Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 17:20

Հովհաննես Ծործորեցի

Բայց այս տեսակ դեւը այլ կերպ դուրս չի ելնում, եթէ ոչ աղօթքով ու ծոմապահութեամբ»:

 

   Բայց այս տեսակը ո՛չ այլ կերպ է դուրս գալիս, քան աղոթքով ու պահքով»:

   Միայն լուսնական դևերի մասին չէ, որ խոսում է, այլ բոլո՛ր դևերի: Իսկ պահքն ու աղոթքը նշելով՝ խորհրդական գիտելիք է ավանդում դիվահարության պատճառների մասին: Քանի որ մարդը երկու [մասից] է՝ հոգուց ու մարմնից, ապա քանի դեռ հոգով, աղոթքի բանական պաշտամունքի միջոցով, միացած է Աստծուն և մարմինը պահքի ժուժկալությամբ որպես հոգու գործակից ունի, դևերն անկարող են բնակվել նրա մեջ, որովհետև այդպիսի [մարդիկ] ոչ միայն իրենցից են վանում [դևերին], այլև ուրիշներից վտարում: Բայց երբ [մարդ] դադարում է Աստծո հետ խոսակցելուց և տրվում է փափկակեցության, դրանից հետո դևերի բնակատեղի է դառնում: Ինչպես լույսից հեռացողն անշուշտ խավարով է պատվում, կամ առողջությունից զրկվածը հիվանդ է, այդպես էլ սա, հեռանալով բարուց, որը Դավիթը տենչում է 920, չարի միջոցով մոտենում է կորստյան: Եթե ոմանք [դիվահարության] պատճառը վախն ու ցնորմունքն են համարում, սա նույն բանն է: Որովհետև որքան մոտ է [մեկն] Աստծուն, այնքան զերծ է վախից, իսկ երբ ծուլությամբ ու մեղքերով հեռանում է Աստծուց, վախով է պաշարվում, ինչպես իր տիրոջ դեմ ապստամբածը կամ ընկերոջ կողմից մերժվածը վախենում է և հակառակորդների կողմից բռնվում: Ուրեմն՝ Տերը սա է [դիվահարության] պատճառ համարում և ասում է, որ ով աղոթող ու պահեցող է, [դևերը] նրան բնավ չեն տիրում, իսկ եթե մեկը ծուլության պատճառով դիվահարվում է, կարող է այդ նույն զենքերով ազատվել:

   Բայց եթե մեկը հարցնի. «Հապա ինչպե՞ս է, որ շատ սրբեր առանց պահեցողության դևեր քշեցին», կպատասխանենք, որ դա Աստծո զորությամբ է լինում, և [միայն] մեկ կամ երկու [այդպիսի] դեպք է պատահել: Իսկ այստեղ՝ բժշկողները խիստ պահքի և աղոթքի օգնության կարիք ունեն, մանավանդ՝ բժշկվողները, ինչպես որ [սեփական] փորձով շատերին ենք տեսել, որ [աղոթել ու պահեցողություն են արել] և չարից բժշկվել: Որովհետև պահքը հոգուն պարգևում է խոնարհություն, որը հակառակ է հպարտությանը, և հրեշտակ է պատրաստում մարմնի մեջ, որով [մարդն] անմարմինների 921 հետ պատերազմում ու հաղթում է: Այդպես նաև աղոթքն է հույժ զորավոր օգնական՝ ըստ առաքյալի 922, որովհետև աղոթքն այլ բան չէ, քան չարի դեմ հաղթանակ, ինչպես Տերը սովորեցրեց աղոթել. «Փրկի՛ր մեզ չարից» (Մատթ. 6։13): Սրանք ասվեցին ըստ էության: Իսկ եթե [ավետարանական այս հատվածի] այլաբանական [բացատրությունն] ես պահանջում, այն այսպիսին է: [Ավետարանիչը] «ժողովուրդ» է անվանում բանական [արարածներիս] ցեղը, և Աստծո գալը ժողովրդի մոտ Նրա արարչությունն ու նախախնամությունն է: Ուստի երբ արդարները Նրան ընդունեցին, մոտեցան աղոթքով ողորմություն խնդրելու մեր բնության համար նրանք, ովքեր [արդարների] որդիներն էին և Արարչից շեղվելով՝ մանկությունից պաշտում էին արարածներին և գտնվում աշխարհի տարերքների ծառայության ներքո, ինչպես ասում է [ավետարանիչը] թե՝ «լուսնոտում ու խիստ տանջվում է»: Որովհետև ոմանք լուսինն էին պաշտում, ոմանք՝ կրակը, ուրիշներ էլ՝ ջուրը, և այս բազմակերպ հիվանդությունը խորանում էր նրանց հոգում:

   Իսկ ասելը «Բերեցի նրան Քո աշակերտների մոտ, և չկարողացան բժշկել», [հրեա] օրենսգետների մասին է, ովքեր ընթերցում էին Օրենքը, բայց չէին կարողանում արդարացնել մարդկանց կամ ազատել դիվամոլ կռապաշտությունից: Ուստի [Տերն] ասում է. «Ո՛վ անհավատ ու թյուր ազգ». հիրավի՛ անհավատ, որովհետև չպահեց դրախտի փառքի իրեն վստահված ավանդը, այլ [Աստծո] ստեղծած բանական [վիճակից] օրինազանցությամբ շեղվեց ու դուրս եկավ՝ ըստ մարգարեի. «Իբրև ծռված որմ» (Սաղմ. 61։4), Սողոմոնն էլ [ասում է]. «Ծռվածը չի կարողանա ուղղվել» (Ժող. 1։15): Սրանից հետո [Տերը նրան] չզրկեց խնամքից, այլ զանազան այցելություններով եղավ մարդկանց հետ ու ներողամտությամբ համբերեց, ինչպես ասում է. «Մինչև ե՞րբ եմ լինելու ձեզ հետ, մինչև ե՞րբ համբերելու. բե՛ր նրան Ինձ մոտ»: Սա նշանակում է [Տիրոջ]՝ մարդկային բնություն առնելը, որով, արդարների աղոթքներից հարկադրված, մեզ Իր մոտ տարավ և կռապաշտությանը սաստելով՝ այն վերացրեց, ինչպես որ նորածին ժամանակ Եգիպտոս գնալով՝ առանց ձեռքի հատված Վեմը 923 փշրեց եգիպտացիների ձեռքի գործ [կուռքերը]: Եվ տղան բժշկվեց այդ ժամին», որովհետև այն ժամանակ, երբ [Տերը] մարմնացավ, բժշկեց «Իր ժողովրդի դստեր կոտրվածքը» (հմմտ. Ես. 30։26): Սրան նախանձելով՝ Հին Օրենքի աշակերտները, ովքեր իրենց արդարությունն էին կամենում հաստատել և ասում էին, թե մարմիններն Օրենքով են արդարանում, հարցրին. «Մենք ինչո՞ւ չկարողացանք մարդկանց հանել առ Աստված և բժշկել մեղքերից»: «Ձեր թերահավատության պատճառով»,- ասաց [Տերը]:

   Արդ՝ թերահավատությունը նախ այն է, որ միայն Հորը գիտեին, և երկրորդ՝ որ կարծում էին, թե Օրենքով են արդարանում, ինչպես ասացինք, և դրանով չէին կարողանում օգնել ոչ միայն ուրիշներին, այլև իրենց: Նշանակում է՝ իրենք ևս զոհով քավության կարիքն ունեին: Ուստի [Տերն] ասում է. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, լեռներ կփոխադրեք», այսինքն՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու կատարյալ դավանությամբ, որն ընդունում եք Ավազանում (և ոչ թե գործերով, այլ հավատով արդարանում, ինչպես գրում է Պողոսը. «Այդ հավատով արդարացած՝ խաղաղությո՛ւն հաստատենք Աստծո հետ» (Հռոմ. 5։1)), փոխադրում եք հպարտացած լեռները 924 և նրանց տեղը ժառանգում 925, և այս կերպ հնարավոր է դառնում երկնաքաղաքացի լինելը, որը ձեզ անհնար է թվում: Բայց որպեսզի միայն հավատին ապավինելով՝ չծուլանան, [Տերն] ասում է, որ մարդկային ցեղը ո՛չ այլ կերպ կարող է երկինք ելնել, քան աղոթքով ու պահքով, որովհետև «առանց գործերի հավատը մեռած է» (Հակ. 2։20), իսկ գործերով հանդերձ կենդանի հավատը մեր մարմնավոր բնությունը բարձրացնում է երկինք, ինչպես պահեցող ու աղոթող Եղիային:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Բայց այս տեսակ դեւը այլ կերպ դուրս չի ելնում, եթէ ոչ աղօթքով ու ծոմապահութեամբ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 17:18