Ամբակումի մարգարեության մեկնություն 2։4

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

4-5․ Ահավասիկ, ամբարտավան հոգին չի հանգստանա, բայց արդարը պիտի ապրի իր հավատով։ [4]Ամբարտավան մարդը, ինչպես խմորվող գինին, չի հանդարտվում. նա իր հոգին ընդարձակում է դժոխքի պես, և անհագ է ինչպես մահը, ու իր մոտ է հավաքում բոլոր ազգերին և նվաճում բոլոր ցեղերին։ (Սինոդական թարգ․)
   
   Աստվածային պատասխանի 4−րդ համարում երկու հակադիր, բայց փոխադարձաբար պարզաբանող թեզերով պատկերվում է Աստծու դատաստանը թե՛ Աստծու ժողովրդին կեղեքող ազգի և թե՛ հենց այդ ժողովրդի հանդեպ․ առաջինի համար կանխագուշակվում է դատապարտություն, իսկ երկրորդի համար՝ արդարացում, կյանք ու փրկություն: Բռնակալ ազգի մեղքն արտահայտվում է «ուպլելա» և «լո-յաշարա» բայերով: Առաջին բայը (որին համապատասխանում է «օֆել»՝ ուռուցք, պալար գոյականը) նշանակում է ուռչել, փքվել և բնորոշում է քաղդեացիների՝ նվաճող ազգի բնավորության հիմնական հատկանիշները՝ ամբարտավանությունը, ինքնաաստվածացումը և Աստծու հանդեպ հանդուգն մոռացությունը (հմմտ. Թվ. 14:43, Բ Օր. 1:43 համարները, որտեղ նույն «աֆալ» բայը գործածվում է՝ նկարագրելու հրեաների այն հանդուգն փորձը, երբ նրանք քառասուն տարի դեգերումների դատապարտվելուց հետո, փորձեցին գրավել Քանանը՝ հակառակ Աստծու կամքի):

   Երկրորդ բայը նույնպես ցույց է տալիս այս ժողովրդի բնավորության մեջ բարոյական անկեղծության, ուղղամտության և հեզության բացակայությունը: Այստեղ «յաշար» բայը առարկայական իմաստով նշանակում է ճանապարհների հարթեցում, լեռների, ժայռերի և բլուրների ցածրացում (հմմտ. Ես. 40:3-4), իսկ բարոյական իմաստով՝ կյանքի ճշմարիտ ուղիներ, խոնարհություն և սրտով արդարություն (հմմտ. Սաղմ․ 31:11, 36:37, 38:2): Ասպիսով, երկու բայերով էլ տրվում է մարգարեի՝ զավթիչ ժողովրդի բնավորության մասին բողոքի ճշմարիտ լինելու աստվածային հաստատումը (Ամբ․ 1:15-16):  Սրանով Աստված համաձայնություն է հայտնում բռնակալի վերաբերյալ մարգարեի արտահայտած մտքերին և շեշտում Աստծո ժողովրդի բարոյական գերազանցությունը նրա հանդեպ (Ամբ․ 1:13):

   Արդեն 4−րդ համարի առաջին մասից կարելի է եզրակացնել ամբարիշտ քաղդեացիներին սպասվող աստվածային պատժի մասին: Սակայն այս միտքն առավել հստակ երևում է 4−րդ համարի երկրորդ մասում՝ «Բայց արդարը պիտի ապրի իր հավատով» (եբր.՝ «վեցադդիկ բեեմունաթավ հիխյէ»): Այստեղ աստվածային պատասխանն Աստծու ընտրալ ժողովրդին կոչում է «արդար» անունով, ինչպես ավելի վաղ նրան անվանել էր մարգարեն (Ամբ․ 1:13): Նույն կերպով նրան սպասվող երջանիկ, երանելի ապագան համառոտ, բայց ամբողջական կերպով բնորոշվում է «կյանք» անունով, որը համապատասխանում, բայց միևնույն ժամանակ հակադրվում է ժողովրդին սպառնացող մահվան վտանգի վերաբերյալ մարգարեի խոսքին (Ամբ․ 1:12): «Կյանք» բառի ներքո, անշուշտ, նկատի է առնվում այն բարձրագույն ընկալումը և իմաստը, որն ընդհանուր առմամբ բնորոշ է Մովսեսի օրենքին (Բ Օր. 30:15–19) և մարգարեներին (Եզեկ. 18:22, Ամոս 5:4): Նման կյանքը պիտի շնորհվի արդարի հավատի միջոցով («բեեմունաթո»): Տվյալ դեպքում վերջին՝ «էմունա» բառը նշանակում է հենց հավատ և հույս Աստծու և Նրա փրկության վրա (այլ ոչ թե մարդկային ազնվություն և արդարություն, ինչպես ասում են ռացիոնալիստական ​​ուղղության որոշ մեկնիչներ): Եվ սա ակնհայտ է ինչպես այս՝ 3-4-րդ համարների համատեքստից, որտեղ խոսվում է միայն մարդու և Աստծու փոխհարաբերությունների մասին, այնպես էլ Հին Կտակարանի այլ հատվածներից, որտեղ այս նույն «էմունա» բառը, ինչպես և նրա հետ նույն արմատն ունեցող բայը (մասնավորապես պատճառական՝ հիֆիլ ձևով՝ հեէմին) նշանակում է հավատ առ Աստված (Ծննդ. 15:6, Ելք 14:31, 19:9, Թվ. 14:11, 20:12, Բ Օր․ 1:32, 9:23, Դ Թագ․ 17:14, Բ Մնաց. 20:20, Հովել 3:5, Ես. 43:10 և այլն), ընդ որում սովորաբար կյանքի երջանկությունն ու փրկությունը պայմանավորված էին հենց հավատով (Բ Մնաց. 20:20, Ես. 28:16 և այլն): Դիտարկվող հատվածն այսպես է մեկնաբանել նաև հին հրեական ավանդությունը, ինչպես ցույց են տալիս Թալմուդում և որոշ ռաբբիների աշխատություններում դրա պահպանված հետքերը (Բաբելոնյան Թալմուդ, Գեմարա, «Մակոտ» տրակտատ, էջ 24ա): Սա կարևոր է այնքանով, որ այս ընկալումը հինկտակարանյան Եկեղեցուց փոխանցվել է նաև նորկտակարանյանին և հաստատվել է սուրբ Պողոս առաքյալի եռակի վկայություններով (Հռոմ. 1:17, Գաղ. 3:11, Եբր. 10:38): Ընդ որում՝ վերջին դեպքում առաքյալը մարգարեության 4−րդ համարը մեջբերում է ըստ Յոթանասնից թարգմանության՝ տեղափոխելով համարի երկու հատվածների տեղերը մեկը մյուսով: 4−րդ համարի փոխանցման մեջ Յոթանասնից թարգմանությունը տարբերվում է նրանով, որ առաջին՝ համարի առաջին կեսում խոսվում է ոչ թե թշնամու ամբարտավանության, այլ (հենց հրեաների մեջ առկա) կասկածի, վարանումների, հավատի պակասի մասին և երկրորդ՝ համարի երկրորդ հատվածում այն ունի «իմ հավատով», այլ ոչ թե «իր հավատով» ձևը, թեպետ շատ ձեռագրեր այդ «μου»-ն («Իմ» դերանունը) չեն ընթերցում (Գոլմեսի մոտ եղած հետևյալ ձեռագրերը՝ 26, 36, 42, 49, 62, 68, 70, 86, 87, 91, 97, 228, 240, 310, 311): Առաջին առանձնահատկությունն առկա է նաև Վուլգաթայում, ինչպես նաև սլավոներեն թարգմանության մեջ: («Եթե մեկը տարակուսի, Իմ հոգին նրան չի հաճի, իսկ արդարը հավատով պիտի ապրի»): 4−րդ համարով, որտեղ նկարագրվում է Իսրայելի առջև դրված հոգևոր սխրանքի էությունը, ավարտվում է Ամբակումին տրված Աստծու պատասխանը։ Այժմ, ինչպես նախկինում (Ամբ․ 1:12), 5−20−րդ համարներում մարգարեն ավելացնում է աստվածային դիտակետում իրեն շնորհված հայտնությունները և դրանց վերաբերյալ իր լայն խորհրդածությունները։ Դրանք Աստծու Հոգով լուսավորելու պահին մարգարեի ունեցած խորհրդածություններն են, հետևաբար՝ նույնպես ճշմարիտ մարգարեություններ: Քաղդեացիներին սպասվող սարսափելի ճակատագրի մասին իր մտքերին ավելի մեծ արտահայտչականություն հաղորդելու համար, 6−րդ համարից սկսած, մարգարեն քաղդեացիների հանդեպ դառնությամբ և հեգնանքով լցված իր խոսքը դնում է նրանց կողմից կողոպտված և նվաստացված ազգերի և ցեղերի բերանին: Նրանց անունից քաղդեացիներին հնգապատիկ «վա՛յ» է հայտարարվում: Սակայն քաղդեացիներին սպասվող այս սարսափելի կանխատեսումների թեման բացվում է 5−րդ համարում: Այստեղ քաղդեացիների կործանարար հպարտությունն ու ամբարտավանությունը բացատրվում են՝ հարբեցողության հետ համեմատությամբ, քանի որ այս երկու հասկացություններն էլ հարազատ են միմյանց։ Բացի այդ՝ քաղդեացիները, համաձայն պատմական վկայությունների, անձնատուր էին գինեմոլությանը, իսկ նրանց մայրաքաղաքի կործանումն էլ տեղի ունեցավ հենց նրանց հարբած ժամանակ (Երեմ. 51:31, 39, Ես. 21:5, Դան․ 5:1 և այլն): «Ինչպես գինին է հարբածի վրա ազդում այնպես, որ երբ նա փորձում է վեր կենալ, ո՛չ ոտքերը և ո՛չ էլ մտքերը չեն կատարում իրենց պարտականությունները, իսկ մտքի արագությունն էլ դանդաղում է, այդպես էլ հպարտ մարդը չի փառավորվի և իր ցանկությունը չի հասցնի իրականության: Նա, ով նման է մահվանն ու դժոխքին, չի հագենա և չի տեսնի իր ագահության վերջը, անգամ այն ժամանակ, երբ իրեն ենթարկած կլինի բոլոր ազգերին ու ժողովուրդներին»  (Երանելի Հերոնիմոս. «Ամբակումի մարգարեության մեկնության երկու գրքեր», Կիև, 1898, էջ 161): Այդ նույն անհագության պատկերը տեսնում ենք նաև Ես 5:14, Առ. 20:1 և 30:16 համարներում):

   Քաղդեացիներին ուղղված «վայ»-եր կանխատեսող մեղադրական խոսքը բաղկացած է 5 բանաստեղծական տներից՝ յուրաքանչյուրը երեքական համարով 1) 6–8, 2) 9–11,  3) 12–14, 4) 15–17 և 5) 18–20: Ընդ որում՝ առաջին չորս տներում յուրաքանչյուր առաջին համարն իր մեջ պարունակում է «վայ»-ի կամ անեծքի խոսք, երկրորդը բնորոշում է «վայ»−ի ձևը կամ տեսակը, իսկ երրորդը, որ միշտ սկսվում է «քանզի» (եբր.՝«կի») շաղկապով, մատնանշում է դրա հիմքը, պատժի կամ «վայ»-ի շարժառիթները: Միայն 5−րդ տան մեջ է «վայ» բառին (19-րդ համար) նախորդում դրա հիմքի մատնանշումը (տե՛ս 18-րդ համար): Ամբողջ խոսքը, ինչպես արդեն նշվեց, դրված է քաղդեացիների կողմից մի ժամանակ նվաճված ու ճնշված ազգերի ու ցեղերի բերանին, որոնք այժմ ուրախանում էին իրենց կեղեքող թշնամու անկումով (հմմտ. Նավ. 3:19): Իր բնույթով ու բովանդակությամբ այն կոչվում է «առակ»՝ «մաշալ»՝ «ծաղրական երգ»  հատուկ իմաստով (տե՛ս 6-րդ համար, ինչպես նաև Ես․ 14:4, Միք. 2:4), և «սրամիտ, խայթող հանելուկներ»՝ «մելիցա խիդոթ» (հմմտ. Առակ. 1:6):
   Քաղդեացիներին ու Բաբելոնին սերտորեն առնչվող այս երգը կամ խոսքը բովանդակում է կրոնաբարոյական ընդհանուր և համընդհանուր նշանակության մտքեր, ինչի մասին վկայում է նաև խոսքի վերջին բացականչությունը․ «Թող ամբողջ երկիրը լռի Տիրոջ առաջ» (20-րդ համար):

--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Եւ եթէ որեւէ մէկը երկմտի, իմ անձը բարեհաճ չի լինի նրա նկատմամբ»:
(Արարատ թարգ․) Տե՛ս, նա գոռոզացել է, նրա հոգին փքված է իր մեջ և ուղիղ չէ, բայց արդարն իր հավատով պիտի ապրի։
(Գրաբար) եւ եթէ երկմտեսցէ ոք՝ ոչ հաճեսցի ընդ նա անձն իմ։