Իմաստութեան այս գիրքը հաւանաբար լոյս է ընծայուել Եգիպտոսում, Ալեքսանդրիայում բնակուող հրէական համայնքի կողմից, մեր թուագրութիւնից շուրջ երեսուն տարի առաջ։ Նրա հեղինակն արտայայտւում է բաւականին բարձրաոճ յունարէնով, սակայն, ինչպէս գրքի վերնագիրն է ցոյց տալիս, նրա երկը պատկանում է «իմաստալից գրուածքներ»-ի շարքին, ինչպիսիք են՝ Առակների, Յոբի եւ Ժողովողի եբրայական գրքերը կամ որոշ Սաղմոսներ։ Գրքի հեղինակը քաջածանօթ է Ծննդոց, Ելից գրքերին, Եսայու մարգարութեանը, Առակներին, բայց նաեւ յունական գրականութեանը՝ Հոմերոս, Պլատոն եւ այլն։ Նա աշխատում է իր հրէական հաւատի մասին վկայել յունական մտածողութեան միջոցներով։ Նա դիմում է իր կրօնակիցներին, որոնք եբրայերէն չգիտեն, ինչպես նաեւ յոյն ընթերցողներին, որոնց ուզում է գիտակցել տալ Իսրայէլի հոգեւոր ժառանգութեան արժէքը։
Գրքի առաջին բաժինը նուիրուած է առաքինի եւ չար մարդկանց ճակատագրի մասին համեմատական մի խորհրդածութեան։ Այստեղ կայ ուշագրաւ մի շարադրանք «արդար մարդու» հալածանքի մասին։
Գրքի երկրորդ բաժնում ներբողում է Իմաստութիւնը, որն անհրաժեշտ է բոլորին, բայց մասնաւորապէս նրանց, որոնց վրայ ծանրանում է ազգերին առաջնորդելու պատասխանատուութիւնը։ Այս բանը բացատրելու համար հեղինակն իրեն նոյնացնում է Սողոմոն թագաւորի հետ, որին հրէական աւանդութիւը համարում է գերագոյն Իմաստունը։
Երրորդ բաժինը կարող է վերնագրուել՝ «Իմաստութիւնը սրբազան պատմութեան մէջ»։ Սողոմոնեան աղօթքի ձեւով այս բաժնում, յաջորդաբար քննութեան են առնւում Ծննդոցի, Ելիցի պատմութիւնները, ինչպէս նաեւ կռապաշտութեան հարցը։
Այսպիսով հեղինակն առաջարկում է վերաիմաստաւորել կամ մեկնաբանել աստվածաշնչական պատումները յունական մտայնութեան տեսանկիւնից։ Զարմանալի չէ, հետեւաբար, հանդիպել այստեղ եբրայական Հին Կտակարանին անծանօթ մտքերի, որոնք վերաբերում են հոգու եւ մարմնի բաժանուածութեանը կամ հոգու անմահութեանը։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: