Ա. Լոպուխին
«Ոչ թե օտարախոս և դժվարալեզու շատ ժողովուրդների մոտ, որոնց խոսքերը դու չէիր հասկանա. նույնիսկ եթե Ես քեզ նրանց մոտ ուղարկեի, նրանք քեզ կլսեին»։(Սինոդական թարգ․)[6]
Մարգարեի գործունեության շրջանակում են լինելու ոչ թե ինչ-որ օտարախոս ժողովուրդներ (ինչպես որ Հովնան մարգարեի պարագայում էր) և ոչ էլ նրանց որոշ ներկայացուցիչներ, այլ միայն մեկ, իրեն հարազատ ժողովուրդը։ Լեզուն ժողովրդի պատկերը ներկայացնող ամենիչ շատ աչքի ընկնող նշանն է (այս իսկ պատճառով էլ սլավոներենում «լեզու» և «ժողովուրդ» բառերն արտահայտվում են մեկ ընդհանուր՝ «լեզու» անվանումով), և հրեան այս կամ այն ժողովրդի հանդեպ օտարության և թշնամանքի աստիճանը չափում էր այդ ժողովրդի լեզվի անհասկանալիության և տարօրինակության չափով (Ես․ 33։19): Բացի զուտ ֆիզիկական բնույթի դժվարությունից («որոնց խոսքերը դու չէիր հասկանա»), մարգարեին բաժին ընկած այդ առաքելությունը նաև բարոյապես էլ դժվարակատար էր լինելու. այդ առաքելությունն աչքի չէր ընկնելու ունկնդիրների կողմից ցուցաբերվող սիրով և հոգևոր մտերմությամբ։ Սակայն Տերը դառնությամբ է նկատում, որ նույնիսկ վերոնշյալ անբարենպաստ պայմաններում (այսինքն՝ «օտարախոս և դժվարալեզու շատ ժողովուրդների մոտ») մարգարեի առաքելությունն էլ ավելի մեծ հաջողությամբ կպսակվեր, քան դա կարող էր տեղի ունենալ Իսրայելում: Հետագայում առաքյալների պատմությունը ևս դրա լավագույն վկայությունը եղավ։ «Արդեն այն ժամանակ Իսրայելն այդ օրին էր հասել. մարգարեն կարծես կանխատիպարն էր ապագա Պողոս առաքյալի» (Էվալդ): Եզեկիել մարգարեն մեկ անգամ չէ, որ արտահայտում է այն միտքը, որ հեթանոսների կողմից ցուցաբերվող ավելի քիչ չարիք կարելի է սպասել, քան թե՝ Իսրայելից կողմից (Եզեկ․ 5:6, 16:27, 48, 23:45): Նախորդ համարի խոսքերից այս համարում բառացիորեն կրկնվում են «օտարախոս և դժվարալեզու» բառերը՝ առանց որոնց միքտն ավելի դյուրըմբեռնելի կլիներ, քանի որ այդ կրկնվող խոսքերը նշանակալից կերպով թուլացնում են «որոնց խոսքերը դու չէիր հասկանա» արտահայտության սրությունը, այդ իսկ պատճառով էլ դրանք համարվում են զուտ 5-րդ գլխից կատարված հավելումներ և բացակայում են Պեշիթո թարգմանության մեջ։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) ո՛չ բազում օտար կամ այլալեզու ժողովուրդների մօտ, ո՛չ էլ խրթին լեզու ունեցողների, որոնց խօսքը չես էլ լսում: Եթէ այդպիսիների մօտ էլ ուղարկէի քեզ, նրա՛նք անգամ պիտի լսէին քեզ:
(Արարատ թարգ․) ոչ թե օտարախոս և դժվարալեզու շատ ժողովուրդների մոտ, որոնց խոսքերը դու չես հասկանում. հիրավի, եթե քեզ նրանց մոտ ուղարկեի, նրանք քեզ կլսեին։
(Գրաբար) և ո՛չ առ ժողովուրդս բազումս այլազգիս կամ այլալեզուս. և ո՛չ առ թանձրալեզուս, զորոց ո՛չ լսիցես զբանս նոցա. զի թէ առ այնպիսիսն առաքէի զքեզ. սակայն և նոքա՛ լսէին քեզ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: