Փարավոնն արհամարհում է Մովսեսին և առավել տանջում իսրայելացիներին
1. Եվ ապա Մովսեսն ու Ահարոնը եկան և ասացին փարավոնին. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Արձակի՛ր Իմ ժողովրդին, որ Ինձ համար տոն կատարի անապատում”»:
2. Եվ փարավոնն ասաց. «Ո՞վ է Տերը, որ լսեմ Նրա խոսքը ու արձակեմ Իսրայելի ժողովրդին: Ես Տիրոջը չեմ ճանաչում և Իսրայելի ժողովրդին էլ չեմ արձակում»:
3. Եվ նրանք ասացին. «Եբրայեցիների Աստվածն այցելեց մեզ: Հրաման տուր, որ երեք օրվա ճանապարհ գնանք անապատի միջով և մեր Տեր Աստծուն զոհ մատուցենք, որ չլինի, թե Նա պատուհասի մեզ ժանտախտով կամ սրով»:
4. Եվ Եգիպտոսի թագավորն ասաց նրանց. «Ո՛վ Մովսես և Ահարոն, ինչո՞ւ եք ժողովրդին հետ պահում իրենց գործերից: Գնացե՛ք ձեր գործին»:
5. Եվ փարավոնն ասաց. «Ահա հիմա բազմացել է երկրի ժողովուրդը, և դուք դադարեցնում եք նրանք աշխատանքները»:
6. Եվ այդ օրը փարավոնը ժողովրդի գործավարներին և նրանց վերակացուներին հրամայեց՝ ասելով.
7. «Երեկվա և նախօրդ օրերի պես ժողովրդին այլևս հարդ մի՛ տվեք աղյուս շինելու համար: Թող իրենք գնան և իրենց համար հարդ հավաքեն:
8. Եվ աղյուսների այն նույն քանակությունը, որքան որ շինում էին երեկ և նախորդ օրերին, դրեք նրանց վրա ու մի պակասեցրեք: Եվ քանի որ նրանք ծույլ են, այդ պատճառով են ասում. “Գնանք մեր Աստծուն զոհ մատուցենք”:
9. Թող գործը ծանրանա այդ մարդկանց վրա, ու լծվեն դրանով, որպեսզի դատարկ խոսքերի ետևից չընկնեն»:
10. Եվ ժողովրդի գործավարներն ու վերակացուները գնացին և խոսեցին ժողովրդի հետ՝ ասելով.
11. «Այսպես է ասում փարավոնը. “Ես ձեզ հարդ չեմ տալու: Դուք գնացե՛ք ձեզ համար հարդ հավաքեք, որտեղից որ գտնեք, սակայն ձեր արած գործն իր սահմանված չափից պետք է պակաս չլինի”»:
12. Եվ ժողովուրդը ցրվեց Եգիպտոսի ողջ երկրով մեկ՝ հարդի փոխարեն խոզան հավաքելու:
13. Եվ գործավարները ստիպում էին նրանց՝ ասելով. «Ձեր օրականը լրացրեք նույն օրը, ինչպես երբ հարդ ունեիք»:
14. Եվ փարավոնի գործավարները Իսրայելի որդիների վրա դրած վերակացուներին ծեծում էին ու ասում. «Ինչո՞ւ երեկ և այսօր չլրացրիք ձեր վրա դրված աղյուսների սահմանված չափը, ինչպես երեկ և նախորդ օրերին»:
15.Եվ Իսրայելի որդիների վերակացուները եկան ու բողոքեցին փարավոնին՝ ասելով. «Ինչո՞ւ ես այդպես վարվում քո ծառաների հետ:
16. Քո ծառաներին հարդ չեն տալիս, բայց մեզ ասում են, թե՝ “Աղյուսներ շինե՛ք”: Եվ ահա ծեծեցին քո ծառաներին, ու մեղքը քո ժողովրդինն է»:
17. Եվ նա ասաց. «Դուք ծո՛ւյլ եք, ծո՛ւյլ, և այդ պատճառով եք ասում, թե՝ “Գնանք Տիրոջը զոհ մատուցենք”:
18. Արդ, գնացե՛ք և աշխատե՛ք: Ձեզ հարդ չի տրվելու, բայց աղյուսների քանակը պիտի չպակասի»:
19. Եվ Իսրայելի որդիների վերակացուները տեսան, որ իրենք ծանր կացության մեջ են, որովհետև իրենց ասացին, թե՝ «Ամեն օրվա համար սահմանված ձեր աղյուսների քանակը պետք է չպակասի»:
20. Եվ երբ դուրս եկան փարավոնի մոտից, հանդիպեցին Մովսեսին ու Ահարոնին, որ կանգնած սպասում էին իրենց:
21. Եվ ասացին նրանց. «Թող Տերը նայի ու դատի ձեզ, որ մեր հոտը փարավոնի ու նրա ծառաների առաջ գարշելի դարձրիք: Դուք սուր տվիք նրանց ձեռքը մեզ սպանելու համար»:
22. Եվ Մովսեսը վերադարձավ Տիրոջ մոտ ու ասաց. «Ո՛վ Տեր, ինչո՞ւ փորձանքի մեջ գցեցիր այս ժողովրդին և ինչո՞ւ ինձ ուղարկեցիր:
23. Քո անունով փարավոնի մոտ գալուց հետո նա այս ժողովրդին չարիք է պատճառում, և Դու էլ չես փրկում Քո ժողովրդին»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: