1. Պատգամ Նինուէին: Նաւում Ելկեսացու տեսիլքի գիրքը:
ՏԷՐԸ ԱՀԱՒՈՐ Է ԵՒ ԲԱՐԻ
2. Տէր Աստուած նախանձոտ է եւ վրէժխնդիր, Տէրը վրէժխնդիր է բարկութեամբ, Տէրը վրէժ է լուծում իր հակառակորդներից, եւ ինքն է վերացնում իր թշնամիներին:
3. Համբերատար է Տէրը, մեծ է նրա զօրութիւնը, Տէրը ամենեւին չի արդարացնում մեղապարտին: Նրա ճանապարհը հողմապտոյտով է եւ կործանումով. քամին նրա ձին է, ամպերը՝ նրա ոտքերի փոշին:
4. Սաստում է ծովը, ցամաքեցնում այն, չորացնում բոլոր գետերը: Չորացան Բասանն ու Կարմելոսը, Լիբանանի բոլոր ծաղիկները թառամեցին:
5. Լեռները դողացին նրանից, բլուրները սասանուեցին, խախտուեց երկիրը նրա առաջ, ինչպէս նաեւ նրա բոլոր բնակիչները:
6. Նրա բարկութեանն ո՞վ կը դիմանայ, ո՞վ կը կանգնի նրա զայրոյթի եւ սրտմտութեան դէմ: Նրա զայրոյթը հալեցնում է իշխանութիւնները, ժայռերը խորտակւում են նրա առաջ:
7. Բարեհաճ է Տէրը նրանց նկատմամբ, ովքեր ապաւինում են նրան նեղ օրերին. Նա ճանաչում է իրենից երկիւղ կրողներին:
8. Հեղեղով վերջ կը տայ իր դէմ ըմբոստացածներին, եւ խաւարը կը հալածի նրա թշնամիներին:
ՊԱՏԳԱՄՆԵՐ ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻՆ
9. Ի՞նչ էք խորհում Տիրոջ դէմ. ինքն է վերջ տալու եւ կրկին անգամ վրէժ չի լուծի նեղութեան մէջ:
10. Մինչեւ իրենց հիմքերը նրանք խոպան պիտի դառնան. բաղեղով պատուածի պէս պիտի սպառուեն եւ լինեն ինչպէս չորացած եղէգ:
11. Քեզնի՛ց պիտի դուրս գայ Տիրոջ դէմ չար խորհուրդը՝ հակառակութեամբ չարիք խորհելու միտքը:
12. Այսպէս ասաց Տէրը բազում ջրերի իշխանների մասին. «Այսպէս պիտի բաժանուեն նրանք, եւ քո մասին այլեւս լուր չի լսուելու:
13. Հիմա պիտի խորտակեմ քո գլխին կախուած նրա գաւազանը եւ քո կապանքները պիտի խզեմ»:
14. Տէրը կը հրամայի քեզ համար, եւ այլեւս չի հռչակուի քո անունը. «Պիտի ջնջեմ քանդակուած եւ ձուլածոյ կուռքերը քո աստծու տնից եւ այն գերեզման պիտի դարձնեմ քեզ համար»:
15. Ահա արագընթաց են աւետաբերի ոտքերը լեռների վրայ, որ խաղաղութիւն է աւետում: Տօնի՛ր քո տօնը, Յուդայի՛ երկիր, կատարի՛ր քո ուխտը, քանի որ այլեւս քո միջով չի անցնելու անօրէնը քեզ հիւծելու համար: Նա վախճանուեց, մաշուեց ու վերացաւ 696:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: