Ծննդոց գրքի մեկնություն 10:3

Ա. Լոպուխին

Գամերի որդիներն են Ասքանազը, Րիփաթը և Թորգոման:(Սինոդական թարգ․) [3]
   

   Գամերի որդիներն են Ասքանասզը ... Հիմնվելով այն իրողության վրա, որ ժամանակակից հրեաները Գերմանիան կոչում են «Աշքենազ», մեկնիչների գերակշռող մասը գերմանացիներին է տեսնում Ասքանազ անվան մեջ: Մինչդեռ, քանի որ Աստվածաշնչյան աղյուսակը նկատի ունի գրեթե բացառապես ասիական տարածքը` մարդկության համընդհանուր բնօրրանը, ուստի մենք  պետք է այս եզրահանգման մեջ լուրջ շտկումներ կատարենք: Նշված ազգությունը որոշարկելուն մեզ ամենից շատ օգնում է Երեմիա մարգարեն (Եր. 51:27), ով թվարկելով Բաբելոնը նվաճելու գնացող Կյուրոսի զորքում եղած ազգերը, Արարատ և Միննի ժողովուրդների կողքին նշում է նաև Ասքանազը, ինչից հասկանում ենք, որ այս ազգատոհմը ևս բնակվում էր Արմենիայի կամ Փոքր Ասիայի շրջանակներում: Սրամտությունից զուրկ չէ նաև այն կռահումը, թե հենց այդ ազգի անունից է իր անվանումն ստացել Սև ծովը կամ, հնադարում Եվքսինյան Պոնտոս ծովը: Լիովին ճշմարտանման է նաև այն իրողությունը, որ այս ազգաբնակչությունը, դուրս գալով իր առաջին բնակատեղիից, ժամանակի ընթացքում կանգ է առել Արևմտյան Եվրոպայում և այստեղ սկզբնավորել ապագա Գերմանիայի բնակչությունը:

   Րիփաթ ... Աստվածաշնչի մեկ այլ տեղում, հավանաբար արտագրողների սխալի պատճառով, այս անվան սկզբնատառը փոխարինվել է ուրիշ տառով և ստացվել է «Դիֆատ» (Ա Մնաց.1:6, մի քանի ձեռագրում միայն): Հ. Փլաբիոսը նույնացնում է սրանց Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում բնակված պաթլագոնացիների հետ, իսկ հետագա դարերի մեկնիչների մեծ մասը հակված է սրանց տեղադրելու Կասպից ծովի հյուսիսում գտնվող Րիփայան լեռներում:

   Թորգոմա…Այս անվանումը երկու անգամ հանդիպում է Եզեկիել մարգարեի մոտ` որպես տյուրոսցի վաճառականներին ձիեր ու ջորիներ մատակարարողներ (Եզեկ. 27:14, 38:6): Ըստ ավանդության որ պահպանվել է Մովսես Խորենացու կողմից, հայերի նախահայրը Թորգոմի որդին է եղել, ինչն էլ վճռում է վերոնշյալ ազգության հարցը, այն է` նույնացվում է հայերի հետ:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Գամերի որդիներն են Ասքանազը, Րիփաթը եւ Թորգոման:
(Արարատ թարգ․) Եվ Գոմերի որդիներն էին Ասքանասը, Րիփաթը և Թորգոմը:
(Գրաբար) Եւ որդիք Գամերայ՝ Ասքանա՛զ. և Րիփաթ, և Թորգոմա։