիւններին,
14. որոնք նրա չորս ոտքերի վրայ էին՝ պսակի տակ: Օղակները լծակների համար իբրեւ ագոյց ծառայեցին, որպէսզի մարդիկ լծակներից բռնած բարձրացնեն սեղանը:
15. Կարծր փայտից երկու լծակներ պատրաստեց, որպէսզի դրանցով բարձրացնեն սեղանը, եւ դրանք պատեց ոսկով:
16. Մաքուր ոսկուց պատրաստեց սեղանի անօթները՝ դրա խնկամաններն ու սկուտեղները, դրա գաւաթներն ու սկիհները, որոնցով գինի են մատուցում:
ԱՇՏԱՆԱԿԻ ՇԻՆՈՒԹԻՒՆԸ
(Ելք 25.31-40)
17. Ոսկուց պատրաստեց լոյսի միաձոյլ աշտանակը՝ բունն ու նրա երկու կողմերի ճիւղերը 125: Աշտանակի բնից բաժանւում էին ճիւղերը՝ երեքը մի կողմից, եւ երեքը միւս կողմից՝ իրար հաւասար: Ոսկուց պատրաստեց դրա բոլոր միաձոյլ, ընկուզաձեւ ծայրեր ունեցող լուսակալները, դրա ճրագակալները, որոնց վրայ ճրագամաններն են դրւում, եւ աշտանակի եօթներորդ կանթեղը, որը բնի ամենավերին մասում է դրւում: Մաքուր ոսկուց պատրաստեց դրա վրայ գտնուող եօթը ճրագամանները, ունելիներն ու մոխրակալները: Քանդակազարդ արեց աշտանակը, բունն ու նրա ճիւղերը, նրա սկահակները: Գնդիկներն ու շուշանաձեւ ծաղիկները միաձոյլ էին:
18. Վեց ճիւղեր էին բաժանւում նրա երկու կողմերից. երեք ճիւղը՝ աշտանակի մի կողմից, եւ երեք ճիւղը՝ աշտանակի միւս կողմից:
19. Մի ճիւղն ունէր գնդիկից ու շուշանաձեւ ծաղկից բաղկացած երեք ընկուզաձեւ սկահակ, եւ միւս ճիւղն էլ ունէր գնդիկից ու շուշանաձեւ ծաղկից բաղկացած երեք ընկուզաձեւ սկահակ: Այսպէս բոլոր վեց ճիւղերը բաժանուած էին աշտանակի երկու կողմերից:
20. Աշտանակի բնի վրայ քանդակուած էին ընկուզաձեւ չորս սկահակներ իրենց գնդիկներով ու շուշանաձեւ ծաղիկներով:
21. Երկու ճիւղերի տակ մէկական գնդիկ ու ծաղիկ՝ բնին ձուլուած: Այսպէս էին բնից բաժանուած վեց ճիւղերը:
22. Դրանց գնդիկներն ու ծաղիկները միաձոյլ էին՝ բոլորը քանդակուած մի կտոր մաքուր ոսկուց:
23. Դրա եօթը ճրագամանները, ունելիներն ու մոխրակալները մաքուր ոսկուց էին:
24. Մի տաղանդ 126մաքուր ոսկուց պատրաստեց աշտանակն ու դրա բոլոր մասերը:
ԽՆԿԱՐԿՈՒԹԵԱՆ ՍԵՂԱՆԻ ՇԻՆՈՒԹԻՒՆԸ
(Ելք 30.1-5)
25. Նա ոսկեպատ զոհասեղանը պատրաստեց կարծր փայտից: Այն քառակուսի էր. հինգ 127կանգուն էր երկարութիւնը, հինգ կանգուն՝ լայնութիւնը, եւ երեք 128կանգուն՝ բարձրութիւնը: Դրա եղջիւրաւոր անկիւնները զոհասեղանի հետ միաձոյլ էին:
26. Մաքուր ոսկով պատեց այն, ինչպէս նաեւ դրա կափարիչը, բոլոր կողերն ու եղջիւրաւոր անկիւնները:
27. Դրա չորս կողմերի համար պատրաստեց ոսկէ պսակներ, պսակների տակ, երկու կողմերին երկու ոսկէ օղակներ ամրացրեց, որպէսզի այն բարձրացնելիս լծակները մտցնեն այդ օղակների մէջ:
28. Լծակները պատրաստեց կարծր փայտից եւ դրանք պատեց ոսկով:
ՕԾՈՒԹԵԱՆ ԻՒՂԻ ԵՒ ԽՆԿԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆԸ
(Ելք 30.22-38)
29. Նա վարպետ իւղագործների՛ նման պատրաստեց օծութեան սուրբ իւղը եւ խնկերի համեմունքները:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: