ԴԱՒԻԹԸ ԵՐՈՒՍԱՂԷՄՈՒՄ
(Բ Թագ. 5.11-16)
1․ Տիւրոսի արքայ Քիրամը Դաւթի մօտ ուղարկեց դեսպաններ, մայրի փայտ, որմնադիրներ ու ատաղձագործներ, որ տուն շինեն նրա համար:
2․ Դաւիթը հասկացաւ, որ Տէրն է իրեն ընտրել Իսրայէլի վրայ իշխելու համար, քանզի Իսրայէլի ժողովրդի համար նրա թագաւորութիւնը հզօրացել էր:
3․ Դաւիթն այլ կանայք եւս առաւ Երուսաղէմում, որոնցից ծնուեցին ուրիշ տղաներ ու աղջիկներ:
4․ Ահա անունները նրանց, որոնք ծնուեցին Երուսաղէմում. Սամաաս, Սոբաբ, Նաթան, Սողոմոն,
5․ Յեբաար, Ելիսաւ, Ելիփաղէտ,
6․ Նագեթ, Նափատ, Յափիէ,
7․ Ելիսամա, Բաղիադա եւ Ելիփաղատ:
ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԱՅԼԱԶԳԻՆԵՐԻ ԴԷՄ
(Բ Թագ. 5.17-25)
8․ Երբ այլազգիներն իմացան, թէ Դաւիթը ամբողջ Իսրայէլի վրայ թագաւոր է օծուել, ելան Դաւթին գտնելու: Դաւիթն այդ լսելով՝ նրանց դիմաց ելաւ:
9․ Եկան նաեւ այլազգիները, եւ նրանք միմեանց հանդիպեցին Հսկաների հովտում:
10․ Դաւիթն Աստծուն հարցրեց՝ ասելով. «Յարձակուե՞մ այլազգիների վրայ, դու նրանց իմ ձեռքը կը մատնե՞ս»: Տէրը նրան ասաց. «Յարձակուի՛ր, եւ ես նրանց քո ձեռքը կը մատնեմ»:
11․ Դաւիթը ելաւ գնաց Բաաղփարասին եւ կոտորեց նրանց: Դաւիթն ասաց. «Աստուած իմ թշնամիներին ջախջախեց իմ ձեռքով, պատառոտեց նրանց, ինչպէս ջրերն են պատառոտւում»: Սրա համար էր, որ այդ տեղը կոչուեց Բաաղփարասին, այն է՝ Փարասինի պատռուածք:
12․ Նրանք իրենց աստուածներին այնտեղ թողեցին, եւ Դաւիթը պատուիրեց դրանք հրով այրել:
13․ Այլազգիները կրկին յարձակուեցին, եւ նրանք իրար հանդիպեցին Հսկաների հովտում:
14․ Դաւիթը դարձեալ հարցրեց Աստծուն, եւ Աստուած նրան ասաց. «Մի՛ գնա նրանց յետեւից, շո՛ւռ արի եւ նրանց թո՛ղ տանձենիների մօտ:
15․ Երբ տանձենիների կատարների շարժման ձայն լսես, այն ժամանակ ելի՛ր պատերազմի, քանզի Աստուած քո առջեւից գնալով՝ կոտորելու է այլազգիների բանակը»:
16․ Դաւիթն արեց այնպէս, ինչպէս Աստուած պատուիրել էր նրան, եւ նա կոտորեց այլազգիների բանակը Գաբաթոնից մինչեւ Գազերա:
17․ Դաւթի անունն ամբողջ երկրում հռչակուեց, եւ Տէրը նրա երկիւղը տարածեց բոլոր ազգերի վրայ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: