Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
17-19. «Ասելով՝ «Մենք ձեզ համար փող փչեցինք, բայց դուք չպարեցիք. մենք ձեզ համար ողբալի երգեր երգեցինք, բայց դուք չողբացիք»»։ «Որովհետև եկավ Հովհաննեսը, ո՛չ ուտում էր, ո՛չ խմում, և ասում են. «Նրա մեջ դև կա»»։ «Եկավ Մարդու Որդին, ուտում է և խմում, ու ասում են. «Ահա մի մարդ, որը սիրում է ուտել և գինի խմել, մաքսավորների ու մեղավորների բարեկամն է»։ Եվ իմաստությունն արդարացվեց իր զավակներով»։
«Ո՞ւմ կնմանեցնեմ այս սերնդին, — ասում է Փրկիչը։ - Այն նման է երեխաներին, որոնք նստում են հրապարակներում և ձայն են տալիս իրենց ընկերներին։ Ասելով՝ «Մենք ձեզ համար փող փչեցինք, բայց դուք չպարեցիք. մենք ձեզ համար ողբալի երգեր երգեցինք, բայց դուք չողբացիք։ Որովհետև եկավ Հովհաննեսը, ո՛չ ուտում էր, ո՛չ խմում, և ասում են. «Նրա մեջ դև կա»։ Եկավ Մարդու Որդին, ուտում է և խմում, ու ասում են. «Ահա մի մարդ, որը սիրում է ուտել և գինի խմել, մաքսավորների ու մեղավորների բարեկամն է»» (Մատթ. 11:16-19)։
Այս խոսքերի իմաստը հետևյալն է. «Ես և Հովհաննեսը եկանք միմյանց հակադարձ ճանապարհներով և վարվեցինք ինչպես որսորդներ, որոնք, երկու հակառակ կողմերից ցանկանալով որսալ դժվարաբռնելի գազանին, կանգնում են միմյանց դեմ հանդիման՝ յուրաքանչյուրն իր ճանապարհին, և այդ գազանին այս ու այն կողմ են քշում, որպեսզի այդպիսով վերջինս անպայմանորեն ընկնի մեկի կամ մյուսի ձեռքը։
Նայի՛ր, իսկապես, թե ինչպիսի՜ զարմանքով է ամբողջ մարդկային սերունդը նայում այդ հրաշալի ճգնությանը և այս խստակյաց ու իմաստասիրությանը նվիրված կենցաղավարությունը։ Հենց դրա համար էլ նախասահմանված էր, որ Հովհաննեսը դեռ մանկությունից ի վեր սովոր լիներ այդպիսի խստակրոն կյանքի, որպեսզի նաև այդպիսով նրա քարոզությունն արժանահավատ դառնար։ Բայց ինչո՞ւ, - կասես, - Ինքը՝ Հիսուս չընտրեց այդ ճանապարհը։ Հակառակը՝ Հիսուս Ինքն էլ անցավ այդ ճանապարհով, երբ քառասուն օր ծոմ պահեց ու շրջագայեց երկրով մեկ՝ ուսուցանելով ժողովրդին և «գլուխ դնելու տեղ չունենալով» (հմմտ․ Մատթ. 8:20)։
Այդուամենայնիվ, Քրիստոս նաև մյուս ճանապարհով ընթացավ դեպի միևնույն նպատակը և, միաժամանակ, օգուտ քաղեց այն ճանապարհից, որով գնում էր Հովհաննեսը, որովհետև վկայություն ստանալ խստակյաց կյանքով ապրող մարդուց՝ նույնն էր, ինչ այդ ճանապարհով ընթանալը, կամ նույնիսկ ավելին։ Ավելին՝ Հովհաննեսը խստակյաց կենսակերպով ապրելուց բացի որևէ այլ նշան ցույց չտվեց, քանի որ Հովհաննեսը ոչ մի հրաշք չգործեց (Հովհ. 10:41), իսկ Փրկիչն Ինքն Իր մասին վկայեց և՛ նշաններով, և՛ հրաշքներով։ Այսպիսով, Հովհաննեսին թողնելով ճգնակեցությամբ փայլելու սխրանքը, Ինքը՝ Հիսուս, ընտրեց հակառակ ճանապարհը. սեղանակից դարձավ մաքսավորների, նրանց հետ կերավ և խմեց։
«Ասելով՝ «Մենք ձեզ համար փող փչեցինք, բայց դուք չպարեցիք. մենք ձեզ համար ողբալի երգեր երգեցինք, բայց դուք չողբացիք» - «Ձեզ համար փող փչեցինք», այսինքն՝ բարոյականության մասին ուսուցումը ձեզ քարոզվեց սրբազան և ուրախահունչ խոսքով։ «Ողբալի երգեր երգեցինք», այսինքն՝ ձեզ դիմեցինք լրջմիտ, ցավագին և ձեր անհավատության պատճառով ողբացող քարոզությամբ, մինչդեռ դուք լսում էիք, բայց չէիք պարում (ցնծում) այն ամենի համար, ինչը վերաբերում էր ձեզ, և ո՛չ էլ ողբում էիք այն բանի համար, ինչը վերաբերում էր հերետիկոսներին։
Եկավ Մկրտիչը, և ասում են՝ «նրա մեջ դև կա», սակայն Մկրտիչը դրանից չի բարկանում, այլ անում է իր անելիքը։ Տեսնո՞ւմ ես՝ նա (Հովհաննես Մկրտիչը) կրեց այն նույնը բեռը, ինչ և Փրկիչը։ Փրկչի մասին նույնպես հրեաներն ասում էին՝ «սամարացի ես Դու, և Քո մեջ դև կա» (Հովհ. 8:48)։ Եվ մի՞թե երանելի չէ այն քրիստոնյան, որը նույն վիրավորանքն է կրում, ինչ իր Տերը։
Պողոսը ճշմարտություն է քարոզում, իսկ Փեստոսը առարկում է՝ «Ցնորվում ես, Պողո՛ս, քո մեծ հմտությունը (իմացությունը) քեզ խելացնորության է տանում» (Գործք 26:24)։ Այն, ինչը լեցուն է առողջ բանականությամբ, խելագարություն է թվում նրա՛նց աչքին, ովքեր չեն կարողանում ընդունել դա։ Իսկ Պողոսը պատասխանում է՝ «Ո՛չ, պատվարժան Փեստոս,- ասաց նա,- ես խելացնոր չեմ, այլ ճշմարտության և առողջ բանականության խոսքեր եմ խոսում» (հմմտ․ Գործք 26:25)։ Տեսնո՞ւմ ես, թե ինչպիսի՜ ոգեշնչված համարձակություն է սա, որ թեպետ ոմանց խելացնորություն է թվում, բայց իրականում սավառնում է առողջ բանականության թևերով։
Հովհաննեսը նույնպես իր մասին լսում է, թե իբր իր մեջ «դև կա»։ Այդպես նաև հնում մարգարեներն էին իրենց մասին լսում դիվահար լինելու վերաբերյալ մեղադրանքներ։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
ձեզ համար փող հնչեցրինք, բայց չպարեցիք. ձեզ համար ողբ երգեցինք, բայց դուք լաց ու կոծ չարեցիք:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:16
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
ձեզ համար փող հնչեցրինք, բայց չպարեցիք. ձեզ համար ողբ երգեցինք, բայց դուք լաց ու կոծ չարեցիք:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:7
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: