Մովաբի անհույս վիճակը
1. Սելայից անապատի ճանապարհով դեպի Սիոնի դստեր լեռը գառնե՛ր ուղարկեք երկրի տիրակալին։
2. Բնից վտարված թպրտացող թափառական թռչնի նման այնպիսին պիտի լինեն Մովաբի աղջիկներն Առնոնի անցքերում։
3. Խորհո՛ւրդ տուր, դատաստա՛ն արա, տարածի՛ր քո հովանին գիշերվա նման՝ օրվա կեսին, թաքցրո՛ւ աքսորյալներին, փախստականներին մի՛ բացահայտիր։
4. Մովաբի աքսորյալները թող պանդխտեն քեզ մոտ. դու նրանց համար ապաստա՛ն եղիր կործանողի դեմ. բռնությունը կդադարի, ավերողը վերջ կգտնի, երկիրը ոտքի կոխան անողները կվերանան երկրից։
5. Մի աթոռ պիտի հաստատվի ողորմածությամբ, և նրա վրա՝ Դավթի վրանում, ճշմարտությամբ պիտի բազմի մի դատավոր, որ հետամուտ պիտի լինի իրավունքին և շուտով արդարություն պիտի գործադրի։
6. Մենք լսեցինք Մովաբի ամբարտավանության մասին. նա խիստ ամբարտավան է. նրա գոռոզությունը, ամբարտավանությունը և հոխորտանքը անհիմն դատարկություն են։
7. Դրա համար Մովաբը թող ողբա. բոլորը թող ողբան Մովաբի վրա։ Սգացե՛ք և հեծեծե՛ք Կիր-հարեսեթի մարդկանց համար,
8. քանզի Եսեբոնի դաշտերը չորացան, Սիբմահի որթատունկերը՝ նույնպես. ազգերի տիրակալները կտրատեցին ընտիր ճյուղերը, որոնք հասնում էին մինչև Հազեր, տարածվում էին դեպի անապատը, նրա շառավիղները ձգվում անցնում էին ծովից այն կողմ։
9. Դրա համար Հազերի լացով լաց եմ լինելու Սեբամայի որթատունկի համար, աչքերիս արտասուքով ոռոգելու եմ ձեզ, ո՛վ Եսեբոն ու Եղեաղե, որովհետև դադարեց ձեր հնձի և այգեկութի աղաղակը։
10. Ուրախությունն ու ցնծությունը պիտի վերանան բարեբեր արտերից, այգիներում չի լինելու ո՛չ ցնծություն, ո՛չ երգ, և հնձաններում գինի կոխոտողն այլևս չպիտի կոխոտի։ Ես դադարեցրի աղաղակը։
11. Ահա թե ինչու իմ սիրտը քնարի նման հեծեծում է Մովաբի վրա, և իմ հոգին՝ Կիր-հարեսեթի վրա։
12. Պիտի երևա, թե ինչպե՛ս Մովաբը հոգնում է բարձր տեղի վրա, երբ մտնում է իր սրբարանն աղոթելու, բայց ոչինչ չի ունենալու։
13. Սա է այն խոսքը, որ Տերը վաղուց ասել է Մովաբի մասին։
14․ Բայց այժմ Տերը խոսում է և ասում. «Երեք տարում, վարձկանի տարիների նման, պիտի անարգվի Մովաբի փառքն իր ամբողջ մեծ բազմությամբ, իսկ մնացորդը փոքրաթիվ, անզոր պիտի լինի»։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: