ՉԴԱՏԵԼ ԵՂԲՕՐԸ
1. Հաւատի մէջ տկարացածին ընդունեցէ՛ք՝ ո՛չ երկմիտ տարակուսանքով:
2. Մէկը հաւատում է, թէ կարելի է ուտել ամէն բան. իսկ ով տկար է հաւատի մէջ, բանջարեղէն է ուտում.
3. ով ուտում է, թող չարհամարհի նրան, որ չի ուտում. իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է, քանզի Աստուած նրան ընդունեց:
4. Դու ո՞վ ես, որ դատում ես ուրիշի ծառային. կանգնած լինի, թէ ընկած՝ իր տիրոջ համար է. բայց նա կը կանգնի, որովհետեւ կարո՛ղ է Տէրը նրան կանգուն պահել:
5. Մէկը բարձր է դասում օրը՝ օրից, իսկ միւսը՝ բոլոր օրերը՝ հաւասար. իւրաքանչիւր ոք թող շարժուի, ինչպէս ինքն է դատում:
6. Ով օրուայ վրայ է ուշ դնում, Տիրոջ համար է այդ անում. եւ ով օրուայ վրայ ուշ չի դնում, Տիրոջ համար է, որ ուշ չի դնում. եւ ով ուտում է, Տիրոջ համար է ուտում եւ գոհութիւն է յայտնում Աստծուն. եւ ով չի ուտում, Տիրոջ համար չի ուտում եւ գոհութիւն է յայտնում Աստծուն:
7. Արդարեւ, մեզնից ոչ ոք իր համար չի ապրում եւ իր համար չի մեռնում.
8. եթէ ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում. եւ եթէ մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում: Եւ արդ, ապրենք թէ մեռնենք, Տիրոջն ենք.
9. քանզի այս բանի համար իսկ Քրիստոս մեռաւ ու կենդանացաւ, որպէսզի մեռելներին եւ կենդանիներին հաւասարապէս տիրի:
10. Դու ինչո՞ւ ես դատում քո եղբօրը, կամ ինչպէ՞ս ես արհամարհում քո եղբօրը, քանի որ բոլորս էլ կանգնելու ենք Քրիստոսի ատեանի առաջ,
11. որովհետեւ գրուած է.
- «Կենդանի եմ ես, - ասում է Տէրը, -
որպէսզի ամէն ծունկ ինձ ծնրադրի
եւ ամէն լեզու Աստծուն դաւանի» 1085:
12. Ապա ուրեմն՝ մեզնից իւրաքանչիւր ոք Աստծուն հաշիւ է տալու իր համար:
ՄԻ՛ ԳԱՅԹԱԿՂԵՑՐՈՒ ԵՂԲՕՐԴ
13. Ուստի, միմեանց չդատենք. աւելի շատ այս բանը դրէք ձեր մտքում՝ եղբօր առաջ գայթակղութեան քար չդնել:
14. Այս գիտեմ եւ վստահ եմ Քրիստոս Յիսուսով, որ ինքն իրենից չկայ պիղծ բան, այլ, ով կարծում է, թէ մի բան պիղծ է, այդ իր համար է պիղծ.
15. որովհետեւ, եթէ ուտելիքի համար քո եղբայրը տրտմում է, այլեւս սիրով չես վարւում: Քո ուտելիքով կորստեան մի՛ մատնիր նրան, որի համար մեռաւ Քրիստոս:
16. Ձեր բարին թող առիթ չծառայի չարախօսութեան,
17. որովհետեւ Աստծու արքայութիւնը ուտելիք եւ ըմպելիք չէ, այլ՝ արդարութիւն եւ խաղաղութիւն եւ խնդութիւն Սուրբ Հոգով.
18. որովհետեւ, ով այս ձեւով ծառայում է Քրիստոսին, հաճելի է Աստծուն եւ գովելի՝ մարդկանց առաջ:
19. Ապա ուրեմն՝ հետամուտ լինենք խաղաղութեան եւ շինութեան՝ միմեանց հանդէպ:
20. Ուտելիքի համար Աստծու գործը մի՛ քանդիր. ամենայն ինչ մաքուր է, բայց վատ է այն մարդու համար, որ ուտում է կասկածամտութեամբ:
21. Լաւ է չուտել միս եւ չխմել գինի, ոչ էլ անել մի բան, որով քո եղբայրը գայթակղւում է կամ սայթաքում
կամ տկարանում 1086:
22. Դու, արդարեւ, հաւատ ունես. պահի՛ր այն քեզ համար Աստծու առաջ: Երանի՜ նրան, ով չի դատապարտում իր անձը նրանով, որ փորձում է ընկերոջը.
23. բայց ով կասկածում է, թէպէտ եւ ուտում է, դատապարտուած է, քանի որ այդ ըստ հաւատի չէ, որովհետեւ ամենայն ինչ, որ հաւատից չէ, մեղք է:
24. 1087 Այլ նրան, որ կարո՛ղ է ձեզ հաստատուն պահել ըստ իմ այս աւետարանի եւ ըստ քարոզութեան Յիսուս Քրիստոսի, ըստ այն յայտնութեան խորհրդի, որ յաւիտենից ծածկուած էր,
25. իսկ այժմ յայտնուած է մարգարէական գրուածքների միջոցով մշտնջենաւոր Աստծու հրամանի համաձայն եւ ծանուցուած է բոլոր հեթանոսներին, հաւատի հնազանդութեան համար,
26. միակ իմաստուն Աստծուն, Յիսուս Քրիստոսի միջոցով, նրան փառք յաւիտեանս: Ամէն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: