Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 9:17

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Ոչ էլ նոր գինին են հին տիկերի մեջ լցնում, այլապես տիկերը կպատռվեն, և գինին կթափվի, ու տիկերն էլ կփչանան։ Այլ նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում, և երկուսն էլ պահպանվում են»։
   
    Տե՞սնում ես, թե ինչպես են հագուստի և տիկերի այս օրինակները նմանվում Հին Կտակարանում օգտագործված օրինակներին: Այդպես նաև Երեմիան ժողովրդին անվանում է «գոտի» և հիշատակում է գինու և տիկերի մասին (տե՛ս Երեմ. 13:11–12): Փրկիչն այդ պատկերներից է օրինակներ վերցնում, քանի որ Իր խոսքը վերաբերում էր ագահությանը և ճաշկերույթին: Ղուկաս Ավետարանիչն ավելացնում է, որ նորն էլ է պատռվում, եթե այն կցեն հնին: Տե՞սնում ես, որ դա անելը ոչ միայն օգուտ չի բերում, այլև ավելի մեծ վնաս է առաջացնում:

    Խոսելով ներկայի մասին՝ Քրիստոս միաժամանակ կանխագուշակում է նաև ապագան, մասնավորապես ա՛յն, որ Իր աշակերտները հետագայում նորոգվելու են հոգով։ Սակայն քանի դեռ դա տեղի չի ունեցել, նրանց վրա չպետք է դնել խիստ և ծանր պատվիրանների բեռը: «Ով որ մարդկանց ժամանակից շուտ վսեմագույն ուսմունք է առաջարկում, - ասում է Քրիստոս, - նա արդեն պատեհ (հասունացած) ժամանակին էլ նրանց ընդունակ չի գտնի՝ այդ ուսմունքին հետևելու համար՝ ընդմիշտ առանց որևէ օգուտի թողնելով նրանց: Սա կախում չունի գինուց կամ տիկերից, որոնց մեջ գինին լցվում է, այլ լցնողների՝ ժամանակից շուտ դրսևորած շտապողականությունից: Այս համեմատություններն օգտագործելով՝ Փրկիչը մեզ բացահայտում է նաև այն պատճառը, թե ինչու Ինքը, Իր աշակերտների հետ խոսելով, հաճախ Ինքն Իր վերաբերությամբ խոնարհագույն արտահայտություններ է կիրառում:

    Հարմարվելով Իր ունկնդիրների տկարությանը՝ Քրիստոս ասում էր բազմաթիվ խոսքեր, որոնք Իր արժանիքներից շատ ավելի ցածր էին: Դրա մասին վկայում է նաև Հովհաննես ավետարանիչը՝ Քրիստոսի խոսքերը մեջբերելով. «Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չէք կարող տանել» (Հովհ. 16:12): Որպեսզի ունկնդիրները չկարծեին, թե Հիսուս կարող էր միայն այն ասել, ինչ ասում էր, այլ վստահ լինեին, որ Նա կարող է ասել շատ ավելին և շատ ավելի կարևոր խոսքեր, այդ նպատակով էլ Քրիստոս մատնանշում է նրանց տկարությունը՝ խոստանալով ասել նաև մնացյալ՝ առավել կարևոր խոսքերն ա՛յն ժամանակ, երբ նրանք ավելի ամուր լինեն: Այս միտքն էր արտահայտում Փրկիչը նաև ա՛յն ժամանակ, երբ ասում էր. «Կգան օրեր, երբ փեսան նրանց միջից կվերցվի, ու այն ժամանակ նրանք ևս ծոմ կպահեն» (Մատթ. 9:15):
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Ոչ էլ նոր գինին հին տիկերի մէջ են դնում. ապա թէ ոչ տիկերը կը պատռուեն. ե՛ւ գինին դուրս կը թափուի, ե՛ւ տիկերը կը փչանան. այլ նոր գինին նոր տիկերի մէջ են լցնում, եւ երկուսն էլ պահւում են»:
   
    «Եվ նոր գինին հին տիկերի մեջ չեն լցնում, այլապես տիկերը կպատռվեն, և գինին կթափվի, այլ նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում, և երկուսն էլ պահպանվում են»:

    Դարձյալ սովորական բաներից է օրինակ բերում և ո՛չ աննպատակ, այլ կամ որպես նախորդ խոսքի հաստատում, կամ էլ նախորդով խորհրդանշեց Իր վարդապետությունը, իսկ գինիով ցույց է տալիս Հոգու շնորհը՝ Նրա գիտությամբ նորոգված: Որովհետև նոր ճզմված գինին, իր մեջ խոնավություն պարունակելով, լի է օդի եռքով, որով ցեխանման կեղտը փրփրացնելով դուրս է հանում, իսկ հին ու պատառոտուն տիկերը չեն կարող քաղցուի 1 ուժին դիմանալ, այլ պատռվելով թափում են գինին: Այդպես էլ Հոգու շնորհը, խաչի հնձանում [Քրիստոսի] մարմնի ողկույզներից ճզմված լինելով, իբրև նոր գինի առաջ եկավ կողից թափված արյան եռքով և Հոգու քուրայի քամիով՝ ըստ առաքյալի թե՝ «Հոգո՛վ եռացեք» (Հռոմ. 12։11), Ով այժմ մեղքերն ու ապականությունն է մաքրում. քանի չեն նորոգվել [Նրանով], մեծ վտանգի են ենթակա: Սրանով [Տերը] ցույց է տալիս հետո լինելիքը՝ այն, որ նորանալու էին Հոգու նորոգությամբ՝ սուրբ վերնատանը կրակով մկրտվելու միջոցով: Այդ ժամանակ ընդունվելու էին և երկուսն էլ պահպանվելու՝ ի շահ թե՛ [առաքյալների] և թե՛ շատերի, կամ էլ իրենց անվնասության համար և շնորհի պահպանության: Որովհետև ինչպես որ կավը, բրուտի ձեռքով կարասի վերածվելիս, առանց կրակով [թրծման] չի ընդունում ջուր կամ գինի, այդպես էլ նրանք, հողածին Ադամի մարմնավոր ծնունդները լինելով, առանց կրակով վերստին մաքրման չէին կարողանա տանել այս նոր ուսմունքի շնորհը:

    [Տերը] հին տիկեր է կոչում նաև [հրեա] օրենսգետներին ու փարիսեցիներին և համանման հերձվածողներին, ովքեր իրենց մեծապես աճած ավանդության պատճառով չկարողանալով աստվածաշունչ Գրքի ուսմունքը հավատքով տանել՝ իրենք պատառոտվում են և Հոգու շնորհն էլ ի դերև հանում, այսինքն՝ սուտ համարում, որովհետև գրված է. «Չարարվեստ հոգու մեջ իմաստություն չի մտնում» (Իմաստ. 1։4): Այս պատճառով էլ [Տերը] զգուշացրեց. «Սրբությունը շներին մի՛ տվեք» (Մատթ. 7։6): Իսկ երբ հավատքով մաքրվեն և [մկրտության] Ավազանի մաքրությամբ նորանան, այդ ժամանակ Նրա գիտությունն ընդունելով՝ կշահեն աճելով և իրենց մեջ եղած ավելորդ մարմնավոր ցանկությունը դուրս կժայթքեն՝ ըստ այսմ. «Ով ունի, նրան կտրվի և կավելացվի» (Մատթ. 25։29): Այսպես Հոգով իմաստնանալով՝ հստակ գիտությամբ կդառնան ըմպելի գինի՝ կատարյալներին բավականություն և երկնավորներին ու երկրավորներին ուրախություն պատճառող:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Ոչ էլ նոր գինին հին տիկերի մէջ են դնում. ապա թէ ոչ տիկերը կը պատռուեն. ե՛ւ գինին դուրս կը թափուի, ե՛ւ տիկերը կը փչանան. այլ նոր գինին նոր տիկերի մէջ են լցնում, եւ երկուսն էլ պահւում են»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:9