Եսայու մարգարեության մեկնություն 59:16

Ա. Լոպուխին

«Եվ տեսավ, որ մարդ չկար, ու զարմացավ, որ միջամտող չկար, և Նրան Իր բազուկն օգնեց, ու Նրա արդարությունն աջակցեց Նրան»։ [16] (Սինոդական թարգ․)
   
   «Եվ տեսավ, որ մարդ չկար, ու զարմացավ, որ միջամտող չկար…» - Ինքը՝ Իսրայելը, ինչպես երևում է նախորդ պատմությունից, ըստ ամենայնի մեղավոր էր և չէր կարող իրեն փրկել Աստծո արդար դատաստանից։ Նրա համար բնական կլիներ փնտրել մի որևէ արդար մարդու, որը միջնորդ և բարեխոս կլիներ մեղավոր ժողովրդի համար, ինչպես որ մի ժամանակ Աբրահամն Աստծուն աղոթեց Սոդոմի և Գոմորի բնակիչների փրկության համար՝ ա՛յն պայմանով, որ այնտեղ ընդամենը տասը արդար գտնվեր (Ծննդ․ 18։32)։ Սակայն եթե այն ժամանակ այդ կործանված քաղաքներում տասը արդար չգտնվեց, ապա այժմ  հրեա ժողովրդի մեջ նույնիսկ մեկ այդպիսի արդար մարդ չի գտնվի, որը կկարողանար չեզոքացնել ժողովրդի դեմ ուղղված Աստծո արդար զայրույթը, որովհետև, ինչպես ասում է սաղմոսերգուն, «բոլորը խոտորվեցին, անպիտան դարձան, բարիք գործողներ չկան, անգամ մեկ հոգի չկա» (Սաղմ․ 13։3)։

   «Եվ Նրան Իր բազուկն օգնեց, ու Նրա արդարությունն աջակցեց Նրան» - Մարդկանց միջից Աստծո առջև Իսրայելին պաշտպանողի բացակայությունը մարգարեի միտքը տանում է դեպի այն մեծագույն Բարեխոսը, Որին, այսինքն՝ Մեսիային, Աստված Ինքը կբարձրացնի։ Այստեղ ակնարկվող Բարեխոսին ուղղված այսպիսի հայացքը միանգամայն համապատասխանում է միևնույն մարգարեի այլ, անկասկած մեսիական բնույթ ունեցող մարգարեական հատվածների հետ (Ես. 40։10, 43։5, 63։5 և այլ տեղիներ)։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Նայեց, բայց մարդ չկար, դիտեց, բայց չկար մէկը, որ օգնական լինէր. եւ իր բազկով հատուցեց ու ըստ իր ողորմութեան հաստատեց նրանց:
(Արարատ թարգ․) Նա տեսավ, որ մարդ չկար, և ապշեց, որ միջամտող չկար։ Այն ժամանակ նրա բազուկն օգնեց իրեն, և նրա արդարությունը նեցուկ եղավ իրեն։
(Գրաբար) Հայեցաւ` եւ ոչ գոյր մարդ. ետես` եւ ոչ գոյր որ աւգնական լինէր: եւ հատոյց նոցա բազկաւ իւրով, եւ ըստ ողորմութեան իւրում հաստատեաց: