ԺՈՂՈՎՐԴԻ ԿԵՂԾ ԶՂՋՈՒՄԸ
1. «Իրենց նեղութիւնների մէջ կը շտապեն ինձ մօտ եւ կ՚ասեն. «Գնանք եւ վերադառնանք մեր Տէր Աստծուն.
2. որովհետեւ նա հարուածեց մեզ եւ ինքն էլ կը բժշկի, վիրաւորեց եւ կը կապի մեր վէրքերը:
3. Երկու օր յետոյ նա կը կենդանացնի մեզ, եւ երրորդ օրը կ՚ելնենք կը կանգնենք նրա առաջ, կը ճանաչենք Տիրոջը եւ հետամուտ կը լինենք ճանաչելու նրան: Մենք նրան պատրաստ կը գտնենք ինչպէս առաւօտը, եւ նա կը գայ դէպի մեզ՝ ինչպէս վաղ եւ ուշացած անձրեւը՝ դէպի հողը»:
4. Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ, կամ ի՞նչ պատճառեմ քեզ, Յուդա՛, որովհետեւ ձեր ողորմութիւնը վաղորդեան ամպի պէս է եւ առաւօտեան ցօղի պէս, որ անհետանում է:
5. Դրա համար հնձեցի ձեր մարգարէներին եւ կոտորեցի նրանց իմ բերանի խօսքով. իմ արդարադատութիւնը իբրեւ լոյս կը ծագի:
6. Քանզի ողորմութիւն եմ ցանկանում եւ ոչ թէ զոհաբերում, Աստծու ճանաչումն աւելի եմ ցանկանում, քան ողջակէզները.
7. բայց նրանք եղան ինչպէս մի մարդ, որ դրժում է ուխտը:
8. Գաղաադն այնտեղ արհամարհեց ինձ, քաղաք, որ սնոտի բաներ է անում եւ խառնում ջրերը:
9. Քո զօրութիւնը աւազակ մարդու զօրութեան պէս է: Քահանաները թաքցրին ճանապարհը, սպանեցին Սիկիմը, որովհետեւ անօրէնութիւն գործեցին:
10. Իսրայէլի տան մէջ տեսայ արհաւիրքներ. այնտեղ պոռնկացաւ Եփրեմը, եւ պղծուեց Իսրայէլը:
11. Յուդան սկսեց այգեկութը, երբ ես գերութիւնից վերադարձրի իմ ժողովրդին»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: