Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 19:13

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

13-15. «Այդ ժամանակ Հիսուսի մոտ երեխաների բերեցին, որպեսզի Նա ձեռքը դնի նրանց վրա և աղոթի, սակայն աշակերտները հանդիմանում էին նրանց»։ «Բայց Հիսուս ասաց. «Թողե՛ք այդ երեխաներին և մի՛ արգելեք նրանց Ինձ մոտ գալ, որովհետև Երկնքի արքայությունն այդպիսիներինն է»։ «Եվ ձեռքը դրեց նրանց վրա ու այնտեղից գնաց»։
   
    Ուրեմն ինչո՞ւ աշակերտները երեխաներին մոտ չէին թողնում․ Հիսուս Քրիստոսի հանդեպ հարգանքից ելնելով։ Իսկ ինչո՞ւ Հիսուս այդպես վարվեց։ Որպեսզի նրանց խոնարհություն ուսուցանի և արմատախիլ անի աշխարհիկ հպարտությունը, Հիսուս կանչում երեխաներին, գրկում է նրանց, և այդպիսիներին խոստանում է Արքայությունը, որի մասին էլ ավելի վաղ էր խոսել։ Այսպես և մենք, եթե ցանկանում ենք ժառանգել Երկինքը, ամենայն զորությամբ պիտի ջանանք ձեռք բերել խոնարհության առաքինությունը։ Իմաստասիրության նպատակը հենց այն է, որ իմաստության հետ միացվի պարզությունը։ Սա է հրեշտակային կյանքը։ Երեխայի հոգին մաքուր է բոլոր կրքերից. երեխան չի հիշում վիրավորանքները և վիրավորողների մոտ վազում է ասես բարեկամների մոտ՝ ասես ոչինչ էլ պատահած չլինի։ Որքան էլ մայրը պատժի իր երեխային, երեխան, միևնույն է, մշտապես փնտրում է նրան, և ամենից շատ իր մորն է սիրում։ Մանկանը ցո՛ւյց տուր պսակազարդ մի թագուհի. մեկ է, մանուկը մորից ավելի չի նախապատվի նրան, թեկուզ մայրը ցնցոտիներ էլ հագած լինի, այլ ավելի կցանկանա տեսնել վերջինիս ցնցոտիներով, քան թե թագուհուն՝ շքեղ հագուստներով։ Երեխան իր մորը տարբերում է օտարից ոչ թե աղքատությամբ կամ հարստությամբ, այլ սիրով։ Երեխան ուրիշ ոչինչ չի պահանջում, բացի անհրաժեշտից, և անմիջապես կաթով հագենալուն պես թողնում է կուրծքը։ Երեխան չի տրտմում, ինչպես մենք, փողի կորստի կամ նման այլ բաների համար, հավասարապես նաև՝ մեզ նման չի ուրախանում այդպիսի անցողիկ բաների համար։ Երեխան կրքով լցված չէ մարմնական գեղեցկության հանդեպ։ Ահա՛ թե ինչու Քրիստոս ասաց. «Երկնքի արքայությունն այդպիսիներինն է», որպեսզի մենք ազատ կամքով անենք այն, ինչ երեխաներն անում են բնությունից դրդված։ Քանի որ փարիսեցիներն իրենց գործերի կատարման ժամանակ ղեկավարվում էին ոչ այլ բանով, քան խորամանկությամբ ու հպարտությամբ, ուստի Հիսուս, հանդիմանելով նրանց և ուսուցանելով Իր աշակերտներին, վերջիններիս պատվիրում է ամենուր պարզ լինել՝ թե՛ ավելի բարձր, թե՛ ավելի ցածր արժանավորության աստիճաններում։ Իսկապես, ոչինչ այնպես չի հպարտացնում մարդուն, ինչպես իշխանությունն ու առավելությունները։ Մինչդեռ Քրիստոսի աշակերտներին սպասվում էին մեծ պատիվներ ողջ տիեզերքում. դրա համար էլ Փրկիչը կանխում է նրանց՝ չթույլատրելով կրել մարդկային որևէ կիրք և արգելելով ժողովրդից պահանջել պատիվներ կամ հպարտանալ մարդկանց առջև։ Թեև սա մանրուք է թվում, սակայն շատ չարիքների պատճառ է հանդիսանում։ Այսպես փարիսեցիները, մանկությունից հպարտության վարժված լինելով, հետագայում ընկղմվեցին չարիքների անդունդի մեջ՝ պահանջելով ողջույններ, առաջնային տեղեր, միջնորդություններ։ Այս արատները նրանց մատնեցին խելագար փառասիրության, իսկ վերջինս ընկղմեց նրանց ամբարշտության մեջ։ Ահա թե ինչու նրանք իրենց վրա անեծք բերեցին Տիրոջ փորձելու պատճառով, իսկ ահա մանուկները, մաքուր լինելով այս բոլոր արատներից, օրհնություն ստացան։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Այն ժամանակ նրա մօտ մանուկներ բերուեցին, որ նրանց վրայ ձեռք դնի ու աղօթք անի. իսկ նրա աշակերտները սաստում էին բերողներին:
   
    Այդ ժամանակ Նրա մոտ բերեցին մանուկներ, որպեսզի ձեռքը նրանց վրա դնի և աղոթի, իսկ Նրա աշակերտները սաստում էին նրա:

    [Սա չեղավ] պատահականորեն, այլ խորհրդով: Մանուկները բերվեցին, երբ [Տերն] արքայության մասին էր խոսում, որովհետև նրանք ևս անմեղ էին արքայության համար իրենք իրենց ներքինացածների պես: Նրանք մեղք չգործեցին, իսկ սրանց գործածը մաքրվեց, ուստի ինչոր առումով հավասարվեցին և ժառանգելու են վերին կյանքը` Հոր ծոցում հանգիստ առնելով: [Մանուկներին] բերեցին Նրա մոտ ծնողների գութից շարժված, որպես մի սուրբ ու Աստծուն արժանի մարդու մոտ, որպեսզի ձեռքը դներ [նրանց վրա] և աղոթեր չարից մաքուր մնալ: Իսկ աշակերտների սաստն ուրիշ բանի համար չէր, քան պատվի, ուստի [Տերը] սովորեցնում է [նրանց] խոնարհություն ձեռք բերել և աշխարհային հպարտությունը ոտնակոխ անել:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

13-15. Այն ժամանակ նրա մօտ մանուկներ բերուեցին, որ նրանց վրայ ձեռք դնի ու աղօթք անի. իսկ նրա աշակերտները սաստում էին բերողներին: Յիսուս ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին եւ մի՛ արգելէք, որ նրանք ինձ մօտ գան, որովհետեւ երկնքի արքայութիւնը այդպիսիներինն է»: Եւ նրանց վրայ ձեռք դրեց ու այդտեղից գնաց:
   
    Ղուկասի ընդարձակորեն մեջբերած Բերեայի առակավոր քարոզչությունների շարքը վերջանում է, և սկսվում են մանր պատմական դիպվածները, իրարից անկախ ու բոլորն էլ պատմված բարոյական և վարդապետական մի որևէ սկզբունքի բացատրության համար: Արդեն հիշեցինք (Ղուկ. 17: 20-37), որ Հիսուս սկսել էր հեռանալ Բեթաբրայի կենտրոնից և շրջելով հետզհետե մոտենալ Երուսաղեմին: Սրանից հետո պատմածները պատկանում են այդ ժամանակահատվածին:
    Հիսուս հասնում է մի գյուղ և դեռ չհասած, օրհնելով և դիպչելով՝ սկսել էր ամեն տեսակ հիվանդների բուժել: Գյուղի կանայք, երեխաներին գրկած, վազում էին Հիսուսին դիմավորելու, որպեսզի Նա օրհնի իրենց զավակներին և ձեռքը դնի գլխներին, այն հաստատուն հավատքով, թե Հիսուսի դիպչելն ու օրհնելը բարեգուշակ պիտի լինի, և իրենք ամեն տեսակ փորձանքներից հեռու պիտի լինեն: Անշուշտ, դա առաջին և միակ անգամը չէր, որ մայրերն իրենց երեխաներին բերում էին Հիսուսի մոտ օրհնելու, բայց այս անգամ խառնաշփոթը չափազանց էր, և առաքյալները, Հիսուսին խղճալով, մայրերի ու երեխաների մեջտեղում նեղված լինելը տեսնելով, բերնով ու ձեռքով, հանդիմանելով ու հեռացնելով աշխատում էին արգելել նրանց խռնվելը: Մայրերը դժվարանում են, նրանց նպատակն է մոտենալ Հիսուսին և իրենց երեխային ձեռք դիպցնել, դառնում ու խռնվում են: Հիսուս միջամտում է, ստանձնում մայրերի ու մանուկների պաշտպանությունը և հրամայում է առաքյալներին՝ ետ քաշվել: Բարկացած ու սաստելով, ինչպես Մարկոսն է հիշում, նրանց ասում է. «Հետ քաշվեցեք, մի՛ արգելեք, թողեք այդ մանուկները ինձ մոտենան, ես սիրում եմ նրանց, ես ուզում եմ նրանց իմ շուրջը տեսնել»: Մինչև այստեղ արտաքին պատահարն է, երեխաների համար Հիսուսի ցույց տված գուրգուրանքը, բարեպաշտության հանդեպ տրված բավարարությունը:
    Ավետարանում պատվածը նոր ու տարօրինակ բան չէ: Նույն փափագն այդքան դարերից հետո տակավին կա ու կմնա: Մայրերը, երբ գտնում են մի պատկառելի ծերունու, մի նշանավոր անձի, նվիրական մի պաշտոնյայի, մի հոգեսեր մարդու դիմաց սովոր են նրա աղոթքն ու օրհնանքը խնդրելու իրենց փոքր երեխաների համար: Իրենք էլ անձամբ առաջնորդում են, երեխաներին հորդորում. «Գնա՛, ձեռքը համբուրիր, ձեռքը գլխիդ դնի, քեզ օրհնի»: Հիսուսի հետ էլ միշտ այդպես էր եղել: Գալիլիայից եկող այդ մեծ վարդապետը, հրաշագործ մարգարեն, Աստծու կողմից ուղարկված պատգամավորը, դարձել է ժողովրդի պաշտամունքի առարկան, հակառակ ոմանց ամեն տեսակ թշնամություններին:
    Բայց Հիսուսի խոսքերն այդտեղ չեն վերջանում. նա պատահարին ավետարանական իմաստ էլ է տալիս և իր արածին բարձր իմաստ է հատկացնում: «Երկնքի Արքայությունը,- ասում է,- այդպիսիների համար է, լավ իմացեք, ով Երկնքի Արքայությունը երեխայի պես չընդունի, նա չի կարող մտնել Երկնքի Արքայություն»: Երեխայի վիճակը չհասության, այսինքն՝ տկարության ու տգիտության վիճակ է դիտվում, և հնարավոր չէ այդ կողմով մեկնաբանել Հիսուսի խոսքերը, որովհետև այդ ժամանակ Երկնքի Արքայության մուտքը պատվավոր իմաստ չէր ունենա: Իսկ երեխայնությունն այստեղ խակության իմաստով չի հասկացվում, այլ այն քնքուշ ու սիրուն կերպարանքով, որով անխարդախ միամտությամբ և գրավիչ անկեղծությամբ մանկությունն է ներկայանում: Երեխան դիտավորյալ մտքեր չունի, շահի հաշիվներ չունի, կեղծ երևույթներ չունի, չարության նպատակներ չունի: Հիսուսի քարոզած Երկնքի Արքայություն կարող են մտնել միայն այդպիսի ուղիղ, պարզ ու անկեղծ սրտեր, իսկ, ընդհակառակը, փարիսեցիական կեղծավորությամբ շաղախված և սադուկեցիական թշնամությամբ տոգորված, չարամտությամբ ամեն ինչ այլայլողները, գիտակցությամբ ճշմարտությունը ուրացողները չեն կարող Երկնքի Արքայություն մտնել: Դրա համար է, որ Հիսուսի հակառակորդ խումբը Նրան չի աշակերտում: Այս կարծեցյալ իմաստուններին ու գիտուններին չի հայտնվում Ավետարանը, այլ այն կհայտնվի միամիտ, պարզ ու ուղղամիտ, խակ, բայց և անկեղծ երեխաներին: Այս սկզբունքը Հիսուս մի անգամ էլ ասել էր Յոթանասուներկուսի վերադառնալու առիթով (Մատթ. 11:25-30):
    Հիսուս տղայական անկեղծությունը գովելուց հետո, մի գործնական գուրգուրանք էլ ցույց տվեց այդ անմեղ մանկիկներին և ասածը հայտնեց գործով՝ նրանց օրհնելով: Մատթեոսը գրում է. «Եդեալ ձեռս ի վերայ նոցա, գնաց անտի»: Իսկ Մարկոսն ավելի մանրամասնորեն է գրում. «Առեալ զնոսա ի գիրկս, ձեռն եդ ի վերայ, և օրհնեաց զնոսա»: Բոլորին օրհնելը շատ հեշտ է, դժվար չէ նաև բոլոր մանուկների գլխին ձեռք դնելը, միայն բոլորին գրկելը ջանք էր պահանջում, սակայն, անշուշտ, որքան երեխաներ ներկայացան, բոլորին էլ գրկեց. մի քանիսին, որոնք ավելի փոքրիկ էին, գրկելով սիրեց ու գգվեց, իսկ բոլորի վրա ձեռք դրեց և ընդհանուր կերպով օրհնություն կարդաց: Մայր ու մանուկ գոհ, ինքն էլ ուրախ, իրարից հեռացան: