Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
5-6. «Այս տասներկուսին Հիսուս ուղարկեց և պատվիրեց նրանց՝ ասելով. «Դեպի հեթանոսները տանող ճանապարհով չգնաք և սամարացիների քաղաք չմտնեք»: «Այլ ավելի լավ է՝ գնաք Իսրայելի տան կորած ոչխարների մոտ»։
Այժմ տեսնենք, թե Քրիստոս դեպի ուր և ում մոտ է ուղարկում նրանց: «Այս տասներկուսին, — ասում է, — Հիսուս ուղարկեց»: Իսկ նրանք ո՞վքեր էին: Ձկնորսներ, հարկահավաքներ: Նրանցից չորսը ձկնորսներ էին, երկուսը՝ Մատթեոսն ու Հակոբոսը, հարկահավաքներ (մաքսավորներ), իսկ մեկը՝ դավաճան:
Հիսուս ի՞նչ է ասում նրանց (առաքյալներին): Անմիջապես հրամայում է՝ ասելով. «Դեպի հեթանոսները տանող ճանապարհով չգնաք և սամարացիների քաղաք չմտնեք: Այլ ավելի լավ է՝ գնաք Իսրայելի տան կորած ոչխարների մոտ»:
«Մի՛ մտածեք, — ասում է Քրիստոս, — թե Ես նրանց նկատմամբ ատելություն և զզվանք եմ տածում այն պատճառով, որ նրանք Ինձ անվանարկում և դևահար են անվանում. ընդհակառակը, Ես ձգտում եմ ամենքից ավելի առաջ նրա՛նց ուղղել, և ձեզ արգելում եմ գնալ այլ ժողովուրդների մոտ ու մասնավորապես հենց նրա՛նց մոտ եմ առաքում ձեզ՝ որպես ուսուցիչների ու բժիշկների: Եվ ոչ միայն արգելում եմ ձեզ նախքան նրանց քարոզելը մեկ ուրիշ ժողովրդի քարոզել, այլ նույնիսկ չեմ իսկ թույլատրում գնալ ա՛յն ճանապարհով, որը տանում է հեթանոսների մոտ, և արգելում եմ մուտք գործել սամարացիների քաղաք»:
Իսկ ահա սամարացիները հրեաների հակառակորդներն էին, չնայած որի՝ նրանց դարձի բերելն ավելի հեշտ էր, քանի որ նրանք շատ ավելի հակված էին հավատքին, իսկ հրեաներին դարձի բերելն ավելի դժվար էր: Եվ, այդուամենայնիվ, Հիսուս առաքյալներին ուղարկում է համառ հրեաների՛ մոտ քարոզչության՝ դրանով իսկ ցույց տալով Իր հոգատարությունը նրանց նկատմամբ, փակելով հրեաների ամբաստանող բերանները և հարթելով առաքելական քարոզչության ճանապարհը, որպեսզի հետո նրանք (հրեաները) չկարողանային բողոքել, թե առաքյալները գնացել են չթլփատվածների մոտ, ու հենց այդ «հիմնավոր» պատճառով էլ, իբրև թե, իրենք խուսափել են առաքյալներից և հեռացել են նրանցից: Իսկ նրանց «կորած ոչխարներ», և ոչ թե՝ «մոլորվածներ» անվանելով՝ Հիսուս հրեաներին ամեն կերպ ներշնչում է թողության մասին միտքը և այդպիսով գրավում է նրանց սրտերը:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
5-6. Նրանց Տասներկուսին Յիսուս ուղարկեց, պատուիրեց նրանց ու ասաց. «Հեթանոսների շրջաններով չգնաք եւ սամարացիների որեւէ քաղաքը չմտնէք, այլ աւելի շուտ գնացէ՛ք Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ:
Նրանց տասներկուսին Հիսուսն ուղարկեց և պատվիրեց նրանց՝ ասելով: Դեպի հեթանոսները [տանող] ճանապարհով մի՛ գնացեք և սամարացիների քաղաքը մի՛ մտեք:Այլ առավել գնացեք Իսրայելի տան կորած ոչխարների մոտ:
Ավետարանիչը պատվում է [նրանց՝ ասելով], թե [Հիսուսն ուղարկեց նրանց], ում կանչեց և իշխանության շնորհով մեծարեց. թեպետ ոմանք աղքատ էին ու ձկնորս, սակայն կանչվելուց հետո [Տերը նրանց] հարստացրեց ու արդարացրեց՝ ըստ առաքյալի. «Որոնց որ կանչեց, նրանց էլ արդարացրեց, և որոնց արդարացրեց, նրանց էլ փառավորեց» (Հռոմ. 8։30): [Ուղարկեց] ի՞նչ նպատակով: Որ առանց վարձատրության քարոզեին և մարդկանց փրկեին մեղքից, ինչպես Ինքը Հիսուս Փրկիչը: Նաև որ խոսքով սովորեցնեին և հրաշքներով հաստատեին այն, չարչարվեին ինչպես Նա և Նրա փառավոր աստվածության պատկերն ընդունեին: Եվ արժանավոր պատվիրաններ տվեց ինչպես բարեկամների ու սիրելիների՝ ըստ այսմ. «Դուք Իմ բարեկամներն եք.... որովհետև ինչ որ լսեցի Հորից, հայտնեցի ձեզ» (Հովհ. 15։14-15): Որովհետև ընդհանուրի համար տրված պատվերներից հետո այժմ ավելի բարձր՝ [հոգևոր] ուսուցիչներին վերաբերող պատվեր է տալիս և [ընդհանուրի համար եղած պատվերներից] բնավ չի հիշատակում սրանց մոտ, որովհետև դրանք անթերի ունեին: Այլ ավելի մեծ [պատվեր] է տալիս, որն այսպիսին է.
Նախ անհիշաչարություն է սովորեցնում աշակերտներին: Որովհետև թեպետ Ինձ անարգեցին ու «դիվահար» կոչեցին, ասում է, սակայն այնքան ազատ եմ նախանձից, որ նրանցից երեսս չեմ դարձնում և ոչ միայն օտարներից ինձ հեռու եմ պահում, այլև նրանց մոտ տանող ճանապարհներով թույլ չեմ տալիս գնալ: Երկրորդ՝ փակում է հրեաների բերանը, որպեսզի չասեն թե՝ «Անթլփատների մոտ գնացին և մեր Օրենքին հակառակ՝ ընթացան սամարացիների մոտ, այդ պատճառով էլ չհավատացինք», և չհամարեն, թե իրավունք ունեն փախչելու: Ուստի հեշտությամբ ընդունողներին [Տերը] թողնում և [առաքյալներին] ուղարկում է դժվարությամբ ընդունողների մոտ, որպեսզի վերջիններիս հանդեպ Իր խնամքը ցույց տա: Եվ «կորած ոչխարներ» է կոչում, որպեսզի նրանց միտքը հավանության բերի և թողության ու ներման առիթ ստեղծի, որպեսզի հուսահատվելով չհեռանան, այլ դարձի գան ու բժշկվեն: Իսկ եթե դարձի չգան, իրե՛նք իրենց կորստյան պատճառը կլինեն, ինչպես երբ [առաքյալներն] ասացին. «Այս խոսքը ձե՛ր փրկության համար ուղարկվեց. բայց որ չեք ընդունում, կգնանք հեթանոսների մոտ» (հմմտ. Գործք 13։26, 46): Եվ երրորդ՝ զգաստացնում է առաքյալներին, թե կորսվածներին պետք է մեծ ջանք ու ճիգ թափելով վերստանալ, [զանազան] միջոցների դիմելու և չարչարանքի ճանապարհով գտնելով նրանց՝ ճշմարտության փարախի մեջ հավաքել:
Իսկ այլաբանորեն [նշանակում է]՝ հեթանոսական սովորություններով ու վարքով մի՛ շարժվեք և չարի թակարդների մեջ մի՛ ընկեք՝ որս դառնալով, որովհետև «Սամարիա»-ն որս է նշանակում: Այլ առավել զգոն ու հանդարտ կյանքով, մաքուր ու ողջակիզելի ոչխար լինելով, աստվածատե՛ս եղեք և երբ [այսպիսի կյանքից] վրիպածների գտնեք, պակասածին ու շեղվածին [ոչխարների] թվի ու կարգի մե՛ջ առեք:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
5-16․ Նրանց Տասներկուսին Յիսուս ուղարկեց, պատուիրեց նրանց ու ասաց. «Հեթանոսների շրջաններով չգնաք եւ սամարացիների որեւէ քաղաքը չմտնէք, այլ աւելի շուտ գնացէ՛ք Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ: Եւ երբ գնաք, քարոզեցէ՛ք եւ ասացէ՛ք. «Երկնքի արքայութիւնը մօտեցել է»: Հիւանդներին բժշկեցէ՛ք , բորոտներին մաքրեցէ՛ք, դեւերին հանեցէ՛ք, ձրի առաք, ձրի էլ տուէ՛ք: Մի՛ ունեցէք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ եւ ո՛չ էլ պղինձ դրամ՝ ձեր գօտիների մէջ. ո՛չ պարկ՝ ճանապարհի համար. ո՛չ երկու զգեստ, ո՛չ կօշիկներ եւ ո՛չ էլ ցուպ. որովհետեւ մշակն արժանի է իր կերակրին: Որ քաղաքը կամ գիւղը մտնէք, հարցրէ՛ք, թէ ո՛վ է այնտեղ արժանաւորը, եւ այնտեղ մնացէ՛ք, մինչեւ որ այդտեղից դուրս ելնէք: Եւ երբ այն տունը մտնէք, ողջո՛յն տուէք նրան ու ասացէ՛ք. «Ողջո՜յն այս տանը»: Եթէ տունն արժանի է, ձեր ողջոյնը նրա վրայ թող իջնի. իսկ եթէ արժանի չէ, ձեր ողջոյնը ձեզ թող վերադառնայ: Եւ եթէ մի քաղաք չընդունի ձեզ եւ չլսի ձեր խօսքերը, այդ քաղաքից դուրս գնալիս՝ ձեր ոտքերից փոշին թօթափեցէ՛ք: Ճշմարիտ եմ ասում ձեզ, սոդոմացիների եւ գոմորացիների երկրի համար աւելի հեշտ պիտի լինի դատաստանի օրը, քան այդ քաղաքի համար»: «Ահա ես ձեզ ուղարկում եմ որպէս ոչխարներ՝ գայլերի մէջ: Այսուհետեւ խորագէ՛տ եղէք օձերի պէս եւ միամիտ՝ աղաւնիների նման:
Հիսուս բավարար չհամարեց առաքյալներին միայն պաշտոն տալ, այլ նրանց պաշտոնավարության համար ընդարձակ հրահանգներ էլ տվեց, մասամբ ծառայելու պայմաններ և մասամբ խրատական հորդորներ։ Մարկոսն ու Ղուկասն այդ հրահանգներից մի քանի համառոտ ակնարկներ են մեջ բերում, իսկ Մատթևոսը երկարորեն ու մանրամասնորեն է գրում, ինչը որ շատ բնական է, քանի որ ինքն էլ հրահանգներ ընդունող Տասներկուսից մեկն էր և պետք էր, որ ավելի ուշադրություն դարձներ իր անձնական գոծին։ Ճիշտ է, որ Հոբհաննես Ավետարանիչն էլ նույն Տասներկուսից էր, սակայն արդեն սացինք, թե Հովհաննեսն ավելի շատ գրելօվ, չի կրկնում մյուս ավետարանիչների գրածները և նույնիսկ առաքյալների ընտրությունը ,այլ մտադիր է չպատմված դեպքերի մասին պատմել և բացատրել վարդապետությունները։
Հիսուսի տված պատվերները կամ հրահանգները պարզելու համար, պետք է դրանք մասերի բաժանել՝ տարբերությունների համեմատ։
Առաջին մասը «Մատթ. 10:5–8» մի ընդհանուր ծրագիր է, որ ամփոփում է կատարելիք գործերը։ Քարոզների թեման պետք է լինի Երկնքի Արքայության բացահայտումը և այն ընդունելու համար անհրաժեշտ ապաշխարությունը․ «Քարոզեցէք եւ ուսուցէք, մերձեալ է արքայութիւն երկնից։ Եւ քարոզէին զի ապաշխարեսցեն»։ Այս քարոզության թեման Ավետարանի ընդհանուր բնաբանն է՝ Հովհաննես Մկրտիչն էլ այս խոսքերով սկսեց (Մատթ. 3:1-3), Հիսուսն էլ նույն խոսքերով սկսեց Իր քարոզությունը ( Մատթ. 4:17-22), անշուշտ, Իր աշակերտներն էլ չէին կարող այլ ուղղություն և սկզբնավորություն ունենալ։ Քարոզվող անձինք պետք է լինեին հրեաները։ Հեթանոսներին ու սամարացիներին քարոզելն արգելվում էր, սակայն արգելքը ժաամանակավոր էր և ժամանակի իրադարձություններին համապատասխան, որովհետև ավելի ուշ պիտի գար նաև հեթանոսներին քարոզելու ժամանակը։ Սկզբում պետք էր հրյաների հետ զբաղվել։ Արդեն արգելքն էլ բացարձակ չէ այնպես, որ հեթանոսներին և սամարացիներին քարոզելը հանցանք համարվի, սակայն ասում է ռավելապէս հրէաներին, «Այլ երթայք առաւել առ ոչխարսն կորուսնալս տանն Իսրաէլի»։ Քարոզությունների հետ բժշկություններ անելը դարձյալ կրկնում է, և հատկապես հիշում հիվանդներին, բորոտներին ու դիվահարներին։ Քարոզների բնույթը պիտի ամբողշությամբ ձրի լինի՝ առանց փոխարենը վարձ կամ գին պահանջելու։ Ավետարանի հայտնությունը իրենք ձրի ստացան, հետևաբար իրենք էլ պետք է ուրիշներին ձրի հաղորդեն։ Այս խոսքը պարունակում է հոգևոր օրենքը՝ նյութականի փոխարեն չտալու պայմանը, որը Եկեղեցու համար հիմնական օրենք է եղել։
Ձրիաբար քարոզելու պայմանը կարող է անմիջապես խնդիր հարուցել, թե «Որտեղի՞ց է ուրեմն քարոզողների ապրուստը»։ Նյութականի վերաբերյալ պատվերները կազմում են հրահանգի երկրորդ բաժինը, Մատթ, 10:9-15, Մարկ. 10:8-11 Ղուկ. 9:3-5։ Հիսուս հայտնում է․ «Արժանի է մշակն կերակրոյիւրում»։ Առաքյալները և ընդհանրապես բոլոր քարոզիչները Ավետարանի մշակներն են կամ աշխատող ծառաները։ Ինչպես ամեն մշակ որևէ նյութ չի վաճառում, այլ ուրիշի նյութի վրա աշխատանք է թափում և թափված աշխատանքի փոխարեն իրավունք ունի իր սնունդը կամ սննդի արժեքը ստանալ, նույնպես և առաքյլներն ունեն այդ իրավունքը։ Նյութն իրենցը չէ, որպեսզի վաճառեն, աշխատում են ուրեմն նաև սնունդ ստանալու իրավունք ունեն և այդ իրավունքով պետք է գոհ լինեն։ Հետեվաբար պետք չէ որ նախահոգ զգուշությամբ իրենց գոտու մեջ ոսկյա, արծաթյա կամ պղնձյա դրամ կրեն, և ո՛չ էլ ուղևորության պայուսակ կամ ճամպրուկ, ո՛չ հացի պաշար և ո՛չ էլ երկրորդ ձեռք հագուստն ունենան իրենց հետ, այն պատճառով, որ իրենց պետք եղածը գնացած և քարոզած վայրերում պիտի գտնեն, իսկ ավելորդ ունեցվածքն ու մթերքները կարող են իրենց գայթակղեցնել։ Մատթեոսի Ավետարանում «Մի երկուս հանդերձս» ասելուց հետո գրված է․ «Մի կոշիկս, մի՛ ցուպ»։ Բայց Ավետարանների համեմատելուց տեսնում ենք, որ Մարկոսի Ավետարանում գրված է ունենալ «բայց միայն գաւազան», ինչպես նաև գրված է «Այլ ագանել հողաթափս», որով իմանում ենք, թե հրամայված չէ ոտաբոբիկ քայլել առանց կոշիկի և ոչ էլ ուղևորին անհրաժեշտ գավազանից զրկվել, այլ արգելված է երկրորդ կոշիկն ու երկրորդ գավազանը, ինչպես արգելված է երկրորդ պահեստային զգեստը։
Որևէ քաղաք կամ գյուղ մտած պահին պիտի հարցնեն և իմանան իջևանելու հարմար և արժանի տան տեղը, այսինքն, քաղաքի կամ գյուղի կողմից ցույց տրված իրենց իջևանելու տան տեղը իմանալ և դրանով գոհ պիտի լինեն, առանց արվածից դժգոհելու և լավագույնները փնտրելու , այլ միևնույն տան մեջ այնքան պիտի մնան, մինչև այնտեղից մեկնելու օրը։ Քաղաքներում կամ գյուղերում, ուր հյուրանոցներ և իջևանատներ չկային և չկան, պանդուխտները և հյուրերը հերթով և աստիճանով գյուղացիների վրա են բաժանվում թե՛ օթևանելու և թե՛ կերակրվելու համար։ Եվ մի տեսակ մեծամիտ և անվայելուչ արարք է համարվում, երբ հյուրը կամ պանդուխտը ցույց տրված տեղից դժգոհում է՝ լավագույնը ունենալու համար գյուղացիների վրա ծանրանալո։ Հիսուս արգելում է այդ հանդուգն և պահանջկոտ վարմունքը։
«Եթե ցույց տրված տունը մտնեք, - ասում է,- ով էլ որ լինի տան տերը, ողջույն տվեք։ Արժանավոր է կամ անարժան, պատվավոր է կամ անպատիվ, խտրություն մի՛ դրեք, որովհետև, ինչպես առածն է ասում, ողջույն Աստծունն է և բոլորին պիտի տրվի»։ Սովորեցնում է նաև ողջույնի ձևը․ «Ողջույն տանս այսմիկ»։ Ողջույն բառով միաժամանակ ամեն տեսակ բարիքներ են մաղթվում ողջույնը ողջություն է, ողջույնը ամբողջութիւն է, ողջությունն իր բովանդակության բարիքների կատարելությունն է։ Հիսուս ասում է․ «Դու մի՛ վարանիր և մաղթանքդ կատարիր։ Եթե տունն արժանի է տեսնելու ողջույնիդ արդյունքը, ուրեմն մաղթանքդ ճիշտ տեղն է հասել և թող բարիքներ իջան այդ տան վրա։ Իսկ եթե տունն արժանի չէ ողջույնդ տեսնելու, մաղթանքդ ճիշտ տեղ չի հասել, ցանկացածդ բարիքներն այդ տան վրա չեն իջնի, բայց քո բարի փափագն ու լավ սիրտդ քեզ համար օգտակար կլինեն, որպես բարի գործ և տան փոխարեն դու վայելած կլինես բարեմաղթանքիդ արդյունքը»։ Այս է «Ողջոյնն ձեր առ ձեզ դարձցի» խոսքի իմաստը։
Հիսուս ավելացնում է, «Բայց եթե պատահի, որ մի քաղաք կամ գյուղ նույնիսկ չուզեց ձեզ ընդունել և լսել իսկ չկամեցավ ու ձեզ օթևանելու տուն էլ ցույց չտվեց, ամենևին մի ստիպեք, այլ թողեք այդ քաղաքը կամ գյուղը և դուրս եկեք։ Եվ իբրև բողոքի նշան, որ դուք ուզեցիք քարոզել, իսկ նրանք չուզեցին ձեզ լսել և ձեր հետ հաղորդակից ու մասնակից չեղան, ձեր կոշիկների փոշխն թափ տվեք»։ Այս բաժանման ձևը ժամանակի սովորության մեջ օգտագործվող մի ձև և առածի վերածված խոսք պիտի եղած լինի, հասկացնելու համար, թե քանի որ դիմացինը քեզ հետ չի ուզում հարաբերություն ունենալ, դու էլ նրա հետ երբեք մասնակից լինել չես ցանկանում։ Հիսուսի հրահանգած ձևն ավելի ըստ իմաստի պիտի ընդունենք և ոչ թե ըստ շոշոփելի գործողության, ճիշտ այնպես, ինչպես գրված է Սուրբ Գրքում․ «Ոչ կամեցավ զօրհնութիւն, հեռի եղիցի ի նմանէ» (Սաղմ. 104:18)։ Հիսուս նորից հավելում է․ «Բայց մյուս կողմից այդ քաղաքը կամ գյուղը պետք է իմանան, որ իրենց շատ ծանր պիտի նստի ձեզ մերժելն ու Ավետարանը անարգելը, որովհետև դատաստանի օրը ավելի ծանր դատապարտություն և պատիժ պիտի կրեն, քան թե Սոդոմն ու Գոմորը իրենց մեծամեծ ամբարշտությունների պատճառով»։ Դատաստանի օր ասվածի համար ո՛րը լինիել փնտրելու անհրաժեշտություն չկա, որովհետև վերջին դատաստանի օրը անհատները պիտի դատվեն, այլ ոչ թե հասարակությունները։ Քաղաքներ, գյուղեր կամ երկրներ օրերից մի օր աստվածային բարկության տակ պիտի ընկնեն և այդ պիտի լինի յուրաքանչյուրի դատաստանի կամ դատապարտության օրը։
Առաքյալների որևէ տեղ չընդունվելու ենթադրությունը առիթ է տալիս նրանց պատահելիք հակառակությունների, հալածանքների և նեղությունների մասին խոսելու։ Հիսուս Իր առաքյալների առջև կամաց-կամաց բաց է անում Ավետարանի քարոզիչներին և հետևողներին հանդիպելիք դժվարությունները, որովհետև Ավետարանի սկզբունքները պիտի հաճելի չլինեն, Իր խրատներն ու պատվիրանները ընդունելություն պիտի չգտնեն, մարդիկ պիտի դժվարանան նրա սովորեցրած ուղղությանը, սրբությանն ու արդարությանը համակերպվել։ Եվ Ավետարանն իբրև իրենց թշնամի նկատելով՝ այն քարոզողների և հետևողների դեմ պիտի դառնան։ Հիսուս շարունակում է․ «Դու՛ք, աշխարհի մեջ մտած ժամանակ, գայլերի ոհմակի մեջ գտնվող ոչխարների պիտի նմանվեք և չորս կողմից ձեր վրա հարձակվողներ պիտի տեսնեք, պետք է ուրեմն, ճիշտ գործելու համար խորագիտորթյունն ու միամտությունը իրար միացնեք»։
Խորագիտությունը՝ հանգամանքները կշռելու, մարդկանց ճանաչելու և անիմաստ հակառակության առիթներ չընծայելու խոհականությունն է։ Միամտությունն էլ քարոզությունը չխարդախելու և կեղծիքներով նրա վեհությունը չփչացնելու ակեղծությունն է։ Խորագիտության որպես օրինակ տրված է օձը, իսկ միամտության օրինակ՝ աղավնին, ինչպես որ սկզբում անգութ հակառակության որպես օրինակ տրվեց գայլը, իսկ տկար արդարության օրինակ՝ ոչխարը։ Հիսուսի խոսքերում օրինակներ, նմանություններ ու առակներ հաճախ են հանդիպում ևայստեղ ևս պահվել է նույն ոճը։
Մինչև այստեղ մեջբերված Հիսուսի խոսքերը շատ լավ պատշաճում են պատմության ներկա ժամանակամիջոցին, որտեղ Հիսուս Իր առաքյալներին առաջին անգամ ուղարկում էր Գալիլիայի քաղաքները և ուր դպիրների ու փարիսեցիների խուլ հակառակությունից բացի, այլ բան չեր սպասվում իրենց դեմ։ Հիսուս սույն հրահանգի շարունակության մեջ սկսում է խոսել ատյանների և դատարանների, դատավորների և իշխանների, հալածանքների, հափշտակությունների և սպանությունների մասին, որոնք բառացի հասկանալիս, չեն կարող ո՛չ պատշաճել և ո՛չ էլ արդարանալ Գալիլիայի նեղ սահմանների համար ասված լինելու, ուր այս անգամ գնում էին առաքյալնները, համառոտ, կարճ և առավելագույնը մի քանի ամիսներ շրջելու նպատակով։
Հավանական էլ չէ, որ Հիսուս ուզած լինի առաքյալների այդ առաջին անփորձ և դողդոջուն քայլերը սկսելիս, նրանց վհատեցնելու խոսքեր ասել, որի ժամանակ ավելի քաջալերելու, երկյուղն ու կասկածը փարատելու համապատասխան խոսքեր պետք է խոսեր։ Հետևաբար, ո՛չ Ավետարանին հակառակ և ո՛չ էլ ավետարանչի ուղղությունից խորթ կլինի ասելը, թե Մատթեոս, որ ինչպես տեսանք միշտ նմանողությունները իրար միացնելու ոճին է հետևում, Տասներկուսին տրված առաջին պատվերներին և հրահանգներին կցել է նաև այն պատվերներն ու հրահանգները, որոնք Հիսուս իրենց պատգամեց վերջին օրերում, նաև Իր հարությունից հետո, նախապատրաստելով առաքյալներին հրեաներին և հեթանոսների կողմից հարուցվելիք հալածանքներին։ Այդ տեսակետը հաստատվում է Մատթեոսի ներկա 10 գլուխը 24 գլխի հետ համեմատելով և նկատելով, որ Մարկոսն ու Ղուկասը այդպիսի պատվերներ այս առիթով ամենևին չեն հիշում և միայն բավարարվում են մի քանի համառոտ հրահանգներով։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: