1․ Անուղղայ մարդիկ այսպէս խորհեցին իրենց սրտի մէջ՝ ասելով. «Մեր կեանքը կարճ է եւ ցաւերով լի. եւ երբ մարդ հասնի իր վախճանին, ոչ մի փրկութիւն չկայ, եւ չկայ մէկը, որ վերադարձած լինի մահուան գերեզմանից:
2․ Մենք պատահաբար ենք ծնուել եւ սրանից յետոյ էլ չեղածների պէս ենք լինելու, որովհետեւ մեր ռունգերի շունչը ծուխ է ասես, իսկ մեր խօսքը՝ կայծ, որ ծնուել է մեր սրտի տրոփից:
3․ Կայծի մարումով մարմինը մոխիր է դառնում, իսկ հոգին սփռւում է ինչպէս թոյլ օդ:
4․ Մեր անունը պիտի մոռացուի ժամանակի ընթացքում, եւ ոչ ոք չի յիշելու մեր գործերը: Եւ, ինչպէս ամպի հետք, պիտի անցնի մեր կեանքը եւ պիտի ցրուի շամանդաղի նման՝ արեգակի ճառագայթներից հալածուած ու քշուած նրա տապից:
5․ Արդարեւ, մեր կեանքը սահող ստուեր է, եւ ոչինչ չի կարող արգելել մարդուս վախճանը, քանզի երբ վախճանը կնքուի, այլեւս ոչ ոք չի կարող վերադարձնել:
6․ Արդ, եկէ՛ք վայելենք այն բարիքները, որ կան, եւ, ինչպէս մանկութեան օրերին, ըմբոշխնենք այն, ինչ ստեղծուած է:
7․ Եկէ՛ք յագենանք պէս-պէս գինիներով եւ անուշ իւղերով, եւ թող գարնան ծաղիկը չանցնի մեր կողքով:
8․ Կոկոն վարդերից պսակներ կրենք, քանի դրանք չեն թառամել:
9․ Թող մեծաշուք մեր այս ուրախութիւնից ոչ ոք ամենեւին անմասն չմնայ, ամէն տեղ ուրախութեան մի նշան թողնենք, որովհետեւ դա է մեր բաժինը, դա է մեզ վիճակուել:
10․ Եկէ՛ք անիրաւութեամբ բռնադատենք տնանկին, չխնայենք որբեւայրուն, չխորշենք ծերի բազմամեայ ալեհերութիւնից:
11․ Թող մեր ուժը դառնայ արդարութեան օրէնքը, որովհետեւ տկարութիւնը պիտանի չէ եւ ոչ մի բանի:
12․ Դարանակալ լինենք արդարին, որովհետեւ դժկամ է նա մեր հանդէպ եւ հակառակ մեր գործերին, նախատինք է տալիս մեզ՝ օրէնքների դէմ մեղանչելու համար, եւ պարսաւում է մեզ՝ մեր երիտասարդական մեղքերի համար:
13․ Նախ խոստովանում է, թէ աստուածգիտութիւն ունի, եւ իր անձը Տիրոջ որդի է անուանում:
14․ Մեր առջեւ՝ մեր խորհուրդների յանդիմանութիւնն է նա:
15․ Ծանր է մեզ համար նաեւ նրան տեսնելը, որովհետեւ նրա կեանքը նման չէ ուրիշների կեանքին, եւ այլազան են նրա վարքի շաւիղները:
16․ Նա մեզ գարշանք է համարում եւ խորշում է մեր ճանապարհներից, ինչպէս պղծութիւնից. երանի է տալիս արդարների վախճանին եւ հպարտանալով Աստծուն հայր է կոչում:
17․ Տեսնենք արդեօք ճշմարի՞տ են նրա խօսքերը եւ փորձենք իմանալ, թէ ի՛նչ է լինելու նրա վախճանը:
18․ Եթէ, արդարեւ, Աստծու որդի է, ապա թող Աստուած պաշտպանի եւ ազատի նրան հակառակորդների ձեռքից:
19․ Թշնամանքով եւ ծեծով խոշտանգենք նրան, որպէսզի տեսնենք նրա հեզութեան չափը եւ խելամուտ լինենք նրա համբերատարութեանը:
20․ Խայտառակ մահուան դատապարտենք նրան. արդեօք Աստուած օգնական կը լինի՞ նրան»:
ԱՄԲԱՐԻՇՏՆԵՐԻ ՍԽԱԼԸ
21․ Այսպէս խորհեցին եւ խաբուեցին ամբարիշտները, որովհետեւ նրանց կուրացրել էր իրենց չարութիւնը:
22․ Չճանաչեցին Աստծու խորհուրդները եւ չակնկալեցին ո՛չ սրբութեան վարձը եւ ո՛չ էլ ընտրեցին անարատ հոգիների պատիւը:
23․ Աստուած մարդուն ստեղծել է անեղծ լինելու համար եւ արարել է նրան ըստ իր բարերարութեան պատկերի:
24․ Մահը աշխարհ է եկել բանսարկուի նախանձով.
25․ եւ ովքեր նրա բաժինն են, նրանք էլ պիտի կրեն այն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: