Գիրք` 32. Օսէէ

Գլուխ 8

ՏԷՐԸ ՅԱՆԴԻՄԱՆՈՒՄ Է ԻՍՐԱՅԷԼԻՆ ԿՌԱՊԱՇՏՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
   
1․ «Կ՚իջնի նա նրանց կենտրոնում ինչպէս հողը եւ ինչպէս արծիւ՝ Տիրոջ տան վրայ, որովհետեւ անտեսեցին իմ ուխտը եւ իմ օրէնքի դէմ ամբարշտացան:
2․ Կ՚աղաղակեն դէպի ինձ. «Աստուա՛ծ, ճանաչեցինք քեզ.
3․ քանի որ Իսրայէլը հեռացաւ բարիքներից նրանք հալածեցին թշնամուն:
4․ Անձամբ թագաւորներ կարգեցին, բայց ոչ իմ միջոցով. տիրեցին, բայց ցոյց չտուեցին ինձ, իրենց արծաթից ու ոսկուց կուռքեր շինեցին իրենց, որպէսզի կործանուեն:
5․ Խորտակի՛ր քո հորթը, Սամարիա՛. իմ բարկութիւնը բորբոքուեց նրանց դէմ. մինչեւ ե՞րբ պիտի չկարողանան մաքրուել Իսրայէլում:
6․ Արհեստաւորը պատրաստեց այն, եւ նա Աստուած չէ, քանի որ քո հորթը մոլորեցուցիչ է, Սամարիա՛,
7․ որովհետեւ խորշակահար սերմ սերմանեցին, եւ նա էլ կը կործանուի նրանց նման. նրանց ցորենի խուրձը ուժ չի ունենայ խիւս դառնալու. եթէ նոյնիսկ դառնայ, օտարները կ՚ուտեն այն:
8․ Իսրայէլն ընկղմուեց. այժմ նա ազգերի մէջ դարձաւ ինչպէս անպիտան անօթ:
9․ Քանի որ գնացին դէպի ասորեստանցիները, ուրախացաւ Եփրեմն առանձին, սիրեց կաշառքը.
10․ դրա համար էլ կը մատնուի ազգերին: Բայց այժմ կ՚ընդունեմ նրանց,եւ մի փոքր կը դադարեն թագաւորներ եւ իշխաններ օծելուց:
11․ Եփրեմն առատացրեց զոհասեղանները, եւ նրա սիրելի զոհասեղանները մեղք դարձան նրան:
12․ Բազմաթիւ պատգամներ կը գրեմ նրանց, բայց նրա կուռքերը օտարոտի կը համարուեն, նաեւ նրա սիրելի զոհասեղանները:
13․ Թէպէտ եւ զոհեր կը մատուցեն եւ դրանց միսը կ՚ուտեն, Տէրը չի ընդունի այն: Այժմ կը յիշի նրանց անիրաւութիւնները եւ վրէժ կը լուծի նրանց անօրէնութիւնների համար, քանի որ նրանք վերադարձան Եգիպտոս եւ պիղծ բաներ պիտի ուտեն ասորեստանցիների մէջ:
14․ Իսրայէլը մոռացաւ իր Արարչին, եւ մեհեաններ շինեցին. Յուդան շատացրեց պարսպապատ քաղաքները, բայց ես կրակ կ՚ուղարկեմ նրա քաղաքների վրայ, եւ այն կ՚ուտի դրանց հիմքերը»: