ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԵՕԹԸ ՑԵՂԵՐԻ ԲԱԺԻՆՆԵՐԸ
1. «Սրանք են ցեղերի սահմանները. հիւսիսից սկսած, զառիթափի կողմով, որ բաժանում է Եմաթի ճանապարհը եւ Աւնանի հանգրուանը, Դամասկոսի հիւսիսային սահմանն է՝ Եմաթի կողմից: Դրանց արեւելեան կողմից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Դանի ցեղին:
2. Դանի սահմաններից դէպի արեւելք, մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Ասերի ցեղին:
3. Ասերի սահմաններից, արեւելեան կողմից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Նեփթաղիմի ցեղին:
4. Նեփթաղիմի սահմաններից, արեւելեան կողմից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Մանասէի ցեղին:
5. Մանասէի սահմաններից, արեւելեան կողմից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Եփրեմի ցեղին:
6. Եփրեմի սահմաններից, արեւելեան կողմից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Ռուբէնի ցեղին:
7. Ռուբէնի սահմաններից, արեւելեան կողմից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Յուդայի ցեղին:
8. Յուդայի սահմաններից, արեւելեան կողմից մինչեւ արեւմուտք՝ քսանհինգ ձողաչափ երկարութեամբ եւ տասը հազար ձողաչափ լայնութեամբ, թող լինի ձեր սրբավայրի հողամասը՝ իբրեւ բաժիններից մէկը, որտեղ կը լինի սրբարանը,
9. մի ընծայ՝ նուիրուած Տիրոջը, քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ ու տասը հազար ձողաչափ լայնութեամբ:
10. Քահանաների սրբատեղիներին նուիրուած հողամասը կը լինի հարաւային կողմում քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ, արեւմուտքում՝ տասը հազար ձողաչափ լայնութեամբ, արեւելքում՝ տասը հազար ձողաչափ լայնութեամբ, իսկ հիւսիսում՝ քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ մի բաժին: Դրանց մէջտեղում կը լինի սրբարանը:
11. Այս բաժինը Սադոկի որդիներից՝ սրբագործուած քահանաներինը կը լինի, որոնք Տիրոջ Տտան պահպանութիւնն են կատարում, որոնք չմոլորուեցին իսրայէլացիների մոլորութեամբ, ինչպէս մոլորուեցին ղեւտացիները:
12. Ղեւտացիների սահմաններից ընծայուած հողերի այս բաժինն ամենասուրբ մասը կը լինի:
13. Իսկ քահանաներին սահմանակից ղեւտացիների բաժինը, կը լինի քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ ու տասը հազար ձողաչափ լայնութեամբ:
14. Դա չի վաճառուի նրանց կողմից, ոչ էլ կը մասնատուի: Հողի առաջին բերքից չի վերցուի, որովհետեւ այն Տիրոջն է նուիրուած:
15. Բայց քսանհինգ հազարից մնացած հինգ հազար լայնութեամբ հողամասը քաղաքի դրսի պատուարը կը լինի, իբրեւ բնակավայր ու ազատ տարածութիւն: Քաղաքը դրա մէջտեղում կը լինի:
16. Սրանք են նրա չափերը. հիւսիսային կողմից՝ չորս հազար հինգ հարիւր ձողաչափ, հարաւային կողմից՝ չորս հազար հինգ հարիւր, արեւելեան կողմից՝ չորս հազար հինգ հարիւր եւ արեւմտեան կողմից՝ չորս հազար հինգ հարիւր:
17. Քաղաքի ազատ տարածքը կը լինի. հիւսիսի ուղղութեամբ՝ երկու հարիւր յիսուն ձողաչափ, հարաւի ուղղութեամբ՝ երկու հարիւր յիսուն, արեւելքի ուղղութեամբ՝ երկու հարիւր յիսուն եւ արեւմուտքի ուղղութեամբ՝ երկու հարիւր յիսուն:
18. Իսկ մնացած այն տարածութիւնը, որ մօտ է սրբատեղիներին նուիրուած հողամասին, կ՚ունենայ արեւելքի ուղղութեամբ՝ տասը հազար ձողաչափ երկարութիւն, արեւմուտքի ուղղութեամբ՝ տասը հազար: Դա ընծայ կը լինի սրբատեղիներին: Նրա բերքը քաղաքի գործաւորի համար հաց կը լինի.
19. Իսրայէլի բոլոր ցեղերից քաղաքի գործաւորներն էլ կը մշակեն այն:
20. Եւ քաղաքի բնակելի վայրերից դուք, որպէս սրբավայրի ընծայ, կ՚առանձնացնէք քառակուսի մի տարածութիւն՝ քսանհինգ հազար ձողաչափ քսանհինգ հազարի վրայ:
21. Դրանից աւելացածն էլ իշխանինը կը լինի: Նոյն տեղից, իբրեւ ընծայ սրբատեղիին, քաղաքավայրում, նրա դիմաց, քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ մի բաժին կը լինի մինչեւ արեւելեան կողմի սահմանները. իսկ դրա դիմաց, արեւմտեան կողմը, քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ մի բաժին էլ կը լինի իշխանի բաժնին մօտ: Եւ դա ընծայ կը լինի սրբատեղիներին. տաճարի սրբարանը կը լինի նրա մէջտեղում,
22. որպէս ղեւտացիների ժառանգութիւն: Քաղաքի բնակատեղիից մի տարածութիւն իշխաններինը կը լինի. Յուդայի երկրի սահմանների ու Բենիամինի երկրի սահմանների միջեւ բաժին կը յատկացուի իշխանին»:
ՀԱՐԱՒԱՅԻՆ ՀԻՆԳ ՑԵՂԵՐԻ ԲԱԺԻՆՆԵՐԸ
23. «Ինչ վերաբերում է մնացած ցեղերին, ապա արեւելեան կողմերից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Բենիամինի ցեղին:
24. Բենիամինի սահմաններից, արեւելեան կողմերից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Շմաւոնի ցեղին:
25. Շմաւոնի սահմաններից, արեւելեան կողմերից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Իսաքարի ցեղին:
26. Իսաքարի սահմաններից, արեւելեան կողմերից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Զաբուղոնի ցեղին:
27. Զաբուղոնի սահմաններից, արեւելեան կողմերից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Գադի ցեղին:
28. Գադի սահմաններից մինչեւ հարաւ, Թեմանից ու Ռաբոթ Կադէսի ջրերից մինչեւ Մեծ ծովը կը լինի մէկ ժառանգութեան սահման:
29. Ահա սա է այն երկիրը, որ վիճակով բաժանելու էք Իսրայէլի ցեղերին, եւ սրանք են նրանց բաժինները», - ասում է Տէր Աստուած:
ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԴՌՆԵՐԸ
30. «Այժմ քաղաքի ելքի ու մուտքի դռների մասին. դրանցից հիւսիսային կողմի դռները չորս հազար հինգ հարիւր ձողաչափ են:
31. Քաղաքի դռները կը լինեն Իսրայէլի ցեղերի անուններով: Երեք դուռ հիւսիսային կողմում. մի դուռը՝ Ռուբէնի անունով, մի դուռը՝ Յուդայի եւ մի դուռը՝ Ղեւիի:
32. Արեւելքի ուղղութեամբ էլ դռները չորս հազար հինգ հարիւր ձողաչափ են: Երեք դուռ. մի դուռը՝ Յովսէփի անունով, մի դուռը՝ Բենիամինի եւ մի դուռը՝ Դանի:
33. Հարաւի ուղղութեամբ էլ դռները չորս հազար հինգ հարիւր ձողաչափ են: Երեք դուռ. մի դուռը՝ Շմաւոնի անունով, մի դուռը՝ Իսաքարի եւ մի դուռը՝ Զաբուղոնի:
34. Արեւմուտքի ուղղութեամբ էլ դռները չորս հազար հինգ հարիւր ձողաչափ են: Երեք դուռ. մի դուռը՝ Գադի անունով, մի դուռը՝ Ասերի եւ մի դուռը՝ Նեփթաղիմի:
35. Ընդհանուր շրջագիծը՝ տասնութ հազար ձողաչափ: Եւ այդ օրից քաղաքի անունը կը լինի «Տէրն այնտեղ է»»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: