Եզեկիելի մարգարեության մեկնություն 10։2

Ա. Լոպուխին

«Եվ խոսեց Նա քաթանե հագուստով զգեստավորված մարդու հետ և ասաց. «Մտի՛ր քերովբեների տակի անիվների միջև և ափերդ լցրո՛ւ վառվող ածուխներով ու դրանք ցրի՛ր քաղաքի վրա»․ և նա մտավ իմ աչքերի առաջ»։ [2] (Սինոդական թարգ․)
   
   «Եվ խոսեց Նա» - եբրայեցերենում առանց ենթակայի է․ դրա բացակայության վերաբերյալ բացատրությունը տե՛ս 2:1-ին, 8։3-րդ և 7-րդ համարներում։

   «Քաթանե հագուստով զգեստավորված մարդու հետ» - որը անմիջապես առաջ եղել էր միջնորդ ողորմածության համար, իսկ այժմ դառնում է պատժի՛ միջնորդ. սակայն այս հրեշտակին վերապահված պատիժը հեռու է նախորդի նման կործանիչ և աղետալի լինելուց։ Դեռ ավելին, Աստծո ձեռքերում բոլոր պատիժներն էլ լի են ողորմածությամբ:

   «Անիվների միջև» - Անիվներն այստեղ առաջին անգամ, ինչպես հաջորդիվ արդեն 6-րդ և 13-րդ համարներում, կոչվում են «գալգալ» հատուկ անունով (մրրիկի մի հատուկ տեսակ է)․ այդ անվան վրա մարգարեն միտումնավոր կենտրոնանում է 13-րդ համարում, որտեղ էլ տե՛ս դրա բացատրությունը։

   «Քերովբեների տակի» - եբրայեցերենում եզակի թիվը կիրառված է հավաքական նշանակությամբ՝ անիվների հավաքական անվանմանը համապատասխան՝ հակառակ այն բանի, որ նախորդ համարում կիրառված է հոգնակի թվով։ Համաձայն 1:15-րդ համարի՝ անիվները գտնվում էին քերովբեների կողքին։ Այստեղ գործածվող «տակ» եզրույթը միայն ավելի ճշգրիտ կերպով որոշարկում է նրանց գտնվելու վայրը. քանի որ քերովբեներն ավելի շուտ սավառնում էին օդում, քան թե քայլում գետնի վրայով, ուստի անիվները չէին կարող քերովբեներից ավելի ցածր և գետնին ավելի մոտ լինել:

   «Ափերդ լցրո՛ւ վառվող ածուխներով» - Հրեշտակը կարող էր իր ձեռքերով վերցնել տաք ածուխը, քանի որ նա վերզգացական բնություն ունի։ Ճիշտ է, ​​Եսայու տեսիլքում հայտնված սերովբեն այնտեղ աքցան էր օգտագործում, ինչը մեզ խորհել է տալիս այն մասին, որ թերևս այստեղ արդեն հրեշտակների հոգևորության մասին պատկերացումները բավականին մեծ զարգացում են ապրել:

   «Ու դրանք ցրի՛ր քաղաքի վրա» - Երուսաղեմը պետք է կործանվի, ինչպես Սոդոմը։ Հրեշտակի համար որպես կործանման զենք են ծառայում ածուխները (հմմտ. Սաղմ. 119:4, Ես․ 10։16՝ ըստ եբրայական տեքստի), որոնք Եսայի մարգարեության պարագայում Աստծո առջև մաքրում էին մարգարեի բերանը՝ վերցված լինելով հոգևոր ողջակեզների զոհասեղանից (1:13-րդ համարի բացատրությունը), ինչպես Հայտնության 8։5-րդ համարի պարագայում էր՝ որպես նշան այն բանի, որ այս ողջակեզն իր կիզումով իսկ ոչնչացնում է մեղսավոր ամեն բան:

   «Իմ աչքերի առաջ» - տե՛ս 9։1-ին համարի բացատրությունը («իմ ականջներին»)։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Եւ ասաց սքեմ հագած մարդուն. «Մտի՛ր այդ անիւների մէջտեղը, քերովբէների տակ, բուռդ լցրո՛ւ այդ քերովբէների մէջտեղում եղող շիկացած ածուխներով ու դրանք ցանի՛ր քաղաքի վրայ»:
(Արարատ թարգ․) Եվ նա խոսեց քաթանով զգեստավորված մարդուն՝ ասելով. «Մտի՛ր քերովբեների տակի անիվների միջև և ափերդ լցրո՛ւ քերովբեների միջի կրակի կայծերով ու դրանք ցրի՛ր քաղաքի վրա»։ Եվ նա իմ աչքերի առաջ մտավ։
(Գրաբար) Եւ ասէ ցայրն՝ որ զգեցեալն էր զպատմուճանն սուրբ. Մո՛ւտ ՚ի մէջ անուոցդ և ՛ի ներքոյ քրովբէիցդ` և լի՛ց զագուռս քո կայծակամբք հրոյ ՛ի միջոյ քրովբէիցդ. և ցանեա ՚ի վերայ քաղաքին, և եմուտ այրն առաջի իմ՝: