Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 13:18

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

18-23. «Արդ դուք լսե՛ք սերմնացանի առակը»։ «Ամեն ոք, ով լսում է Արքայության խոսքը, բայց չի հասկանում, գալիս է չարը և հափշտակում նրա սրտի մեջ սերմանվածը. ահա թե որն ճանապարհի եզերքին սերմանվածը»։ «Իսկ քարքարոտ վայրում սերմանվածը նա է, ով խոսքը լսում է և իսկույն ուրախությամբ ընդունում է այն»։ «Բայց քանի որ իր մեջ արմատ չունի, այլ ժամանակավոր է, ապա երբ այդ խոսքի պատճառով նեղություն կամ հալածանք է լինում, իսկույն գայթակղվում է»։ «Իսկ փշերի մեջ սերմանվածը նա է, ով լսում է խոսքը, բայց այս աշխարհի հոգսերն ու հարստության պատրանքները խլացնում են այդ խոսքը, և այն անպտուղ է լինում»։ «Իսկ ահա բարեբեր հողի մեջ սերմանվածը նա է, ով լսում է խոսքը և հասկանում, որը և պտուղ է տալիս այսպես․ մեկի դիմաց՝ հարյուրապատիկ, մեկի դիմաց՝ վաթսունապատիկ, և մեկի դիմաց՝ երեսնապատիկ»։
   
   Հիսուս ի՞նչն էր անվանում «փշեր»։ Ասելով, որ մեկ սերմն ընկավ փշերի մեջ, և Իր աշակերտներին բացատրելով, թե ինչ են փշերը՝ Տերը նշում է. «Այս աշխարհի հոգսերն ու հարստության պատրանքները խլացնում են այդ խոսքը, և այն անպտուղ է լինում»։ Եվ Հիսուս շատ դիպուկ համեմատեց այս աշխարհի հոգսերը փշերի հետ. ինչպես փշերը թույլ չեն տալիս սերմին ծլարձակել, այլ խեղդում են բերքն իրենց խտությամբ, այդպես էլ այս կյանքի հոգսերը թույլ չեն տալիս հոգևոր սերմին պտուղ տալ, երբ այն ցանվում է հոգու մեջ, այլ, ինչպես փշերը, խեղդում և ոչնչացնում են այն՝ թույլ չտալով հոգևոր սերմին աճել։ «Ու հարստության պատրանքները», - ասում է Նա։ Հիսուս իրավացիորեն «պատրանք» է համարում հարստությանը, քանի որ այն իսկապես խաբուսիկ է։ Ի՞նչ օգուտ ունեն այդքան շատ ոսկե տաղանդները, այդքան շատ փողը։ «Այո, դրանք ձեռք բերելը, - ասում են մարդիկ, - շատ մեծ հաճույք է պատճառում»։ Ի՞նչ հաճույք։ Ի՞նչ է նշանակում հաճույք։ Մի՞թե դա չի առաջացնում անժամանակ տխրություններ և տարբեր տեսակի խնդիրներ։ Դեռ չեմ խոսում դրա պատճառով մեզ սպառնացող պատժի մասին։ Եվ այս ներկա կյանքում այդ «գործը» չի կարող որևէ հաճույք պատճառել, քանի որ այն ուղեկցվում է ամենօրյա անհանգստություններով և խնդիրներով։ Ինչպես ծովը ալեկոծվում է ալիքներից, այնպես էլ նման մարդու հոգին ալեկոծվում է մտածումներից ու կրքերից և թշնամանք է տածում բոլորի՝ թե՛ ընկերների, թե՛ անծանոթների նկատմամբ։ Եվ եթե այդպիսի մեկը կորցնի իր հարստության նույնիսկ մի փոքր մասը (և կան բազմաթիվ տարբեր դեպքեր, շատ դավաճանություններ ստրուկների կողմից և ճնշումներ իշխանության ներկայացուցիչների կողմից), ապա ճիշտ այդ ժամանակ կտեսնես, որ կյանքն անտանելի է դառնում փողամոլ մարդու համար։ Իսկապես ողբի են արժանի այն մարդիկ, որոնք փորձում են ամեն ինչ անել իրենց իսկ բարօրությանը հակառակվելով և ցանկանում են հարստություն կուտակել իրենց սեփական հոգուն հասցնելու գնով։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

«Եւ արդ, լսեցէ՛ք դուք սերմնացանի առակը.
   
   Եվ արդ՝ լսե՛ք դուք սերմնացանի առակը:

   Այսինքն՝ հասկացե՛ք առակով արտահայտված մտքերը, որ մի բան ասելով՝ [Տերը] մի ուրիշ բան է հայտնում: Կամ՝ լսե՛ք դուք, արժանավորներդ, որ տեսնում եք, լսում և հասկանում:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

«Եւ արդ, լսեցէ՛ք դուք սերմնացանի առակը.
   
   «Լսեցե՛ք դուք սերմնացանի առակը»:

   Իսկ այս առակը Ինքն իսկ մեկնում է, որի պատճառով պետք չէ երկարաբանել:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

«Եւ արդ, լսեցէ՛ք դուք սերմնացանի առակը.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:4