Զաքարիայի մարգարեության մեկնություն 12։1

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Տիրոջ մարգարեական խոսքը Իսրայելի վերաբերյալ. այսպես է ասում Տերը, որ տարածեց երկինքը, հաստատեց երկիրը և ստեղծեց մարդու հոգին նրա մեջ (Սինոդական թարգ․) [1]
   
   Զաք. 12:1-ում հանդիպում ենք այն նույն «massa» արտահայտությանը, որով սկսում է Զաքարիայի մարգարեության երկրորդ մասի առաջին մարգարեությունը: Այստեղ «massa debhar jebova'al Isra'el» արտահայտության ճշգրիտ թարգմանությունը, ըստ երևույթին, լիովին չի համապատասխանի մարգարեության հետագա շարադրանքին, եթե «massa» բառն ընդունենք «բեռ» իմաստով: Գլխավորապես հեթանոսների նկատմամբ Աստծու ժողովրդի հաղթանակը պատկերող մարգարեության մեջ «Տիրոջ խոսքի բեռն Իսրայելի վրա» արտահայտությունն անտեղի կլիներ: Քանի որ «massa» բառը, որն ի սկզբանե օգտագործվում էր բացառապես հեթանոսների դեմ ուղղված կանխատեսումներում, ավելի ուշ սկսեց կիրառվել նաև Իսրայելի վերաբերյալ մարգարեություններում, ուստի այն կարող էր կորցնել իր հատուկ նրբերանգը, այսինքն՝ սարսափելի աղետների կանխատեսման իմաստը: Հետևաբար այս դեպքում սույն արտահայտությունը կարելի է հասկանալ որպես ընդհանրական մարգարեություն Իսրայելի մասին: Սակայն չի կարելի անտեսել այն հանգամանքը, որ Զաքարիայի մարգարեության վերջին երեք գլուխներում խոսվում է նաև ընտրյալ ժողովրդի որդիների ծանր վիճակի մասին (Զաք. 12:2, 13:7−9, 14:1-2): Ռուժեմոնտը մարգարեության վերնագրի և դրա բովանդակության համապատասխանությունը բացատրում է հետևյալ կերպ. «Ո՛չ Իսրայելի անունը, ո՛չ էլ դրա հոմանիշներն առկա չեն մարգարեական այն հատվածում, որտեղ խոսվում է միայն Հուդայի ու հեթանոսների մասին: Այսպիսով, այս վերնագիրն իսկական հանելուկ է։ Այնուամենայնիվ, այս հանելուկն անլուծելի չէ. 12−րդ, 13−րդ և 14−րդ գլուխներում միայն Հուդային տրվող մեծագույն խոստումները և Եփրեմի մասին լռությունը, որը երկրպագում էր ոսկե հորթին և ըմբոստանում Դավթի տան դեմ, նույնքան ծանր «բեռ» են, որքան կլինեին մեծ սպառնալիքները: Եփրեմի վերաբերյալ այս բացառությունը չի չեղարկում այն խոստումները, որոնք Զաքարիան նրան տվել էր վերևում (Զաք. 10:6−12) որոնք վերաբերում են նաև ժամանակների վախճանին» (վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 233): Աստծու ամենագիտությունը մատնանշող Զաք. 9:1 համապատասխան՝ Զաք. 12:1−ում ուշադրություն է դարձվում Աստծու արարչական գործունեությանը` որպես հիմք այն վստահության, որ այն ամենը, ինչ հայտարարվում է Աստծու անունից, անպայման պիտի իրականություն դառնա:

--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տիրոջ խօսքի պատգամը Իսրայէլի մասին: Տէրը, որ տարածեց երկինքը եւ գցեց երկրի հիմքերը, որ մարդու մէջ հաստատեց նրա հոգին, այսպէս է ասում.
(Արարատ թարգ․) Մի պատգամ. Տիրոջ խոսքը Իսրայելի մասին. այսպես է ասում Տերը, որ տարածել է երկինքը, հիմնել է երկիրը և ստեղծել է մարդու հոգին նրա մեջ։
(Գրաբար) Առած բանի Տեառն ի վերայ Իսրայէլի։ Ասէ Տէր՝ որ ձգեաց զերկինս՝ եւ արկ հիմունս երկրի, եւ հաստատէ զոգի մարդոյ ի նմա.