Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Բայց Հիսուս պատասխանեց ու ասաց նրան. «Հիմա թո՛ւյլ տուր, որովհետև մեզ հարկ է այսպես կատարել ամբողջ արդարությունը»։ Այդ ժամանակ Հովհաննեսը թույլ է տալիս Նրան»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 3:14
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Թո՛յլ տուր հիմա, որովհետեւ այսպէս վայել է, որ մենք կատարենք Աստծու ամէն արդարութիւն»: Եւ ապա նրան թոյլ տուեց:
Հիսուսը պատասխանեց նրան. «Թո՛ւյլ տուր այժմ. որովհետև այդպես է վայել, որ կատարենք ամբողջ արդարությունը»:
[Երկրի վրա] Տիրոջ մարդեղության շրջանում Սիմեոնն 139 ու Հովհաննես [Մկրտիչն] էին, որ [Սուրբ] Հոգով իմացան, որ Նա Աստված է, ինչը երևում է նրանից, որ թեև Նրան մարդու կերպարանքով տեսան, սակայն [Նրա հետ] խոսում էին իբրև Աստծո հետ: Նաև [երևում է նրանից], որ չկարողացան երկար ժամանակ անցկացնել Նրա հետ, ինչպես ուրիշները, այլ [տվյալ տնօրինական] խորհրդի իրականացումից հետո իսկույն հրաժեշտ տվեցին [Նրան], ինչը պարզ է դառնում նաև Հովհաննեսի խոսքերից և Տիրոջ այս պատասխանից: Որովհետև ոչ թե որպես իրենց համապատիվ մարդու հետ էին խոսում, այլ որպես Աստծո: Նմանապես էլ Տերը պատասխանեց [Հովհաննեսին] ոչ թե իբրև Իրեն չճանաչողի, այլ ճանաչողի: Չասաց, ինչպես Պետրոսին, երբ [վերջինս] թույլ չէր [տալիս Տիրոջն] իր ոտքերը լվանալ. «Ինչ որ անում եմ Ես՝ դու այժմ չգիտես» (Հովհ. 13։7), այլ ի՞նչ: «Թո՛ւյլ տուր այժմ, որովհետև այսպես է պետք կատարել ամբողջ արդարությունը»: Ասես ասում է. «Սա խոնարհության և ցածրանալու ժամանակ է, Իմ բնությունը պատվելով՝ թո՛ւյլ տուր և մի՛ արգելիր, որ այս տնօրինական խորհուրդը կատարեմ, որի համար եմ ուղարկվել»: Իսկ «այժմ» ասելն այն խորհուրդն ունի թե՝ «Միշտ չէ, որ խոնարհություն եմ ցուցաբերելու, այլ այժմ միայն: Բայց հետո կտեսնես Իմ անզուգական փառքը»:
«Որովհետև այսպես է պետք կատարել ամբողջ արդարությունը»: Ասում է. «Ինչպես այժմ հանձն եմ առնում մկրտվել ծառայից, այդպես էլ Իմ տնօրենության ամբողջ գործը խոնարհությամբ եմ գլուխ բերելու, որպեսզի Իմ անձով ցույց տամ ամբողջ արդարությունը 140, որը նախահայրը կորցրեց հպարտությամբ»: Ո՛չ լոկ Օրենքի [արդարությունը], որը թերի էր, ինչպես և [Ինքը Տերն] ասաց. «Չեկա [Օրենքը] խափանելու, այլ լրացնելու» (Մատթ. 5։17), այլ կատարյալ [արդարությունը], որը նմանվել է տալիս երկնավոր Հորը: Այն նախ [Հոր]՝ բնությամբ Որդին կատարեց մարմնով և ապա սովորեցրեց մեզ՝ շնորհով որդիներիս, ովքեր կամենում են նմանվել [Աստծուն]. ինչպես գրված է. «Հիսուսը սկսեց կատարել և սովորեցնել» (Գործք 1։1): «Օրենքի արդարությունը, – ասում է, – ոչ միայն կատարեցի, այլև թերին լրացրի: Միայն մնացել է, որ մկրտվեմ քեզնից, և Իմ այս մկրտությամբ է վայել, որ լրացնեմ անկատարությունը՝ տալով [Սուրբ] Հոգին»:
Նաև՝ «Քանի որ Օրենքն անեծքի տակ դրեց [Օրենքի պատվերները] չկատարողներին և քանի որ չգտնվեց ոչ մի մարդ, որ բոլոր [օրենքները] կատարեր, ապա ամենքն ընկան անեծքի տակ: Ես եկա, որ նախ կատարեմ այդ բոլորը և ապա խափանեմ ձեր դեմ գրված անեծքը»:
Երբ Մկրտիչը [Տիրոջ] այս կարճ խոսքով հասկացավ այդ մեծագույն խորհուրդը, թույլ տվեց Նրան [մկրտվել]:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Թո՛յլ տուր հիմա, որովհետեւ այսպէս վայել է, որ մենք կատարենք Աստծու ամէն արդարութիւն»: Եւ ապա նրան թոյլ տուեց:
«Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Թո՛ւյլ տուր հիմա, որովհետև այսպես վայել է մեզ կատարել Աստծու բովանդակ արդարությունը»:
Քանի որ ոչ թե կարիք ունեմ [այն] արդարության, որը ապաշխարությունից է, և դրա համար եմ մկրտվում, որպեսզի մեղքերի թողություն լինի, այլ այսպես հարկ է Ինձ ու քեզ կատարել ամբողջ արդարությունը: Քանի որ Ես, որ անմեղ եմ, կարծում եմ, [որ] կարիք ունեմ մկրտության, [ապա] որքան ևս առավել՝ մեղավորները, ովքեր մկրտության ժամանակ խոստովանելով [իրենց] մեղքերը՝ թողություն պիտի գտնեն:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Թո'յլ տուր հիմա, որովհետեւ այսպես վայեյ է, որ մենք կատարենք Աստծու ամեն արդարութիւն»: Եւ ապա նրան թոյլ տուեց:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 3:13

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: