Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 11:2

Հովհաննես Ծործորեցի

2-3. Իսկ Յովհաննէսը, երբ բանտում լսեց Քրիստոսի գործերի մասին, ուղարկեց իր աշակերտներին եւ նրանց միջոցով ասաց նրան. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թէ՞ ուրիշին սպասենք»:

   

   Երբ Հովհաննեսը բանտում լսեց Քրիստոսի գոր ծերի մասին, իր աշակերտներին ուղարկելու միջոցով հարցրեց Նրան. «Դո՞ւ ես, որ գալու է, թե ուրիշին սպասենք»:
   Ավետարանիչը հայտնում է Հովհաննեսի աշակերտների նախանձի մասին և ոչ թե որ Հովհաննեսը կասկածում էր [Հիսուսի] վերաբերյալ: Որովհետև եթե նախքան Նրա հրաշագործությունները գիտեր Նրան և դեռ որովայնից Հոգով ճանաչեց Նրան 596, հենց Հորից լսեց Նրա մասին, Հոգին Նրա վրա իջած տեսավ և ամենքի առաջ վկայեց. «Սա՛ է մեղքերը վերացնողն ու Աստծո Որդին, և ես արժանի չեմ Նրա կոշիկները բարձրացնելու» 597, ինչո՞ւ նորից պիտի կասկածեր: Մի՞թե խաբեություն էր այն ամենը, և ո՞վ, որ փոքր-ինչ իմաստություն է ձեռք բերել, այսպիսի բան կաներ, ուր մնաց թե Հովհաննեսը: Բայց քանի որ Հովհաննեսի աշակերտները զգուշանում էին Քրիստոսից և Հիսուսին լոկ մարդ համարում, իսկ Հովհաննեսին՝ [մնացած] մարդկանցից մեծ մեկը, հենց դա էր արգելում, որ նրանք հարեին Հիսուսին, չնայած որ Հովհաննեսը բազմիցս իրեն նվաստ էր կոչում և աղաչում, սովորեցնում և ուղարկում էր Հիսուսի մոտ, բայց դրանով չէր կարողանում նրանց համոզել, քանի որ դժվարահավան էին և կարծում էին, թե խոնարհությունից է այդպես ասում, և առավել էին նրա հանդեպ սիրուն բևեռվում: Իսկ եթե [Հովհաննեսը] լռեր ու դա չաներ 598, մտավախություն ուներ, թե ավելի մեծ վտանգ կառաջանար. իր մահվանից հետո պատճառ կդառնար մի ուրիշ կրոնի և Քրիստոսից [իր հետևորդների] հեռանալու: Ուստի թեպետ առաջ կամենում էր, բայց չէր կարողանում, սակայն երբ նրա վախճանը մոտեցավ (որպեսզի մեռելների մեջ նախորդի Փրկչին, ինչպես որ ողջերի մեջ ծննդյամբ [նախորդեց Նրան]), շտապեց նրանց ուղղության բերելու: Մանավանդ որ սպասեց հարմար ժամանակի. երբ աշակերտներից լսեց, որ Հիսուսը մեծ հրաշքներ է գործում, ուղարկեց նրանց, ո՛չ ամենքին, այլ երկու հոգու, որոնց մասին գիտեր, որ մյուսներից ավելի համոզվող էին, որպեսզի գնային ու փորձով իմանային, թե Հովհաննեսը որքան հեռու է Քրիստոսից, քանի որ Հովհաննեսը հրաշքներ չգործեց: Ուստի աշակերտների համա՛ր ասաց. «Դո՞ւ ես, որ գալու է»՝ ըստ մարգարեների կանխագուշակման, «թե ուրիշին սպասենք». որովհետև ինչպես որ Տերն է ասում ժողովրդի համար. «Անում եմ, որ հավատան» (Հովհ. 11։42),այդպես էլ Հովհաննեսն այս հարցով կնքում է նախապես իր քարոզածները, որոնք նրա աշակերտներից ոմանք լսելով՝ գնացին Հիսուսի հետևից: Իսկ մնացածներին այժմ այս հնարով է ուղղության բերում, որպեսզի գնան տեսնեն հրաշքները և հավատան Նրան:

   Ոմանք էլ ասում են, թե Հովհաննեսը գիտեր, որ Նա էր Քրիստոսը, բայց չգիտեր, որ Նա մեռնելու էր մարդկանց համար, ուստի հարցնում էր. «Դո՞ւ ես, որ գալու է դժոխք»: Սակայն սա ինձ հավանական չի թվում, որովհետև դա նույնպես քաջ գիտեր, երբ ասում էր. «Դո՞ւ ես ինձ մոտ գալիս» (Մատթ. 3։14), և այլուր՝ «Աստծո Գառը, որ Իր վրա է վերցնում աշխարհի մեղքը» (Հովհ. 1։29)՝ խաչելությամբ. այլև «Կմկրտի ձեզ Հոգով» (հմմտ. Մատթ. 3։11) [ասելով՝ Քրիստոսի] հարության մասին խոսեց: Այլապես ինչպե՞ս էր մյուս մարգարեներից առավել՝ ըստ Տիրոջ 599. որովհետև [անգամ] մյուսներն էին հայտնել չարչարանքների մասին, որոնց [մարգարեությունները] հարկ չկա երկրորդելու, ուստի սրանից [դրանք ինչո՞ւ] պիտի թաքցվեին: [Կարելի է հասկանալ] նաև այլ կերպ: Ինչո՞ւ չասաց. «Դո՞ւ ես, որ գալու է դժոխք», այլ միայն պարզաբար՝ «Դո՞ւ ես, որ գալու է»: Սա նշանակում է. «Երկրում կարապետեցի և դժոխք եմ գնում, արդ Դո՞ւ ես այնտեղ գալու, թե մի ուրիշին ես ուղարկելու»:
   

Ստեփանոս Սյունեցի

2-3․Իսկ Յովհաննէսը, երբ բանտում լսեց Քրիստոսի գործերի մասին, ուղարկեց իր աշակերտներին եւ նրանց միջոցով ասաց նրան. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թէ՞ ուրիշին սպասենք»:
   
   «Իսկ Հովհաննեսը, երբ բանտում լսեց Քրիստոսի գործերի մասին, ուղարկեց իր աշակերտներին և նրանց միջոցով ասաց նրան. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք»:

   Հովհաննեսը, ով տեսավ Սուրբ Հոգին աղավնակերպ իջած Քրիստոսի վրա և լսեց երկնքից եկած ձայնը. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3։17), և դարձյալ Հիսուսին տեսնելիս ասաց. «Ահա՛ Գառն Աստծու, Ով [Իր վրա] է վերցնում աշխարհի մեղքը» (Հովհ. 1։29), ինչպե՞ս է այժմ թերահավատալով, թե նա է Քրիստոսը, առաքում Իր աշակերտներին Նրան հարցնելու. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք»:

   Այս մասին ասենք համառոտ: Ոչ թե ինքը թերահավատալով առաքեց [աշակերտներին] Հիսուսի մոտ՝ Նրան հարցնելու, այլ իր աշակերտների թերահավատության պատճառով [այդպես վարվեց], որպեսզի նրանց հավատացնի Նրա՝ Քրիստոսի բերանով, թե Նա է, որ գալու է և պետք չէ ուրիշին սպասել: Ուստի և Քրիստոս Իր Աստվածությունը հրաշքներով ցույց տալուց հետո ասաց. «Երանի՜ է նրան, ով իմ պատճառով չի գայթակղվում» (Մատթ. 11։6): Եվ արձակելով Հովհաննեսի աշակերտներին՝ ժողովդին այսպես է ասում Հովհաննեսի մասին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

2-6. Իսկ Յովհաննէսը, երբ բանտում լսեց Քրիստոսի գործերի մասին, ուղարկեց իր աշակերտներին եւ նրանց միջոցով ասաց նրան. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թէ՞ ուրիշին սպասենք»: Յիսուս պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Գնացէք պատմեցէ՛ք Յովհաննէսին, ինչ որ դուք լսեցիք եւ տեսաք. կոյրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրւում, խուլերը՝ լսում, մեռելները՝ յառնում, եւ աղքատներին քարոզւում է Աւետարանը: Եւ երանի՜ է նրան, ով իմ պատճառով չի գայթակղւում»:
   
   Հովհաննես Մկրտչի բանտարկության մասին պատմելուց հետո (Մատթ․ 14։3-5) ուրիշ առիթ չունեցանք Կարապետին հիշելու։ Մի տարի էր գրեթե, որ բանտում ղզիացած և անգործ ապրում էր Հովհաննեսը, բայց նա չէր մոռացված։ Որչափ էլ Հովհաննեսի աշակերտները նվազել և տկարացել էին, և շատերն էլ անցել էին Հիսուսին աշակերտելու, սակայն Հովհաննիսյաններ դեռ կային, որոնք հավատարիմ էին մնում Հովհաննես Մկրտչին՝ նույնիսկ նրա բանտարկվելուց և հալածվելուց նոր փաստ ու քաջալերություն ստանալով։ Բայց Հիսուսի առաջխաղացումը շփոթեցրել էր նրանց․ Նա շատ ավելի զորավոր կերպով էր գործում, մանավանդ, որ անթիվ անհամար հրաշքներ էր գործում, մինչև Հովհաննեսը երբեք որևէ նշան չարեց Հովհ․ 10։41։ Ամբողջովին շփոթված՝ ստիպված էին իրենց վարդապետին դիմելու, տեսածը պատմելու և խորհուրդ լսելու։ Հովհաննեսի բանտարկությունը արտաքին հարաբերությունների բացարձակ դադարում չէր նշանակում, ուստի և իր աշակերտներին իրեն դիմելու որևէ արգելք չկար։
   Հովհաննեսը՝ որ բանտ չնստած էլ բարձրաբարբառ քարոզում էր, թե ինքը Մեսիան չէ, իհարկե, իր համոզումը չէր փոխել, մանավանդ, որ գործերն էլ շարունակ իր հայտարարածն էին հաստատում։ Նրա համար երբեք չենք կարող ընդունել, թե Հովհաննեսը պատգամավորներ ուղարկեց Հիսուսի մոտ և հարցնել տվեց՝ «Դու՞ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք», Հիսուսի մասին կասկած ունեցած լինի, այլ միայն իր աշակերտների հավատքը զորացնելու մի ձև մտածեց։ Հավանաբար իրենց ասաց․ «Ես նախօրոք ձեզ ասացի, բոլոր ժողովրդին էլ հայտարարեցի, թե ես Քրիստոսը չեմ։ Յովհ․ 1։20, երբ որ Հիսուսն էլ երևաց և սկսեց քարոզել, նորից ձեզ կրկնեցի, թե պետք է նա աճի, իսկ ես՝նվազեմ Հովհ․ 3։30, հիմա էլ ձեզ ուրիշ ասելիք չունեմ։ Քրիստոսը ես չեմ, եթե դուք չեք ուզում ընդունել, որ Հիսուսն է Քրիստոսը, գնացեք իրեն հարցրեք, թե Քրիստոսը դու՞ ես, եթե ոչ՝ ուրիշին սպասենք»։ Այդ ձևով միայն կարելի էր արդարացնել Հովհաննեսի կողմից ուղարկված երկու պատգամավոր աշակերտների առաքումը Հիսուսի մոտ, ապա թե՝ ոչ, Հովհաննեսն ինքն իրեն հակասած կլիներ, և Հիսուսի սկզբնավորության ժամանակ փառավորողը չէր կարող կասկածել, երբ գործերն արդարացնում էին Իր խոսքերը։ Հիսուսի տված պատասխանի ձևն էլ Հովհաննեսին ինչ-որ ձևով անարգանք կլիներ, եթե իրոք Հովհաննեսը հավատքը հաստատելու նպատակ ունենար և բնավ չէր հարմարվի մեծամեծ գովեստներին, որոնք հետո Հովհաննեսի համար խոսվեց։ Հիսուս Իր մոտ եկած Հովհաննիսյան երկու աշակերտներին լսեց, նրանց ամենևին բացատրություն չտվեց, Սուրբ Գրքից մարգարեությունները չբացատրեց, այլ նրանց աչքի առջև մի շարք հրաշքներ կատարեց, կույրերի աչքերը բացեց, կաղեր ու անդամալույծներ ուղիղ քայլեցրեց, մեռելների հարություն տվեց, այսահարներից դևերին հալածեց, տարբեր տեսակ հիվանդներ առողջացրեց և ուրիշ այլևայլ փորձանքների հանդիպածներին ցավերից ազատեց և հետո դառնալով եկողներին ասաց․ «Գնացե՛ք և տեսածներիդ համաձայն Հովհաննեսին պատմեցե՛ք։ Ահա ամեն տեսակ փորձության մեջ ընկնողները Ինձանով մխիթարվում են, և երանի՜ նրանց, որոնք այս փաստերով իրենց հավատքն են զորացնում, իմ պատճառով չեն գայթակղվում»։
   Եկող երկուսը ովքեր էին կամ թե նորից Հովհաննեսի մոտ դարձան և պատասխան տարա՞ն կամ, թե Հովհաննեսն ի՞նչ ասաց կամ ի՞նչ արեց, սրանց մասին Ավետարանները լռում են, և սա էլ դարձյալ մի նշան է, որ Հովհաննեսի բուն նպատակը Հիսուսի հանդեպ իր աշակերտների հավատքը զորացնելն էր։ Իր բանտից ազատվելու և իր գործունեության դառնալու հույսը կորցրած՝ փափագում էր, որ ամբողջ Հովհաննիսյան աշակերտությունն անցներ Հիսուսի աշակերտության։
   Ավետարանում չի բացատրված, թե որտեղ հանդիպեց այդ պատգամավորությանը։ Վերջին անգամ Հիսուս Նայինում էր, հաջորդ եղելության մեջ Նրան գտնում ենք Կափառնայումում, հավանաբար այդ պատգամավորության հանդիպումն էլ Կափառնայումի մոտ տեղի ունեցավ։