Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 11

ԵՐՈՒՍԱՂԷՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼՈՒ Է ԻՐ ԳՈՐԾԱԾ ՈՃԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
   
1. Հոգին բարձրացրեց ինձ ու բերեց Տիրոջ տան դռան դիմաց, որ նայում էր դէպի արեւելք: Եւ ահա սրահի դռան առաջ մօտաւորապէս քսանհինգ մարդ կար: Նրանց մէջ տեսայ Յազերի որդի Յեզոնիային եւ Բանեայի որդի Փալտիային՝ ժողովրդի առաջնորդներին:
2. Տէրն ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, սրանք են այն մարդիկ, որոնք սնոտի բաներ են մտածում ու չար խրատներ տալիս այդ քաղաքում
3. եւ ասում են. «Այս տները նոր շինուած չեն, այլ այս քաղաքը մի կաթսայ է, մենք էլ՝ միս»:
4. Դրա համար էլ մարգարէութի՛ւն արա դրանց վրայ, մարգարէութի՛ւն արա, մարդո՛ւ որդի»:
5. Տիրոջ Հոգին իջաւ վրաս ու ասաց ինձ. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Այսպէ՛ս ասացիք, Իսրայէլի՛ տուն, ու ես գիտեմ ձեր հոգու խորհուրդը:
6. Դուք բազմապատկեցիք ձեր դիակներն այդ քաղաքում ու դրա ճանապարհները լցրիք սպանուածներով:
7. Դրա համար էլ այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Ձեր դիակները, որ փռել էք այդտեղ, քաղաքում, դրանք միսն են, իսկ դա էլ՝ կաթսան: Ձեզ դուրս եմ բերելու դրա միջից:
8. Դուք վախենում էիք սրից, սուր եմ բերելու ձեզ վրայ, - ասում է Ամենակալ Տէրը: -
9. Ձեզ դուրս եմ բերելու դրա միջից ու մատնելու եմ օտարների ձեռքը,
10. դատաստան եմ տեսնելու ձեզ հետ, որպէսզի սրով էլ ընկնէք: Իսրայէլի լեռների վրայ եմ ձեզ դատելու, եւ դուք պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը:
11. Դա ձեզ համար կաթսայ չի լինելու, ոչ էլ դուք դրա մէջ՝ միս: Իսրայէլի լեռների վրայ եմ ձեզ դատելու, եւ պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը:
12. Դուք իմ արդարութեան ճանապարհով չընթացաք, հրամաններս չգործադրեցիք, այլ ձեր շուրջը գտնուող ազգերի սովորութիւններով շարժուեցիք»»:
13. Մինչ ես մարգարէութիւն էի անում, մեռաւ Բանեայի որդի Փալտիան: Երեսս ի վայր ընկայ ու բարձրաձայն աղաղակեցի՝ ասելով. «Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, Ամենակա՛լ Տէր, Իսրայէլի մնացորդների վախճանը հասցրիր»:
   
ԱՍՏՈՒԱԾ ՊԻՏԻ ՀԱՒԱՔԻ ՑՐՈՒԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՆ
   
14. Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
15. «Մարդո՛ւ որդի, քո եղբայրների, քո գերուած հարազատների, Իսրայէլի ամբողջ տան վախճանը հասել է: Երուսաղէմի բնակիչները նրանց ասել են, թէ՝«Հեռացէ՛ք Տիրոջից, որովհետեւ այս երկիրը մեզ է տրուած որպէս ժառանգութիւն»:
16. Դրա համար ասա՛ նրանց. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. նրանց գցելու եմ ազգերի մէջ, սփռելու եմ ամբողջ երկրով մէկ: Մի փոքր ժամանակ սրբութիւն եմ լինելու նրանց մտած երկրում»:
17. Ուստի ասա՛ նրանց. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. նրանց հաւաքելու եմ ազգերի միջից, մէկտեղելու եմ նրանց ա՛յն երկրներից, ուր սփռել էի նրանց, եւ նրանց եմ տալու Իսրայէլի երկիրը:
18. Նրանք մտնելու են այնտեղ, վերացնելու են այնտեղի բոլոր գարշելի կուռքերը, ինչպէս նաեւ բոլոր անօրէնութիւնները նրա միջից:
19. Եւ ուրիշ սիրտ եմ տալու նրանց, նոր հոգի եմ պարգեւելու նրանց, հանելու եմ քարեղէն սիրտը նրանց մարմիններից
20. եւ տալու եմ մարմնեղէն սիրտ, որպէսզի պատուիրաններիս համաձայն ընթանան, օրէնքներս պահեն ու կատարեն, ինձ համար ժողովուրդ լինեն, ես էլ իրենց համար՝ Աստուած:
21. Բայց գարշելի կուռքերին նուիրուած նրանց սրտի համար, նաեւ ա՛յն անօրէնութիւնների համար, որ գործել են, ա՛յն ընթացքի համար, որ ցոյց են տուել, պատիժ եմ բերելու նրանց գլխին»», - ասում է Ամենակալ Տէրը:
   
ԱՍՏԾՈՒ ՓԱՌՔԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԵՐՈՒՍԱՂԷՄԻՑ
   
22. Քերովբէները բարձրացրին իրենց թեւերը, անիւներն էլ նրանց յետեւից բարձրացան, Իսրայէլի Աստծու փառքն էլ նրանց բոլորի վրայ էր, վերեւում:
23. Ու Տիրոջ փառքը քաղաքի միջից վեր բարձրացաւ, կանգ առաւ այն լերան վրայ, որ քաղաքի դիմացն էր:
24. Ու Հոգին ինձ բարձրացրեց, բերեց քաղդէացիների երկիրը, գերիների մէջ՝ Աստծու Հոգու ցոյց տուած տեսիլքով:
25․ Այսպիսով ես սթափուեցի այն տեսիլքից, որ տեսել էի, ու խօսեցի գերիների առաջ այն բոլոր բաների մասին, որ Տէրն ինձ ցոյց էր տուել: