Ա. Պ. Լոպուխին. «Բացատրական աստվածաշունչ»
«Մարգարեություն Նինվեի մասին. Նավում Ելկեսացու տեսիլքների գիրքը»: (Սինոդական թարգ․)[1]
Նախաբանի առաջին բառի՝ եբրայերեն «massa» բառի իմաստն այստեղ, ինչպես նաև այլ մարգարեական գրքերում (Ամբ․ 1։1, Զաք․ 9։1, 12։1, Մաղ․ 1։1) և այլուր, տարբեր կերպ է փոխանցվում հին թարգմանություններում, և միևնույն ժամանակ տարակերպ մեկնաբանվում հին և ժամանակակից մեկնիչների կողմից։ Այստեղ և վերոնշյալ համարներում Յոթանասնից թարգմանությունն այս բառը փոխանցում է «λημμα՝ ընդունում, ստացում» արտահայտությամբ։ Այն նման իմաստով է հասկացվել նաև երանելի Թեոդորետոս Կյուրոսացու կողմից․ «Հենց մտքի հափշտակությունը և մարդկային ամեն ինչից հրաժարումն է մարգարեն անվանել մարգարեություն (λημμα)»։ Թարգումը, ընդհակառակը, «massa» բառը փոխանցում է քաղդեական «mattaya» կամ «mattoya» (բեռ) արտահայտության միջոցով։ Վուլգաթայում ևս «masses» բառը մշտապես թարգմանված է լատիներեն «onus՝ բեռ, ծանրություն» արտահայտությամբ․երանելին Հերոնիմոսը միայն այսպիսի թարգմանությունն էր համարում եբրայերեն «massa» բառի ճշգրիտ համապատասխանությունը, որը, ըստ նրա, «նախաբանում գործածվում է միայն այն ժամանակ, երբ ինչ−որ բան թվում է կարևոր, տքնաջան ու դժվարին» («Ամբակում մարգարեի մեկնություն», ստեղծագործություններ, մաս 14, էջ 130), այսինքն՝ այն արդեն իսկ մատնանշում է մարգարեության մեջ առկա սպառնալիքները: Լյութերի գերմաներեն թարգմանությունը «massa»-ն փոխանցում է «Last»՝ «ծանրություն» բառով, և շատ մեկնիչներ (Ռեյնկե, Քեյլ, Կուրտց, պրոֆ. Պ. Վ. Տիխոմիրով և այլք) քննարկվող բառը հասկանում են երանելի Հերոնիմոսի նշած իմաստով։ Ընդհակառակը, նորագույն շրջանի այլ մեկնիչներն (Հուպֆելդ, Դելիչ, Քլեյներտ, պրոֆ․ Ի․Ս․Յակիմով) այն ընկալում են ընդհանուր՝ «մարգարեական «խոսք» իմաստով։ Սակայն եբրայերեն «massa» բառի և՛ բառացի նշանակությունը, և՛ Աստվածաշնչում դրա գրեթե համատարած գործածությունը՝ որպես «բեռ, լուծ», խոսում են հօգուտ հերոնիմոսյան թարգմանության։ Իսկ եթե մենք ուշադրություն դարձնենք այս եզրույթի գործածությանը հատկապես մարգարեական գրականության մեջ, ապա այստեղ կտեսնենք, որ «massa» անվամբ, օրինակ՝ Եսայի մարգարեի մոտ, մատնանշվում է մարգարեության մի հատուկ տեսակ։ Դա «ահեղ մարգարեությունն» է, որն աղետ և կործանում է կանխատեսում հիմնականում օտար ազգերի համար (Ես․ 13։1, 15։1, 17։1, 19։1, 21։1, 11, 23։1 և այլն)։
Հաշվի առնելով Նավում մարգարեի գրքի ընդհանուր բովանդակությունը, որն ավետում է Նինվեի կործանումը (ամբողջ Ասորեստանի հետ միասին), հենց այս՝ «ահեղ մարգարեություն», «մարգարեական խոսքի բեռ» (Նինվեի մասին) իմաստն էլ պետք է ընդունվի, մանավանդ, որ «massa» բառի նման իմաստի վերաբերյալ մատնանշում կարող է տալ 8−րդ համարը, որը քերականորեն սերտորեն կապված է նախաբանի առաջին մասի հետ («massa» բառի մանրակրկիտ հետազոտությունը կարող ես գտնել պրոֆ. Պ. Վ.Տիխոմորովի. «Մաղաքիա մարգարե» գրքում, Սերգիև Պոսադ, 1903, էջ 139−152։ Հմմտ․ Սիմաշկևիչ. «Նավումի մարգարեությունը Նինվեի մասին», Սանկտ Պ․, 1875, էջ 107−113)։
Նախաբանի երկրորդ՝ «Նավում Ելկեսացու տեսիլքների գիրքը» հատվածը մատնանշում է գրքի Աստծուց ներշնչված հեղինակին՝ Նավում մարգարեին, և նրա մարգարեական խոսքի աղբյուրը՝ տեսիլքը (եբր.՝ «հազոն»), այսինքն՝ բովանդակության խորհրդավոր ներշնչումը Աստծու Հոգուց: «Սուրբ Հոգու շնորհը,− այս հատվածի բացատրության մեջ ասում է երանելի Թեոդորետոս Կյուրոսացին,− տարբեր կերպ ներգործելով սքանչելի մարգարեների մեջ՝ այնպես էր տնօրինում, որ ոմանք ինչ−որ բան էին (τους μεν δραν) տեսնում, ինչպես աստվածիմաստ Եսային, Միքիան, Դանիելը, Եզեկիելը և Զաքարիան, իսկ այլոց ձայնով (εν ηχει) հաղորդվում էր այն, ինչը համահունչ էր Հոգուն, և նրանց թվում էր, թե լսում էին Մեկին, Ով խոսում էր իրենց հետ։ Մյուսներն էլ մարգարեանում էին ներշնչմամբ և ինչ որ հաճո էր Հոգուն, հայտարարում էին իրենց լեզվով։ Քանզի մարգարեական շնորհը, անսպասելի պարուրելով մարգարեների միտքը և հեռացնելով նրանց մարդկային ամեն բանից, նրանց դարձնում էր ունակ՝ լինելու զենքեր և սպասավորներ՝ մարգարեական խոսքի արտաբերման համար։
Նախաբանում առկա «գիրք» բառը ռաբբի Աբարբանելը մեկնում էր այն իմաստով, որ Նավում մարգարեն, անձամբ չքարոզելով Նինվեում (ինչպես Հովնան մարգարեն), այնտեղ է ուղարկել իր մարգարեական գիրքը։ Սակայն այստեղ ավելի պարզ և բնական է տեսնել վկայություն այն մասին, որ Աստծու հրամանով Նավումի գրքում մարգարեական խոսքերը գրի են առնվել հենց իր կողմից։ Նույնը տեսնում ենք նաև այլ մարգարեների դեպքում (Ես․ 8։1, 30։8, Եր․ 30։2, 36։2, 51։60, Դան․ 7։1, 12։4−9, Ամբ․ 2։2, 3), որոնք իրենց մարգարեությունները գրի էին առնում ոչ միայն ապագա սերունդների (տե՛ս Ես․ 30։8), այլև ժամանակակիցների շրջանում լայն տարածման համար (Եր․ 36։1−6)։ Այսպիսով, «գիրք» արտահայտությունը թույլ է տալիս ենթադրել, որ Նավումի մարգարեական խոսքը ներկա խմբագրությամբ գոյություն է ունեցել նախքան Սուրբ Գրքի կանոնի վերջնական ձևավորումը։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Պատգամ Նինուէին: Նաւում Ելկեսացու տեսիլքի գիրքը:
(Արարատ թարգ․) Նինվեի պատգամը։ Ելկեսացի Նաումի տեսիլքի գիրքը։
(Գրաբար) Առած Նինուէի։ Գիրք տեսլեան Նաւումայ Եղկեսացւոյ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: