Ծննդոց գրքի մեկնություն 10:1

Ա. Լոպուխին

Սրանք են Նոյի որդիների` Սեմի, Քամի, Հաբեթի սերունդները. Ջրհեղեղից հետո նրանք որդիներ ունեցան: (Սինոդական թարգ․) [1]
   

   Նոյի որդիների` Սեմի, Քամի, Հաբեթի սերունդները… Սա մեզ լավ հայտնի ընդհանուր վերնագիր է նոր բաժնի կամ, ըստ հրեական շարադրանքի, նոր «տոլեդոտի» համար: Դատելով նրա վերնագրից, տվյալ բաժինը իր մեջ ներառում է Նոյի երեք որդիների` Սեմի, Քամի, Հաբեթի սերնդաբանությունը, ասել է թե` հետջրհեղեղյան մարդկության գլխավոր ծնունդների թվարկումը: Աստվածաշնչյան վաղ շրջանի պատմության ուսումնասիրվող սույն բաժինը, հաջորդ 11-րդ գլխի հետ միասին վերցրած` ոչ միայն սոսկ աստվածաշնչյան, այլև մարդկության համաշխարհային պատմության կարևորագույն հուշարձաններից մեկն է: Այն հայտնի է «ազգերի աղյուսակ» կամ «ազգագրական աղյուսակ» անվանումով, քանզի նպատակ ունի պարզաբանելու նախնադարյան մարդկության ծագումն ու տարածումը հին աշխարհի տարբեր կողմերում:

   Այնուամենայնիվ, որպեսզի ճիշտ դատենք աստվածաշնչյան այս ժողովրդագրության մասին և նրա նկատմամբ չներկայացնենք ինչ-որ անհամապատասխան պահանջներ, հարկ է նկատի ունենալ հետևյալը: Արևելքում հնագույն ժողովուրդների ծագումնաբանական աղյուսակը եղել է նրանց համար ամենից կարևոր և լայն տարածում ունեցող երևույթ, անցյալի ամենագլխավոր ու գրեթե եզակի վավերագիրը` խնամքով պահպանված և սերնդեսերունդ փոխանցված: Սակայն հենց այսօրինակ արձանագրություններին բնորոշ է եղել այն, որ դրանք երբևէ առանձնապես աչքի չեն ընկել ամբողջականությամբ և մանրակրկիտությամբ, այլ առավել սեղմ ձևով գրառել, պահպանել են սոսկ ամենից երևելին ու հիշարժանը: Այստեղից հետևում է որ նախ աստվածաշնչյան սույն աղյուսակը, հիրավի, վաղնջական անցյալի հուշարձան է` Աբրահամի դարաշրջանից եկող և, հավանաբար, Նոյի ընտանիքից սկիզբ առնող և երկրորդ, վերոնշյալից հետևում է նաև այն, որ այդ ծագումնաբանության մեջ առկա չէ և կարիք էլ չկա փնտրելու բոլոր ծնունդների և ցեղային խմբերի լիակատար թվարկումը, այլ հարկ է նկատել որ գրի է առնված այն, ինչը սեմակաների տեսանկյունից արժանի էր հիշատակելու ու պահպանելու ավանդույթի մեջ, հետևապես միանգամայն անհիմն է աստվածաշնչյան այս աղյուսակում բոլոր ազգերի մասին հիշատակություններ որոնելը, հատկապես նրան հանդիմանելն այն ժողովուրդներին բաց թողնելու համար (օրինակ` Ամերիկայի բնակիչներին), որոնք գոյություն չեն ունեցել ոչ միայն Աբրահամի, այլև Մովսեսի` սույն աղյուսակը վերջնական խմբագրողի ժամանակաշրջանում:

   Հետո` հինարևելյան ծագունաբանական ցանկերը բավական ինքնատիպ են. երբեմն դրանք թվարկումը վարում են ըստ առանձին վառ անհատականությունների, զորօրինակ, ինչպես արդեն տեսել ենք կայենականների և սեթականների մինչջրհեղեղյան շրջանի  տոհմաբանության մեջ, երբեմն էլ տալիս են հավաքական բնորոշումներ ամբողջ ցեղային խմբերին և, վերջապես, այս կամ այն ժողովրդին երբեմն էլ անվանում են այն երկրի անունով, որտեղ նա բնակություն է հաստատել:

   Մեր ուսումնասիրության առարկա հանդիսացող աստվածաշնչյան սույն աղյուսակում կիրառված է նշված ծագումնաբանական երեք հնարքներն էլ. քննադատների խնդիրը կայանում է նրանում, որ ճշտգրտորեն բացահայտեն այս կամ այն հատուկ անվան գործածության իմաստը, (ծագումնաբանական օղակ, եզրույթ), և ոչ թե սեփական մոլորությունն ու պատկերացումների խառնաշփոթը ներկայացնեն որպես աստվածաշնչյան հեղինակի սխալմունք:

   Այս ամենն աչքի առաջ ունենալով և աստվածաշնչյան տվյալները համադրելով ասորական ու եգիպտական հնագույն աղբյուրների հետ` մերօրյա գիտնականներն ավելի ու ավելի են սկսում համոզվել ազգերի աստվածաշնչյան սույն աղյուսակի բնագրային իսկության, հավաստիության և կարևորության մեջ: Զորօրինակ` ֆրանսիացի անվանի արևելագետ Լենորմանն այն անվանում է «առավել հին, առավել թանկարժեք ու հին աշխարհում ժողովուրդների տարաբնակեցման մասին լիակատար պատմության» վավերագիր, և ասում, որ «դրա իսկությունը զարմանալիորեն հաստատում են համեմատական լեզվաբանությունը և տարբեր ազգերի ֆիզիոլոգիական հետազոտությունները»:

   Ժողովուրդների աղյուսակը հետապնդում է երեք նպատակ. առաջին հերթին այն հաստատում է մարդկային ցեղի միասնականության ճշմարտացիությունը, ցույց տալով, որ համայն մարդկությունն առաջացել է սոսկ այս  երեք ճյուղերից, որոնք, իրենց հերթին, սկիզբ են առել մեկ ընդհանուր արմատից, երկրորդ` այն ամրագրում է աստվածընտիր հրեա ժողովրդի հետ սեմական ցեղի մյուս ժողովուրդների ցեղակցության փաստը և, ի վերջո, առավել հեռավոր իմաստով ցույց է տալիս Աստվածային արարումների ճակատագիրը ժողովուրդների համաշխարհային պատմության մեջ:

   Իբրև ամփոփում այս ամենի` պետք է նշել, որ աստվածաշնչյան ազգագրական սույն աղյուսակի մասին ճիշտ դատելու համար անհրաժեշտ է մշտապես նկատի ունենալ այն, որ նրանում նշված ելման կետն ու մեկնակետը ինչպես ժամանակի, այնպես էլ տարածության իմաստով հարաբերական է. 11-րդ գլխի 2-րդ համարից երևում է, որ Ծննդոցի տարեգրի համար այս իմաստով ելակետ է ծառայել Սենաարի հարթավայրը` Բաբելոնյան աշտարակաշինությունից հետո ազգերի սփռման պահին, և եթե Մովսեսը հետագայում հնագույն այդ ավանդույթը ընդլայնել և համալրել է իր ժամանակի տվյալներով, ապա հենց ինքն էլ, հավատարիմ մնալով այդ վաղեմի ավանդույթի ոգուն, առավելապես իր ուշադրությունը հատկացրել է Պաղեստինի հարևան երկրների բնակիչներին և հրեաներին ծագումով մոտ ազգատոհմերին:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Սրանք են Նոյի որդիների՝ Սէմի, Քամի, Յաբէթի սերունդները. ջրհեղեղից յետոյ որդիներ ծնուեցին նրանց:
(Արարատ թարգ․) Սրանք են Նոյի որդիների՝ Սեմի, Քամի և Հաբեթի սերունդները: Եվ ջրհեղեղից հետո նրանց որդիներ ծնվեցին:
(Գրաբար) Եւ ա՛յս են ծնունդք որդւոցն Նոյի. Սէ՛մ, Քամ, Յաբեթ. և ծնան նոցա որդիք յետ ջրհեղեղին։