Հովհաննես Ծործորեցի
եւ նրանց առաջ պայծառակերպուեց. եւ նրա դէմքը փայլեց ինչպէս արեգակը. եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպէս լոյսը:
Եվ այլակերպվեց նրանց առաջ, և Նրա դեմքն արեգակի պես լուսավորվեց, իսկ հագուստը լույսի պես սպիտակեց:
Փոխեց Իր դեմքի տեսքը, քանի դեռ չէր մեռել, որպեսզի տեսնեին Նրա դեմքի գեղեցկությունը՝ ըստ Դավթի 878, և չերկմտեին, երբ Նրա դեմքը փոխվեր՝ Նրա մահվան ժամանակ գունատվելով՝ ըստ Եսայու 879: Նաև ովքեր չարչարանքով խաչակից են լինում Նրան, նրանց դեմքը փոխվելու է՝ լուսավոր կերպարանք առնելով՝ ըստ առաքյալի. «Մեր խոնարհ մարմինը կերպարանափոխելու է Իր փառավոր մարմնի նմանությամբ» (հմմտ. Փիլպ. 3։21), և ըստ Հովհաննեսի՝ «Նրա նման ենք լինելու» (Ա Հովհ. 3։2), որովհետև «տեսանք Նրա փառքը՝ Միածնի՝ Հորից ունեցած փառքը՝ լի շնորհով և ճշմարտությամբ» (Հովհ. 1։14):
«Եվ այլակերպվեց նրանց առաջ,- ասում է [ավետարանիչը],- և Նրա դեմքն արեգակի պես լուսավորվեց»՝ առավել, քան Մովսեսինը, որովհետև նրանը դրսից էր, իսկ Տիրոջինն արտափայլում էր ներսից՝ Նրա աստվածությունից: «Արեգակի պես» ասելը նշանակում է ո՛չ այդքան միայն, այլ է՛լ ավելի, այնքան, որ Նրա դեմքի պայծառությունը գերազանում էր արևի լույսը, բայց քանի որ արարածների մեջ չկա մի ուրիշ՝ ավելի սաստիկ լույս, այդ պատճառով էլ [ավետարանիչն] արևի հետ է բաղդատում:
Անիմաստ չէր Նրա դեմքի՝ արևի պես լուսավորվելը. որովհետև Արդարության Արեգակը լինելով՝ Նա այրում էր խավարի գործերը, փարատում տգիտության ու կռապաշտության գիշերվա մթությունը և մարդկանց պայծառացնում աստվածային գործերի համար: Նաև [դրանով] ցույց տվեց Իր աստվածության դեմքը, որպեսզի հասկանային, որ Ինքը վեր է չարչարանքներից և դրանք կամավորաբար կրում է մեր փրկության համար: Այլև, քանի որ կամենում էին իմանալ, թե ինչպես է գալու երկնքից, ցույց տվեց կերպը: Եվ քանի որ հարությունից հետո տեսնելու էին Նրան, այստեղ ցույց տվեց [Իր հարուցյալ վիճակի փառքը], որպեսզի իմանային, որ Նա է հարություն առնողը և ո՛չ ուրիշ մեկը, և հավատային, որ «արդարներն արեգակի պես փայլելու են արքայության մեջ» (Մատթ. 13։43): Իր դեմքին ցույց տվեց նաև Ադամի՝ չմեղանչած վիճակում ունեցած փառքը, որովհետև [Ադամն այդ ժամանակ] արեգակի պես փայլում էր դրախտում:
«Նրա հագուստը լույսի պես սպիտակեց»:
Մարկոսն ասում է. «Երկրում թափիչները 880 չեն կարող այդպես սպիտակեցնել» (Մարկ. 9։2), այսինքն՝ թեկուզ ոմանք իրենց հոգին թոթափեն մեղքերից, չեն կարողանա կենդանացնել այն: [Ավետարանիչը սա ասում է], որպեսզի իմանան, որ Նա, Ով Իր հագուստը կերպարանափոխեց, Նույն Նա է, Ով կենդանացրեց Իր մարմինը, որը հագել էր, և հետո [կենդանացնելու է] մերը հարության ժամանակ, որովհետև ով հոգի ու անմատույց փառք տվեց նրան, կարող է մահվան մեջ նրան կյանք տալ, ինչպես որ [կյանք է տալիս նաև, երբ մեր] մարմինը [Հաղորդությամբ] ճաշակում է Նրան: Իսկ այլաբանորեն՝ Տիրոջ այլակերպությունը ցույց էր տալիս Օրենքի փոփոխությունը՝ Հինը Նորի և ստվերը լույսի վերածելով: Նրա դեմքի՝ արևի պես պայծառանալը խորհրդանշում էր ավետարանի ուսմունքն ու առաքելական աստվածաբանությունը, որով բառերի իմաստները բացատրվում են լուսապայծառ վերլուծությամբ: Իսկ հագուստի լուսավորվելը [նշանակում է] Ավազանի մկրտությամբ նոր ծնվածների մաքրությունը, որով նրանք պայծառացան՝ [մաքրվելով] նախկին աղտեղությունից, և դարձան մեր Տիրոջ հագուստը՝ ըստ մարգարեի. «Կենդանի եմ Ես,- ասում է Տերը,- ձեզ բոլորիդ հագնելու եմ իբրև զգեստ» (հմմտ. Ես. 49։18), և նրանց տեսավ Հովհաննեսը՝ սպիտակ թիկնոցներ իրենց վրա գցած 881:
Ստեփանոս Սյունեցի
եւ նրանց առաջ պայծառակերպուեց. եւ նրա դէմքը փայլեց ինչպէս արեգակը. եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպէս լոյսը:
«Եվ Նրա դեմքը փայլեց, ինչպես արեգակը»:
Դեմքը փայլեց իբրև արդարության Արեգակ՝ խավարի և գիշերի գործերը այրելու և աստվածային գործերը լուսավորելու համար:
«Եվ Նրա զգեստները դարձան սպիտակ, ինչպես լույսը»
Հանդերձը խորհրդանշում է ավետարանական և առաքելական գրքերի աստվածաբանողի և դրանց բառերի մեկնաբանողի միտքը։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 17:1
Մաղաքիա արք. Օրմանյան
2-8․ եւ նրանց առաջ պայծառակերպուեց. եւ նրա դէմքը փայլեց ինչպէս արեգակը. եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպէս լոյսը: Եւ ահա նրանց երեւացին Մովսէսն ու Եղիան, որ խօսում էին նրա հետ: Պետրոսը պատասխան տուեց եւ ասաց Յիսուսին. «Տէ՛ր, լաւ է, որ մենք այստեղ ենք. եթէ կամենաս, երեք տաղաւարներ շինենք, մէկը՝ քեզ համար, մէկը՝ Մովսէսի, մէկն էլ՝ Եղիայի»: Եւ մինչ նա դեռ խօսում էր, ահա մի լուսաւոր ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ ու ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հաւանեցի, դրա՛ն լսեցէք»: Երբ աշակերտները այս լսեցին, իրենց երեսի վրայ ընկան եւ սաստիկ վախեցան: Եւ Յիսուս, մօտենալով, դիպաւ նրանց ու ասաց. «Ոտքի՛ ելէք եւ մի՛ վախեցէք»: Նրանք աչքները բարձրացրին եւ Յիսուսից բացի ոչ ոքի չտեսան:
Այլակերպություն բացատրությունը համապատասխանում է Ավետարանի գործածած բառերին` Այլակերպեցաւ, Յայլակերպս եղեւ տեսիլ նորա այլակերպ, որ նշանակում է մեկի կերպարանափոխվելը: Սա է գործածված սովորական բառը, թեև Եկեղեցին,բդեպի լավը եղած փոփոխությունը ճշտելու համար «Պայծառակերպութիւուն» բացատրությունն էլ է ընդունել: Մենք շարունակենք պատմական կարգը:
Հիսուս Փիլիպպյան Կեսարիա քաղաքի մոտ, առաքյալների հետ ունեցած խոսակցությունից հետո, թողեց այն կողմերը և սկսեց եկած ճանապարհով ետ դառնալ: Իջավ Բեթսայիդա, ծովով անցավ Մագդաղայի կողմերը և այնտեղից ուղևորվեց դեպի Թաբոր լեռը, որ մոտ է Դեկապոլիս անապատին, ուր տեղի էր ունեցել չորս հազարի հրաշքով կերակրվելը: Երբ որ երեկոյանում էր, վերոհիշյալ խոսակցությունից անցել էր յոթ օր, բարձրացավ Թաբորի վրա` Իր գիշերային հսկումն ու սովորական աղոթքն անելու, առաքյալներից իննին ներքևում թողնելով` որպես գիշերային աղոթակից ընկեր, հետը վերցրեց միայն երեքին: Այդ երեքն էին Սիմոն Պետրոսը, Զեբեդյան եղբայրները` Հակոբոսն ու Հովհաննեսը: Հիսուսը Իր աղոթքի հետ էր, մյուս երեքը չկարողացան դիամանալ անքնությանը, եղան «ծանրացեալ ի քնոյ» և սկսեցին մրափել:
Երբ Հիսուս աղոթում էր, տեղի ունեցավ մի նորօրինակ տեսիլք: Փոխվեց Հիսուսի երեսի տեսքը, կորցրեց սովորական համեստությունը, լուսավոր, փայլուն և վեհ մի կերպարանք առավ և ճառագայթներ էին ցոլում Նրանից, կարծես լուսասփյուռ արև լիներ. «Լուսաւորեցան երեսք նորա իբրեւ զարեգակն» : Հագուստները ևս լուսավոր ճերմակություն ստացան, «Սպիտակ իբրեւ զլոյս» կամ «Փայլուն սպիտակ յոյժ», այնպես ճերմակ էին, որ անգամ բոլոր կտավ սպիտակեցնող արհեստավորները` «Թափիչք երկրի», անկարող էին այդչափ սպիտակեցնել դրանք: Այս գործնական բացատրությունը Մարկոսինն է, որն էլ մեկնիչներին առիթ տվեց կարծել, թե Մարկոսն ինքն էլ արհեստով թափիչ էր, քանի որ գործածած օրինակը սովորական ու ընդհանրացյալ չէր:
Հիսուսի պայծառակերպվելուն մի այլ հրաշալի հանգամանք էլ ավելացավ, երկու անձ, Արք երկու, երևացին այնտեղ և սկսեցին խոսել Հիսուսի հետ: Իրենց խոսակցության նյութը վերաբերվում էր Հիսուսի կյանքի մնացյալ մասին, հակառակության սաստկանալուն, Երուսաղեմ գնալուն և այնտեղ Իր կյանքին վերջ արվելուն. «Ասէին զելիցն նորա զոր կատարելոց էր յԵրուսաղէմ»: Այդ երկու անձերն էլ փառավոր տեսք ունեին, «Երեւեալ փառօք» և իրենց խոսակցությունից հասկացվում էր, թե մեկը Մովսեսն էր, մյուսը` Եղիան:
Երբ տեղի էր ունենում այս նորահրաշ տեսիլքը, երեք առաքյալ կես քուն, կես արթուն էին: Լույսի ազդեցությունը սթափեցրեց իրենց, զարթեան, և լուսավոր տեսիլքն ամբողջությամբ, լուսասփյուռ կերպարանքը, ճերմակ, փայլուն զգեստները, երկու փառավոր անձերը, խորախորհուրդ խոսքերը պարզվեցին նրանց աչքերի առջև «Տեսին զփառսն նորա»: Անկարելի է կարծել, թե նրանք անակնկալ երևույթի առջև երկյուղալի հիացում, պատկառելի սոսկում, շփոթ ազդեցություն չզգային և ահուդողի մեջ չընկնեին` «Զարհուրեալ էին»: Միաժամանակ նաև չխորշեցին, փախչելու, հեռանալու փորձ չարեցին, ընդհակառակը,առաջին շփոթությունից հետո, երբ իրենք իրենց վերգտան, չորս կողմը նայեցին, հաճելի տպավորություն զգացին, տեսան լույսի ու փառքի զեղում, չնաշխարհիկ վիճակ, որի տևողությունը ցանկալի էր: Սակայն այս զգացումը ևս խորհրդածված և կշռադատված չէր, այլ երևակայության բորբոքման շնորհիվ ստացած առաջին տպավորության արդյունք: Ճիշտ այդ տպավորության արդյունքն է Պետրոսի կողմից ընկերներին ուղղված խոսքը . «Օ՜, այս ի՜նչ հաճելի և ի՜նչ գեղեցիկ տեղ է Վարդապե՛տ, այստեղից չհեռանանք, այստեղ մնանք: Քեզ, քեզ հետ եղող Մովսեսի և Եղիայի համար մեկական տաղավար կազմենք, որպեսզի դրանց ներքո պատսպարվեք. Մենք բացօթյա էլ կարող ենք անցկացնել»: Մի բան էր ասում Պետրոսը,թեև ասածը իմաստ չուներ և տեղին էլ չէր համապատասխանում: Փառավորյալ Հիսուս և փառավոր ընկերները հանգստանալու համար առաքյալների տաղավարների կարիքը չունեին: Առաքյալներն ինչո՞վ և ինչպե՞ս պիտի շինեին տաղավարները: Ուստի, ինչպես նկատում են ավետարանիչները, Պետրոսի խոսքերն անիմաստ էին. «Ոչ գիտէր զինչ խօսէր»:
Քանի որ տաղավարաշինության գաղափարը լույսի ու փառավորության հետ կապ չունենալուց կարելի է կարծել, թե Պետրոսի մոտ այդ միտքը ծագեց նույն պահին իրենց վրա եկող և իրենց պարուրող ամպից, որովհետև ամպի խոնավությունից պարտակվելու` թաքնվելու համար միայն տաղավարները կարող էին օգտակար լինել: Անշուշտ, տաղավար ասելով պիտի հասկանանք ծառերի ճյուղերից կազմված պատսպարանները, որոնք իրենց հետ չունեին: Ակնկալելով այս մեկնությունը` չենք ցանկանում պնդել այն, որովհետև Ավետարանները այնպես են ցույց տալիս, թե ամպը խոսքից հետո է իջել. «Իբրեւ զայս ասաց, եկն ամպ եւ հովանի եղեւ ի վերայ նոցա: Մինչդեռ նա խօսէր, ահա ամպ լուսաւոր հովանի եղեւ ի վրայ նոցա»: Բայց մենք հավանական ենք համարում Պետրոսի խոսքը ամպի ներկայության հետ կապել, քանի որ վախն ու ամպը միշտ իրար կցված են, և մինչ Մարկոսը առաքյալների վախը ամպից առաջ է հիշատակում է` «Զի զարհուրեալ էին: Եւ եղեւ ամպ մի հովանի», Ղուկասը վախի մասին գրում է ամպից հետո. «Եւ երկեան ի մտանել նոցա ընդ ամպովն»: Իրոք որ առաքյալների ասածը ու արածը վախի ու շփոթության հետևանք էին:
Սակայն այդքանով դեռևս չի ավարտվում առաքյալների շփոթությունը: Երբ ամպը եկել և ծածկել էր առաջին փառավոր տեսիլքը, իսկ իրենք զարմանքով այս ու այն կողմ էին նայում, մտովի որոնում իրերի ստուգությունը, ահավոր ձայն եկավ ամպի միջից, ուրախացուցիչ և երկյուղ ազդող մի ձայն, որ հստակորեն ասում էր. «Դա է որդի իմ սիրելի, Որդի իմ նտրեալ, ընդ որ հաճեցայ, դմա լուարուք»: Մի անգամ էլ սարսափեցին առաքյալները այդ երկնավոր պատգամներից: Հազիվ պետք է իրենք իրենց գտնեին, երբ կրկին շփոթվեցին, պետք է թմրած վիճակից վեր ելնեին` նորից վար ընկան, դեմքով դեպի գետինը կծկվեցին, ահուդողի մեջ անելիքները չիմացան: Այդ խառնաշփոթ վիճակում էր, երբ ահա լսում են Հիսուսի սովորական ձայնը, սիրելի Վարդապետի քաջալերող շեշտը, որ իրենց թևերից բռնելով և թոթափելով, հրամայում է. «Վախենալու բան չկա, մի՛ վախեցեք, ոտքի ելե՛ք»: Գլուխները վեր են բարձրացնում, աչքերն այս ու այնտեղ շրջում և վայր ընկած տեղից չորս կողմն են դիտում, սակայն ոչինչ չեն տեսնում` ո՛չ լույս, ո՛չ փառք, ո՛չ Մովսեսին, ո՛չ Եղիային, ո՛չ ամպ և ո՛չ էլ ձայն: Միայն Հիսուսն էր իրենց մոտ` ծանոթ դեմքով, սովորական զգեստով, ամենօրյա կերպարով: Հանդարտվում են, բայց դեռևս ստուգությունն իմանալ չեն կարողանում: Գիշերվա մնացած մասն անցկացնում են միասին, Թաբոր լեռան վրա` մտերմիկ խոսակցություններով և հետաքրքիր հարցումներով:
Հիսուսի այլակերպության խորհուրդը, իր իսկությամբ լինելով նորօրինակ, առավել կբարդանա, եթե ուզենք այն մանրակրկիտ զննության ենթարկել: Նորելուկ մեկնիչներից նրանք, ովքեր այդ շավիղը մտան, հանդիպեցին անելանելի բավղի: Այնուհանդերձ, առանց որևէ բան ասելու անցնելն անհնար է: Առաջին և գլխավոր խնդիրն այն է, թե այս առիթով Հիսուսի վրա իրո՞ք փոփոխություն տեղի ունեցավ. Նրա երեսն ու զգեստները իրո՞ք նախկինից տարբերվեցին, թե առերևույթ տեսիլք էր միայն, որ առաքյալների երևակայության վրա ներգործեց: Չնայած Ղուկասը գործածում է տեսիլք բառը` «Եղեւ տեսիլ երեսաց նորա այլակերպ», սակայն ոչ երբեք առերևույթ տեսիլքի, այլ իրական տեսության իմաստով, որովհետև հենց ինքն էլ ավելացնում է. «Փոխեցաւ հանդերձ նորա», ինչը կրկնում են նաև մյուս ավետարանիչները` միշտ տալով ոչ թե առերևույթ տեսիլքի, այլ իրական եղելության գաղափարը: Ուրեմն, պետք է ընդունել, որ իրական էին դեմքի լուսավորությունն ու զգեստի սպիտակությունը:
Ավելորդ ենք համարում քննել, թե ինչ նպատակ և ինչ օգուտ պիտի կարողանար ունենալ այդպիսի հրաշալի եղելությունը, քանի որ մենք տնօրինական եղելությունների ինչ լինելր կարող ենք հետազոտել, սակայն ինչո՞ւ լինելը կարգադրողի և կատարողի իմաստության պատկանող մի կետ է, այլ ոչ թե` մերը: Բայց ավելորդ չի նկատի առնել, թե սաստիկ հալածանքների ներքո և ապագա ծանրագույն վտանգների հանդեպ մեծապես օգտակար պիտի լիներ Հիսուսի մեսիայության և Աստվածորդիության համար շոշափելի փաստ ունենալ և հետևողների հավատքր հզորացնել:
Հապա ինչո՞ւ միայն երեք առաքյալի, այլ ոչ բոլոր Տասներկուսի կամ նույնիսկ Հիսուսի արարքներից զարմացողների աչքի ռջև: Այն էլ գաղտնության ծանր հրամանի և պայմանի ներքո, որ նաև երեք առաքյալները «Լռեցին, եւ ո՛չ ումեք պատմեցին յաւուրն յայնոսիկ, եւ ոչինչ յորոց տեսինն»: Այստեղ էլ դարձյալ բացատրությունը վեր է մեր կարողությունից, նպատակի բացատրությունը թողնում ենք հրամայողի ու կարգադրողի իմաստությանը: Սակայն մեր կարճ խելքով իմանում ենք, թե որևէ ճշմարտության հայտնությունը միայն կարևորվում է ժամանակին և պատեհ առիթով, տարաժամ` անժամանակի և անխորհուրդ հայտնությունները կարող են վնասկար լինել: Եթե անգամ բոլոր առաքյալները միաբերան պատմեին և բազմությունն էլ միաձայն վկայեր, միևնույն է, չարամիտ և չարակամ հակառակորդները իրենց ուղղությունից չպիտի շեղվեին: Ինչ օգուտ էին նրանք քաղել հրապարակային հազարավոր հրաշալի բժշկություններից: Բժշկությունները վկայվեցին որպես դիվական ազդեցություններ, իսկ փառավորությունն էլ պիտի անվանվեր սատանայական խաբեություն:
Վերջապես, նկատող էլ է եղել, թե երբ Մատթեոսը, Մարկոսը և Ղուկասը համաձայնությամբ պատմում են այլակերպությունը, ապա ինչո՞ւ Հովհաննեսը, որ ականատես վկա էր, իր ավետարանում չի պատմում այդ մասին: Բայց մենք քանիցս հիշել ենք, որ Հովհաննեսը լրացուցիչ ավետարան էր ուզում գրել` առաջին երեքի պատմածները չկրկնելով: Բայց եթե Հովհաննեսը չի հիշում, ապա ականատես վկաներից մեկ ուրիշը` Պետրոսը, բացահայտ գրում է. «Քանզի առեալ յԱստուծոյ եւ ի Հօրէ զփառս Եւ զպատիւց, յեկեալ յայնպիսի բարբառոյ մեծավայելչութեան փառաց անտի, եթէ դա է Որդի իմ սիրելի ընդ որ հաճեցայ, եւ զայս բարբառ մէք իսկ լուաք եկեալ յերկնից, որ ընդ նմա իսկ էաք ի սուրբ լերինն»: (Պետ. 1:17-18):
Երկնքից եկող ձայնը բացատրելու կարիք չենք զգում այստեղ: Հիսուսի մկրտության առթիվ Հորդանանի եզերքում հնչած ձայնն (Մատթ. 3:13-17) է, որ Թաբորի վրա էլ կրկնվեց, և իմաստն էլ պարզ և հայտնի է ըստինքյան: Նմանապես չենք երկարացնի Մովսեսի և Եղիայի անձնավորությունների և հայտնվելու ձևի վրա: Որքան էլ Եղիայի համար մարմնով վերցված լինելը գիտենք, և նրա երևալը մարմնով էլ կարող է լինել, սակայն Մովսեսի համար հարություն առած չենք կարող ասել, և հետևաբար նրանց երևալը լոկ հոգեկան ներկայությամբ կամ պարզապես տեսիլքով եղած պիտի ասենք: Մովսեսին որպես մեռյալների ներկայացուցիչ և Եղիային` որպես ողջերի ներկայացուցիչ ընդունելը, Մովսեսին որպես նախանձահույզ օրենսդիր և Եղիային որպես նախանձախնդիր օրինապահ նկատելը, երեք տաղավարների թվով Ս. Երրորդության խորհուրդի ակնկալության ըմբռնելը և նման այլևայլ կարծիքները մեր նպատակից դուրս են և պատմական կետեր չեն: Իսկ թե ինչպես առաքյալները ճանաչեցին Մովսեսին և Եղիային, դժվարին խնդիր չէ, քանի որ նրանց և Հիսուսի խոսակցությունները լսելը` բավական է խոսողների ով լինելը եզրակացնել նրանց խոսքերից:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: