Տիւրոսի դէմ
1. Տասնմէկերորդ տարում, ամսուայ առաջին օրը, Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
2. «Մարդո՛ւ որդի, այն բանի համար, որ Տիւրոսը չարախնդաց Երուսաղէմի վրայ ու ասաց. «Վա՜շ-վա՜շ, քանի որ կոտրուեց, կորաւ Երուսաղէմը, դէպի ինձ են դառնալու ազգերը, որովհետեւ շէն քաղաքն աւերուեց», -
3. այդ պատճառով այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Ահա ես քո դէմ եմ, Տիւրո՛ս, քո դէմ եմ դուրս բերելու բազում ազգերի, ինչպէս որ ծովը դուրս է գալիս իր ալիքներով:
4. Նրանք կործանելու են Տիւրոսի պարիսպները, կործանելու են նրա աշտարակները: Հողն էլ հոսեցնելու եմ նրա վրայից ու այն դարձնելու եմ լերկ ապառաժ:
5. Ծովի մէջտեղում նա լինելու է ուռկաններ գցելու տեղ, որովհետեւ ե՛ս խօսեցի», - ասում է Տէր Աստուած: - «Ազգերին նա աւար է դառնալու. նրա արուարձանների բնակիչները ցամաքում սրով են սպանուելու:
6. Եւ նրանք պիտի իմանան, որ ես եմ Տէրը»»:
7. Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Ահա ես հիւսիսից քո դէմ եմ բերելու, Տիւրո՛ս, բաբելացիների թագաւոր Նաբուքոդոնոսորին, որ արքայից արքայ է՝ կառքերով ու երիվարներով, շատ ու շատ ազգերի գունդագունդ հեծեալներով:
8. Նա քո արուարձանների բնակիչներին դաշտում սրով է կոտորելու, շուրջդ պահակ է դնելու եւ փոս փորելու, պատնէշ ու ռազմական ամրոցներ է կանգնեցնելու,
9. իր գեղարդները քո դէմ է պահելու, պարիսպներդ ու աշտարակներդ սրով է կործանելու:
10. Նրա հեծեալների բազմութիւնից դրանց փոշին ծածկելու է քեզ. հեծեալների եւ նրանց անիւների ու կառքերի ձայնից դղրդալու են պարիսպներդ, երբ նա ներս մտնի քո դարպասներից, ինչպէս որ մէկը դաշտից քաղաք կը մտնի:
11. Իրենց երիվարների սմբակներով կոխոտելու են հրապարակներդ, սրով կոտորելու են ժողովրդիդ, գետին են տապալելու զօրաւոր ամրոցներդ:
12. Աւարելու են ամրոցներդ, կողոպտելու՝ ունեցուածքդ, ինչքդ, կործանելու են պարիսպներդ, տապալելու՝ ցանկալի ապարանքներդ, ծովն են թափելու քարերդ, փայտերդ ու հողդ:
13. Նա քայքայելու է քո բազմաթիւ երգիչների խմբերը, եւ երգի ձայներ չեն լսուելու այլեւս քո մէջ:
14. Քեզ լերկ ժայռաստանի եմ վերածելու, եւ լինելու ես ուռկաններ գցելու տեղ: Այլեւս չես վերաշինուելու, որովհետեւ ես խօսեցի», - ասում է Ամենակալ Տէրը: -
15. Այսպէս է ասում Տէր Աստուած Տիւրոսին. «Չէ՞ որ քո կործանման ձայնից, քո վիրաւորների հեծեծելուց, քո մէջ սրի մերկանալուց դղրդալու են քո կղզիները,
16. եւ այդ ծովագնաց ազգերի բոլոր իշխաններն իջնելու են իրենց գահաւորակներից, հանելու են գլուխներից իրենց խոյրերը, մերկանալու են իրենց գոյնզգոյն հագուստներից, տագնապելով տագնապելու են, գետին են տապալուելու, զարհուրելու են իրենց կործանման ժամանակ,
17. հոգոց են հանելու քեզ վրայ, ողբալու եւ ասելու են. «Ինչո՞ւ կորստեան մատնուեցիր, քանդուեցիր ծովի մէջ, ո՛վ հոյակապ քաղաք, որ զօրացել էիր ծովում, դու եւ քո բնակիչները, մինչ զարհուրեցնում էիր բոլոր բնակիչներիդ:
18. Կղզիներն իրենք են սարսափելու քո կործանման օրից. ծովիդ կղզիները խռովուելու են քո բնաջնջման համար»:
19. Այսպէս է ասում Տէր Աստուած. «Երբ քեզ՝ քաղաքդ աւերակ դարձնեմ, ինչպէս որ լինում են ամայաբնակ քաղաքները, երբ վիհերը բերեմ քեզ վրայ, ու քեզ առատ ջրեր ողողեն, -
20. քեզ էլ եմ իջեցնելու գերեզման իջածների մօտ, յաւիտենապէս ամբոխուածների մօտ: Քեզ բնակեցնելու եմ երկրի ընդերքներում, որպէս յաւիտենական աւերակ, յաւիտենապէս խորխորատ իջածների կողքին, որպէսզի այլեւս բնակելի չդառնաս, երկրի վրայ կենդանի չմնաս:
21. Կորստեան եմ մատնելու քեզ, եւ դու այլեւս գոյութիւն չես ունենալու: Փնտռուելու ես, բայց յաւիտեան չես գտնուելու»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: