Ծննդոց գրքի մեկնություն 15:9

Սրբ. Եփրեմ Ասորի

Աստուած ասաց նրան. «Դու ինձ համար ա՛ռ երեք տարեկան երինջ, երեք տարեկան նոխազ, երեք տարեկան խոյ, տատրակ եւ աղաւնի»:

   

   Տերն ասաց.«Դու ինձ համար առ երեք տարեկան երինջ, երեք տարեկան նոխազ, երեք տարեկան խոյ, տատրակ և աղավնի»: Դրանով, ինչպես ասում է Երեմիան, ցույց տվեց, թե երեք դար հետո են մտնելու, և որ մարգարեները, թագավորներն ու քահանաներն ապագայում են լինելու: Եւ դրանք տասներկու մասի բաժանելով ցույց տվեց, թե տասներկու ազգ են լինելու: Եւ գիշերը թռչունները երամ-երամ իջնում էին դրանց կտրտված մարմինների վրա, բայց Աբրահամը նստում և քշում էր, դրանով ցույց էր տալիս, թե պանդխտության մեջ են ընկնելու նրանք և հանուն իրենց մեջ եղած արդարների, փրկվելու են: Եւ կրակ վառվեց, երևաց ծխացող մի հնոց և կրակի լեզուներն անցան դրանց միջով. Սրանով ցույց տվեց, որ թեև արդարները սպառվելու են, բայց հանուն նրա փրկության Աստված օգնական է լինելու նրանց:
   

Ա. Լոպուխին

9-10. Աստված ասաց նրան. «Դու ինձ համար ա՛ռ երեք տարեկան երինջ, երեք տարեկան նոխազ, երեք տարեկան խոյ, մի տատրակ և մի աղավնի»։ [9] Նա առավ այդ բոլորը, կտրեց մեջտեղից ու կտորները դրեց իրար դիմաց, իսկ թռչունները չկտրատեց։ (Սինոդական թարգ․)

   

   Դու ինձ համար ա՛ռ երեք տարեկան երինջ... իսկ թռչունները չկտրատեց։Ներողամտություն ցուցաբերելով Աբրամի նշանի մասին հարգալից խնդրանքի հանդեպ, ինչը կհավաստիացներ նրա սերունդին աստվածային խոտումների իրագործման մեջ, Աստված բարեհաճում է տալ նրան նույն այն նշանը, որը նման դեպքերում օգտագործվում է նաև մարդկանց կողմից: Հին ժողովուրդների մոտ, հատկապես Արևելքում, երբ մարդիկ շաղկապում էին իրենց ինչ-որ կարևորագույն խոստումներով, ապա միմյանց հետ մտնում էին դաշինքի մեջ, որի կնքումն ուղեկցվում էր հայտնի արտաքին ծիսակարգով. վերցնում էին այս կամ այն քանակությամբ զոհաբերվող կենդանիներ, մորթում և թափում էին դրանց արյունը, կտրատում երկու հավասար մասերի և անցնում այդ կիսված մասերի միջով: Դաշինքի մեջ մտնող անձերի բոլոր այս խորհրդանշական գործողությունները վկայվում են Աստծո և մարդկանց առաջ, որ նրանք պատրաստ են արյուն թափել մեկը մյուսի համար, որ պարտավորվում են ներկայացնել միևնույն կենդանի ամբողջության երկու հավասր մասերը, և որ այդ միության խախտողին սպսվում է խիստ պատիժ Աստծո կողմից՝ կենդանու դիակի մասնատման նմանությամբ (Եր. 34:18): Աստված, ներողամիտ լինելով մարդկային տկարության հանդեպ, բարեհաճեց օգտագործել այս երդման ծիսակարգը նաև Աբրամի և նրա սերունդի հետ ուխտի մեջ մտնելիս: Ընդ որում հարկ է նշել, որ այստեղ մատնանշված կենդանիների և՛ թվարկումը, և՛ ծիսակատարությունը (օրինակ՝ «թռչունների չկտրատումը», Ղև. 1:14-17) գրեթե բառացիորեն համընկնում են զոհաբերության մասին հետագա օրենքների հետ: Այստեղից ակնհայտորեն երևում է, թե Մովսեսն ինչ-որ նոր բան չէր սահմանում, այլ ժողովրդին վերադարձնում էր հին, մոռացված կարգերին:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Աստուած ասաց նրան. «Դու ինձ համար ա՛ռ երեք տարեկան երինջ, երեք տարեկան նոխազ, երեք տարեկան խոյ, տատրակ եւ աղաւնի»:
(Արարատ թարգ․) Եվ Նա ասաց նրան. «Ինձ համար վերցրո՛ւ մի երեք տարեկան երինջ, երեք տարեկան այծ, երեք տարեկան խոյ, մի տատրակ և մի աղավնու ձագ»:
(Գրաբար) Եւ ասէ ցնա. Ա՛ռ դու ինձ երինջ երեմեան, և քօշ երեմեան, և խոյ երեմեան, և տատրակ, և աղաւնի։