Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Վե՛ր կաց, գնա՛ Նինվե՝ այն մեծ քաղաքը, և քարոզի՛ր այնտեղ, որովհետև Ինձ են հասել նրա չարագործությունները»:(Սինոդական թարգ․)[2]
«Վեʹր կաց, գնաʹ Նինվե»․․․ Քարոզչության նպատակով հրեա մարգարեի՝ դեպի հեթանոսական Նինվե քաղաք ուղարկվելը հրեական մարգարեության պատմության մեջ շատերին թվում է աննախադեպ իրադարձություն, որը հակասում է մարգարեական ծառայության բուն նշանակությանը, և որը հաստատվել է միայն հրեա ժողովրդի մեջ՝ ճշմարիտ կրոնական կյանքը պահպանելու համար: Վերոնշյալ պատճառով այս իրադարձությունը նաև անհավանական է թվում: Անշուշտ, չի կարելի հերքել այն փաստը, որ հինկտակարանյան մարգարեների առաջնային խնդիրն էր «լինել Իսրայելի տան պահապանները» (Եզ. 3:17)։ Սակայն, քանի որ հրեա ժողովուրդն ուներ համաշխարհային առաքելության կոչում, մարգարեական ծառայությունը նույնպես պետք է իրականացներ ոչ միայն ազգային, այլև համընդհանուր առաքելություն: Եվ կարելի է բերել բազմաթիվ օրինակներ, երբ մարգարեական խոսքն անմիջապես ուղղված է եղել հեթանոս ազգերին՝ կոչ անելով ապաշխարել և մասնակից լինել փրկագործությանը (Ես. 13−24, Երեմ. 46−51, Եզ. 25−32): Եթե այդպես է, Հովնանի Նինվե ուղարկվելու մեջ ոչ մի տարօրինակ բան չկա, քանի որ մյուս մարգարեները մարգարեացել են Եգիպտոսի, Եդոմի, Մովաբի, Ասորիքի, Բաբելոնի և նույնիսկ հենց Նինվեի մասին (Նավ. 1−3, Սոփ. 2:13−15):
«Քարոզի՛ր այնտեղ, որովհետև Ինձ են հասել նրանց չարագործությունները». եբրայերեն «ki» մասնիկը, որն այստեղ թարգմանվել է «որովհետև» (սլավ.՝ «яко», լատ.՝ «quia»), ավելի հաճախ ոչ թե պատճառահետևանքային կապ է ցույց տալիս, այլ լրացուցիչ նախադասության շաղկապ՝ «որովհետև»։ Այս կերպ թարգմանելով՝ մենք ստանում ենք Նինվեում Հովնանի քարոզչության բովանդակությունը․ «Քարոզի՛ր, որովհետև Ինձ են հասել նրանց չարագործությունները»: Այսպիսով, Հովնանի քարոզչությունը Նինվեում պետք է բովանդակեր ոչ միայն քաղաքի մոտալուտ կործանման կանխատեսումը, որը կարելի է ենթադրել մարգարեության 3-րդ գլխի 4-րդ համարից, այլև քաղաքի բնակիչների չար գործերի հանդիմանությունը՝ անշուշտ ուղեկցված ապաշխարության, հետևաբար նաև փրկության կոչով:
Հովնան մարգարեն հենց այսպես էր ըմբռնում իր առաքելությունը, ինչի պատճառով նա փախչում է դրանից՝ չցանկանալով լինել հեթանոսների փրկության ավետաբերը: Նույնպես և Հիսուս Քրիստոս է մատնանշում, որ Նինվեի բնակիչների ապաշխարությունն ու փրկությունը Հովնանի մարգարեական խոսքերի պտուղներն էին (Մատթ. 12:41):
Նմանատիպ ընկալումը հաստատում է նաև այստեղ գործածված եբրայերեն «kara» բայը, որը նշանակում է ոչ թե գուշակել ապագան, այլ քարոզել, այս բառի լայն իմաստով՝ բարձրաձայնել, հռչակել այն, ինչ պատվիրել է Աստված:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Ելի՛ր եւ գնա՛ Նինուէ մեծ քաղաքը եւ քարոզի՛ր այնտեղ, քանի որ նրա չարութեան համբաւը հասաւ ինձ»:
(Արարատ թարգ․) «Վե՛ր կաց, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և քարոզի՛ր նրա դեմ, որովհետև նրանց չարությունը իմ առաջ բարձրացավ»։
(Գրաբար) Արի եւ գնա ի Նինուէ քաղաք մեծ, եւ քարոզեսջիր անդ, զի ել աղաղակ չարութեան նորա առ իս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: