Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 14:6

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

6-9. «Հերովդեսի ծննդյան օրը Հերովդիայի աղջիկը հրավիրյալների առաջ պարեց և ուրախացրեց Հերովդեսին»։ «Նա (Հերովդեսը) էլ երդմամբ խոստացավ աղջկան տալ այն, ինչ որ ուզեր»։ «Իսկ նա, նախապես իր մորից խրատված լինելով, ասաց. «Տո՛ւր ինձ այստեղ՝ սկուտեղի վրա, Հովհաննես Մկրտչի գլուխը»»։ «Եվ թագավորը տրտմեց, բայց իր երդման և սեղանակիցների պատճառով հրամայեց, որ նրան տրվի։
   
    «Հերովդեսի ծննդյան օրը Հերովդիայի աղջիկը հրավիրյալների առաջ պարեց և ուրախացրեց Հերովդեսին» - Օ՜, ինչպիսի դիվային խնջույք։ Օ՜, ինչպիսի ինչպիսի սատանայական խայտառակություն։ Օ՜, ինչպիսի անօրեն պար, և ամենաանօրինական պարգևը, որ կարող էր լինել պարելու համար։ Նրանք համարձակվեցին սպանություն գործել, սպանություն, որն իր դաժանությամբ գերազանցում էր մյուս բոլոր սպանություններին։ Նա, ով արժանի էր պսակի և գովասանքի, մորթվեց բոլորի աչքի առաջ, և դևերի հաղթական դրոշը կանգնեցվեց սեղանին։ Այդ հաղթանակի «մեծությունը» համապատասխանում էր իրադարձության դաժանությանը։ «Հերովդիայի աղջիկը, - ասում է ավետարանիչը, - հրավիրյալների առաջ պարեց և ուրախացրեց Հերովդեսին։ Նա (Հերովդեսը) էլ երդմամբ խոստացավ աղջկան տալ այն, ինչ որ ուզեր։ Իսկ նա, նախապես իր մորից խրատված լինելով, ասաց. «Տո՛ւր ինձ այստեղ՝ սկուտեղի վրա, Հովհաննես Մկրտչի գլուխը»»։ Կրկնակի հանցագործություն՝ և՛ այն պատճառով, որ Հերովդիայի դուստրը պարեց, և՛ այն պատճառով, որ նա ուրախացրեց Հերովդեսին, և այնքան ուրախացրեց, որ սպանությունը կատարվեց որպես պարգև։ Տեսնո՞ւմ ես, թե որքան անմարդկային, որքան անզգամ, որքան անմիտ է Հերովդեսը։ Նա իրեն շղթայում է երդումով և աղջկան լիակատար իշխանություն է տալիս՝ խնդրելու ամեն ինչ։

    Երբ Հերովդեսը տեսավ դրանից բխող չարիքը, «տրտմեց» (9-րդ համար), - ասում է ավետարանիչը, չնայած սկզբնապես նա ինքն էր ձերբակալել Հովհաննեսին։ Ուրեմն այժմ նա ինչո՞ւ է տխրում։ Ահա թե ինչպիսին է առաքինությունը։ Նույնիսկ չար մարդկանց մեջ այն արժանի է հիացմունքի և գովասանքի։ Իսկ Հերովդիային ի՞նչ խելագարություն է համակել։ Նա պետք է հիանար Հովհաննեսով, պետք է մեծարեր նրան, որովհետև նա պաշտպանում էր իրեն ամոթից, բայց Հերովդիան ծրագրում է Հովհաննես Մկրտչի մահը, թակարդներ է լարում և խնդրում է սատանայական պարգև։ Իսկ Հերովդեսը վախենում էր, ինչպես ասում է ավետարանիչը, - «իր երդման և սեղանակիցների պատճառով» (9-րդ համար)։ Բայց դու ինչպե՞ս չէիր վախենում նման անմարդկային արարքից։ Եթե վախենում էիր երդումդ խախտելուն վկաներ ունենալուց, ապա շատ ավելի պետք է վախենայիր նման անօրինական սպանություն գործելո՛ւդ համար այդքան շատ վկաներ ունենալուց։

    Բայց քանի որ, կարծում եմ, շատերը չգիտեն սպանությանը հանգեցրած մեղադրանքի մեծության մասին, անհրաժեշտ եմ համարում բացատրել սա, որպեսզի դուք հստակ տեսնեք Օրենսդրի իմաստությունը։ Ո՞րն էր այն հին օրենքը, որը Հերովդեսը խախտեց, իսկ Հովհաննեսը վճռականորեն պահպանեց։ Օրենքով սահմանված էր, որ անզավակ մահացած տղամարդու կինը պետք է ամուսնանար իր հանգուցյալ ամուսնու եղբոր հետ (Բ Օր․ 25։5): Քանի որ մահը անխուսափելի չարիք էր, և Օրենսդիրը ըստ ամենայնի հոգում էր մարդկային կյանքերի մասին, ուստի սահմանվեց օրենք, համաձայն որի՝ կենդանի մնացած եղբայրը պետք է ամուսնանար մահացածի կնոջ հետ և նրանից ծնված երեխային անվաներ հանգուցյալի անունով, որպեսզի մահացածի տոհմը չընդհատվեր: Եթե մեկը մահանում է առանց իրենից հետո երեխաներ թողնելու հույսի, այսինքն՝ առանց մահվան հանդիման այս մեծագույն մխիթարությունը ստանալու, ապա ոչինչ չի կարող մեղմել նրա մահվան վիշտը: Ահա թե ինչու նրանց համար, ում բնությունը զրկել էր երեխաներից, Օրենսդիրը մխիթարության միջոց մշակեց և հրամայեց, որ մահացածից հետո ծնված երեխան համարվի նրա (հանգուցյալի) երեխան: Երբ մահացածն իրենից հետո երեխաներ էր թողնում, ապա այդ պարագայում նմանօրինակ ամուսնությունը թույլատրելի չէր համարվում: Բայց ինչո՞ւ, կարող ես հարցնել դու, եթե դա թույլատրելի էր օտար մեկի համար, մի՞թե առավելաբար չպետք է թույլատրվեր մահացածի եղբորը: Ամենևին էլ ոչ: Օրենսդիրը ցանկանում էր, որ ազգակցական կապն ընդլայնվի և ավելի շատ պատճառներ լինեն մարդկանց միջև մտերիմ հարաբերություններ հաստատելու համար: Այդ դեպքում ինչո՞ւ օտար մեկը չէր կարող ամուսնանալ անզավակ մահացած տղամարդու կնոջ հետ: Որովհետև այդ դեպքում մանուկը չէր համարվի մահացածին «պատկանող» զավակ։ Բայց հիմա, քանի որ մանուկը ծնվել էր հանգուցյալի եղբորից, կեղծիքն ինքնին աննկատելի էր դառնում։ Ավելին, օտարականը կարիք չուներ վերականգնելու մահացածի տան շարունակականությունը, իսկ ահա հանգուցյալի եղբայրն այդ իրավունքը ձեռք էր բերել իր ազգակցական կապի միջոցով։ Եվ քանի որ Հերովդեսն ամուսնացավ իր եղբոր կնոջ հետ, որն արդեն իսկ դուստր ուներ, ուստի Հովհաննեսը հանդիմանում է նրան դրա համար և հանդիմանում է նրան ամենայն պատշաճությամբ՝ միաժամանակ նաև համարձակություն ցուցաբերելով իր մեղմության մեջ։ Բայց տեսեք, թե որքան սատանայական էր այս ամբողջ ներկայացումը։ Նախ, այն տեղի ունեցավ հարբեցողության և կրքի միջոցով, որոնցից ոչ մի լավ բան չի բխում։ Երկրորդ, հանդիսատեսն անբարոյական մարդիկ էին, իսկ խնջույքի տանտերը բոլորից ամենաանօրենն էր։ Երրորդ, զվարճանքը լեցուն էր անխոհեմությամբ։ Չորրորդ, այն աղջիկը, որի միջոցով ամուսնությունն անօրինական էր դարձել (խոսքը հերովդիայի աղջկա մասին էր), և որը պետք է մարդկանց աչքին չերևար իր մոր հարուցած ամոթի պատճառով, շքեղորեն հայտնվում է հավաքույթում և, մի կողմ դնելով իր օրիորդական համեստությունը, «գերազանցում» է բոլոր պոռնիկներին։ Եվ այս անօրինության բուն ժամանակն իսկ ինքնին դատապարտում է տեղի ունեցածը։ Այն դեպքում, երբ Հերովդեսը պետք է շնորհակալություն հայտներ Աստծուն այդ օրն իրեն լույս աշխարհ գալու հնարավորությունը տալու համար, նա այդ իսկ օրը համարձակվում է նման անօրինություն գործել։ Այն դեպքում, երբ Հերովդեսը պետք է ազատ արձակեր բանտարկվածին, նա դեռ մի բան էլ սպանություն է ավելացնում Հովհաննեսին բանտարկելու անօրինությանը։ Թող սրան ուշադրություն դարձնեն այն երիտասարդ կանայք, և առավել ևս ամուսնացած կանայք, որոնք չեն հրաժարվում անպարկեշտ վարմունք ցուցաբերել ուրիշների հարսանիքներում՝ ցատկոտելով, անպարկեշտ պարելով և անպատվելով իրենց իսկ կանացիությունը։ Թող սա նկատի առնեն նաև այն տղամարդիկ, որոնք սիրում են մասնակցել շքեղ խնջույքների, որոնք ուղեկցվում են հարբեցողությամբ։ Թող նրանք վախենան սատանայի փորած այդ անդունդից․․․

    Եվ սատանան այն աստիճանի էր ստրկացել դժբախտ Հերովդեսին, որ վերջինս երդվեց հրաժարվել նույնիսկ իր թագավորության կեսից։ Ահա թե ինչ է ասում Մարկոս ավետարանիչը. «Երդվում եմ քեզ․․․դու ինձնից ինչ էլ որ ուզես, կտամ քեզ, մինչև իսկ իմ թագավորության կեսը» (Մարկ․ ​​6։23)։ Հերովդեսը, թեպետ շատ բարձր էր գնահատում իր թագավորական իշխանությունը, սակայն քանի որ լիովին անձնատուր էր եղել կրքին, ուստի հրաժարվեց իր թագավորությունից մի պարի պատճառով։ Եվ ի՞նչ կա զարմանալու, որ սա պատահեց Հերովդեսի հետ, երբ նույնիսկ հիմա, երբ իմաստությունն իր գագաթնակետի վրա է, կան շատ նման փափկասուն երիտասարդներ, որոնք զոհաբերում են իրենց հոգիները գեթ մի պարի համար՝ նույնիսկ առանց երդում տված լինելու։ Հաճույքներին տրվելով՝ նրանք, ինչպես անխոս կենդանիներ, գնում են այնտեղ, ուր գայլը քարշ է տալիս նրանց։

    Նույնը պատահեց նաև խելագար Հերովդեսի հետ, որն անզգուշորեն կատարեց երկու խիստ ամոթալի արարք. նախ՝ նա ազատություն տվեց մի կնոջ, որը համակված էր կրքով և անձնատուր էր լինում ամեն տեսակի ցանկության, և երկրորդ՝ նա երդում տվեց այդ մասին։ Բայց անկախ նրանից, թե Հերովդեսը որքան անօրեն էր, նրա կինը (Հերովդիան) բոլորից ավելի անօրեն էր, առավել անօրեն, քան իր աղջիկն ու թագավորը։ Նա էր բոլոր չարիքներ նյութողը. նա կազմակերպեց այդ ամբողջ չարագործությունը՝ այն դեպքում, որ պետք է մեծապես երախտապարտ լիներ մարգարեին (Հովհաննես Մկրտչին)։ Իսկ նրա դուստրն էլ, մորը հնազանդվելով, անպարկեշտ պահեց իրեն, պարեց, խնդրեց սպանություն, և Հերովդեսն ընկավ նրա ցանցը։ Տեսնո՞ւմ ես, թե որքան ճշմարտացիորեն ասաց Քրիստոս. «Ով իր հորը և կամ մորը Ինձնից ավելի է սիրում, Ինձ արժանի չէ» (Մատթ․ 10։37): Եթե Հերովդիայի դուստրը պահպաներ այս օրենքը, նա շատ այլ օրենքներ էլ չէր խախտի ու չէր կատարի այս նողկալի սպանությունը։ Իսկապես, ի՞նչը կարող է ավելի վատթար լինել, քան նման վայրագությունը՝ որպես երախտագիտության նշան սպանություն խնդրելը, անօրինական մի սպանություն խնդրելը, սպանություն խնդրելը՝ խնջույքի ժամանակ, սպանություն խնդրելն անամոթաբար և ողջ բազմության առջև։ Նա միայնակ չի գալիս և չի դիմում իր խնդրանքով։ Ո՛չ, նա դա անում է հավաքույթի ժամանակ՝ մի կողմ նետելով իր դիմակը, լիովին բացահայտ՝ սատանային իբրև իր օգնական ունենալով։ Եվ, իհարկե, սատանան արեց այն, ինչ նա ուզում էր, և նա (Հերովդիայի դուստրը) իր պարով հաճեցրեց Հերովդեսին և գերեց նրան։ Իսկապես, որտեղ պար կա, այնտեղ է սատանան։ Աստված մեզ ոտքեր չի տվել անառակություն գործելու, այլ պարկեշտ քայլելու համար. ո՛չ թե ուղտերի պես ցատկոտելու (նրանք նույնպես, ու ոչ թե միայն կանայք, պարելիս շատ նողկալի են), այլ հրեշտակների հետ ուրախանալո՛ւ համար։ Եթե մարմինը տգեղանում նման անառակություն գործելու պատճառով, ապա որքան ավելի է տգեղանում հոգին։ Այսպես են պարում դևերը, այսպես են խաբում դևերի ծառաները։

    Ուշադրությո՛ւն դարձրու բուն խնդրանքն. «Տո՛ւր ինձ այստեղ՝ սկուտեղի վրա, Հովհաննես Մկրտչի գլուխը»։ Տեսնո՞ւմ ես, թե նա (Հերովդիայի դուստրը) ինչպես է կորցրել իր ողջ ամոթը, ինչպես է նա ամբողջությամբ անձնատուր եղել սատանային։ Նա թե՛ հիշում է իր ունեցած մեծապատվության մասին, և թե՛, միևնույն ժամանակ, չի ամաչում դրանից, այլ, կարծես խոսելով որևէ ուտեստի մասին, խնդրում է, որ այդ սուրբ և օրհնված գլուխը մատուցեն սկուտեղի վրա։ Նա նույնիսկ պատճառը չի նշում, թե ինչու է խնդրում Հովհաննես Մկրտչի գլուխը, քանի որ իրականում պատճառը չգիտեր, այլ պարզապես արտահայտում է մի ցանկություն, որով իր մորը պատվելու համար անհրաժեշտ էր մեկ ուրիշի դեմ չարիք գործել։ Հերովդիայի դուստրը չասաց. «Բերեք նրան այստեղ և սպանեք նրան», քանի որ չէր կարող հանդուրժել Հովհաննեսի մահվանը նախորդող ամոթալի պահը. նա վախենում էր լսել սպանվողի սարսափազդու ձայնը, քանի որ Հովհաննեսը չէր լռելու նույնիսկ գլխատումից առաջ։ Ահա թե ինչու նա ասում է. «Տո՛ւր ինձ այստեղ՝ սկուտեղի վրա․․․ Ես ուզում եմ տեսնել այդ լեզուն լուռ վիճակում․․․»։

    Հերովդիայի դուստրը ոչ միայն ուզում էր ազատվել մեղադրանքներից, այլև ոտնակոխ անել ընկածին ու ծիծաղել նրա վրա։ Եվ Աստված հանդուրժեց դա, վերևից կայծակ չուղարկեց և չայրեց նրա անամոթ երեսը, երկրին չհրամայեց բացել և կուլ տալ այդ չար ամբոխին, որպեսզի արդարներին առավել մեծ պսակների արժանացնի և առատ մխիթարություն պարգևի նրանց, ովքեր շարունակելու են տառապել անարդարության պատճառով։ Ուրեմն թող լսեն սա մեզանից նրանք, ովքեր ապրում են առաքինի կյանքով, սակայն դրանով հանդերձ տառապում են չար մարդկանց բռնությունից։ Այն ժամանակ նույնպես Աստված թույլ տվեց, որ անապատում ապրող մարգարեն, որը շրջում էր կաշվե գոտով և ուխտի մազից կարված հագուստ էր կրում՝ լինելով նույնիսկ մարգարեներից էլ ավելի մեծ մեկը, որի հետ համեմատությամբ՝ կանանցից ծնվածների մեջ ավելի մեծը չկա, դատապարտվի մահվան, և այն էլ՝ մահվան դատապարտվի անամոթ կույսի և անառակ պոռնիկի կողմից, ու մահվան դատապարտվի աստվածային օրենքները պաշտպանելո՛ւ համար։ Մտածելով այս մասին՝ եկեք քաջաբար դիմանանք այն ամենին, ինչը կարող է տառապանքի պատճառ դառնալ մեզ համար։

    Նույնիսկ այն ժամանակ այս նողկալի մարդասպանն ու հանցագործը, հենց որ ցանկացավ վրեժ լուծել իրեն նեղացնողից, կարողացավ իրականացնել իր այդ մտադրություն. նա հեղեց իր ողջ զայրույթը, և Աստված թույլ տվեց դա։ Չնայած Հովհաննեսն անձամբ ոչինչ չէր ասել նրան, ոչնչում չէր հանդիմանել նրան, այլ մեղադրել էր միայն նրա ամուսնուն (Հերովդեսին), սակայն նրա (Հերովդիայի) խիղճը խստորեն մեղադրում էր իրեն։ Իր իսկ խղճի կողմից տանջված և տառապած՝ Հերովդիան խելագարորեն ձգտում էր ավելի մեծ չարիքի՝ անարգանքի մեջ ներքաշելով բոլորին՝ իրեն, իր դստերը, իր մահացած ամուսնուն և կենդանի շնացողին՝ այդպիսով փորձելով գերազանցել իր նախկին հանցանքները։ Հերովդիայի խիղճը կարծես ասում էր՝ եթե ​​քեզ վշտացնում է այն, որ Հերովդեսը շնանում է, ես նրան մարդասպան էլ կդարձնեմ. ես նրան կստիպեմ սպանել իրեն մեղադրողին»։

    Լսե՛ք սա դուք ամենքդ, որ չափազանց մեծ ցանկասիրություն ունեք կանանց հանդեպ։ Լսե՛ք սա դուք ամենքդ, որ երդվում եք՝ առանց գիտակցելու, թե ինչի համար, ու այդպիսով ուրիշներին դարձնում եք ձեր կործանումն իրականացնողներ, և փոս եք փորում ինքներդ ձեզ համար։ Հերովդեսը նույնպես այդ կերպ կործանվեց։ Իհարկե, նա ենթադրում էր, որ Հերովդիայի դուստրը տոնի համար ինչ-որ բան կխնդրի, և որ, երիտասարդ աղջիկ լինելով, այդ հանդիսավոր օրը, հավաքվածներին համակած համընդհանուր ուրախության մեջ, կխնդրի որևէ փայլուն և նրբագեղ նվեր, այլ ոչ թե Հովհաննես Մկրտչի գլուխը։ Բայց նա սխալվում էր։ Եվ, այնուամենայնիվ, դա նրան բնավ չի արդարացնում։ Թող որ Հերովդիան գազանների դեմ մարտնչողի սիրտ ունենար, բայց Հերովդեսը չպետք է թույլ տար, որ իրեն խաբեն և չպետք է ստրկաբար հնազանդվեր բռնակալական հրամաններին։ Եվ, առաջին հերթին, ո՞վ չէր սարսափի՝ տեսնելով Մկրտչի սուրբ գլուխը տոնի ժամանակ արյան մեջ թաթախված։ Բայց անօրեն Հերովդեսը չսարսափեց, այդպես նաև այն կինը, որն ավելի հանցագործ էր, քան Հերովդեսը։ Այսպիսին են անառակ կանայք… Նրանք բոլորն էլ անամոթ ու դաժան են։ Եթե մենք սարսափում ենք, երբ միայն լսում ենք այդ մասին, ապա այն ժամանակ ի՞նչ տեսարանի ականատես եղած կլինեին նրանց աչքերը։ Ի՞նչ պետք է զգացած լինեին խնջույքին ներկաները, երբ ընդհանուր ուրախության մեջ տեսան, թե ինչպես է արյունը կաթում հենց նոր կտրված գլխից։ Բայց այս արյունարբու կինը, ավելի դաժան, քան իրենք՝ Ֆուրիաները (վրիժառության աստվածուհիները), բնավ չխռովվեց այս տեսարանից, այլ նույնիսկ հիացավ դրանով։ Եթե ուրիշ ոչինչ չէր կարող ներազդել այս կնոջ վրա, ապա միայն գլխատված այդ մեկ հայացքը պետք է որ քարացներ նրան: Բայց նույնիսկ այդ հայացքը ոչ մի ազդեցություն չունեցավ մարգարեի արյան ծարավն ունեցող այս նողկալի մարդասպանի վրա:

    Եթե ​​Հերովդիան մահապատիժ չպահանջեր մեղադրողի (Հովհաննես Մկրտչի) համար, ապա հանցագործությունն այդ աստիճան չէր բացահայտվի։ Քրիստոսի աշակերտները ոչինչ չասացին այն մասին, որ Հերովդեսը Հովհաննեսին բանտ էր նետել։ Բայց երբ Հերովդեսը սպանեց նրան, Քրիստոսի աշակերտները ստիպված եղան նաև բացահայտել, թե որն էր տեղի ունեցածի պատճառը։ Նրանք սկզբում ուզում էին ծածկել պոռնիկ կնոջ մեղքը և չէին ցանկանում բացահայտել իրենց մերձավորի չարագործությունը, բայց երբ անխուսափելի անհրաժեշտություն առաջացավ պատմել դեպքի մասին, նրանք պատմեցին հանցագործության ամբողջ իրողությունը։ Եվ որպեսզի ոչ ոք չկասկածի, որ սպանության պատճառը մի չար բան է, ինչպես Փիբեի և Հուդայի պատմության մեջ (տե՛ս Գործք 5։36-37), Քրիստոսի աշակերտները ստիպված եղան բացահայտել սպանության դրդապատճառը։

    Այսպիսով, որքան շատ եք ցանկանում թաքցնել մեղքը՝ հետևելով Հերովդիայի օրինակին, այնքան ավելի եք բացահայտում այն։ Մեղքը ծածկվում է ոչ թե դրան նոր մեղք ավելացնելով, այլ զղջումով և խոստովանությամբ։ Ուշադրություն դարձրու, թե ինչ անաչառությամբ է ավետարանիչը պատմում ամեն բան և նույնիսկ, որքան հնարավոր էր, արդարացումներ է առաջարկում։ Հերովդեսի մասին ասում է, որ նա հանցագործություն է կատարել իր տված երդման և ներկաների պատճառով, ու նաև՝ որ նա տրտմեց։ Իսկ ահա Հերովդիայի դստեր մասին ավետարանիչն ասում է, որ նրան մայրն էր այդպես խրատել, և որ այս աղջիկը Մկրտչի գլուխը տարել է մոր մոտ՝ կարծես ցանկանալով ասել, որ դուստրը կատարում է մոր հրամանը։ Այսպիսով, բոլոր արդարները տրտմում են ոչ թե տառապողների, այլ չարիք գործողների համար, որովհետև չարիք գործողներն իրականում ավելի մեծ չափով են տառապում։ Եվ այժմ էլ ոչ թե Հովհաննեսն է տառապանքի ենթարկվել, այլ նրանք, ովքեր մահվան են մատնել նրան։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ երբ Հերովդէսի ծննդեան տարեդարձը հասաւ, Հերովդիայի դուստրը հրաւիրեալների առաջ պարեց. եւ հաճելի թուաց Հերովդէսին.
   
    Եվ երբ Հերովդեսի ծննդյան [տոնն էր] նշվում, Հերովդիադայի դուստրը պարեց բազմության առաջ, և Հերովդեսը հավանեց [այն]:
Հնում սովորություն ունեին իրենց ծննդյան օրը պատվել: Այդպես էլ սա [վարվեց], բայց սրա խնջույքը բազում անօրինություններով ու դիվային պարով ուղեկցվեց, որովհետև [Հերովդեսը] խորամանկ մտքով կազմակերպեց այն: Քանի որ ժողովրդից վախենում էր՝ Հովհաննեսին առանց պատճառի սպանելու, [հնար մտածեց], որ Հերովդիադայի դուստրը պարի, ինքն էլ հավանի, երդում տա և սպանի Հովհաննեսին: Բայց դու տես, թե որքան չարիքներ միատեղվեցին: Նախ՝ որ [աղջիկը] պարեց, և դա հաճելի եղավ [Հերովդեսին], մինչ վայել էր զզվել դրանից: Երկրորդ՝ որ իր անօրեն գործի դիմաց [աղջիկն] իբրև վարձատրություն ու պարգև խնդրեց մարգարեի մահը՝ այդ անօրեն սպանությունը: Երրորդ՝ որ հանդիսատեսները ևս անմիտ էին: Չորրորդ՝ խրախճանքի տերը բոլորից ավելի չար էր: Հինգերորդ՝ ժամը ուշ էր, վայրն ու պարը՝ լկտի: Եվ վեցերորդ [չարիք էր] պոռնիկի լրբությունը, որ փոխարեն անօրեն հարսանիքի և մոր նախատինքի պատճառով թաքնվեր, հանգիստ սրտով պարում էր, և փոխարեն սենյակից դուրս չգար, բազմության առաջ անառակի պես ճեմում էր:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

6-12. Եւ երբ Հերովդէսի ծննդեան տարեդարձը հասաւ, Հերովդիայի դուստրը հրաւիրեալների առաջ պարեց. եւ հաճելի թուաց Հերովդէսին. ուստի եւ՝ նա երդումով խոստացաւ նրան տալ, ինչ էլ որ ուզի: Եւ նա, առաջուց խրատուած լինելով իր մօրից, ասաց. «Տո՛ւր ինձ այստեղ, սկուտեղի վրայ, Յովհաննէս Մկրտչի գլուխը»: Եւ թագաւորը տխրեց, բայց երդման եւ սեղանակիցների պատճառով հրամայեց նրան տալ այդ: Եւ մարդ ուղարկեց, գլխատել տուեց Յովհաննէսին բանտի մէջ: Եւ նրա գլուխը բերուեց սկուտեղով ու տրուեց աղջկան: Եւ սա տարաւ այն իր մօրը: Իսկ Յովհաննէսի աշակերտները եկան վերցրին մարմինը եւ թաղեցին. եւ եկան պատմեցին Յիսուսին:
   
    Երբ առաքյալները ցրվեցին, Հիսուսն էլ էր շարունակում շրջել և քարոզել, անշուշտ, ոչ միայնակ ու առանձին, այլ Տասներկուսից բացի կրտսերագույն աշակերտներից ոմանց իր հետ ունենալով: Այդ ընթացքում էր, որ Հիսուսին տեղեկություն բերվեց Հովհաննես Մկրտչի մահվան մասին:
    Հովհաննես Մկրտչի գործունեությունը երկարատև չէր եղել, որովհետև իր քարոզության երկրորդ տարում բանտարկվեց (Մատթ. 14:3-5) և դրանից հետո նրան մեկ անգան ևս հիշեցինք Հիսուսի մոտ ուղարկած պատգամավորության կապակցությամբ (Մատթ. 11:2-6), որ Հիսուսին առիթ տվեց մեծամեծ գովեստներ անելու նրա հասցեին (Մատթ. 11:7-19): Կարճ գործունեությամբ միայն հռչակված և տարուց ի վեր բանտարկված ու անգործության բռնադատված Հովհաննեսը այդ վիճակի մեջ անգամ չէր հեռանում նախանձոտ և վրեժխնդիր Հերովդիադիայի մտապատկերից: Որքան Հովհաննեսը ողջ էր, այդ կինը պիտի հանդարտ չլիներ, ուստի ամեն միջոց հնարում էր` վրեժխնդիր լինելու, պարկեշտությունն ու ամուսնական սրբությունն աննկուն պաշտպանող և իր անառակությունը հանդիմանող Հովհաննեսից: Հերովդես Անտիպասը, որքան էլ Հերովդիադայի մեղսակիցն էր, սակայն երկչոտ ու վարանոտ, ավելի առաջ չէր անցնում, բայց կնոջ կամքը չկոտրելու աստիճան էլ զգույշ էր լինում, ու Հովհաննեսը մնում էր բանտարկված, մինչ Հերովդիադան ջանում էր առիթներից օգտվել` իր վրեժխնդրությունն ի կատար ածելու համար:
    Հերովդես Անտիպասն իր ծննդյան տարեդարձի առիթվ խնջույք և ուրախության հանդես էր կատարում իր ապարանքում: Այնտեղ հրավիրված էին իր իշխանության մեծամեծները, որոնք հարբել ու գինովցել էին: Հերովդիադան ուզեց իր հոմանու հաճույքին ևս մեկն ավելացնել: Փիլիպպոսից ունեցած իր Սողոմե դստերը, որ մոր նման թեթև բարքի տեր մի աղջիկ էր, զարդարեց ու շպարեց և հրավիրյալների սրահն ուղարկեց` պարելու համար: Սողոմեի պարն ամենքին հիացմունք պատճառեց: Հերովդեսն էլ իր կողմից ուզեց վարձատրել պարող աղջկան, բայց նրան թողնելով որոշելու վարձատրության տեսակն ու քանակը և խոստացավ ու երդվեց, որ ուզածը պիտի տա, մինչև իսկ եթե իր իշխանության և իր ունեցվածքի կեսը
ցանկանա:
    Սողոմեն չկարողացավ որոշել: Ուղղակի մոր մոտ վազեց ու հարցրեց, թե ինչ պահանջի: Հերովդիադայի հաճույքը չէր պակասում, որպեսզի նորը ցանկանար, քանզի ինչ որ բաղձար, Հերովդեսին գործադրել էր տալիս: Հովհաննեսի խնդիրն էր միայն, որում Հերովդեսը իրեն կատարելապես չէր գոհացնում: Հերովդիադայի մտքում սրանից զատ ուրիշ մտածմունք չկար: Առիթը հարմար էր: Նա դստերը սովորեցրեց, որ գնա ու ասի, թե ուզածը մարմնից բաժանված և սկուտեղի վրա դրված բանտարկված Հովհաննեսի գլուխն է: Աղջիկն էլ սովորածի համաձայն եկավ ու նույնը կրկնեց:
Հերովդեսն այլայլվեց: Ամեն բան սպասում էր, բայց այսպիսի խուժդուժ պարգևի առաջարկ չէր սպասում: Կարծում էր, թե պարող աղջիկը, զարդարանքից բացի, այլ բան չպիտի կարողանար ցանկանալ: Խոսքը ետ վերցնելն ամոթ էր, մտածում էր երդումը չգործադրել, բայց շատ դժվար էր այնքան հանդիսավոր կերպով և այդքան մեծամեծերի առջև տրված խոսքը չկարողանալ գործադրել կամ գործադրելուց ետ կանգնել: Զգաց, որ Հերովդիադային վերջապես հաջողվեց իր նկատմամբ հաղթանակ տանել: Բայց խղճի խայթից ավելի զորեղ եղավ Հերովդիադայի հաճույքը, ուղղամտությունից ավելի հզոր գտնվեց անխորհուրդ խոստման ոչ ճիշտ գործադրությունը և, թեպետ ակամայից, բայց վերջապես հրամանը արձակեց, որպեսզի աղջկա խնդրանքը կատարվի:
    Հերովդիադան կասկածում էր, որ տրված հրամանը կարող է ետ վերցվել կամ որոշ ժամանակ անցնելուց կարող է փոփոխություն կրել, այդ պատճառով Սողոմեին սովորեցրել էր անմիջապես գործադրություն պահանջել: Հետևաբար, իսկույն հրաման տրվեց դահճապետին: Նա էլ նույն պահին մի դահիճ ուղարկեց բանտ, որպեսզի Հովհաննեսի գլուխը կտրի ու բերի, ինչը որ գործադրվեց, և դեռևս արյունաշաղախ գլուխը սկուտեղի վրա Հերովդեսին ներկայացվեց, որը աղջկան հանձնեց, իսկ նա էլ իր մորը տարավ: Եվ այսպես, որպես զվարճությունների լրում, կամ որպես խրախճանքի մի կատակ, կատարվեց անօրեն դավաճանության գործը: Հերոնիմոս վարդապետը, որ երկար ժամանակ Պաղեստինում ապրեց, տեղական ավանդություններից օգտվելով, նշում է, թե Հերովդիադան կատարյալ գոհունակությամբ ձեռքն առավ Հովհաննեսի գլուխը և կանացի վրեժխնդրության բորբոքմամբ ասեղով ծակծկեց նրա լեզուն, որ իր անառակությունները հանդիմանելու սուրբ նախանձահուզությունն է ունեցել:
    Նրանք, որ Հովսեփոսի պատմությանը հետևելով պնդում են, թե Հովհաննեսը բանտարկված էր Մեռյալ ծովի եզերքին գտնվող Մաքերոնի ամրոցում, ավետարանի պատմության մեջ տեսնելով, որ Հերովդեսի խնջույքը, Սողոմեի խնդրածը և Հովհաննեսի գլխատումն իրար կցված և նույն պահին կատարված գործեր են, ստիպված են ասել, թե Հերովդեսը այդ օրը ոչ թե Տիբերիա քաղաքի իր արքունիքում, այլ Մաքերոնի ամրոցում էր գտնվում: Բայց սա Ավետարանի պատմության պարագաներին չի համապատասխանում, որը կատարյալ շքեղությամբ ու բոլոր պալատականների ու մեծամեծների ներկայությամբ մի պաշտոնական հանդիսություն է ներկայացնում, որը մայրաքաղաքից ու արքունիքից բացի, այլ տեղում չէր կարող տեղի ունենալ: Հետևաբար, մենք չենք կարող մեծ արժեք ընծայել Հովսեփոսից հիշված Մաքերոն անվանը և հավանական ենք համարում ասել, թե Հովհաննեսը Տիբերիա քաղաքում էր բանտարկված: Նույնը հաստատվում է նաև Հովհաննես Մկրտչի պատգամավորության պատմությամբ (Մատթ. 11:7-19), քանզի շատ դժվար էր, որ Մաքերոնից Գալիլիա լուրեր տրվեին և ստացվեին, մինչ այդ շատ դյուրին էր կատարել Գալիլիայի սահմաններում:
    Ավետարանը պատմում է, թե Հովհաննեսի մահվան լուրը անմիջապես տարածվեց և իր աշակերտներին հասավ, որոնք բանտ գնացին` ստուգելու և իմանալու: Ավանդական մի պատմություն ասում է, թե Հովհաննեսի անգլուխ մարմինը բանտից անարգաբար դուրս նետվեց: Մեկ այլ պատմություն էլ ասում է, թե Հովհաննեսականները այն աղաչանքով ու պարգևով ստացան և, վերջապես, Ավետարանը պատմում է, թե նրանք ինչ-որ ձևով կարողացան այն ձեռք գցել և նրա օրինական թաղումը կատարել:
    Հովհաննեսի աշակերտները, թեպետև թվով քչացած և նրա բանտարկության պատճառով գործունեություններն ու ազդեցությունները նվազած, սակայն շարունակում էին դեռևս հատուկ մի աշակերտություն լինել: Հովհաննեսի մահվամբ առավել շփոթվեցին: Ուստի իրենց ուրիշ ճանապարհ չմնաց, բայց միայն Հիսուսին դիմել, Նրա աշակերտությանը հարել և Նրա հովանու ներքո մտնել: Եվ այս նպատակով Հիսուսի մոտ եկան, եղելությունը պատմեցին և իրենց մտադրությունը հայտնեցին: Այսուհանդերձ, Հովհաննեսականները իսպառ չվերացան, բավական տարիներ հետո Պետրոս Առաքյալը Եփեսոսում Հովհաննեսյաններ գտավ  (Գործ. 19:3), և ուրիշ առիթներով էլ է հիշված Հովհաննեսյանների գործունեությունը, թեպետ հույժ նվազ և աննշան թվով: