Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
Եւ մինչ նա այս բանի մասին էր մտածում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց նրան եւ ասաց. «Յովսէ՛փ, Դաւթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մօտ առնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետեւ նրա մէջ ծնուածը Սուրբ Հոգուց է:
Եվ մինչ նա մտածում էր այս մասին, ահա Տիրոջ հրեշտակը տեսիլքում հայտնվեց նրան և ասաց:
Ինչո՞ւ [հրեշտակը չհայտնվեց Հովսեփին] հայտնապես, ինչպես Կույսի, Զաքարիայի և հովիվների առաջ, այլ երազի տեսիլքով երևաց նրան: Որովհետև այս մարդը մեծ հավատ ուներ և կարիք չուներ մարմնապես տեսնելու: Նաև պետք է պարզել, թե ինչո՛ւ [տեսիլքը] եղավ մտածմունքի մեջ նրա ընկնելուց հետո և ոչ թե առաջ: Որպեսզի նրան հավատալ տար, որ տեսիլքն Աստծուց է, Ով գիտի սրտի խորհուրդները:
Իսկ ինչո՞ւ Կույսը, նրան թախծած տեսնելով, նրան չէր հայտնում հրեշտակի ավետիսի և հրաշալի հղիության մասին:
Որովհետև սրանից [Հովսեփն] ավելի՛ կզայրանար՝ կարծելով, թե հանցանքը ծածկելու համար [Մարիամը] բարուրանքներ է կցկցում, քանի որ կատարվածն անհավատալի և աննախադեպ բան էր: Այլև՝ Կույսի լուռ մնալը նշան էր մեծ հավատի և համեստության, որովհետև գիտեր, որ ով տվել է իրեն այդ անարատ հղիության ավետիսը, նույնը կարող է նաև փարատել Հովսեփի կասկածները: Այս պատճառով էլ պատշաճ էր, որ հրեշտակը Կույսին երևար նախքան հղիությունը, որպեսզի [Կույսը], իմանալով հղիության պատճառը, անտեղի բաներ չմտածեր և տրտմությունից իրեն վնաս չհասցներ: Իսկ Հովսեփին [հրեշտակը հայտնվեց երազում], երբ փորձով երևաց նրա արդարությունը՝ Կույսի հանդեպ նրա ներողամիտ գտնվելով: Եվ ի՞նչ ասաց հրեշտակը.
Հովսե՛փ, Դավթի՛ որդի: Նախ հիշեցնում է նրան Դավթին, ումից Քրիստոսն էր լինելու, և նախնու անվամբ [Հովսեփի] մտքից հանում է խռովքը: Սրանով հիշեցնում է նաև ամբողջ ազգին տրված ավետիսի կատարումը: Մի՛ վախեցիր,– ասում է: Սա ասելով՝ ցույց է տալիս, որ [Հովսեփը] կասկածների մեջ էր, թե գուցե Աստծուն հակառակ բան է անում, որ հանցավորին պահում է իր տանը: Ուստի [հրեշտակը] նաև Կույսի անունն է տալիս.
Քեզ մոտ վերցնելու Մարիամին,– և ավելացնում է.– քո կնոջը: Այստեղ «կին» է կոչում նշանածին, ինչպես որ [Սուրբ] Գրքին հատուկ է նաև նշանված տղամարդկանց «փեսա» կոչել նախքան ամուսնությունը, ինչպես Ղովտի փեսաների դեպքում՝ ըստ նախապես [մեր] ասածի: Իսկ հրամայում է «վերցնել իր կնոջը»՝ ոչ թե ամուսնության համար, այլ նույն տեղում՝ [Հովսեփի] տանը, պահելու. որովհետև Հովսեփը մտքում [Մարիամին] իբրև արձակված [կին] էր համարում: Քո կողմից արձակվածին, ասում է, Աստված քեզ է հանձնել, որ լինես տեսուչ ու խնամակալ: Ինչպես որ հետո Քրիստոսն [Իր մորը] հանձնեց Իր աշակերտին՝ [Հովհաննեսին] 40, այդպես էլ այժմ Աստված հրեշտակի միջոցով [Մարիամին] հանձնում է Հովսեփին: Իմացի՛ր, ասում է [հրեշտակը], որ նրա հղիությունը ոչ միայն մաքուր է անօրեն խառնակությունից, այլև գերազանցում է [մարդկային] բնության օրենքները: Ուստի ոչ միայն պիտի հեռացնես վախը մտքիցդ, այլև ուրախանաս մեծապես:
Որովհետև նրա մեջ ծնվածը Սուրբ Հոգուց է: Նորահրաշ է այս խոսքը և գերազանցում է մարդկային բնությանը. ինչո՞ւ [հրեշտակը] «ծնված» ասաց և ոչ թե «հղացված»: Սրանով հայտնեց, որ [Աստծո] Խոսքը Մարիամի մեջ իջնելիս կատարյալ անդամներով է գոյացել և ո՛չ թե, ինչպես մենք, որովայնում գոյացել է քառասուն օրում:
Իսկ ինչո՞ւ [հրեշտակն ասաց]. «Սուրբ Հոգուց է»: Որպեսզի իմանաս, որ Աստծո Որդու տնօրենությունը ինչպես Հոր կամքով, այդպես էլ Հոգո՛ւ հաճությամբ եղավ՝ ըստ Գաբրիելի՝ Կույսին ասածի. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի – ասաց – քեզ վրա» (Ղուկ. 1։35), որպեսզի սրանով հայտնի դառնար, որ Սուրբ Երրորդությունը մեկ կամք ունի, և ցույց տրվեր, որ ոչ միայն Որդիով, այլև Հորով և Հոգով եղավ աշխարհի փրկությունը:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ մինչ նա այս բանի մասին էր մտածում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց նրան եւ ասաց. «Յովսէ՛փ, Դաւթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մօտ առնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետեւ նրա մէջ ծնուածը Սուրբ Հոգուց է։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 1:18
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: