Հովհաննես Ծործորեցի
Նաւակը ցամաքից մղոններով հեռացել էր՝ դէս ու դէն քշուելով ալիքներից, քանի որ քամին դիմացից էր
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:23
Մաղաքիա արք. Օրմանյան
24-34. Նաւակը ցամաքից մղոններով հեռացել էր՝ դէս ու դէն քշուելով ալիքներից, քանի որ քամին դիմացից էր: Եւ գիշերուայ ուշ ժամին Յիսուս եկաւ նրանց մօտ՝ քայլելով ծովի վրայ: Երբ աշակերտները նրան տեսան ծովի վրայ քայլելիս, տագնապահար եղան եւ ասացին. «Ինչ-որ ուրուական է». ու սարսափից աղաղակեցին: Յիսուս իսկոյն խօսեց նրանց հետ ու ասաց. «Սրտապնդուեցէ՛ք, ես եմ, մի՛ վախեցէք»: Պետրոսը նրան պատասխանեց ու ասաց. «Տէ՛ր, եթէ դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մօտ գալ»: Եւ նա ասաց՝ արի՛: Եւ Պետրոսը նաւակից իջնելով՝ քայլեց ջրի վրայով ու եկաւ Յիսուսի մօտ: Սակայն տեսնելով ուժգին քամին՝ վախեցաւ: Եւ երբ սկսեց սուզուել, աղաղակեց ու ասաց. «Տէ՛ր, փրկի՛ր ինձ»: Եւ իսկոյն Յիսուս երկարեց իր ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Թերահաւա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»: Եւ երբ նրանք նաւակ բարձրացան, քամին հանդարտուեց: Եւ նրանք, որ նաւակի մէջ էին, մօտեցան, երկրպագեցին նրան ու ասացին. «Արդարեւ Աստծու Որդին ես դու»: Եւ կտրել անցնելով՝ ցամաք ելան Գեննեսարէթում:
Տասներկուսը, առանց Հիսուսի, մութն ընկնելուց հետո, իրենց նավով Բեթսայիդայի նավահանգստից մեկնեցին և չնայած ճանապարհի կարճությանը և իրենց նավավարական ճարտարության, դեռ չէին կարողանում դիմացի ցամաք հասնել, որ շատ հեռու չէր: Այլ ծովի վրա էին մնում, որովհետև հողմը հակառակ էր իրենց, առագաստներն իրենց հեռու էին նետում և թիակներով էլ ալիքներին դեմ վարելը դժվար էր լինում: Գիշերվա երեք քառորդն անցել էր և սկսել էր վերջին քառորդը, բայց առաքյալների նավը, քամուն և ծովին խաղալիք դարձած, տարուբերվում էր: Հին ժամանակներում օրվա երկու մասերը բուն լույսով և խավարով էին բաժանվում՝ անհավասար չափով և երկու մասերն էլ չորս քառորդների էին տրոհվում, որոնք պահ էին կոչվում: Ուստի երբ Ավետարանում կարդում ենք. «Ի չորրորդում պահու գիշերոյն», հասկանում ենք գիշերվա վերջին մասը՝ լուսանալուն մոտ: Յուրաքանչյուր պահն էլ երեք մասի էր բաժանվում, որ կոչվում էր ժամ: Բայց բոլոր ժամերը հավասար չէին. թե՛ գիշերվա և թե՛ ցերեկվա տասներկու մասերից մեկը ժամ էր, բայց գիշերվա և ցերեկվա երկարելու և կարճանալու հետ ժամերն էլ ավելի երկար կամ ավելի կարճ էին լինում: Սակայն մենք դառնանք պատմությանը:
Արդեն գիշերվա չորրորդ պահն էր, սակայն առաքյալները դեռևս ծովի վրա հողմակոծվում էին, Բեթսայիդայից հազիվ 25 կամ 30 ասպարեզ հեռանալով, այսինքն՝ 3 կամ 4 մղոն ճանապարհ էին անցել, երբ հանկարծ, Հիսուս ծովի վրա քայլելով, անցնում է իրենց մոտով և ուշադրություն չի դարձնում նրանց վրա: Մթության մեջ երևացողին Հիսուսին նմանեցրին, բայց չհավատացին, թե Հիսուսն է, որտեղի՞ց, ինչպե՞ս իրենց մոտ հայտնվեց և ինչպե՞ս է ծովից անցնում առանց նավի: Աչքերի երևացող ստվերային մի տեսիլք կարծեցին, բայց այսպիսի տեսիլքներն էլ լավ բան չէին կարող լինել: Հետևաբար, շփոթվեցին, խռովվեցին, վախեցան ու սկսեցին խառնաձայն աղմուկ-աղաղակ բարձրացնել: Երբ Հիսուս նրանց ահուդողը տեսնում և աղաղակը լսում է, խղճում է նրանց, Ինքն Իրեն հայտնում և սիրտ է տալիս՝ասելով. «Քաջալերեցարուք, ես եմ, մի՛ երկնչիք»: Հիսուսի ձայնը ճանաչում են, բայց դեռևս չեն ուզում հավատալ: Չէ՞ որ հնարավոր էր, որ ինչպես պատկերն էր աչքերին երևում, այնպես էլ ձայնը՝ ականջներին հնչեր: Ամենքի շփոթության ու վարանման մեջ, թե արդյոք իսկապե՞ս Հիսուսն է երևացողն ու խոսողը, թե ոչ երևութական խաբեպատիր դեպքի առջև են գտնվում, Պետրոսը, որ այսպիսի առիթներում միշտ նախահարձակ ու խիզախ նետվելու բնավորություն ուներ, ասում է. «Թե որ դու իրական կերպով Հիսուսն ես՝ անձամբ այստեղ եկած ու ջրերի վրա քայլող, հրամայիր, որ ջրերը ինձ էլ վերցնեն, և ես էլ քայլելով քեզ մոտ գամ»: «Եկ»,- պատասխանում է Հիսուս: Եվ Պետրոսը, ոտքը նավից դուրս հանելով, ջրերի վրա է դնում, մի քայլ անելով, Հիսուսի երևացած տեղին է մոտենում, բայց սիրտը դեռ վարանոտ է, Հիսուսին տեսնում է, բայց նա Հիսուսն է, թե՝ ոչ, հաստատուն հավատ չունի: Մյուս կողմից փչում է քամին, ալիքները ծփում են, ոտքերը դողում են. կարծես պնդացած ջուրը դարձյալ հալչում է, և ինքն էլ կամաց-կամաց ընկղմվում է ջրի մեջ: Վախը տիրում է իրեն, խեղդվելու մոտ է կարծում և ողորմուկ ձայնով սկսում է աղաչել. «Տե՜ր, փրկեա՜ զիս»: Հիսուս, որ յուրայինների հավատքն էր փորձում և նրանց բարձր սկզբունքների մեջ կրթում, նրանց վտանգվելը չէր ցանկանում: Միանգամից ձեռքը երկարացնում է, բռնում Պետրոսի ձեռքից, վեր բարձրացնում և քաղցրորեն հանդիմանում. «Թերահաւա՛տ, ընդէ՞ր երկմտեցեր: Եթե հավատք չունեիր, ինչու՞ առաջ նետվեցիր և եթե առաջ նետվելու քաջություն ունեցար, ինչու՞ հետո վարանեցիր: Այս ընթացքը կատարյալ հավատք ունեցողի գործ չէ»: Նավը մոտ էր և առաքյալները ուզեցին Հիսուսին ներս ընդունել: Հիսուս ներս մտավ, Պետրոսն էլ հետևից: Նա ծովին սաստեց և քամուն հրամայեց՝ երկուսն էլ խաղաղվեցին և ցամաքին մնացած մի քանի մղոն տարածքը շարունակեցին հանդարտությամբ նավարկելով: Նավում գտնվող առաքյալները նոր հարգանք ու մեծարանք ընծայեցին Հիսուսին՝ խոնարհ երկրպագությամբ և ամբողջ սրտով սկսեցին խոստովանել.«Արդարեւ Որդի Աստուծոյ
ես դու»: Բայց սա էլ ասում էին վարանյալ ու շփոթված մտքով: Այդքան բան տեսել էին, նախապես կատարված հրաշքներին ավելացել էր նաև հացերի հրաշքը, այս ծովի հրաշքն էլ վրան էր գալիս՝ Գերգեսա անցնելու գիշերվա հրաշքը նորոգելով: Բայց դեռևս ճշմարտությունը «ոչ իմացան» հայտնապես ասում է Մարկոսը և չի վարանում առաքյալներին բացարձակապես մեղադրել, թե « Էր սիրտ նոցա թմբրեալ»:
Հիսուսի և առաքյալների ցամաք դուրս եկած վայրի անունը Մատթեոսն ու Մարկոսը գրում են Գենեսաբեթ, իսկ Հովհաննեսը բավարարվում է ասելով. «Յերկինս յոր երթային», սկզբից ասած լինելով, թե գնում էին «Ի Կափառնայում»: Երկու բացատրություններն էլ կատարելապես համապատասխանում են, քանզի Գենեսաբեթը քաղաքի անուն չէ, այլ գավառի, իսկ Կափառնայումը Գենեսաբեթ գավառում է գտնվում: Հետևաբար, կարող ենք ճշտել, թե Հիսուս և առաքյալները, Բեթսայիդայից գնալով, բարձրացան Կափառնայում: Արդեն գիտենք, թե Հիսուս մեկնել էր Կափառնայումից և Կափառնայումը իր կենտրոնատեղին և հաստատուն բնակավայրն էր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: