Ծննդոց գրքի մեկնություն 10:9

Սրբ. Եփրեմ Ասորի

9-12.  Նա քաջ որսորդ էր Աստծու առաջ: Դրա համար էլ ասոյթ դարձաւ. «Նեբրոթի պէս քաջ է Տէր Աստծու առաջ»:  Նրա թագաւորութիւնն սկիզբ առաւ Բաբելոնում եւ ընդգրկում էր Որէքը, Աքադն ու Քաղանէն, որոնք գտնւում էին Սենաար երկրում: Նեբրոթն ելաւ այդ երկրից ու գնաց Ասուր, կառուցեց Նինուէն, Ռոբոթ քաղաքը, Քաղանը, ինչպէս նաեւ Նինուէի ու Քաղանի միջեւ գտնուող Դասեմանը: Սա մեծ քաղաք էր:

 

Եվ Նեմրոթն իր որսած որսամսից գլխավորն Աստծուն էր մատուցում, և նրանով մարդիկ միմյանց օրհնում էին: Սրա համար էին այս կարգի խոսք ասում. «Նեմրոթի նման հսկա որսորդ Աստծո առաջ» (Ծննդ. 10:9): Այն բանի համար, որ ասում է. «Այդ երկրից դուրս եկավ ասորեստանցին»: «Դուրս եկավ, - ասում է, - այդ երկրից, գնաց Ասուրը և կառուցեց Նինվեն» (Ծննդ. 10:11)՝ համաձայն եբրայեցիների գրքերի: Որեքն, ասվում է, Ուռհա, Արափաթը՝ Նծբին և Քաղանէն՝ Տիզբոն. և այն երկրից դուրս եկավ և կառուցեց Ռոբոթը, Խադաքը, Քաղախը, Քարկը և Դասեմանը. «Այն, - ասում է, - մեծ քաղաք է» (Ծննդ. 10:12):
   

Ա. Լոպուխին

    Նա քաջ որսորդ էր Աստծո առաջ, դրա համար էլ ասույթ դարձավ. «Նեբրոթի պես քաջ է Տեր Աստծո առաջ»: (Սինոդական թարգ․) [9]

   

   Նա քաջ որսորդ էր Աստծո առաջ… Ամբողջ այս համարը ծառայում է նախորդի պարզաբանմանը. նախապես ընդգծելով Նեբրոթի ուժն ու հռչակը, այժմ աստվածաշնչյան հեղինակը առավել պարզությամբ ներկայացնում է նրա համբավի գլխավոր միջոցն ու այն բարձր աստիճանը, որին հասել է նրա հռչակը: Նեբրոթի նման հանրաճանաչության պատճառը նրա հաջող և համարձակ որսն էր, իսկ այդ հանրաճանաչության սանդղաքի բարձր լինելը երևում է «Տեր Աստծո առաջ» բառակապակցությունից: Այդ ձևակերպումը ցույց է տալիս այս կամ մեկ այլ ունակության գերագույն աստիճանը, ինչի արժևորումը վեր է մարդու կարողություններից և հասու է միմիայն հենց իր` Աստծո գնահատականին: Իսկ այն, որ, իրոք որսորդության ժամանակ հաջող և համարձակ սխրանք գործելը, վայրի գազանների ու հրեշների դեմ գոտեմարտում, հատկապես բարձր էին գնահատվում նախնադարյան այն բիրտ ժամանակներում և այդօրինակ հերոսներին հասցնում էին փառքի ծայրագույն գագաթնակետին, վկայում են նախապատմական հուշարձանները` սկսած խալդական էպոսի հերոս Իզդուբարից, վերջացրած Հերակլեսի առասպելական սխրագործություններով: Ի ապացույց Նեբրոթի մեծ հռչակի` հիմնված նրա արտասովոր ուժի և հաջողակ որսի իրողությունների վրա, Աստվածաշնչյան տարեգիրը նույնիսկ մեջբերում է իր իսկ ժամանակ գոյություն ունեցող և նշվածը հաստատող հատուկ ասացվածք: Տվյալ ասացվածքի իմաստը կայանում էր նրանում , որ երբ ցանկանում էին առանձնակի գովաբանել և փառավորել մեկին, նրա ուժն ու արիությունը Նեբրոթի հետ էին համեմատում:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Նա քաջ որսորդ էր Աստծու առաջ: Դրա համար էլ ասոյթ դարձաւ. «Նեբրոթի պէս քաջ է Տէր Աստծու առաջ»:
(Արարատ թարգ․) Նա Տիրոջ առջև մի զորավոր որսորդ եղավ, և այդ պատճառով նրա համար ասվում է՝ «Նեբրոթի պես զորավոր որսորդ Տիրոջ առջև»:
(Գրաբար) Եւ նա էր սկայ որսո՛րդ առաջի Տեառն Աստուծոյ. վասն այնորիկ ասեն, իբրև զՆեբրովթ սկայ առաջի Տեառն Աստուծոյ։