Ծննդոց գրքի մեկնություն 14:17

Ա. Լոպուխին

Երբ նա վերադառնում էր Քոդողագոմորին և նրա հետ եղած թագավորներին կոտորելուց, Շավեի ձորում, այսինքն՝ Թագավորների դաշտում նրան ընդառաջ գնաց սոդոմացիների արքան: (Սինոդական թարգ․) [17]

   

    Երբ նա վերադառնում էր Քոդողագոմորին և նրա հետ եղած թագավորներին կոտորելուց… նրան ընդառաջ գնաց սոդոմացիների արքան… Աբրամի վերադարձն իրոք հաղթողի հանդիսավոր մի երթ էր։ Հիրավի, Աբրամը, որն այսքան քաջաբար զգալի վնաս հասցրեց Քոդողագոմորին, որին ի զորու չէին դիմադրել Քանանի բոլոր արքաները, վերջինիս բնակիչների աչքերում վստահաբար մի արտասովոր հերոս էր երևալու։ Իսկ այն հանգամանքը, որ Աբրամի հաջողություններում բացահայտ երևում էր Աստծու ձեռքը, էլ ավելի էր բարձացնում նրան բոլոր ազգերի աչքերում։ Առաջիններից մեկը Աբրամին դիմավորեց սոդոմացիների արքան՝ կամ հենց նա, որը պատերազմել էր Քոդողագոմորի դեմ և հազիվ էր փրկվել փախուստով, կամ էլ, ինչպես կարծում են ոմանք, նրա հաջորդը։

   Շավեի ձորում, այսինքն՝ Թագավորների դաշտում… Այս դաշտը, որտեղ տեղի էր ունեցել տիրակալների և թագավորների հանդիպումը, հավանաբար հենց այդ պատճառով էլ ստացել էր «Թագավորների» անվանումը։ Այս անունով այն ևս մեկ անգամ հիշատակվում է Աբեսողոմի պատմության մեջ, որն այնտեղ իր համար արձան կանգնեցրեց (Բ Թագ. 18:18)։ Համաձայն Հովսեփոս Փլավիոսի վկայության՝ Շավե դաշտը գտնվում է Երուսաղեմից երկու ասպարեզ (300-380 մ) հեռավորության վրա, այսինքն՝ կես վերստից (մոտ 500 մ) ավելի քիչ, և այժմ կոչվում է Կեդրոնի հովիտ։
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Երբ նա վերադառնում էր Քոդողագոմորին եւ նրա հետ եղած թագաւորներին կոտորելուց, Շաւէի ձորում, այսինքն՝ Թագաւորների դաշտում նրան ընդառաջ գնաց սոդոմացիների արքան:
(Արարատ թարգ․) Եվ Սոդոմի թագավորը գնաց Շավեի ձորը, այն է թագավորի ձորը՝ դիմավորելու նրան, երբ նա վերադառնում էր Քոդողագոմորին և նրա հետ եղող թագավորներին կոտորելուց հետո:
(Գրաբար) Եւ ել արքայ Սոդոմացւոց ընդ առաջ նորա՝ յետ դառնալոյ նորա ի կոտորածէ Քոդողգոմորայ, և թագաւորացն որ ընդ նմա էին ի ձորն Շաւէ՝ ա՛յն ինքն է դաշտ թագաւորաց։