Նավումի մարգարեության մեկնություն 1:4

Ա. Պ. Լոպուխին. «Բացատրական աստվածաշունչ»

«Նա սաստում է ծովին, և այն ցամաքում է, և բոլոր գետերը չորանում են. Բասանն ու Կարմելը թառամում են, և Լիբանանի ծաղիկը թոշնում է»։(Սինոդական թարգ․)[4]
   
    Աստծու ամենակարողության նոր դրսևորումներն առաջին հերթին առնչվում են ծովին և գետերին (տե՛ս Ես․ 50։2)։ «Եթե Նա կամենա ոչնչի վերածել ծովի և գետերի ամբողջ ջուրը, ապա կարող է դա անել մեկ ակնթարթում։ Իբրև սրա ապացույց՝ մարգարեն ներկայացնում է այն, ինչն արդեն իսկ տեղի է ունեցել» (երանելի Թեոդորետոս Կյուրոսացի), այսինքն՝ մարգարեի մտապատկերում Իսրայելին ցուցաբերված հրաշալի օգնության դրվագներ էին ներկայացվում՝ Կարմիր ծովով (Ելք 14։21, Սաղմ․ 105։9), իսկ այնուհետև նաև Հորդանանով անցումը (Հես. 3։13, 16, 5։1, Սաղմ․ 113։3, 5)։ Սակայն ամենակարող Աստծու ահեղ ընթացքից ոչ միայն ծովերը և գետերն են ցամաքում, այլև թոշնում է այն ամենը, ինչն ավետյաց երկրի հարստությունն ու փառքն է, չորանում է դրա վրա եղած լավագույնը և ամուրը, գեղեցիկը և պտղատուն, իսկ աստվածաշնչյան հրեայի համար այդ ամենը զուգակցվում է Պաղեստինի այնպիսի վայրերի հետ, ինչպիսիք են՝ Բասանը արևելքում, Կարմելոսը արևմուտքում, և Լիբանանը հյուսիսում։ «Բասան»−ը (եբր.՝ «բաշան», հուն. և սլավ.՝ «Բասանիտիս, Բասանիտիդա» Թվ․ 21։33, Հես. 13։29−32, Միք․ 7։14 և այլն) Հորդանանի արևելյան կողմում՝ Հաբոկ գետից դեպի հյուսիս ընկած տարածքն էր, որը ժամանակին պատկանում էր հզոր Օգ թագավորին (Թվ․ 21։33, Բ Օր․1։4)։ Այն հայտնի էր իր հիանալի արոտավայրերով, բարձր ու անխորտակելի կաղնիներով և ուռենիներով, զորավոր և խոշոր եղջերավոր անասուններով (տե՛ս Ես․ 2։13, Եզեկ. 27։6, Բ Օր․ 32։14, Ամոս 4։1, Սաղմ․ 21։13): Այժմ «Բասան»−ն ամբողջովին ամայացած տարածք է, որը հայտնի է Էլ−Բոտտին կամ Արդ−Էլ Բեսենիա անունով (Եվսեբիոս Կեսարացի. Օնոմաստիկոն 1, 17:5, 224)։

    Կարմելոս վսեմաշուք լեռան մասին, որը գտնվում է Իսաքարի և Ասերի ցեղերի սահմանին, իր բուսականության գեղեցկության համար առած է հյուսվել (Երգ. 7։6): Այն կարծես մի ամբողջական այգի լինէր, որտեղից էլ առաջացել է նրա «Աստծու այգի» եբրայերեն անվանումը: Այն այժմ «Ջեբել−Քարմալ» է կոչվում (այս մասին ընթերցի՛ր Գ Թագ․ 18։19 համարի ծանոթագրությունը (տե՛ս «Толковая Библия», т․ II, ст. 453)։ Պաղեստինից հյուսիս ընկած «Ձյունաճերմակ Լիբանանը» ևս (եբր.՝ «լեբանոն−ձյունից սպիտակ», Երեմ․ 18։14), որը ջրերի և աղբյուրների առատությանշնորհիվ (Երգ. 4։15) հայտնի էր իր շքեղ բուսականությամբ (Ովս․ 14։6−8), հատկապես բարձրահասակ մայրիներով, բուրավետ նոճիներով և մրտենիներով (Սաղմ․ 28։5, Երգ. 4։14, 5։15), այժմ Ջեբել-Լիբնան է կոչվում (Օնոմաստիկոն, 640): Մարգարեի կողմից հատկապես այս մանրամասների հիշատակումն անուղղակի ապացույց է այն բանի, որ նա ապրել, գործել և իր մարգարեական գիրքը գրել է հենց Հուդայում, այլ ոչ թե Ասորեստանում, որի տեղանքները, բացառությամբ միայն Նինվեի, ուղիղ կերպով չեն արտացոլվել մարգարեի կողմից գործածված խոսքում, թեև, ըստ երանելի Հերոնիմոսի մեկնության, «փոխաբերաբար, Բասանի, Կարմելոսի և Լիբանանի, այսինքն՝ բուսականությամբ ծածկված բերրի երկրի և լեռների միջոցով մատնանշվում է Ասորեստանի ամայացումը. այն, որ մի ժամանակ հզորագույն, ծաղկող և բազմաթիվ ժողովուրդներին տիրապետող երկիր էր, կկործանվի Աստծու բարկության հետևանքով» («Մեկ գիրք՝ Նավում մարգարեի մեկնության», Կիև, 1896, մաս 13, էջ 290)։ Ակնհայտ է, որ 4−րդ համարում, ինչպես նաև 3−6−րդ համարներն ընդգրկող ամբողջ հատվածում, տեղ է գտել Աստծու դատաստանի դեռևս առավել ընդհանուր, տիպիկ և վերացական պատկերը, այլ ոչ թե դրա կոնկրետ և մանրակրկիտ կանխատեսումը։

--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Սաստում է ծովը, ցամաքեցնում այն, չորացնում բոլոր գետերը: Չորացան Բասանն ու Կարմելոսը, Լիբանանի բոլոր ծաղիկները թառամեցին:
(Արարատ թարգ․) Նա սաստում է ծովին և այն ցամաքեցնում ու բոլոր գետերը չորացնում։ Թառամում են Բասանն ու Կարմեղոսը, և Լիբանանի ծաղիկը թառամում է։
(Գրաբար) Սաստէ ծովու՝ եւ ցամաքեցուցանէ զնա. եւ զամենայն գետս աւերէ։ Նուազեաց Բասանացին եւ Կարմելոս. եւ ամենայն ծաղիկք Լիբանանու պակասեցին։