Ա. Լոպուխին
«Եվ ահա, վեց մարդ են գալիս վերին դարպասի ճանապարհով, որ դեպի հյուսիս է, և յուրաքանչյուրի ձեռքին իր կործանիչ զենքը, և նրանց մեջ կա մեկը՝ քաթանե հագուստով զգեստավորված, որի գոտկատեղում գրագրի մի թանաքաման կա։ Եվ եկան ու կանգնեցին պղնձե զոհասեղանի մոտ»։ [2] (Սինոդական թարգ․)
«Վեց մարդ» - հրեշտակներ՝ մարդկային կերպարանքով (մյուս մեկնիչներն ասում են, որ այստեղ նկատի են առնվում Նաբուգոդոնոսորի բանակի առաջնորդները), որոնք հաճախակիորեն ներկայանում են որպես Աստծո դատաստաններն իրականացնողներ (Դան 4:13 և այլ տեղիներ): Նրանց մեջ գտնվող և հատուկ առաքելություն ունեցող «մարդու» հետ միասին նրանք կազմում էին 7 թիվը՝ ամենաբարձր դասի հրեշտակների սուրբ թիվը, որն առաջին անգամ հիշատակվում է (ավելի ճիշտ՝ ենթադրվում է) այստեղ (հմմտ․ Տոբ․ 12:15, Զաք․ 4:10, Հայտն. 4:5, 8:2, 15:6,7)։ Սակայն հատկանշական է, որ պատժի անմիջական իրականացնողները հրեշտակներն ե, որոնք զույգ թիվ են կազմում, ինչն էլ կատարելության սուրբ թվի խորհրդանիշ չի համարվում (2 հրեշտակներն էին, որ այրեցին Սոդոմը, տե՛ս նաև երկնային 4 պատիժների դրվագը):
«Գալիս են վերին դարպասի ճանապարհով, որ դեպի հյուսիս է» - այդ դասրպասներն անկասկած 8։3-5-րդ համարներում հիշատակվում են «զոհասեղանի ներքին դարպաս» անվան ներքո։ Ներքին գավթի դարպասները կոչվում էին «վերին»՝ տաճարի արտաքին պատի դարպասներից տարբերակելու համար (դրանք Եզեկիելի մարգարեության 40:19-րդ համարում կոչվում են «ստորին»), քանի որ ներքին գավիթը պատշգամբով վեր էր բարձրանում արտաքին գավթից, ինչի արդյունքում էլ դրա վրա տեղի ունեցող պաշտամունքը կարող էր տեսանելի լինել ժողովրդի համար։ Այստեղ այդ դարպասներին կցված է այսպիսի մի նոր անվանում՝ ցույց տալու համար, որ արտաքին գավիթից եկող հրեշտակները պետք է վեր բարձրանային, և հավանաբար վեր չբարձրանալու պատճառով էր, որ նախկինում նրանք տեսանելի չէին։ Պատժող հրեշտակները ներս էին մտնում հենց այս դարպասով՝ հավանաբոր ա՛յն պատճառով, որ Յահվեն, հյուսիսից գալով, Իր հետ բերել էր նաև այդ ծառաներին և, տաճարի միջով անցնելով, նրանց թողել էր արտաքին գավթում, մինչև որ նրանց կարիքը կլիներ, կամ էլ որպես նշան այն բանի, որ նրանց բերած արհավիրքը հյուսիսից էր գալիս և որ քաղդեացիները նույնպես հյուսիսից են գալու ու այդ կողմից էլ ներխուժելու են քաղաք։
«Կործանիչ զենքը» - Յոթանասնից թարգմանությունն այստեղ գործածում է «կացին» բառը (հմմտ․ 1-ին համար), և դա, ակնհայտորեն, անում է պարզապես զենքի մասին որոշակի պատկերացում տալու նպատակով։ Եբրայեցերեն «կործանման զենք» արտահայտությունը մեզ հնարավորություն է տալիս այդ զենքերը պատկերացնել մուրճի տեսքով (Երեմ․ 51։20):
«Եվ նրանց մեջ կա մեկը», ով, ինչպես երևում է, այնքան էր առանձնանում այդ վեցի միջից, որ հազիվ թե կարելի էր նրան թվարկել այդ վեցի հետ, այդ իսկ պատճառով էլ նրանց համար որպես ընդհանուր թիվ չի նշվում 7-ը: Այնուամենայնիվ, ստորադաս և ծառայական դիրքը, որն այդ «մեկը» զբաղեցնում է Յահվեի առաջ և որով նա շատ քիչ է տարբերվում (ավելի բարձր լինելու մասին է խոսքը) իր ուղեկիցներից, մեզ ստիպում է նրա մեջ ճանաչելու միայն մի հրեշտակի, որը թեպետև ավելի բարձր դիրք է զբաղեցնում և ավելի հաճելի առաքելություն է իրականացնում, սակայն այդ առաքելությունն ավելի դժվար իրագործելի է (խոսքն արդարների վրա նշաններ դնելու մասին է)։ Այդ հրեշտակը, սակայն, Ուխտի հրեշտակը չէ։ Նրա վերաբերյալ ավելի մասնավոր «գուշակություններ» անհնարին է կատարել։
«Քաթանե հագուստով զգեստավորված» - Քաթանե հագուստը, եբրայեցերեն՝ «բադդիմ» (բառացիորեն՝ «մանրաթել», «վուշի թել»), հագուստի մի տեսակ էր, որը կրում էին քահանաները, որոնց խստիվ արգելվում էր բրդյա հագուստով հոգևոր ծառայություններ մատուցելը (Ղևտ․ 6:10, 16:4, Եզեկ․ 44:17)։ Ճերմակ գույնի և հաճախակի լվացվելու ենթակա լինելով՝ այդպիսի հագուստը կարող էր լինել մաքրության և սրբության լավագույն խորհրդանիշ, հատկանիշներ, որոնք պահանջվում էին քահանայից։ Այդ իսկ պատճառով էլ այս հագուստը, Եզեկիելի ներկայիս հատվածից սկսած, «կցվում» է նաև երկնքի բնակիչներին՝ ո՛չ միայն հրեշտակներին, ընդ որում՝ ամենավերին դասի ներկայացուցիչներին (Դան․ 12:6,7), այլ նաև Աստծո Որդուն (10:5):
Քահանաների և հատկապես քահանայապետի հագուստի համար օգտագործվող քաթանե կտորը, անշուշտ, ամենաբարձր որակի էր և աչքի էր ընկնում անսովոր նրբագեղությամբ և շլացուցիչ ճերմակությամբ, այդ իսկ պատճառով էլ այն պետք է փայլեր ոչ պակաս, քան արծաթե կտավը (Հայտն. 15:6)։ Այս որակի քաթանե գործվածքն էր, հավանաբար, որ հետագայում անվանվեց բեհեզ (Հայտն. 19:8)։ Հավանաբար հենց այս փայլի շնորհիվ էր, որ այս քաթանե հագուստը «յուրացվել» է երկնայինների կողմից։ Եվ երբ վերջիններս ներկայանում են պայծառադեմ (այն հրեշտակները, որոնք Քրիստոսի գերեզմանի մոտ էին) կամ սպիտակ (Հայտն. 4:4, 7:13 հմմտ․ Մարկ․ 9:3) հագուստներով, ապա այդ հագուստները պետք է համարել միայն նուրբ քաթանե զգեստներ (հնում նման բարձր որակի գործվածքներ հյուսելը շատ սովորական էր, և նույնիսկ ժամանակակից արտադրությունը դեռևս չի կարողանում հասնել այդ մակարդակին)․․․ Յոթերորդ հրեշտակի ճերմակ հագուստները, որոնք հիշեցնում էին քահանայական զգեստները, ցույց էին տալիս այդ հրեշտակի առաքելությունը՝ որպես Աստծո ողորմության, հաշտության զենք (մարգարեն չտեսավ մյուս 6 պատժող հրեշտակների հագուստը) և այդպիսով կանխագուշակելով Փրկչի գալիք նույնանման առաքելությունը։ Սա ավելի անմիջականորեն մատնանշում է նաև «գրագրի թանաքաման», բառացիորեն՝ «գրագրի գավաթ» արտահայտությունը (Վուլգաթայում՝ «atramentarium»)։ Այդ հրեշտակն ուներ «երեք գոտի», մի բան, որը դեռևս կրում էին Արևելքում (Յոթանասնից թարգմանության մեջ «գրագրի թանաքաման՝ գոտկատեղում» արտահայտության փոխարեն առկա է «շափյուղայից գոտի» արտահայտությունը․ այս թարգմանության հեղինակները «սոֆեր»՝ «գրագիր» բառի փոխարեն տարընթերցել են «սաֆիր»՝ «շաղյուղա», հմմտ․ Դան 10:5): Գրչագրական այդ հավաքածուն մարգարեին կարող էր հիշեցնել «կյանքի գիրքը» (Ելք 32:32 և Ես․ 4:3, Դան․ 12:1, Սաղմ․ 68:29, 138։18, Փլպ․ 4։3), չնայած որ այն առաջին հերթին անհրաժեշտ էր քաղաքում եղող բարեպաշտներին նշելու և առանձնացնելու համար (4-րդ համար)։
«Ու կանգնեցին պղնձե զոհասեղանի մոտ» - այսինքն՝ ողջակեզների զոհասեղանի մոտ, որը կոչվում էր «պղնձե զոհասեղան» (Գ Թագ. 8:64)՝ ի համեմատություն սրբարանի ոսկյա խորանի, որը կիրառվում էր խնկարկության համար։ Ներս գալով հյուսիսային դարպասից՝ հրեշտակները կարող էին կանգ առնել զոհասեղանի հյուսիսային կողմում։ Այս զոհասեղանի մոտ էր մեղքերի թողություն տրվում, այդ իսկ պատճառով էլ պատժիչ հրեշտակները կանգնեցին դրա մոտ, համաձայն Հերոնիմոս Երանելու բացատրության՝ տեսնելու համար, թե ում չեն ներվում իր մեղքերը և, հետևաբար, թե ով է ենթակա աստվածային դատաստանի և մահապատժի։ Ինչպես որ այս զոհասեղանի քահանաներն էին միջոց հանդիսանում ժողովրդի սրբագործման համար, այդպես էլ քաղաքը և նրա բնակչությանը կործանող հրեշտակներն իրենց գործունեությամբ՝ մեղավորների պատժի միջոցով, իրականում սրբացրին Երուսաղեմը և սրբագործություն կատարեցին:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Ահա վեց մարդ էր գալիս դէպի հիւսիս նայող բարձր դռան ճանապարհով՝ իւրաքանչիւրի ձեռքին տապար: Դրանց մէջ էր նաեւ սքեմով մի մարդ՝ մէջքին շափիւղաներով ականակապ գօտի: Մտան կանգնեցին պղնձէ զոհասեղանի առաջ:
(Արարատ թարգ․) Եվ ահա վեց մարդ էր գալիս վերին դարպասի ճանապարհով, որ դեպի հյուսիս է, և ամեն մարդ՝ իր քանդող գործիքն իր ձեռքին. նրանց մեջ մի մարդ կար՝ քաթանով զգեստավորված ու գրագրի մի թանաքաման իր մեջքին. եկան ու կանգնեցին պղնձե զոհասեղանի մոտ։
(Գրաբար) Եւ ահա արք վե՛ց գային ընդ ճանապարհ բարձո՛ւ դրանն՝ որ հայի ընդ հիւսւսի, և իւրաքանչիւր տապար ‘ի ձեռին իւրում. և ա՛յր մի ‘ի մէջ նոցա զգեցեալ պճղնաւոր, և կամար ականակապ յականց շափիղ’այ ընդ մէջ իւր. և մտին կացին առաջի պղնձի սեղանոյն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: